ՍԱ ԷԼ Է ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ / Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ

 

Այս գիրքը ծնվեց ակամա: Անատոլի Հովհաննիսյանի «Ֆրանսիական նամականի» բանաստեղծական ժողովածուի լույս տեսնելուց հետո պահանջ առաջացավ զրուցելու բուժման նպատակով Հայաստանից հեռու գտնվող հեղինակի հետ: Առաջին հարցազրույցը, որ տպագրվեց «Առավոտ» օրաթերթում, ճանաչողական և զգացական այնպիսի շերտեր բացեց, որ շարունակելն անհրաժեշտություն դարձավ: Այսպես ծնվեց հարցազրույցների մի ամբողջ շարք, և հարցազրույցից հարցազրույց մտքերի, դատողությունների, գիտելիքների, մեկնաբանությունների, տեղեկությունների, զգացումների այնպիսի մի հեղեղ էր ժայթքում, որ դժվար էր հեռու մնալ դրանք գրքի վերածելու գայթակղությունից…
Բանաստեղծական արվեստում զուսպ ու սակավաբառ Անատոլին գրականության, արվեստի, գեղագիտական ըմբռնումների, մարդկային գոյի և հարաբերությունների, բարոյական պատկերացումների մասին խոսելիս բացառիկ պերճախոս, բուռն ու հախուռն է, ինչն իր հարուստ ներաշխարհի և կուտակումների, հիմնավոր, խոր գիտելիքների արտահայտությունն է, և երիցս ճիշտ է նա՝ գրքի համար ընտրելով «Սա էլ եմ ես» խորագիրը…
Անկեղծ զրույցները, ինչպես նաև գրքում ընդգրկված, տարբեր տարիներին տպագրած հոդվածներն ու այլ գրություններն ի հայտ են բերում ոչ միայն հեղինակի, այլև մեր ժամանակների բազմաթիվ գրողների ու արվեստագետների ինքնության հետաքրքիր շերտեր, գեղարվեստական ու գեղագիտական ընդհանրացումներ, արվեստի և գրականության շուրջ ինքնատիպ դիտարկումներ ու ըմբռնումներ, բացում են հենց իր՝ Անատոլիի ներքին եսը՝ խոր զգացականությամբ, ինչպես կյանքում, այնպես էլ գրականության և արվեստի մեջ կեղծիք, սակարկություն չհանդուրժող, երբեմն մի քիչ կոշտ, հախուռն, բայց միշտ ազնիվ, միշտ կատարելության ձգտող, բանաստեղծության հանդեպ պաշտամունքի հասնող բծախնդրություն ցուցաբերող, հոգով և մտքով ազատ մարդու տեսակը…
«…Գրելիս ես գայթակղություն չեմ ունենում ավելի լավ, խելոք կամ իմաստուն երևալ: Գրում եմ, որոհետև չեմ կարող չգրել:…. Ստեղծագործելը ցավը դիմակայելու փորձ է՝ աղաղակ, և որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է…»,- ասում է նա հարցազրույցներից մեկում:
Ընդհանրության մեջ այս գիրքը բացահայտումների և գեղագիտական բարձր չափանիշներ թելադրող գիրք է, բառ առ բառ կարդալու, նախադասություն առ նախադասություն վերլուծելու ու մտորելու գիրք՝ ապրելու իմաստի, սիրո, հիասթափության, հույզերի, կորսվող ու կոխկրտվող մարդկային որակների, Հայրենիքի ըմբռնման, երբեմն` սիրտ կեղեքելու չափ տխուր հիշողությունների ու բաց վերքի պես տնքացող կարոտի մասին, որի միջոցով ամբողջանում է Անատոլի Հովհաննիսյան մարդն ու ստեղծագործողը…