ՆԱՆԵ

 

Տարեվերջյան օրերը ապաշխարության նման են յուրաքանչյուրիս համար, տարբերությունն այն է, որ ինքդ քո առաջ ես հաշվետու անցած-գնացածի, արված-չարվածի թնջուկով և մեկ էլ՝ ավելի շատ կենտրոնանում ես մեկտարյա անցուդարձի վրա: Բայց վերջին տարիներին շատ բան է փոխվել. կարծում եմ՝ շատերն են իրենց ես-ի տեղ դեմ առ դեմ կանգնում Հայրենիքի առաջ, ետուառաջ գնում ոչ միայն անցնող տարով, այլև բոլոր տարիներով, դարերով անգամ: Շատ ուշ հասկացանք, որ Հայրենին է մեր ոտքի տակի ամրությունը, մեր սրտի զարկը, շնչառությունը, մեր ես-ից առավել կարևորը, որ նրան պահպանելով է միայն հնարավոր ապահովվել նաև մեր ու մեր սերունդների գոյությունը, եթե չենք կամենում գնչուի անդեմք, անարմատ կյանքով գոհանալ: Շատ ուշ հասկացանք… Ամանորյա սեղաններին դրվող ուտեստների տեսականին, գրպաններում կլորացող քսակները, ավելի՛ն, է՛լ ավելին ունենալու մոլուցքը կեցության պատվիրան դարձան: Հանուն բարեկեցության Աստծուց տրված միտքն ու հունարն էլ, որ երկիր պահել-շենացնելու համար էր, հաճախ ծառայեցրինք այլոց, զինվոր դարձանք օտարների պատերազմներում՝ կռվելով երկու կողմից էլ՝ հայը հայի դեմ: Իսկ Հայրենին, որ զավակների Սիրով ու գուրգուրանքով է զորանում, կծկվեց, ուսերն իրեն քաշեց… Շատ են կորուստները, ցավոտ ու աններելի: Կորցրեցինք ինչ ասես, հիմա միայն դրսից ու ներսից վտանգված՝ փոքրացած Հայրենին ու Հավատն են մնացել, որ առանցքի պես մեզ հավաք են պահել ու պահում:
Այլևս կորցնելու իրավունք չունենք, պետք է ի վերջո վճիռ կայացնենք կորցրա՛ծը վերադարձնելու, դարձի ուղիներ գտնելու, այդ գաղափարներով վարակենք մեկմեկու… Ցանկության դեպքում գիտե՛նք և կարող ենք աջ պտտել մեր բախտի անիվը. հզոր մեկ անհատն էլ ի զորու է մեծ գործեր կատարելու, իսկ մենք շատ հզորներ ունենք այս ու այնտեղ, անճանաչ, անիրավունք, Նժդե՜հ…
Իրարու գանք և… պայծառ գալիք մեզ և մեր Հայրենիքին: