Գ. Թ. – Մամուլից տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը և ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը մի խումբ արվեստագետների, անվանի մտավորականների, ստեղծագործական միությունների ղեկավարների` այդ թվում Ձեզ, հրավիրել էին հանդիպման Աշտարակում` Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում` ծանոթանալու թանգարանի աշխատանքներին և սեղանի շուրջ «առանց փողկապի» զրուցելու մտավորականությանը հուզող խնդիրներից: Պարոն Միլիտոնյան, Դուք ի՞նչ հարցերի անդրադարձաք:
Էդվարդ Միլիոտանյան – Նախ ասեմ, որ այս հանդիպումով փորձ արվեց նման ձևաչափով ավանդույթ հիմնել, որպեսզի հանդիպումներ անցկացվեն հանրապետության մշակութային կենտրոններում` թանգարաններում, թատրոններում, պատկերասրահներում: Կարծում եմ` դրանք լավագույն օջախներն են, որտեղ մտավորականները կարող են հանդիպել և զրուցել, նաև պաշտոնատար անձանց հետ տարբեր ծրագրեր քննարկել: Հանդիպման ընթացքում առիթ եղավ վարչապետին և նախարարին ներկայացնել գրական կյանքի հետ կապված մի քանի առաջարկություններ, այդ թվում` 2016 կամ 2017 թվականը հայտարարել գրականության տարի, որի ընթացքում լայն կտրվածքով կարծարծվեն և՛ գրահրատարակչական, և՛ ընթերցանության, և՛ գրադարանների աշխատանքի, և՛ դպրոցական դասագրքերի, ինչպես և՛ գրականությանն առնչվող տարբեր հիմնահարցեր: Ծրագիրն ընդգրկուն է, ինչի մասին տեղեկացված է ՀՀ մշակույթի նախարարը: Հանրապետության վարչապետը ևս գոհունակությամբ ընդունեց գաղափարը: Հիմա պետք է ներկայացնենք միջոցառումների ծրագիր, որը կքննարկվի վարչապետի հետ, և, կարծում եմ, մեծ ազդակ կլինի գրականության հարցերի, գրողների հանդեպ ուշադրության սևեռման համար, նաև զանգվածային լրատվության հայացքը լայնորեն կշրջի դեպի գրողը, գրականությունը: Շեշտեցի նաև, որ, ցավոք սրտի, վերջին տասը տարում գրահրատարակչական ծրագրերը ֆինանսապես չեն ընդլայնվել, ինչը խնդիր է առաջացնում, որովհետև թարգմանական գրականությունը, ալբոմային և այլ հրատարակություններ շատ փոքր հնարավորություն են թողնում ժամանակակից գրականության տպագրության համար: Հարկ համարեցի ընդգծել ոչ պետական մամուլի օժանդակության հարցը, որը նույնպես տասը տարի նույնն է մնացել: Ոչ պետական մամուլի մեջ հիմնականում ֆինանսավորվում են մշակութային և գրական պարբերականներն ու թերթերը: Այնպես որ, սա մեզ` գրողներիս համար շատ կարևոր խնդիր է: Խոսեցինք նաև հեռուստատեսությամբ, ռադիոյով և զանգվածային լրատվամիջոցներով մշակույթի` մասնավորապես գրականության խնդիրներ արծարծելու, գրողներին ներկայացնելու հարցերի շուրջ:
Սեփ. թղթ.