ՌԵՄԲՐԱՆԴՏ ՎԱՆ ՌԵՅՆ / «ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՀԱԿԱԽՈՒՄԲ»

ՌԵՄԲՐԱՆԴՏ ՎԱՆ ՌԵՅՆ

Նախկինում նեոգոթական եկեղեցի` Ամստերդամի պետական թանգարանում ամեն տարի մոտ մեկ միլիոն այցելու, անցնելով վառ լուսավորված սրահներով, ուղիղ գնում է և եկեղեցու խորանի տեղում գտնում է իռլանդական արվեստի սրբապատկեր-գլուխգործոցը: Արդեն 370 տարի է` Ռեմբրանդտի գլուխգործոցն ապրում է ինքնուրույն կյանքով և հանրահայտությամբ առաջիններից է: Կտավի մասին երգեր են գրվում, բանաստեղծություններ հորինվում, ֆիլմեր նկարվում: «Գիշերային պահակախումբ» անվանումը, ըստ հետազոտողների, կտավի ճիշտ անվանումը չէ, որովհետև գործողությունները կատարվում են ցերեկը, իսկ նկարի գույների մգանալու պատճառով ստեղծվել է այդ տպավորությունը: Հետագայում առաջարկված տարբերակներն արդեն չէին հարմարվում նկարին, որովհետև այն այլևս հայտնի էր «Գիշերային պահակախումբ» անվամբ:
Նկարչին խնդիր էր տրված. նկարել խմբակային նկար, բնորդները վճարել էին: Իսկ արդեն հարուստ, ինքնավստահ և հավակնոտ Ռեմբրանդտը չէր պատրաստվում հետևել ավանդույթին` խմբակային, անկենդան, սառը դեմքերի, հավասար շարքով կանգնած ձանձրալի պերսոնաժների փոխարեն ապրող, թրթռուն կերպարներ էին պետք` շարժման մեջ, անելիքով: Գուցե նա իռլանդական միֆերի ազդեցություններ էր կրում: Այս ժանրում նա հեղափոխություն արեց: Առաջին ցուցադրության ժամանակ քաղքենի կանանց հռհռոցներ լսվեցին: Բնորդ-զինվորականները վրդովվեցին` մտածելով, թե նկարիչը ծաղրել է իրենց:
1750 թ. կտավը տեղափոխեցին թագավորական պալատ, և հենց այստեղ է կատարվում կտավի հանդեպ ամենամեծ ոճրագործությունը: Ռեմբրանդտի գլուխգործոցն իր հսկայական չափերով մեծ տեղ էր զբաղեցնում և չտեղավորվեց նախատեսված թագավորական պատին. չորս կողմից այն կտրատեցին: Եվ քանի որ Բանին Կոկն ունեցել է նկարի կրկնօրինակը, մենք կարող ենք տեսնել նկարի իրական պատկերը: Հատումներից ամենաշատը տուժել է նկարի ձախակողմյան մասը` երկու կերպար «թռցրել են»:
1885 թ. կտավին երկրորդ շնչառություն է տրվում, երբ բացվում է Ամստերդամի պետական թանգարանը: Ռեմբրանդտի գլուխգործոցը հանգրվանում է թանգարանի կենտրոնում` թունելին մոտիկ, կրիտիկական պահին` փրկությանն ավելի մոտ:
Կտավը երկու անգամ լքել է թանգարանը` առաջին անգամ 1895 թ.` Ամստերդամի քաղաքային թանգարանում տոնական ցուցադրության համար: Նկարի մեծ չափը կրկին խնդիրներ առաջացրեց, բայց այս անգամ ավելի խոհեմ գտնվեցին և մեծ լուսամուտով ներս մտցրին: Երկրորդ անգամ «Գիշերային պահակախումբը» պետական թանգարանը լքեց ողբերգական հանգամանքներում: 1939 թ. աշնանը նիդեռլանդցիները էվակուացրին թանգարանի ունեցվածքը: «Գիշերային պահակախումբը» զգուշորեն շրջանակից հանեցին և մյուս կտավների հետ 1942 թ. մարտի 24-ին ոստիկանական հատուկ ջոկատի ուղեկցությամբ ուղարկեցին Ռադբաու: Նիդեռլանդներում կտավին մեծ ճանապարհորդություն էր սպասվում, ծովով ու ցամաքով ճանապարհորդելու ճակատագիր, իսկ այն հսկում էին կապիտան Բանին Կոկի և իր զինակիցների հետնորդ-պաշտոնակիցները: Պատերազմը հաղթահարած և անվնաս թանգարան վերադարձած կտավը մեծ փորձության պիտի հանդիպեր հենց իր տանը, խաղաղ ժամանակներում:
1975 թ. դպրոցական գործազուրկ ուսուցիչը հարձակվեց կտավի վրա դանակով` հայտարարելով, որ կենտրոնի սև հագուստով մարդը սատանան է որ կա, և տասներկու հատումներով վնասել էր կտավը: Վերականգնելու համար ութ ամիս պահանջվեց: Նկարի կողքին պահակախումբ նշանակեցին: Սակայն պահակային հսկողությունը չկանխեց երկրորդ ծանր փորձությունը. 1990 թ. խելագարը, ով նկարի դիմաց նստել էր 12 ժամ, գրպանից հանեց ծծմբաթթվով սրվակն ու թափեց նկարի վրա:
«Գիշերային պահակախումբը» Ռեմբրանդտի իրապես գլուխգործոցն է: Նկարում չկա ոչինչ ավելորդ: Պարզ սյուժեն Արևմտյան Եվրոպայի մշակույթում վերածվել է ազգային արժեքի:
Թվում է` նկարի թեման զինվորական է, բայց անկյունում տեսնում ես աղջկան և հարցնում` ճուտի՛կ, ի՞նչ ես անում էս տղամարդկանց մեջ, սկսում ես մասնակցել սյուժեին ու հայտնվում ես անցյալում: Սա անցյալի հայելի է: Շունը, որ թվում է, ավելորդ է` կտավի անհրաժեշտ գույներից է: Տարբեր դեմքեր, տարբեր բնավորություններ: Զինվորականները շքահանդեսի են պատրաստվում. հրամանատարը հրամայում է` սկսել. ահա` քայլարշավի ձայն, սերժանտը շրջում է գլուխը, բարձրացվում է դրոշը, թմբկահարը թմբուկ է զարկում, ձայներից վախեցած շունը սկսում է հաչել, աղջիկը նետվում է դեպի շունը: Տպավորություն է, թե այն պահին ես մոտեցել կտավին, երբ կատարվելու է գլխավոր գործողությունը, իսկ մի ակնթարթից չքանալու է, լավ է` հասար: Իսկ շարժման դինամիկան` մեջտեղից, աջ ու ձախ կողմերից առաջ եկող ուշադրությունն է, ոտքերն առաջ պարզած` ուր որ է` նկարից դուրս են գալու ու անհեթեթ, անկարևոր պատմել-ասել-խոսելով գալու են` անցնեն:
Եվ դա կաներ հենց Ռեմբրանդտը` խոնարհ ինքնատառապանքի պոետը, ում նկարները հիվանդների, աղոթողների, դժբախտների, մեղավոր, բայց վերադարձողների կայանատեղին է:

Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։