ԱՆՑԱԾ ՕՐԵՐԻ… …Կոգնիտիվ դիսոնանսը /Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնների՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված Դոնթի բանաձևի (սկզբունքի) հիման վրա բաշխումից հետո՝

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը անցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը անցավ «Հայաստան» խմբակցությանը:

ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը մնաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:

 

…Կիսված գնահատականը

«Կիսում եմ այն գնահատականը, որ փաստացի 1994-2022 թվականներին Հայաստանը՝ որպես պետություն, տառապել է երկվության բարդույթով, ներքին կյանքում եղել է պահանջատեր, իսկ արտաքին աշխարհում հանդես է եկել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»,- ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

 

…Ցուցանիշային թռիչքը

«2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ օդային տարածքով թռիչք է ունեցել 20312 օդանավ, 2025 թվականի առաջին կիսամյակում` 48051, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 70936 օդանավ: Ընդամենը երեք տարվա ընթացքում՝ միայն առաջին կիսամյակներում թռիչքների հաճախականությունն ավելացել է 3.5 անգամ: ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է»,- տեղեկացրել է ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը:

 

…Մշակութային լուրը

Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները կավարտվեն 2008 թվականին։ Թանգարանի հուշարձանային մասնաշենքում (այնտեղ է Թումանյանների բնակարանը) կատարվում են հիմնականում ներքին հարդարման աշխատանքներ: Երկրորդ մասնաշենքը վերակառուցվում է, ստեղծվելու են վարչական և ցուցադրական տարածքներ, ձմեռային այգի, ընթերցասրահ և գրադարան։

 

…Ծրագիրը

Հայաստանի Ազգային ժողովն օգոստոսի 25-ին ընդունեց կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։ Ծրագիրն ընդունվել է 63 կողմ և 24 դեմ ձայներով։ Ծրագրին կողմ է քվեարկել միայն ՔՊ խմբակցությունը։

 

…Հայտարարությունը…

«ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը»,- ԱԺ-ում  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

…Եվ զգուշացումը

Քանի որ Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո է, վտանգված է  Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական հնարավորությունը: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը: ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել ու կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի ու Ռուսաստանի համար ընդունելի 3-րդ երկրի»,- հավելեց Ն. Փաշինյանը։

 

…«Տաք» հյուրընկալությունն ու «պաղ» արձագանքը

«Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են մեզ մոտ գալ առանց արտասահմանյան անձնագրի: Ռուսաստանի ցանկացած քաղաքացու ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի՛ գալուստ Հայաստան»: Սահմանին ոչ ոք նրանց չի հարցնելու, թե ինչ նպատակով են գալիս: Եթե մարդիկ ցանկանում են գալ, ապրել այստեղ, իսկ հետո, երբ իրենց հարմար լինի, վերադառնալ Ռուսաստան, Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի: Իսկ եթե պետք լինի, մենք կօգնենք»,- լրագրող Կոտրիկաձեի հարցին՝ երկրից հեռացող ռուսաստանցիների նոր հնարավոր ալիքի վերաբերյալ,  այսպես է պատասխանել Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

Ինչին ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես եկավ հատուկ մեկնաբանությամբ՝ խիստ քննադատելով Ա. Սիմոնյանի հայտարարությունը և այն անվանելով «սադրիչ»։

 

…«Քիմիան»ա

ՌԴ նախագահ Վ. Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարեդարձի առթիվ. «Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու առույգություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»:


…«Թույլտվությունը»

«Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով՝ այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման այսքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու այս կազմակերպությունից», – հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Zvezdanews-ի հարցին ի պատասխան։

 

…Հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Երկու երկրների ղեկավարները համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։