Լոռու և Տավուշի գրողների հանդիպումը ՀԳՄ Կլոր սրահում

Լոռու և Տավուշի գրողների
Հոկտեմբերի 31-ին ՀԳՄ Կլոր սրահում կայացավ Լոռու և Տավուշի գրողների հանդիպումը ՀԳՄ ղեկավարության, երևանյան գրչակիցների, գրականագետների, լրագրողների և պոեզիայի երկրպագուների հետ:
Միջոցառումը վարում էր ՀԳՄ գործադիր տնօրեն, բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը: «Թեև «Երկունք» գրական թերթը մշտապես Վանաձորից հասնում է մեզ, հեռակա կարողանում ենք իմանալ Լոռու գրական անցուդարձի մասին, սակայն այլ է կենդանի շփումը»,- ասաց նա:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շեշտեց, որ նման հանդիպումները և՛ ստեղծագործական բնույթ պիտի կրեն, և՛ պետք է ներկայացվեն արված գործերը, հետագա ծրագրերը, խնդիրները, որոնք համատեղ լուծում են պահանջում: «Ներկայացվելիք խնդիրները պետք է լուծենք Գրողների միության և համապատասխան նախարարությունների միջամտությամբ: Այստեղ կան նաև հրատարակիչներ, որոնց հետ գրողները կարող են խոսել նոր տպագրվելիք գրքերի մասին»,- ասաց նա՝ կարևորելով Լոռում Հովհ. Թումանյանի անվան մրցանակ սահմանելու անհրաժեշտությունը: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը բարձր գնահատեց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի աշխատանքը՝ նշելով, որ կազմակերպվում են գրքերի շնորհանդեսներ, հայ դասականների և ժամանակակիցների հոբելյանական երեկոներ, տարաբնույթ քննարկումներ, և լոռեցի գրողներն ավանդաբար իրենց տեղն ունեն նաև մշակութային այլ միջոցառումներում:
ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը նշեց, որ հանդիպումը նոր ազդակ կհանդիսանա գրող – ընթերցող կապի ամրապնդման համար, իսկ մայրաքաղաք – մարզեր տարբերությունը ստեղծագործական, հրատարակչական առումով վաղուց է վերացել, որովհետև լոռեցի գրողները մշտապես տպագրվում են հանրապետական գրական մամուլում, անթոլոգիաներում, գրքերը հրատարակում նաև պետական աջակցությամբ, արժանանում պետական պարգևների, կոչումների, գրական մրցանակների: Իսկ բաժանմունքի գործունեությունը լուսաբանվում է տեղական և հանրապետական մամուլում: Նա տեղեկացրեց նաև, որ ՀԳՄ շարքերը համալրել են մի շարք երիտասարդ գրողներ, ովքեր ստեղծագործում են ավագների կողքին, և այդ գործընթացը հետագայում ևս շարունակվելու է: ՀԳՄ Տավուշի բաժանմունքի նախագահ, արձակագիր, բանաստեղծ Սամվել Բեգլարյանը խոսեց բաժանմունքի խնդիրների մասին, ներկայացրեց գրողներին, ապա կարդաց իր գործերից: Տավուշցի գրողների ստեղծագործական առանձնահատկությունների մասին խոսեց գրականագետ Ալիսա Հասանյանը: Իր գործերից կարդաց բանաստեղծ, գեղանկարիչ Զավեն Պետրոսյանը, ում գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը բացվել էր գրողների տան առաջին հարկի ճեմասրահում: Իրենց ստեղծագործություններից ներկայացրին լոռեցի բանաստեղծներ Ռազմիկ Պողոսյանը, Լենա Անթառանյանը, Նաիրա Ջուլհակյանը, Մարինե Թաթոյանը, արձակագիր, բանաստեղծուհի Նարինե Կռոյանը: Անգլերենից թարգմանությամբ Էդգար Պոյի «Ագռավը» ասմունքեց բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը: Նա խոսեց նաև թարգմանական արվեստի արդի պրոբլեմների մասին, նաև կարդաց լուսահոգի բանաստեղծ Սամվել Զուլոյանի գործերից: Հրաչյա Սարուխանի գործերից կարդաց Լ. Անթառանյանը:
Թարգմանչուհի, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Նինա Ջաղինյանը կարդաց մի հատված Վիլյամ Սարոյանի պատմվածքներից՝ իր թարգմանությամբ: Գրականագետ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Լիլիթ Անտոնյանը վերլուծական համառոտ խոսք ասաց լոռեցի գրողների ստեղծագործական առանձնահատկությունների մասին: Լոռեցի գրողների մասին ջերմ խոսքեր ասաց բանաստեղծ Արևշատ Ավագյանը՝ նշելով, որ նրանք միշտ էլ համախմբված են, մեծ ներուժ են պարունակում՝ պահվածքով մնալով համեստ, գործով ապացուցելով իրենց տեղն ու դերը հայ գրականության մեջ:
Լոռու գրողների մասնակցությունը երևանյան միջոցառմանը իրականացվել էր Վանաձոր համայնքի ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանի աջակցությամբ:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։