«Մեր երկրի պաշտպանունակությունը հուսալի մակարդակի վրա է»

Հունվարի 22-ին առաջիկա Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բացման խոսքում անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարության և Գրողների միության համատեղ աշխատանքներին, նշեց, որ անցած տարվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են եղել զորամասերում, ԳՄ-ում կազմակերպվել է պոեզիայի ցերեկույթ` նվիրված բանակի օրվան, ինչպես նաև ամփոփվել են ՀԳՄ-ի և ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ Հայոց բանակին նվիրված մրցանակաբաշխության արդյունքները: Էդ.Միլիտոնյանի հավ աստմամբ՝ դա շարունակական է լինելու: «Գաղտնիք չէ, որ անկախության տարիներին հայ գրողները ևս իրենց ավանդն են ունեցել բանակի ձևավորման գործում` լինելով և՛ պատերազմի դաշտում, և՛ իրենց գրվածքներով մասնակցելով մեր ոգեկոչմանը»,- ասաց ՀԳՄ նախագահը և հավելեց, որ հայ գրականության պատմությունը վկայում է, որ հայ ժողովրդի գլխավոր տեսլականը, ցանկությունն ու երազանքը եղել է պետականության և բանակի կայացումը, մեր բոլոր պատմավեպերի հիմքում հիմնականում այդ գաղափարներն են` անկախություն, պետականություն և բանակ:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ զինված ուժեր-հասարակություն կապը ամրապնդելու, հասարակության մեջ զինված ուժերի գործունեությունը ճիշտ ներկայացնելու գործում կարևոր դերակատարություն ունի մտավորականությունը:
Փոխնախարարի ավագ օգնական Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց պաշտպանական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները, որդեգրված ռազմավարությունը և դրա իրականացման ընթացքում ծագող խնդիրները: «Պաշտպանական քաղաքականության տեսակետից ռազմական ոլորտում մեր նպատակներին հասնելու ուղիներ են ռազմական սպառնալիքների կանխումն ու չեզոքացումը, պաշտպանական բարեփոխումների հետևողական և շարունակական իրականացումը, հակառակորդին հնարավորինս զսպելը` թույլ չտալով նրան վերահսկել իրավիճակը,- ասաց նա,- ինչպես նաև ապահովել արտաքին քաղաքականության շրջանակներում նախագահի կողմից իրականացվող բանակցային գործընթացը, որպեսզի գործընթացներն իրականանան առանց ռազմական գործողությունների, ինչպես նաև զինված ուժերի համակարգում ռազմաբարոյական նորմերի, զինվորական էթիկայի, բարեկրթության տարածումը»:
Այնուհետև փոխնախարար Դ. Տոնոյանը պատասխանեց հանդիպմանը ներկա գրողների` մեր երկրի ռազմական ոլորտին, բանակին, պաշտպանունակությանը վերաբերող հարցերին: Նա մասնավորապես նշեց, որ նավթի համաշխարհային գների անկման հետ կապված ռազմավարության վերանայման գործընթացում լուրջ վերլուծական աշխատանք է կատարվել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը կանխարգելելու նպատակով, շարունակվում է դաշնակից երկրների հետ ՀՀ ԶՈւ համագործակցության խորացումը` պայմանագրաիրավական համաձայնագրային պարտավորությունների հիման վրա, դիտարկելով նաև հարևան երկրների (Իրանի, Վրաստանի) հետ ռազմական ոլորտում հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունները:
Դ. Տոնոյանը նաև տեղեկացրեց, որ ռազմարդյունաբերության զարգացումն այսօր ՀՀ կառավարության, ՊՆ-ի ուշադրության կենտրոնում է: «Ռուսաստանի և Լեհաստանի հետ ստեղծվել են ռազմարդյունաբերական համատեղ արտադրություններ: Մեծ թափով զարգանում են նաև ռադիոէլեկտրոնիկան ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ծանր զինտեխնիկայի վերանորոգումը: Մեծանում են գիտահետազոտական աշխատանքների վրա կատարվող ներդրումները: Այս ամենը կապված է երկրի տնտեսության զարգացման հետ»,- հավաստիացրեց նա:
Դ. Տոնոյանը կարևորեց այն հանգամանքը, որ հայկական բանակը զինվորների թվաքանակի բանակ չէ, այլ՝ խելացի և արդյունավետ գործող բանակ: Իրականացվող բոլոր գործընթացների արդյունքում,- եզրափակեց նա,- այսօրվա մեր պաշտպանունակության մակարդակը` համեմատած մի հինգից տասը տարի առաջվա հետ, անհամեմատ աճել է` կայուն հիմք ապահովելով երկրի անվտանգության համար:
Հարցուպատասխանի շրջանակում փոխնախարարն անդրադարձավ նաև ռազմական կրթությանը, սպաների մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված աշխատանքներին, ռազմահայրենասիրական գրականության խթանման, այդ նպատակով ՊՆ և ՀԳՄ համատեղ մրցանակաբաշխության շարունակման, թեմատիկ մատենաշարի ստեղծման` գրողներին հետաքրքրող հարցերին:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։