ԳՅՈՒՄՐԻՆ. «ԷՐԹԱՆՔ ԱՊՐԵԼՈՒ» / ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հիմա, երբ Լուսինե Աղաջանյանի գրեթե բոլոր գրքերը սեղանիս են, արդեն չեմ կարող ասել, թե անձամբ չեմ ճանաչում նրան՝ այնքան անկեղծ, անթաքույց կյանքային են նրա թե՛ պատմվածքները, թե՛ բանաստեղծությունները, թե՛ մանրապատումները: Այս զվարճախոս, զվարթախոս կին-երգիծաբանի հետ Գյումրիում մեր երկու հանդիպումներից ստացած տպավորությունս շատ ավելին էր, քան սպասում էի: Ինտելեկտուալ, հաճելի զրուցակից, որի վրա դժվար կյանքը չի կարողացել դնել իր դրոշմը: Կամ կարողացել է՝ դրական իմաստով:

Այո՛, կին-երգիծաբան… Եվ անդրադարձա, որ սովետի հին, բարի ժամանակներից մեկ-երկու հայ երգիծաբանի անուն եմ մտաբերում միայն: Երգիծանքի ելակետը հիմնականում երգիծողի ժամանակն է, այնպես որ, նրանցից քչերին է հաջողվում մնայուն արժեք ստեղծել, և եզակիներն են դառնում դասական: Այս առումով հայ գրականության մեջ դեռ Պարոնյանին ու Օտյանին գերազանցող չի եղել: Իսկ այսօր մեր հայրաքաղաքում ապրում է մի երգիծաբան՝ միակը մեր օրերում, այո՛, կին-երգիծաբան, որ չենք ունեցել ու չունենք ո՛չ դասականների, ո՛չ էլ մյուսների շարքում: Ընդ որում՝ հետերկրաշարժյան Գյումրիում կարող էր փլատակների տակ մնացած լինել անգամ Պոլոզ Մուկուչի, Ծիտրո Ալեքի, Նալն Կարոյի, Ջղեր Խաչիկի ու Չոփուռ Սուրենի ծիծաղը: Հենց այս Չոփուռ Սուրենի թոռնուհին՝ Լուսինեն, ուրեմն, պիտի դառնար հաջորդը:

Գյումրու բնաշխարհիկ այս երևույթը, ինչպես ամեն մի իսկական գյումրեցի երգիծաբան, ճշմարտությունն իր բոլոր կողմերով բացող բանալիների կարիք չունի: Նրա համար կրնկի վրա բաց են դեպի հարազատ քաղաքի տներն ու ետնախորշերը տանող բոլոր դռները: Այս յուրատեսակ ու յուրահատուկ քաղաքի հին և նոր  թաղերի գիտակն է Լուսինեն: Քաղաքն իր թե՛ լուսավոր, թե՛ թնջկված կողմերով նրա մանրադիտակի տակ դառնում է խլրտացող, վազվզող, պայքարի մի որևէ ձև գտնող, իր ազատատենչ ոգին դրսևորելու կամ քաղքցոց ճղճիմ  բարքերը պարտակելու կարիք չունեցող խայտաբղետ մի կետ մոլորակի վրա: Սրա մասին ավելի լավ, քան ինքը՝ Լուսինեն է ասում, դժվար է երևակայել. ՙԴա մի թաղ էր, ուր անկեղծությունն էր մոլեգնում ու իր թաթն էր դրել ամեն տան վրա՚: ՙԱշխարհիս տակին ի՞նչ գործողություն կա, որ իր համարժեք բառը չունի: Այս թաղում դրանց գռեհիկ ու ժարգոնային ձևերն էին օգտագործում: Ի՞նչ իմաստ ուներ փողոցում զուսպ երևալը, եթե տան ամենաինտիմ հարցերը թաղում բոլորի սեփականությունն էին՚: ՙԱռավոտը բացվում էր այս թաղում, որվհետև միայն լույսն էր, որ մութն ընկնելուն պես փակվում էր, մնացյալ ամենը բաց էր ու թափանցիկ: Թաղում գործողությունները զարգանում էին առանց զարգանալու: Պարզաբանեմ, երբ մեկը փոխում էր շփման ոճն ու որոշ ՙկուլտուրական՚ բառեր օգտագործում, նրան արհամարհանքով ասում էին, թե զարգացե՜լ է: Իբր ձև է թափում ու իրականում այն չէ, ինչ ցույց է տալիս՚: ՙԷս թաղում ամոթը խուճապահար էր եղել ու իրեն վերապահված դերը թարսերեն էր կատարում: Այնքան անամոթություն կար խոր անձնական բնույթի հարցերում ու ամոթ այնտեղ, ուր դա ավելորդ էր՚: Սրանք հատվածներ են ՙԿյանքը հին խռովքե ականներով ճանապարհի վրա՚ պատմվածքից: (Բնական է այստեղ Թոթովենցի վիպակի վերնագրի հետ նմանություն տեսնելը):

Գյումրին առհասարակ և Գյումրին Լուսինեի պատումներում ու բանաստեղծություններում, ինչպես նաև ընդհանրական պատկերացումներում, լի է պարադոքսներով ու ծայրահեղություններով՝ մի կողմից ՙվշտի ծիծաղ՚ (Առանձար), որի համար էլ աշխարհ են գալիս գյումրեցի ուրախ կատակաբանները, մյուս կողմից՝ բարձրարժեք արվեստ, գրականություն, որոնց հեղինակներն ինտելեկտուալներ են ըստ ամենայնի: Նրանց մտքերը ամուր հիմքեր ունեն, ինչպես Յունգի կոլեկտիվ անգիտակցականի, այնպես էլ խորամուխ կրթությամբ ձեռք բերածի ոլորտում: Լուսինեն, բացի պատմաբանի կրթությունից, նաև մագիստրոսի կոչում ունի. հոգեբանության գծով՝ պրակտիկ հոգեթերապևտ է:

Հիշված բոլոր այս բաղադրիչներն իրենց խտացումն են ստացել Լուսինեի արդեն մի բոլորովին այլ՝ ողբերգական նյութի մեջ: Խոսքը նրա «Էրթանք ապրելու» գրքից ողբերգականի խիտ գուներանգներով առլեցուն «Ծաղիկները վերջում» 16 էջանոց պատմվածքի մասին է լինելու: Իսկ երկար նախաբանը նպատակ ուներ  ընդգծելու, թե որքան լայն կարող է լինել մեր ժամանակի գրողի  դիապազոնը՝ երգիծանքից մինչև ուր…

Այս պատմվածքն, ըստ իս, 1988 թվականի երկրաշարժին նվիրված հազվագյուտ նմուշներից մեկն է:

Պատումի սկիզբը ահարկու է, որքան տարերքն ինքը… Լուսինեն տարե՞րքն է վերարտադրում, թե՞ իր ընդերքից մի նոր տարերք է բխեցնում, թե՞ ուզում է իր խոսքի տարերքով ետ չմնալ բնությունից: Գուցե այսպե՞ս է պետք գոտեմարտի մտնել արհավիրքի հետ: … Որքան փորձեցի հիշել, այս առումով մեր գրականության մեջ Աբովյանի ՙԶանգիից՚ զորեղ մի այլ բան չգտա:

Կործանվող քաղաքը…

«Երկինքը երկրի յախեն բուռն էր հավաքել, ոտքերը գետնից կտրել ու թափ տվել: Երկիրը վայրի ոռնոցներ էր հանում ճաք տված ռեխի տարբեր կողմերից՝ ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ… Երկիրը խլում էր օձիքը երկնքի ձեռքից ու թրմփալով ցած ընկնում՝ վերից վար ժժխվելով, հետո կատաղած երկինքը, ատամներն իրար սեղմած, էլի սրան բուռն էր հավաքում, թափ տալիս… Մի քանի անգամ լայնքի՛ն, երկայնքի՛ն, գլխի՛ն, ոտքի՛ն, մեջքի՛ն հարվածելով՝ կատաղած երկինքն իր մատների հետքը թողեց երկրի պարանոցին ու արնխեղդ եղած՝ վար ձգեց շնչահեղձ ու արյուն թքող երկրին… Քաղաքի ատամները թափվել էին, երակները՝ պրկվել ու հատիկ-հատիկ պայթում էին քարացողի ցավից, որը ներս էր քաշվել ու ներսից էր պայթեցնում օրգանիզմը: Երկինքն էլի մի քանի անգամ որոտաց, գռմռաց ու ինչպես սկսել էր, էդպես էլ ավարտեց հաշվեհարդարը… Ու ի՛նչ էր արել երկիրը՝ ոչ ոք վեր չելավ իմանալու, որովհետև ամենքը գետնատարած եղան ու խառնեցին վերևի որոտը ընդերքի ձայների հետ, խենթացան ու տակնուվրա եղան: Քաղաքը մանրվեց, փոշի դարձավ, ինքն իրենից պոկվեց ու վերևից թափվեց ի՛նքն իր գլխին: Մի փոքր քաղաք էր, որ մի ամբոջ աշխարհակործան ցավով պարուրվեց; Ով կարծում էր, թե դա վերջն էր, սխալվեց: Վերջը հետո եկավ՚… ՙՄարդկային մսերը բլուրներով հաշվեցին, կովշը զարկեց, գլուխը մարմնից անջատեց ու ամենն իրարից հեռու թափեց անպետքության նման… Ողջությունը իմաստը կորցրեց, բայց ոռնաց… Ով կարծեց, թե դա վշտից էր, սխալվեց… Վիշտը դեռ հետո էր գալու»…

Կործանված քաղաքը…

Հուզական բարձրակետն է այստեղ խոսքը հույսի մասին: Հույսը, ինչպես և երկինքը, երկիրը, ընդերքի ձայները, տասնվեցհարկանի շենքը մեծ զոհասեղանին դրված այն կերպարներն են, որ նախապատրաստում են վերահաս ամենադաժան իրադարձությունը: ՙԽելագարների քաղաքում այլևս չգիտեին, թե հույսն ինչ բան է, որովհետև ժաժքին հույսը մեռել էր: Սուտ է, ինքը վերջում չմեռավ, ինքը կախվեց քաղաքի միակ բարձրահարկ շենքի տանիքից, որովհետև կարծեց, թե բոլոր ցածրահարկերն արդեն փլվել են: Իսկ 16 հարկանի բարձրահարկ շենքը չփլվեց, շուռ եկավ իր առանցքի վրա ու այդպես մնաց: Իզուր էլ շտապեց հույսը: Այդ անամոթն ինքն իրեն անգամ չհավատաց… Նրա անճոռնի դիակը կախված էր շենքի ճակատով մեկ, ու մարդիկ անցնել-դառնալուց թքում էին երեսին, ճանաչում նողկալի դավաճանի ստախոս պատկերն ու գլուխները շուռ տալիս:

Վարդանն ատում էր այդ տեսարանն ու ամաչում նաև: Որովհետև դա իր քաղաքի հույսն էր՚:

«Հույսը մնաց փլատակների տակ ու լխճվեց… Շենքը՝ կամրջի մյուս ծայրին գտնվող շենքը, գուցե գերադասեր իրեն կամրջից ցած նետելով պատվով վերջ տալ գոյությանը, բայց որոշված էր գնդակահարություն, որպեսզի մարդիկ պարզ տեսնեն, թե ո՛րն է լինում անպատասխանատու հույսերի վերջնական պատիժը»:

Ուրեմն քաղաքը դատապարտված էր ապրելու առանց հույսի՞…

Բայց իր անեծքներով, թոնթորանքներով, ամենայն ինչով փլուզված այն քաղաքն է սա, որ չի դադարել ու չի դադարելու Գյումրի լինելուց:

Մոխիրներից հառնող քաղաք-ֆենոմենը…

Կերպարներն այստեղ քիչ են, բայց՝ արքետիպային: Վարդանը, Վարդանի մայրը, դպրոցի փլատակների տակ զոհված Ալիկը, ուսուցչուհի Լոգյանը, ոտքն արյունած 10 տարեկան աղջիկը, նրա պապը, սկեսրայրին դեպի քանդվող տունը՝ ամուսնական մատանու ետևից ուղարկող հարսը: Ժաժքից առաջ այդ ո՞ր հարսը, եթե նույնիսկ պանելի տակից էր անհույս նայում աշխարհին, կհամարձակվեր սկեսրայրին ասել. «Գնա՛, այսինչ բանն արա՚: Ո՞ւր է հապա ամենատես սկեսուրը, նրա որոշիչ սաստող ձայնը: Գետնի տա՞կն է անցել, որ  սկեսրայրը, այլ անելիք չունենալով՝ որպես քաղաքի ուրվականներից մեկը, անմռունչ գնա ուր որ է փլվող շենքից ոսկեղենը բերելու: Մինչև գնալը՝ սկեսրայրի աչքն առնում է պանելի տակից դուրս ցցված կանացի ոտքին. «-Ըսիգ Գյուլնարի չուստերը չե՞ն (Գյումրեցու ամենատես, գնահատող աչքն է սա Ա. Հ.): -Հա՛,- ասաց հարսը,- իրան տեղն է, շատ մեծաբերան էր, էնքան ուրիշներին անիծեց, օր  Աստված պատժեց՚ (Սա էլ անեծքից ոչ մի դեպքում չհրաժարվող Գյումրին է): Սկեսրայրը բերում է, ծոցից հանում է զարդատուփը. ՙԱշե՛, իսո՞նք էին՚… ՙԾանր կես կիլոգրամ կշռող ոսկյա զարդերը տվեց հարսին, որ բացեց տուփն ու նշանի մատանին մատը դրեց… – Ըսիգ գուզեի, հայրի՛կ… – Եսիմ,- հառաչեց սկեսրայրը,- ըսի ելել, ելել եմ, սաղ մեկից իջըցընեմ… – Վա՛յ, հայրի՛կ, մտքես չէր անցնի…»:  Սեթևեթո՞ւմ է գյումրեցի հարսը այս օրհասի պահին էլ…

Թռուցիկ հուշումներից (ավելին դժվար է ակնկալել աչքի առաջ ամեն վայրկյան դեպի անորոշություն փլուզվող իրավիճակում) երևակվում է Վարդանի գեղարվեստական խառնվածքը: Նրա երաժշտական լսողությունն է, որ չի դիմանում երկրաշարժով առաջացած, դադար չառնող թոհուբոհին: Այս է վկայում ձեռքը ականջին տանելու բնազդական պաշտպանիչ շարժումը: ՙՄի ականջի մեջ խշշոց կար, որովհետև ուլտրաձայներ էր որսում (որսում է, որովհետև ի վերուստ բացարձակ լսողությունը վերընթաց, խելակորույս, խառնիխուռն վազքի մեջ է: Գուցե արդեն անդրաշխարհի որոշված ճամփի՞ն է Վարդանը, ու սա նրա ակամա փախո՞ւստն է կյանքից.- Ա. Հ.): Օրգանիզմն այլևս լսել չէր ուզում քաղաքի ընդերքից եկող ձայները, ականջը մերժում էր դրանք ու խշշոցով խանգարում խելագարների ձայնարկությունները, որոնց վերջ չկար:

«-Ո՜ւո՜ւո՜ւո՜ւ… էս է շուտով գետինը կբացվի ու սաղս մեջը կանցնինք… -Ո՜ւուուու… Գարունն եկավ, մնացածս էլ խոլերայով կերթանք… -Ո՜ւուուու… մեզի շուտով կտարհանեն ու Հայաստան էլ մարդ չի մնա… -Իմացե՞լ եք՝ Արտաշը ժաժքին դուրսն է եղել, բայց գոռացել է՝ վախ, փողերս ու ներս է վազել, մնացել տակը»…

Գրքի 16 էջում մի վիթխարի ցնցում ներկայացնելու համար պատումին հզոր ձայնապատկերային հավաքող ոսպնյակ՝ ռիթմ էր հարկավոր, բացարձակ լսողություն էր պետք և երևակայության մեծ ուժ՝ փոքր ծավալի մեջ տարածական, ժամանակային, նույնիսկ եղանակային փոփոխություններ զգալու և ներկայացնելու համար:

Երկրաշարժի ժամանակ Լուսինե Աղաջանյանին՝ ընդամենը 13 տարեկան օրիորդիկին վիճակվել է աչքի առաջ փլուզված ամեն ինչի մեջ ապրելու, իր մեջն առնելու, լուռ նստեցնելու ճակատագիրը, մինչև գա այդ ամենի մասին խոսելու իր ժամանակը: ՙՀետո, երբ քաղաքը քարացավ, առանձին շարժվող սիլուետներին նայեցին ու չտեսան: Քաղաքը ֆիլմ դարձավ՝ առանց երկխոսության… Նայի՛ր ու թարգմանի՛ր շարժումները, բայց հետո… գոնե 30 տարի հետո՚… Թեև այնքան պատկերային, այնքան հզոր տեսանելի է այստեղ ամեն ինչ, որ անգամ կարող է կինոյի չվերածվել. յուրաքանչյուր բառ, նախադասություն, երկխոսություն պոռթկում է համազոր՝ հուզական, հոգեբանորեն ճշգրիտ, նույնիսկ ձայներն են լսելի: Զուր չէ, որ գլխավոր ու ամենաողբերգական հերոսը՝ Վարդանը, այս համատարած ու չդադարող ցնցումների մեջ հաճախ ձեռքը սեղմում է ականջին:

Երկրաշարժը եղավ ցուրտ դեկտեմբերի սկզբին: Վարդանը բանակից հետո նոր էր ոտք դրել չհանդարտվող ցնցումների մեջ գտնվող Լենինականի հողին:

Անցնում է մեկ շաբաթ: ՙՄարդիկ իջել էին փլատակների վրայից ու ձեռ քաշել ամեն ինչից… Մեկ շաբաթ այրվող մոխիրների շուրջը պտտվեցին ու ոչ մի մարդկային բջիջ չտեսան, որ սկսեին կռվել, թե ում հարազատինը կլինի: Ամենքը մի տոպրակ մոխիր տարան գերեզմանոց ու մի ձեռք շորի հետ թաղեցին, որ հետո ծաղիկ դնելու մի տեղ ունենային: Սկսվեցին մեռելին գտնելու համար իրար աչքալույս տալու օրերը…՚:

ՙՎարդանը շատ զգայուն էր դարձել. մեկ ամիս անց հայելին ճակատին պարզ ցույց տվեց քունքերի մոտի սպիտակ թելերը՚: Էլի ժամանակային անցում՝ արդեն մեկ ամիս է անցել: Ուսուցչուհուն այցելում է, երբ արդեն եղանակ էր փոխվել: ՙԴրսում գարուն էր, բայց կյանքի մոխրագույն ու անկյանք երանգներով գարուն, առաջին գարունը անհայտության մեջ ապրողների համար՚: Հենց նոր էր ուսուցչուհուց լսել 10 տարեկան աղջնակի պատմությունը: Երկրաշարժի պահին ՙՎա՜խ ոտս, վախ ոտս՚,- ասելով գնում էր ու լալիս արյունոտված, ու ՙէդ խոսքի վրա մեկ էլ ցնցվեց, ու հենց իր հենված պատն էլ իջավ վրան… Էլ ձայնը չլսեցի՚:

Եվ ահա մոտենում է պատումի ամենաողբերգական պահը… Արյունոտ ծունկը բռնած աղջկա պատկերը դեռ Վարդանի մտքերի մեջ է, ու հենց այդ պահին տեսնում է արյունոտ ոտքով  մի ուրիշ աղջնակի, որ լացելով փողոցի վտանգավոր հատվածով ուզում է անցնել դիմացի մայթը: Վարդանը բռնում է աղջկա ձեռքը, աղջնակը հիստերիայի մեջ է, ուզում է պոկվել նրանից…

Այստեղից սկսվում է ուրվականացած քաղաքի քաոսային կույր արթնացումը… Երեխայի պապի գցած հարայհրոցի վրա, թե՝ երեխային բռնաբարել են, ոտքերի արանքից արյուն է հոսում, քաղաքը գտնում է իր զոհին: Վշտի մեջ քարացած ամբոխը սկսում է շարժվել…  թանձրացած մաղձն ու ցասումը ելք են գտել, որ պետք է թափվեն պատահական մեկի վրա… Բայց զոհը երբեք պատահական չի լինում… որպես օրինաչափություն՝ նա պետք է լինի ամենաանմեղը, ամենազգայունը, քաղաքի ամբողջ ցավն ու վիշտն իր մեջ առնող արքետիպային մեկը: Ուրվականացածների մեջ բուն դրած գիշատիչ հոտառությունը ճշգրտորեն գտել է նրան:

Ամեն մեկն իր պարտքն է համարում Վարդանի մարմինը ծվեն-ծվեն անելը, խոցելը, անշնչացնելը… «Մարդու ձեռքով բոցակիզած դժոխքն ամենասարսափելի կրակն ունի, որից հիշատակ փրկելն անգամ անհնարին մի բան է: Ողջ քաղաքը կարծես երկրաշարժից իր բաժին վրեժն էր լուծում ու չէր հանգստանում: Չի էլ հանգստանալու երիցս…

Մինչև իրիկուն Վարդանից մի բուռ մոխիր էլ չմնաց»…

Իսկ բանից անտեղյակ նրա մայրը այդ պահին անխռով իր լվացքն էր փռում բակում ու նախատում դեպի թամաշա վազող հարևաններին. «Ըսա՛, ձեր ինչ գործն է, օր գնացե, կռվի թամաշա կենեք, տեսնիս ի՞նչ է էղե»… Այս «տեսնիս ինչ է էղե»-ն գյումրեցու՝ ուրիշի վրա սխալ բռնողի և հետաքրքրասերի միաժամանակյա արձագանքն է՝ վկայությունն այն բանի, որ կյանքը շարունակվելու է, ինչ էլ լինի…

Այսպես… պատումը հասել է ամենաիսկական արքետիպային կետին: Չէ՞ որ միշտ է այդպես եղել. մարդկային ցասումը պարպվել է ամենաարդարի վրա, որ հետո միայն մտորեն՝ նա ի սկզբանե նախասահմանված էր այրվելու, մոխիր դառնալու համար՝ հանուն մի շատ ավելի բարձր բանի, քան մարդու՝ հատկապես ամենաարդարի կյանքն է…

– Կըսեն՝ էնքան լավ տղա էր…

– Ափսոս, հազար ափսոս…

– Ախչի, կըսեն ըդպես մաքրասեր տղա գոյություն չունի, ըդքան ծեծի ու կրակի մեջ էլի նասկիները ճեփ-ճերմակ էին…

ՙՕրը փոխվեց (դարձյալ ժամանակային անցում.- Ա.Հ.), ու առավոտ եղավ, ու երկնքից կախված արևը մեռած պառավի վզից կախված մեդալյոնի պես տգեղ էր՚:

Ու՝ «Հետաքրքիր է, թե ո՞վ էր առավոտ շուտ հրապարակի մոխրացած աշխարհի վրա 6 հատ մեխակ դրել»…

Ամենավերջում պատմվածքի ստեղծման թվագիրն է ՙ9-11-ը հունիսի, 2019 թ.՚՝ որպես գրողի տեղադրած ծաղիկ մոխրացած աշխարհի վրա:  Այսինքն՝ այս փոքրիկ ասքապատումը գրվել է մի շնչով՝ երեք օրում…

Պարտադիր էլ չէ, որ Վարդանը զենքը ձեռքին կռված լիներ թշնամու դեմ՝ մինչև արյան վերջին կաթիլը… Նա Գյումրի քաղաքի ամենաողբերգական հերոսն է:

Ահա թե ինչերի միջով պետք է անցած լիներ ապագա երգիծաբանը, որ մի օր կարողանար հաղթական այսպիսի կոչ անել բոլորիս՝ «Էրթանք ապրելու»…

Եվ Գյումրին մնում է Գյումրի…