Մարտի 27-ին Մանկական գրքի շաբաթի կապակցությամբ ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ մանկագիր, դրամատուրգ, ռեժիսոր Ռուբեն Մարուխյանի հանդիպումը Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ:
Ղուկաս Սիրունյանը ներկայացրեց անվանի գրող, մտավորական, ռեժիսոր, բազմաթիվ գրքերի հեղինակ Ռ. Մարուխյանին. «Ռ. Մարուխյանը գրում է թե՛ մեծերի, թե՛ մանուկների համար: Նրա կյանքում առաջնային է նաև թատրոնը, 47 տարի դասավանդում է Թատերական ինստիտուտում: 2013 թ. Ռ. Մարուխյանի գիրքը արժանացավ ՀԳՄ-ի Վախթանգ Անանյանի անվան գրական մրցանակի»:
«Երբ Չինաստանում անձրև է գալիս՝ Գյումրիում հայի տունը կաթում է»,- Ավ. Իսահակյանի այս խոսքերով սկսեց բանախոսությունը Ռուբեն Մարուխյանը` նշելով, որ աշխարհում կատարվող ցանկացած իրադարձության հայը մասնակից է լինում: Նրա հավաստմամբ` ունենալով դարավոր գրականություն, ինքնուրույն լեզու, հոգեկան ինքնուրույն կեցվածք` այս բարդ ժամանակներում, այս խառնիճաղանջ աշխարհում հայ ժողովուրդը իր մտածողությունը, ինքնությունը, իր լեզուն և գրականությունը անաղարտ պահելու խնդիր ունի: Նա վստահեցրեց, որ բարդ ժամանակներում ժողովրդի կողքին միշտ կանգնած է եղել հայ գրողը` դառնալով նրա խիղճը, ձայնը, մտածողությունը, սկսած հնագույն ժամանակներից: Եվ կրկին մեջբերեց Իսահակյանի խոսքը. «Երանի այն գրողին, որ իր ժողովրդին կարող է իր մտքերով, իր հոգեկան աշխարհով ապրեցնել թեկուզ մեկ վայրկյան»:
Ռ. Մարուխյանը կարևորեց ուսուցիչների դերը պատանիներին առանց ճառեր ասելու, այլ գրականությամբ հայրենասիրական ոգով դաստիարակելու համար: Արժևորելով կանանց դերը հասարակության ձևավորման գործում` երեխաների համար հեքիաթ պատմելու, գիրք կարդալու կոչ արեց:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ
Վաստակաւոր գրողը անդրադարձեր է մեր ամենէն հրատապ հարցերուն։ Երանի լսող ըլլայ։
Վրէժ-Արմէն