Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի «Ֆրանսիական նամականի» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես-քննարկումը: Ստեղծագործությունները, որոնք գրվել են Ֆրանսիայում, ուր բուժման նպատակով վերջին տարիներին գտնվում է Անատոլի Հովհաննիսյանը, նրա բարդ հոգեվիճակի, ներքին տվայտանքի, օտար միջավայրում ֆիզիկական ու հոգեկան մենակության, կարոտի ու կորսվող իրականության բանաստեղծական դրսևորումներն են:
«Ֆրանսիական նամականին» բանաստեղծի չորրորդ գիրքն է՝ «Տաք երկիր» (2000, «Նաիրի»), «Հայելի» (2010, «Գրաբեր»), “Из глубины молчания” (2011, “Литера”) ժողովածուներից հետո: Շնորհանդես-քննարկումը բացեց գրքի խմբագիր Սեյրանուհի Գեղամյանը՝ ներկայացնելով Անատոլի Հովհաննիսյան ստեղծագործողին:
Ելույթ ունեցողները՝ բան. գիտ. դոկտոր Դավիթ Գասպարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, թարգմանիչ Ներսես Աթաբեկյանը, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը, դերասան Ռուբեն Կարապետյանը, ընդգծեցին Անատոլի Հովհաննիսյանի պոեզիային հատուկ պատկերային, սակավաբառ, սակայն խորն ու խորունկ մտածողությունը, անսպասելի ու զարմանալի դիպուկ համեմատությունները, բաց և անկեղծ մտորումները, բանաստեղծական բարձր կուլտուրան:
«Ֆրանսիական նամականիից» բանաստեղծություններ կարդացին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Յուզբաշյանը և ասմունքող Գայանե Սամվելյանը: