Խոսք՝ մեր օրվա, կյանքի մասին

Նոյեմբերի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, հրապարակախոս Նանեի «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» էսսեների և հրապարակախոսությունների ժողովածուի քննարկումը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ «ԳԹ»-ում հրապարակած իր հոդվածներով Նանեն բոլորին հուզող հարցեր է բարձրացնում՝ գծելով հոգսի, ցավի նշանակետերով մի քարտեզ: «Կարդալով այսպիսի հոդվածները, որտեղ զուգակցվում են բանաստեղծական հոգին, գեղեցիկն ու նպատակայինը, ճանաչում ենք աշխարհի դիմագիծը և մեր ներքին խնդիրները»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը վստահեցրեց, որ Նանեի հոդվածները կարդացվում են հետաքրքրությամբ, ոչ իբրև հոդված, այլ իբրև խոսք՝ ասված մեր օրվա, կյանքի մասին:
«Նանեն իր մատը հպում է մոլորակի զարկերակին, նրա հոդվածները մեր դարաշրջանն են բնութագրում, և այն տագնապը, որ կա գրքի մեջ, փոխանցվում է մեզ»,- ասաց արձակագիր Ալիս Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ հոդվածագիրը երբեք չի կորցնում իր լավատեսությունը:
Գրականագետ Անի Փաշայանի կարծիքով՝ բոլոր էսսեներն առաջին հայացքից գրված են սառը բանականությամբ, սակայն իրենց մեջ ներքին լարում ունեն:
«Քո էության մեջ կրում ես մեր երկիրը, արժևորում ես իրական արժեքները, և այդ արժեքների կորստյան ցավն է այստեղ»,- իր խոսքում ընդգծեց Խ. Մանուկյանը:
Անուշ Վարդանյանի հավաստմամբ՝ Նանեն գեղեցիկ հայերենով ընթերցողին է փոխանցում իր մտահոգությունները՝ խորաթափանցության շնորհիվ բացահայտելով այնպիսի շերտեր, որոնց մասին պետք է իմանա լայն հասարակությունը:
Բանաստեղծուհի Գոհար Գալստյանը նշեց, որ տասը տարիների ընթացքում գրված հոդվածները շատ կարևոր թեմաների անդրադարձներ են, որոնք մատնացույց անելը համարեց սխրանք: «Նա կարողանում է հավաքել խճանկարը և մեր իրականության մեջ ցույց տալ մեր կենցաղի, մեր հարաբերություների մեջ տարածված այդ ամեն վատի ազդեցությունը»,- նշեց Գոհար Գալստյանը:
Թորոս Թորանյանը, գնահատելով Նանեի խիզախությունը, ժողովածուն համարեց ոչ թե հրապարակագրություն, այլ՝ խոհագրություն:
Նանեի մարդկային նկարագրի մասին խոսեց Սաթենիկ Մկրտչյանը:
Ելույթ ունեցան նաև Հրաչօն, գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը, Պերճուհի Ավետյանը, Նանեի եղբայրը՝ Գուսան Հայկազունը և ուրիշներ:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Նանեն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.