«Ճաքը նռան շուրթին» ժողովածուն Անի Ղազարյանի բանաստեղծական առաջնեկ հոգեզավակն է։ ՀԳՄ «Արարատ Մկրտումյան» մրցանակի 2024 թ. առաջին մրցանակակիր ժողովածուն, ՀԳՄ պատվաբեր դռնից արժանիորեն ներս մտնելու արտոնագիր լինելուց զատ, արժանի բարեմուտ է բանաստեղծական խստապահանջ աշխարհ։
«Սերը թիթեռի զարկերակում», «Պատասխանները` երկնքում» և «Ճաքը նռան շուրթին» եռամասն գիրքը բովանդակում է սիրային, խոհափիլիսոփայական և հայրենասիրական շարքեր։
Անի Ղազարյանի ստեղծագործություններում ցավի մեջ անգամ ամոքումի հույս կա, խավարի դեմ՝ լույս, գիշերվա խավարն առավոտվա պայծառ այգաբացով ճեղքելու հավատ ու հաստատակամություն՝ Սերը։ Ահավասիկ. հույսը, լույսը, հավատը՝ ամփոփված սիրո մեջ. «Ես քեզ սիրում եմ բարի լույսի պես՝//Ամեն օրվա պես սովորական…//Եվ անմնացորդ հավատում եմ ես,//Որ և՛ լույսն ես դու, և՛ օրվա բարին» (էջ 13)։
Բանաստեղծուհին իր սերը պատմել է «բոլոր ընկնող աստղերին, հնգաթև յասամաններին, երեքնուկներին… քառաթերթ ու ափին թևած զատիկներին»։ Սակայն, ցավոք, սերը դավել է նրան, «տհաճ հուշերի դրոշմը ափին թողնելով՝ անդարձ հեռացել»։ Ու ծնվել են ցավագին տողեր. «…Իսկ բումերանգի խաթարված օրենքը//Նետեց ինձ քո տիեզերքից,//Կուլ տվեց երազանքներս//Նվիրական յասամանի պես,//Քո անունի հետ թևերս էլ պոկեց…» (14)։
Անի Ղազարյանը «տանուլ է տվել անուրջներ, հույս ու սպասում, տանուլ է տվել սրտի ողջ սերը (30), «պարտվել ու հաղթել է»։ «Փնտրած սիրո» փոխարեն «անշուք բառերի շքերթ» է գտել։ Ու հիմա հենման կետ է փնտրում, «աշխարհը շրջելու, աշխարհը փոխելու հենման կետ»: «Տուր ինձ հենման կետ,//Մեկնիր ինձ քո ձեռքը,//Եվ ձմեռներդ գարուն կդարձնեմ,//Ձեռքերի տեղ թևեր կտամ քեզ//Ու աշխարհի փոխարեն` դրախտ» (12)։
Նույնիսկ «արևն է քեզ հիշեցնում,//Երկինքը խաղաղ է աչքերիդ պես,//Քամին ինձ գրկել է ձեռքերիդ պես ամուր,//Ջրերը քո պատկերն են//Պատճենում իմ կողքին» (39)։
Սակայն «Կարոտի ճամփան կորցրած հիշողությունը» անհաղթահարելի արգելք է սիրածի գրկում հայտնվելու, նրա «ամուր ձեռքերում» գրկվելու համար։ Չնայած դժվարություններին, երբեմնակի երերումներին ու տատամսումներին, բանաստեղծուհին միշտ աղոթքը շուրթերին է մոտենում սիրո խորանին՝ խնդրելով. «Արի՛, որ մաքրես փոշին կարկատված աղոթքներիս» (52)։ Նրան ոչ մի վայրկյան չի լքում բարիք գործելու, լավը կամենալու վճռականությունը։ Բարու, Լույսի ու Հույսի սերմնացանն է Անի Ղազարյան բանաստեղծուհին։
Ինչ վերաբերում է «Մի վերջին անգամ արի» բանաստեղծությանը, այն, իմ կարծիքով, արժեր սկսել «Այն օրից ի վեր» տողից։ Սկիզբը մի քիչ ավելի է անձնականացված, քան պետք է՝ պահելու համար հետևող տողերի ուժը։ Սկզբնատողերով ներկայացված խիստ անհատական զգացողություն-ապրումը թուլացնում է ավելի հաջող ստացված, հեղինակի եսից վեր բարձրացած, ընդհանուրինը դառնալու հնարավորությունը որոնող հուզապրումի տպավորության ուժը։
Տպավորություն է, թե «Սերը թիթեռի զարկերակում» շարքը մի քնարական հերոս ունի։ «Սառնամանիք է մարդկային ջերմության//Այս երկփեղկ դարում։//…Չկա մի բան, որը կհուշի,//Թե ուր են տանում մեզ քամիները» (39)։ Ցավոք, «թևերի պես ամուր քամին է գրկում» հիմա։ Սիրածի «աչքերի կանաչ բողբոջներում բալենու պես ծաղկած» աղջկա «սիրո ծառը ձյունեց», նա «մրսում» է, «հնգաթերթը չկա»։ Փաստորեն բանաստեղծուհու սերը «…միայն հայելին կարողացավ կարդալ…» (47)։
Սիրատե՞ր, թե՞ սիրամերժ լինել։ Յուրաքանչյուրը յուր խնդիրն է լուծում։ Անի Ղազարյանը միանշանակ առաջինների մեջ է։ Նրա սրտում ապրել ու ապրում է աստվածապարգև օրհնաբերը՝ անափ Սերը, ինչպես սեփական բնակտարածքում։
Մաղթենք ու հավատանք, որ «Տուր ինձ հենման կետ» բանաստեղծությամբ աշխարհը բարեփոխելու Անի Ղազարյանի բանաստեղծական խիզախ փորձը հաջող լինի։ Եվ «Նռան՝ ճաքած շուրթից» հորդող խոսքերը վկայեն լուսավորը, ջինջն ու մաքրամաքուրը…
Դառնանք խոհափիլիսոփայական և հայրենասիրական բանաստեղծություններին. «Ի՞նչ սահման այս երկրին,//Սա սահմանագիծ է,//Թշնամու ու դաշնակցի մեջ չէ,//Այլ` երկրի ու երկնքի…» (80): Բանաստեղծուհին աղոթում է «Երկնքի ու երկրի միջև կարծրացած ցավի խարիսխ գցած» մեր զինվորների համար, ցավով արձանագրում` «Գահընկեց են բոլոր թագավորները մեր…» (74)։ Այս դառը խոհերի ու տողերի ազդեցությամբ մռայլ տպավորություն է, թե Խորենացու «ողբացած մանուկ թագավորի» մանկամտությունը հայոց արքաների ու առաջնորդների անբաժան ուղեկիցն է մինչ օրս։
Ահա «Կյանքը գինու պես» գործը. «Կյանքը շատ չի լինում. կյանքը գինու պես է՝//Մի քիչ դառնահամ, արնագույն ու թունդ։//Կյանքը քիչ թանձր է, քիչ էլ լավատես է,//Մի քիչ արդար է ու մի քիչ էլ՝ սուտ։//Ճշմարտությունը հենց գինու մեջ է,//Ազնիվ է բառը գինու շուրթերի…» (63) (թերևս պետք է լիներ «Ազնիվ է բառը գինոտ շուրթերին», ոչ գինու. այսինքն՝ խոսքն ազնվանում, ու իսկությունը հնչում է գինովցածի բերանից։
Գինու լեցուն գավի պես բազմախորհուրդ բանաստեղծություն է։ Եվ յուրովի վկայում է, որ գինովցածի գինոտ շուրթերին լավ գինու պես ազնվանում ու թնդանում է բառը։ Լի – Թայի – Պոյից մինչև Հովհաննես Թումանյան, մինչև Սամվել Զուլոյան (Զուլո) ու մինչև Անի Ղազարյան, «բառի լվացարարները» ազնվացնում են ու ծաղկեցնում են բանը։
«Կյանքը ձուլվածք է բարու ու չարի»,- ասում է բանաստեղծուհին։ Գուցե դրա՞ համար է Նիցշեն իմաստ որոնում «Բարուց և չարից անդին»… Ես էլ, գուցե նախախնամ դիպվածն էր պատճառը, որ մի նկատառման մեջ «ճաքը» «ցավ» եմ դարձրել ու, ինչպես նկատեց Անին, «դիպուկ շեշտադրել» եմ՝ ակամա-կամա։ Գեղանկարիչ Կարլեն Քոչինյանի 80-ն անց ականջին էլ «ճաքն ու ցավը» հասան ու լսվեցին «կյանք», և ասաց՝ «Համա թե գտել է՝ «Կյանքը նռան շուրթին»»։
«Կյանքը շքերթ է խուլ երազների». գուցե դրա՞ համար է «սերը հրաժեշտների շքերթ» դառնում, քանզի ամենքը չեն հասցնում զնգուն երազ ունենալ և գտնել իրենց «թռչնաձուկ»-«հարսնաձկանը» (Հիշենք Սամվել Զուլոյանին ու Հրաչյա Սարուխանին)։
Առաջիկայում նոր բանաստեղծություններովդ ուրախանալու ակնկալիքով՝
ՑԱՎԻՑ ԼՈՒՅՍ ՈՒ ԿՅԱՆՔ ՔԱՄՈՂԻ ՀԵՆՄԱՆ ԿԵՏԸ (Անի Ղազարյանի «Ճաքը նռան շուրթին» ժողովածուն) / Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ
