Օրերս ՀԳՄ «Կանթեղ» մրցանակին արժանացավ Թբիլիսիում ապրող բանաստեղծ և թարգմանիչ, «Կամուրջ» հանդեսի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը՝ հայերենից վրացերեն և վրացերենից հայերեն կատարած թարգմանությունների համար: Մեծ թիվ են կազմում վրաց գրականության այն ստեղծագործությունները, որոնք հայ ընթերցողների սեփականությունն է դարձրել Անահիտ Բոստանջյանը՝ այսպես ինքնատիպ կամուրջ ձևավորելով իրենց խորքում քրիստոնեական արժեհամակարգերին հենվող երկու գրականության միջև: Անահիտ Բոստանջյանը ժանրային «խտրականություն» չի դնում, թարգմանում է ինչպես պոեզիա, այնպես էլ՝ արձակ, սեռերի ու ժանրերի տիրույթներում հասնելով թարգմանվող ստեղծագործության ոճական, գեղարվեստական ու գեղագիտական ինքնատիպությունների ճշմարիտ ու ինքնատիպ մատուցումներին: Ռիչարդ Ուինստոնը գրել է. «Մի գրողի հարցրել են՝ ինչ կանի, եթե Աստծուն հանդիպի: «Կխնդրեի, որ թարգմանելու ժամանակ կողքիս լինի»: Սա վկայում է թարգմանության բարդությունը, ինչին բախվել են շատերը՝ առաջադիր ունենալով մեծաթիվ խնդիրներ, որոնք հառնում են թարգմանչի առջև, պահանջում հարաշարժ ամբողջության ընկալում և նվիրվածություն նրան, բնագրային համարժեքության պահպանում, հայտնատեսության, ներքին ձայնի ու բնազդայինի ներդաշնակում: Հորացիուսը պահանջում էր՝ «Թարգմանել է պետք ոչ թե բառը բառով, այլ միտքը՝ մտքով»: Թարգմանությունն արվեստ է՝ միախառնված գիտությանը: Այսինքն, թարգմանությունն էլ իր գիտությունն ունի, որին պետք է հավատարիմ մնալ: Այս ամենը մեկ անգամ ևս հիշում ու հիշատակում ենք՝ կարդալով Անահիտ Բոստանջյանի նորերս հրատարակած գրքերից մեկը՝ վրաց ժամանակակից արձակի ու դրամայի ճանաչված դեմքերից մեկի՝ Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձ» վեպը:
Իրակլի Սամսոնաձեն մի ողջ պատմական ժամանակաշրջանի յուրատեսակ հոգեբանական քննությունն է ներկայացրել իր վեպում՝ հասնելով մինչև Վրաստանի համար ամենաողբերգական իրադարձությունը՝ ռուս-վրացական կարճատև պատերազմը, երբ մասնատվեց երկիրը, կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան: «Ես հավատում եմ, որ իմ երկրի նախագահը պատերազմում պարտություն կրած երկրի նախագահ է: Որ նա երեսպաշտություն է անում պատերազմում հաղթանակած երկրի դեմ: Այո՛: Քանզի ուժը նշանակում է բարձրություն: Ուժն ամեն ինչ է: «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» ասացվածք կա: Այո՛: Քանզի այն, ինչ զիջեց զենքի առաջ, այժմ վերադարձնել է ջանում միայն երեսպաշտությամբ: Այո՛: Այդպես է: Ես հասկանում եմ»: Սա այն ողբերգությունն է, որն ապրեց Վրաստանը, որը շատ լավ է հասկանում հեղինակ-հերոսը, բայց որը չեն հասկանում նրա շրջապատում գտնվող շատերը, քանզի բոլորը, ամենքը փնտրտուքի մեջ են: Հերոս-հեղինակը գտել է իր որոնածը յուրովի. մեծացած լինելով աթեիստական հասարակության մեջ, նա գտել է տատի պահած սրբապատկերը, որին է ապավինում իր հույսը, իր ներաշխարհում գլուխ բարձրացրած փոթորկումը, իր անհանգստությունը:
Լույս է տեսել Վրաստանի գրողների միության ստեղծագործական միության և Վրաստանի «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության «Կամուրջ» տարեգրքի 2015թ. հատուկ թողարկումը, որն ամբողջապես նվիրված է Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին: Այս հանգամանքով պիտի պայմանավորել տարեգրքում տեղ գտած հեղինակների բազմաքանակությունն ու նյութերի ընտրությունը, որոնցից յուրաքանչյուրը խոնարհում ու խնկարկում է միլիոն ու կես նահատակների հիշատակին: Տարեգրքում տեղ են գտել «Արձակ և չափածո էջեր», «Դրամատուրգիա», «Մեր հայրենակիցները արտերկրում», «Հրապարակագրություն, ակնարկ», «Գրական միջօրեականներ», «Կամուրջի» հարցազրույցը», «Դասական էջեր», «Գրականագիտություն», «Ժառանգորդները Հայոս-Քարթլոսի», «Կամուրջի» արխիվից», «Վրաց գրականությունը հայերեն», «Արևմուտք», «Ռուսական պոեզիա», «Լեզուն մեր, խոսքը մեր, գիրը մեր», «Կերպարվեստ», «Հուշագրություն», «Ուսումնասիրություններ», «Մատենագրություն», «Գրքանկյուն» խորագրերը: «Կոտորածից մինչև վերհառնում» խորագրի ներքո պատմում են Եղեռնից փրկված հայորդաց շառավիղները:
«Կամուրջ» տարեգրքի հատուկ թողարկումը տպագրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության և ամերիկահայ բանաստեղծ Ավիկ Դերենցի (Դեյրմենջյան) մեկենասությամբ:
Կազմող և գլխավոր խմբագիր` Անահիտ Անի Բոստանջյան: