«Ծիծեռնակը»` 85 տարեկան

ԾիծեռնակըՀոկտեմբերի 31-ին Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանում տեղի ունեցավ «Ծիծեռնակ» մանկապատանեկան ամսագրի 85-ամյակին նվիրված ցերեկույթ:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը վստահեցրեց, որ «Ծիծեռնակ» ամսագրի յուրաքանչյուր նոր համար թարմություն ու գեղեցկություն է հաղորդում առօրյային: Նրա հավաստմամբ` «Ծիծեռնակը» այն դաշտն է, որտեղ գոյացել է մեր մանկագրությունը, իսկ նկարիչները` Անդրանիկ Կիլիկյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Վարուժան Վարդանյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Խանջյանը և ուրիշներ, ձևավորելով ամսագիրը, մասնագիտանում էին մանկական գրքեր ձևավորելու ասպարեզում: Նա հիշեց այն տարիները, երբ ամսագիրը գրեթե 8000 տպաքանակով տպագրվում և առաքվում էր Սփյուռք, Հայաստանում եզակի մամուլն էր, որ այդպես տարածվում էր Սփյուռքում: Ապա ավելացրեց, որ այսօր էլ Սփյուռքի գաղթօջախները հայաստանյան մամուլի, մանկական ստեղծագործությունների պահանջ ունեն: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն ընդգծեց, որ մանկության տարիներին իրենց կրթել-դաստիարակել են մանկական պարբերականները` «Պիոներ կանչ», «Ծիծեռնակ», «Պիոներ»: Նրա համոզմամբ` բոլոր խմբագիրները նախանձախնդիր են եղել, որպեսզի չընդհատվի ամսագրի պարբերականությունը և այդ առումով գնահատելով Ա. Վարդանյանի նվիրումը «Ծիծեռնակ» ամսագրին` պարգևատրեց նրան Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով:
Մանկագիր Սուրեն Մուրադյանը նշեց, որ ինքն ու իր սիրելի ամսագիրը գրեթե հասակակիցներ են: «Ինձնից մեծ է մեկ տարով»,- ասաց նա և ավելացրեց, որ երեխաներին հասցեագրված բանաստեղծությունները նախ և առաջ տպագրում է «Ծիծեռնակում»: Ըստ Լիպարիտ Սարգսյանի` ամենաերջանիկ գրողը մանուկների համար ստեղծագործողն է: «Երեխաները աշխարհի այն մաքրամաքուր ներկայացուցիչներն են, ում կարծիքը միշտ ճիշտ է, արդարացի և ամենաանկեղծն ու օբյեկտիվն է»,- ասաց նա և մաղթեց, որ «Ծիծեռնակը» հայ երեխաներին շարունակի պարգևել գեղեցիկ բանաստեղծություններ: Ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը, անդրադառնալով «Ծիծեռնակ» ամսագրի կրթադաստիարակչական դերին, նշեց. «Ձգտում ենք կապը պահել ընթերցողների հետ` ներկայացնելով ժամանակակից լավագույն ստեղծագործությունները նկարիչների ձևավորումներով»: Նա կարևորեց ամսագրի էջերը երեխաների ստեղծագործություններին, նկարներին տրամադրելը և ավելացրեց, որ գրեթե բոլոր մանկագիրները այդ ամսագրում են տպագրում իրենց նոր գործերը, որոնք հետագայում դառնում են գրքեր:
Ամսագրին շարունակականություն մաղթեցին նաև Երվանդ Պետրոսյանը, Սարգիս Կարեյանը, նկարիչներ Հաղթանակ Շահումյանը, Ցոլակ Կանթեղը: Գրադարանի ակտիվ ընթերցողները ներկայացրին գրական կոմպոզիցիա ամսագրում տպագրված բանաստեղծություններից:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.