ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ՎԱԹՍՈՒՆԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ / Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Պարույր Սևակը (1924-1971) ապրեց և ստեղծագործեց խորհրդային տարիներին, հրատարակեց բանաստեղծությունների և պոեմների յոթ ժողովածու, «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, ստեղծեց արվեստի տեսության իր սկզբունքները և արժանավոր տեղ գրավեց ժամանակի գրականության, հետո արդեն՝ գրականության պատմության մեջ: Նրա ստեղծագործական ճանապարհը խորհրդային գրողի ճանապարհ է, որը մի կողմից ձևավորվում էր կուսակցական որոշումների պաշտոնական պահանջներով, մյուս կողմից՝ գրողի ինքնությամբ, որոնց անխուսափելի բախումը գրողի համար ավարտվում էր ճակատագրական դատավճռով՝ գրքի արգելափակում, հալածանք, կալանք կամ վտարանդիություն: Այս տեսակետից Սևակի կարապի երգը «Եղիցի լույս» (1969/1971) ժողովածուն էր, որը գաղափարական բաց ընդվզում էր երկրի առաջընթացը կասեցնող ամեն տեսակի պահպանողականության և հետամնացության դեմ: Այդ իսկ պատճառով գրքի պատրաստի 25.000 տպաքանակը 1969-ին արգելափակվեց և որոշ կրճատումներից հետո վաճառքի հանվեց բանաստեղծի ողբերգական մահից հետո՝ 1971 թ. նոյեմբերին:
Սևակի կյանքի և գործունեության 1951-1959 թվականներն անցել են Մոսկվայում: Բանաստեղծությունները ռուսերեն թարգմանվել ու տպագրվել են 1952 թվականին՝ «Поэты Армении» (Երևան, Հայպետհրատ), «Новый мир» (N6): Իսկ 1953-ին լույս տեսավ «Անհաշտ մտերմություն» պոեմը «Друзья из Советашена» վերնագրով (Մոսկվա, «Советский писатель»), որը ռուսերեն էին թարգմանել Վերա Զվյագինցևան և Լև Լենկովսկին: Հետագա տարիներին ռուսերեն հրատարակել է ոչ միայն առանձին բանաստեղծություններ ու շարքեր, այլև գրքեր՝ «Стихи» (Երևան, Հայպետհրատ, 1956), «Человек на ладони» (Մոսկվա, «Советский писатель», 1960), «Верность» (Մոսկվա, «Молодая гвардия», 1962):
Սևակի պոեզիան թարգմանվել և տպագվել է նաև հունգարերեն՝ «Անձրևային սոնատ» (Բուդապեշտ, 1966): Ավելացնենք, որ բանաստեղծներ Էդուարդաս Մեժելայտիսի, Կոստանդին Սիմոնովի, Իվան Մարտինովի և այլոց հետ մեկտեղ 1966 թ. հոկտեմբերի 19-29-ին Բուդապեշտում մասնակցել է պոեզիայի համաեվրոպական համաժողովին: Ի պատասխան՝ նրա թարգմանությամբ և ծանոթագրություններով լույս է տեսնում «Հունգար բանաստեղծների» ժողովածուն (Երևան, 1968):
Նրա բանաստեղծությունների «Ձեռքեր» ժողովածուն լույս է տեսնում լատիշերեն (Ռիգա, 1968): Ետմահու հրատարակություններից հիշենք միայն Լուդմիլա Մոտալովայի թարգմանությամբ չեխերեն լույս տեսած «Հիմն լույսին» (Պրահա, 1972) և Կարիկ Պասմաճյանի թարգմանությամբ «Բանաստեղծությունների ժողովածու» (Երուսաղեմ, 1973) գրքերը, որոնք դեռևս կրում էին նրա կենդանի շունչը:
Նրա անունը հնչեղ էր վաթսունականների համամիութենական պոեզիայում, որի ուղիները տարբեր միջոցներով ճշտում էին Եվգենի Եվտուշենկոն (1932-2017), Ռոբերտ Ռոժդեստվենսկին (1932-1994), Անդրեյ Վոզնեսենսկին (1933-2010), Էդուարդաս Մեժելայտիսը (1919-1997), Բուլատ Օկուջավան (1924-1977), Իվան Դրաչը (1931-2018), քիչ ավելի ուշ՝ Վլադիմիր Վիսոցկին (1938-1980), Իոսիֆ Բրոդսկին (1940-1996) և ուրիշներ: Գրական այս միջավայրում տիրականորեն իշխում է վաթսունականների գեղարվեստական մտածողությանը նախ՝ երկրի ներսում, ապա՝ վտարանդիությունից հետո, երկրից դուրս ձև ու բովանդակություն հաղորդող Ալեքսանդր Սոլժենիցինի անունն ու գործը:
Սևակը ճանաչված ու գնահատված էր գրական այս միջավայրում. ինքը թարգմանում էր նրանց, նրանք՝ իրեն: Թարգմանել է Ռոժդեստվենսկու «Ռեքվիեմ» պոեմը (1966): Առավել սերտ էր Սևակի ստեղծագործական կապը Եվտուշենկոյի հետ: Ծանոթացել էին Մոսկվայում: Եվտուշենկոն թարգմանեց նրա «Ուշացած իմ սեր» պոեմը, որը «Трудный разговор» («Դժվար խոսակցություն») վերնագրով տպագրվեց ռուսերեն («Новый мир», 1956, թիվ 6) և դարձավ լայն քննարկման նյութ: Հոլովվում էին ետամուսնական սիրո, նոր ընտանիք կազմելու խնդրահարույց հարցերը, որոնց տարբեր դիրքերից անդրադարձան նույն «Новый мир» (1956, թիվ 10) ամսագիրը, ինչպես նաև «Комсомольскaя правда»-ն (1956, 3 նոյեմբերի), «Литературная газета»-ն (1956, 27 նոյեմբերի), «Молодая гвардия»-ն (1957, թիվ 1) և այլ պարբերականներ: Այս ամենով Սևակի պոեմը դարձավ համամիութենական քննարկման առարկա, որով փորձեցին պատասխան որոնել սեր, ժամանակ, ընտանիք խորապես անձնական հարցերին: Այսպիսի ընդգրկմամբ ու պատասխանատվությամբ հայ գրողի ոչ մի գրական երկ դեռևս համամիութենական ասպարեզում չէր շրջանառվել: Իսկ Եվտուշենկոն 1977-ին Երևանում մասնակցեց Չարենցի ծննդյան 80-ամյակի միջոցառումներին, հանդես եկավ ելույթներով և հայկական հիշողություներով գրեց բանաստեղծություններ:
Համեմատության լավագույն օրինակ է Սևակի «Պարապություն» (առանց թվագրության զետեղված է «Եղիցի լույս» գրքում) և Վիսոցկու «Ձիեր» (գրել է 1971-1972 թթ.) բանաստեղծությունների զուգադրությունը: ժամանակային հաջորդականության սկզբում Սևակն է, բայց խոսքն ամենևին այդ մասին չէ, այլ՝ ա՛յն մասին, թե ինչպես է ժամանակի համընդհանուր դժգոհությունը միևնույն գեղարվեստական խորհրդանշաններով միավորում նրանց: Երկուսի մեջ էլ մարդու ու ձիու հոգեբանական կապն է. ձին՝ վերացող տեսակ, վարգող ձին՝ անդունդի եզրին, ձին՝ մարդկության պատմության և մարդու ճակատագրի կենդանի վկա, որի հետ կապը հասնում է քարկապի և ունենում դրամատիկականից ավելի ողբերգական վերջաբան: Այդ հիշողությամբ այլևս անհնարին է ապրել, որովհետև այստեղ կյանքի ու մահվան խնդիրն է՝ ճակատագրի տեսք առած: Լրահոսում ժամանակի պաշտոնական ձայնն է. կենտրոնում՝ «Խոսում է Մոսկվան», ծայրամասում՝ «Խոսում է Երևանը», որոնցում ճշմարտությունը խեղդվում էր կեղծ ու պատիր ճառերի մեջ: Լրացման կարգով կարելի է հավելել նաև Սևակի «Խեղկատակը», «Ծաղրածուն», «Խաղալիք սարքողը» բանաստեղծությունները: Սա ճշմարտության մի երեսն էր՝ հակադրված այն ամենին, ինչ տարածում էր «Правда» գլխավոր պաշտոնաթերթը:
Սա հենց վաթսունականների սերնդի ձայնն էր՝ խորքայի՛ն, արդա՛ր ու ճակատագրակա՛ն, պաշտոնական ստանդարտներին դեմ: Այս մտայնությամբ 1962 թ. դեկտեմբերին ԽՍՀՄ նկարիչների միության Մոսկվայի բաժանմունքի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ 30 ավանգարդիստ նկարիչ Մոսկվայի Մանեժում բացեցին ազատ արվեստի ցուցահանդես, որը ջախջախիչ քննադատության ենթարկվեց ԽՍՀՄ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի կողմից: Երեք անգամ հսկայական սրահում շրջագայելուց և նկարները դիտելուց հետո նա ոչնչացրեց ամեն ինչ: Երբ Խրուշչովն ուղեկից խմբի հետ հեռացավ, նկարիչներն այն զգացողությունն ունեին, թե ուր որ է իրենց պետք է ձերբակալեն՝ որպես պետական հանցագործի: Համանման մի աղմուկ էլ կապված է «Մետրոպոլ» ալմանախի հրատարակության հետ, որը նույն այս սերնդի գրողները նախաձեռնեցին ավելի ուշ՝ 1979-ին: Ալմանախը լույս տեսավ 12 օրինակ և ընդգրկում էր տպագրվող հեղինակների մերժված, չտպագրված գործերը: Այստեղ էին հայտնի գրողներ Անդրեյ Բիտովը, Ֆազիլ Իսկանդերը, Վասիլի Ակսյոնովը և ուրիշներ:
Այս լայն շրջանակի մեջ առանձին խոսակցության նյութ է Պարույր Սևակ – Սերգեյ Փարաջանով (Սարգիս Փարաջանյան) զուգահեռը: Երկուսն էլ նույն թվականի և նույն՝ հունվար ամսվա ծնունդ են, երկուսին էլ միավորում է սերը Սայաթ-Նովայի հանդեպ, երկուսին էլ սնում էր բանահյուսությունը: Ժողովրդական-կոմիտասյան երգերի բանահյուսական հյուսվածքով հայտնի են Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը (1959) և Փարաջանովի՝ Ուկրաինայի հեռաբնակ գուցուլների անցյալը՝ ըստ Միխայիլ Կոցյուբինսկու (1864-1913) «Մոռացված նախնիների ստվերները» (1912) վիպակի մոտիվներով ստեղծված համանուն կինոնկարը (1964): Բանահյուսությունը դառնում է ոչ թե մտածողություն, դրա դարն անցել էր, այլ՝ ռեալիզմի հիմքերին մոտենալու հնարավորություն, և դա է պատճառը, որ նրանց միավորում էր արդիական մտածողությունը, գեղարվեստական պատկերի ժամանակակից գեղագիտությունը, որ արտահայտվում է բազմաձայնությամբ, թռիչքային մտածողությամբ, հակադրությունների համադրությամբ, շարժման արագությամբ, կոլաժով, գունագեղությամբ… Այս տեսակետից, դարձյալ զուգադրության համար բացառիկ են Փարաջանովի «Նռան գույնը» (1968)՝ Սայաթ Նովայի մոտիվներով, և Սևակի «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը՝ խաղերի պատկերավոր վերլուծությամբ:
Փարաջանովի հետ Սևակի հատկապես «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» (1962), «Անլռելի զանգակատուն» (1959) և «Եռաձայն պատարագ» (1969) պոեմների պատմափիլիսոփայության և պատկերամտածողության ընդհանուր համակարգում իր տեղն ունի նաև Անդրեյ Տարկովսկու անունը՝ «Անդրեյ Ռուբլյով» (1966) շարժանկարով հանդերձ: Գեղարվեստի մի շերտ կա, որ ժամանակն իմաստավորող նույն ոգու ծնունդ է, որ հավասարապես իմաստավորում է բառը, գիծն ու գույնը, հնչյունը, պարային կշռույթը, թատրոնն ու կինոնկարը: Գեղարվեստի այդ շերտի ձեռքբերումը վաթսունականների սերնդի նվաճումն ու մենաշնորհն էր՝ անպայմանորեն պայմանավորված նաև Սևակի պոեզիայով ու արվեստի տեսությամբ:
Որքան ողբերգական, նույնքան ազդեցիկ էր Սևակի մահը, որը հայ ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդ Վազգեն Վեհափառի և արվեստի նահապետ Մարտիրոս Սարյանի հետ մեկտեղ ողբաց նաև համայն մտավոր հանրությունը, ցավակցական հեռագրերով ու հրաժեշտի խոսքերով հանդես եկան այնպիսի նշանավոր բանաստեղծներ, արձակագիրներ, գրական քննադատներ ու թարգմանիչներ, ինչպիսիք են Էդուարդաս Մեժելայտիսը, Եվգենի Եվտուշենկոն, Անդրեյ Վոզնեսենսկին, Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Լև Օզերովը, Իվան Դրաչը, Յուննա Մորիցը, Իննա Ռոստովցևան, Մորիս Փոցխիշվիլին, Օլժաս Սուլեյմենովը, Լեոնիդ Մարտինովը և ուրիշներ:
Սևակի հեռացումով նրա պոեզիան չվերածվեց թանգարանային նմուշի, այլ՝ դարձավ գեղարվեստական խոսքի գործող ուժ, որ գիտակցեցին բոլորը՝ ժողովրդական լայն զանգվածներից մինչև բարձր մտավորականություն: Լույս էին տեսնում նրա գրքերը, կազմակերպվում հանդեսներ, ցերեկույթներ ու երեկույթներ, նրա պոեզիան շարունակվում էր թարգմանվել ու հրատարակվել աշխարհի լեզուներով: Այդպե՛ս, որովհետև Սևակը գրեց ժամանակակից պոեզիայի պատմության մնայուն էջերից մեկը, որի հերոսը ինքն էր, իր ժողովուրդն ու իր ժամանակը…

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։