Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո Ռուսաստանի և նախկին Խորհրդային Մերձբալթյան երկրների միջև լարվածությունը ոչ միայն չի մեղմանում, այլև ավելի անհավանական դրսևորումներ է արձանագրում: Լիտվան, Էստոնիան և Լատվիան սարսափած են Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից և համարյա բացառում են խաղաղ երկխոսության հնարավորությունը: Այս երկրները խնդրում են ՆԱՏՕ-ին տարածաշրջանում հավելյալ զորք տեղակայել, իսկ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ վերադառնում են պարտադիր զինվորական ծառայության: Երեք պետություններն էլ ավելացրել են պաշտպանական ծախսերը, որպեսզի «կոշտ և միասնաբար պատասխանեն Կրեմլին»: The New York Times թերթը նշում է, որ Վաշինգտոնը քննարկում է Մերձբալթյան երկրներում ծանր տեխնիկայի տեղակայման հարցը` «տարածաշրջանում ռուսական հնարավոր ագրեսիան զսպելու նպատակով»: Իր կողմից ՆԱՏՕ-ն շարունակում է այդ երկրներում զորավարժություններ անցկացնել, փորձելով այդպես կանխարգելել «ռուսական ներխուժումը»: Առայժմ Կրեմլը «հարձակումներին» դիմակայում է սոսկ ԱԳՆ-ի կողմից հայտարարություններով, սակայն այլ մթնոլորտ է Պետդումայում: Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորները դիմել են Գլխավոր դատախազություն, որպեսզի ստուգվի, թե որքանով է սահմանադրական 1991 թ. ստեղծված ԽՍՀՄ Պետխորհուրդը, ում կողմից հռչակվել է Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի անկախությունը, նպաստելով ԽՍՀՄ-ի ռազմավարական կարևորագույն նշանակության տարածքի օտարմանը՝ թույլ տալով այդ երկրներին սեփականաշնորհել ԽՍՀՄ-ի բյուջեով ստեղծված հարստությունը: Դեպուտատների կարծիքով, այդ գործողությունը դասվում է պետության նկատմամբ առանձնապես վտանգավոր հանցագործությունների շարքին, ինչը վաղեմության ժամկետ չունի: Իսկ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, հանրահայտ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ եթե Գլխավոր դատախազությունն անօրինական համարի Մերձբալթյան երկրների անկախության հռչակումը, ապա Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում պետք է Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեներ անցկացվեն: «Մենք լքեցինք մեր հայրենակիցներին: Նրանք երբեք չեն ցանկացել ապրել անկախ պետություններում, նրանք ԽՍՀՄ քաղաքացիներ էին և ցանկանում էին մնալ այդպիսին»,- ասել է նա: Թվում է՝ այլ ժամանակում, այլ երկրի կողմից ընդունված որոշումների վերանայումը աբսուրդի ժանրից է, միաժամանակ, արի ու տես, որ Ռուսաստանում մեծացել է աբսուրդի պահանջարկը: Ըստ քաղաքագետ Օլեգ Մետվեյչևի՝ այս ամենի նպատակը ապագայում Մերձբալթիկայի հայցերը, օրինակ` օկուպացիայի հատուցման հաշիվներ ներկայացնելու դեպքում, ժխտելն է: «Նույն հաջողությամբ կարող ենք ինքներս հայց ներկայացնել ԽՍՀՄ-ի կազմից նրանց անօրինական դուրս գալու համար և հող, գույք ու մնացածը պահանջել»: Իմիջիայլոց, Ռուսաստանի գլխավոր դատախազությունն, ի պատասխան մեկ այլ պատգամավորի հայցի, հայտարարել է, որ 1954 թ. ՌՍՖՍՀ և ԽՍՀՄ գերագույն խորհուրդների` Ղրիմի մարզը Ռուսաստանի կազմից Ուկրաինայի կազմ փոխադրելու որոշումը հակասել է Խորհրդային սահմանադրությանը: Բացառված չէ, որ Գերագույն դատախազությունը Պետխորհրդի 1991 թ. որոշումը նույնպես հակասահմանադրական համարի: Ռուսաստանի պարագայում ամեն ինչ հնարավոր է: Երկիրը թեև դժվարանում է իր անծայրածիր տարածքները վերահսկել, միևնույն է, աչքը հավերժորեն այսուայն կողմ է: Առայժմ կատարվածը տեղեկատվական պայքարի շրջանակում է, սակայն միջպետական հարաբերությունների հեղհեղուկ ֆոնի վրա, հնարավոր է, այսօրվա թվացող մանրուքը վաղը գլոբալ պրոբլեմի վերածվի: Գուցե հայկական կողմը նույնպես ՌԴ Գերագույն դատախազությանը դիմի՝ ճշտելու Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանին բռնակցելու որոշման օրինականությունը: Ինչո՞ւ չէ, երբեմն առանց նշանակետի, աղմուկի մեջ էլ կարելի է հաջողություն փնտրել: