«Հեքիաթ Գեղեցկուհի Շուշանի և Կանաչ Օձի մասին»/Վոլֆգանգ Գյոթե

…Ճրագով ծերունին ուշադրությամբ լսում էր թափառող կրակների խոսակցությունը  և ուրախանում, որ նրանց շատախոսությունները ցրում էին Շուշանի տխուր մտքերը և զվարճացնում նրան։ Եվ իրոք, ոչ ոք նույնիսկ չնկատեց, որ արդեն կեսգիշեր է:

Ծերունին նայեց աստղերին և այսպես խոսեց.

– Մենք բոլորս այս բարի ժամին  հավաքվել  ենք այստեղ,  որ ամեն մեկն իր գործը անի, որ ամեն մեկն իր պարտքը կատարի, և առանձին կենդանի էակների վշտերը կլուծվեն ընդհանուր երջանկության մեջ այնպես, ինչպես որ առանձին կենդանի էակների ուրախություններն են մարում ընդհանուր դժբախտության ժամին:

Նրա խոսքերից հետո զարմանալի աղմուկ բարձրացավ. բոլորը միանգամից խոսեցին, և բոլորը բարձրաձայն հայտարարեցին, թե ինչ են անելու։ Միայն երեք աղջիկներն էին լուռ: Նրանք քնեցին. մեկը՝ տավիղի, մյուսը՝ հովանոցի, երրորդը՝ ծալովի աթոռի մոտ, բայց նրանց չի կարելի մեղադրել դրա համար, ժամը ժամից անցել էր, իսկ կրակվող ասպետները աղախինների հետ հընթացս հաճոյախոսելուց հետո սկսեցին պտտվել միայն Շուշանի շուրջ, որն իր գեղեցկությամբ մթագնում էր բոլորին:

– Վերցրո՛ւ հայելին,- ասաց ծերունին բազեին,- և հենց արևը ծագի, արթնացրու քնած աղջիկներին՝ լուսավորելով նրանց երկնքից արտացոլվող ճառագայթների շողերով:

Այժմ օձն էլ սկսեց շարժվել, բացեց շրջանը և կամաց գալարվելով՝ սողաց դեպի գետը։ Հանդիսավոր, իսկական պայծառ կրակի պես բոցավառված՝ երկու թափառող կրակները քայլեցին նրա ետևից:  Ծերունին և պառավը վերցրին զամբյուղը, որը փայլում էր մեղմ, մինչ այժմ գրեթե աննկատ լույսով, և ամեն մեկը սկսեց այն դեպի իրեն  քաշել, և բոլորի աչքի առաջ զամբյուղը մեծացավ և ավելի պայծառ լուսավորվեց: Նրանք դրեցին երիտասարդի դին այնտեղ, իսկ նրա կրծքին` սատկած դեղձանիկին: Զամբյուղը բարձրացավ օդ ու կախվեց՝ լողալով պառավի գլխավերևում, իսկ պառավը հետևեց թափառող կրակներին։ Գեղեցկուհի Շուշանը  գրկեց մոպսին ու հետևեց պառավին։ Ճրագով ծերունին եզրափակում էր երթը, շուրջբոլորը լուսավորում էին այդ այնքան տարբեր լամպերը  իրենց զարմանահրաշ լույսով:

Բայց ինչպիսի՞ն էր ընդհանուր զարմանքը, երբ հասնելով գետի մոտ` նրանք տեսան, որ մի ափից մյուսը հոյակապ կամար է ձգվում, և լույսերով շողացող  այդ արահետը բարեգործ օձն էր պատրաստել նրանց համար: Եթե ցերեկը նրանք հիանում էին թափանցիկ գունագեղ քարերով, որոնցից էր կարծես կամուրջը  կառուցված, ապա այժմ գիշերվա մթության մեջ նրանք հիանում էին նրա փայլով ու շքեղությամբ։ Վերևից լուսային կամարը կտրուկ աչքի էր ընկնում մութ երկնքում, իսկ ներքևից դեպի կենտրոն փայլելով` տարածվում էին  շողշողացող ճառագայթներ, որից պարզ էր դառնում, որ չնայած իր ամբողջ շարժունությանը՝ կամուրջը կայուն է։ Երթը դանդաղ անցավ գետի մյուս կողմը, իսկ փոխադրողը, կանգնած իր խրճիթի շեմին, հեռվից զարմանքով նայում էր շողացող կամարին և նրա երկայնքով շարժվող զարմանալի լույսերին։

Հենց ճամփորդները ափ դուրս եկան, կամարը սկսեց օրորվել՝ ալիքաձև շարժումներով մոտենալով ջրին, իսկ քիչ անց օձն արդեն լողաց դեպի ափ։  Զամբյուղը  իջավ գետնին, և օձը նորից օղակ կազմեց երիտասարդի մարմնի շուրջը:

Ծերունին թեքվեց դեպի նա և հարցրեց.

– Ի՞նչ որոշեցիր:

– Ինքս ինձ զոհաբերել, նախքան ես կզոհաբերվեմ ուրիշների կողմից,- պատասխանեց օձը:- Խոստացի՛ր, որ իմ քարերից ոչ մի հատիկ ցամաքում չես թողնի։

Ծերունին խոստացավ:  Հետո նա դիմեց գեղեցկուհի Շուշանին:

– Ձախ ձեռքով հպվի՛ր օձին, իսկ աջով՝ քո սիրած պատանուն:

Շուշանը ծնկի իջավ ու դիպավ օձին և մեռած մարմնին։ Եվ նույն վայրկյանին անշունչ մարմինը սկսեց կենդանանալ, մահացածը շարժվեց, բարձրացավ ու նստեց։  Շուշանն ուզում էր գրկել տղային, բայց ծերունին հեռացրեց նրան, և ինքը օգնեց ոտքի կանգնած պատանուն, որ  նա  անցնի զամբյուղի եզրն ու օձի կազմած օղակը։

Պատանին կանգնեց:  Դեղձանիկը նրա ուսին   թափահարում էր թևերը.  մատերիան շունչ առավ, բայց ոգին դեռ չէր վերադարձել: Երիտասարդի աչքերը բաց էին, բայց թվում էր՝  նա ոչինչ չէր տեսնում, նրա հայացքը անհաղորդ էր: Հենց որ զմայլանքը մի փոքր մարեց, բոլորին գրավեց օձի արտաքինի տարօրինակ փոփոխությունը։ Նրա գեղեցիկ մարմինը վերածվեց հազարավոր շողշողացող քարերի, պառավը, ձեռքը ձգելով դեպի զամբյուղը, պատահաբար դիպավ օձին, և նրանից ոչինչ չմնաց, միայն գունագեղ քարերի մի չքնաղ շրջան էր փայլում խոտերի վրա:

Ծերունին անմիջապես սկսեց քարերը հավաքել զամբյուղի մեջ, իսկ կինն օգնում էր նրան: Այնուհետև նրանք բարձրացան գետի մոտ գտնվող մի բարձրադիր վայր, և նա թափեց զամբյուղի մեջ եղածը ջրի մեջ՝ ի  դժգոհություն գեղեցկուհի Շուշանի և իր կնոջ, որոնք հաճույքով ինչ-որ բան կընտրեին իրենց համար այդ հարստությունից։ Փայլուն քարերը, հանց պսպղուն աստղեր, լողում էին ալիքների վրա, և դժվար էր ասել՝ նրանք անհետացա՞ն հեռվում, թե՞ իջան ջրի հատակը։

– Ողորմա՜ծ տերեր,- հարգանքով դիմեց ծերունին թափառող կրակներին,- հիմա ես ձեզ դուրս ճանապարհ, այնուհետև կբացեմ անցուղին ձեզ համար, բայց դուք էլ մեզ վիթխարի ծառայություն կմատուցեք, եթե բացեք այն դարպասները, որոնց միջով մենք այժմ պետք է մտնենք սրբավայր, որովհետև բացի ձեզնից, ոչ ոք չի կարող բացել դրանք:

Թափառող կրակները հարգալից խոնարհվեցին և թողեցին, որ ճրագով ծերունին առաջ անցնի։ Նա առաջինը մտավ իր առաջ բացված ժայռի մեջ,  պատանին հետևեց նրան՝ դեռևս  նիրհի մեջ ոտքերը  շարժելով, Շուշանը՝ լուռ և անվճռական, իրեն որոշ հեռավորության վրա էր  պահում, պառավը չուզեց ետ մնալ և ձեռքը մեկնեց այնպես, որ ամուսնու ճրագի լույսն ընկավ նրա վրա: Այժմ երթը եզրափակում էին թափառող կրակները, նրանք վառ կրակվող լեզուներով  թեքվել էին իրար վրա և կարծես ինչ-որ բան էին շշնջում։

Անցավ մի որոշ ժամանակ և ծերունին կանգնեց ոսկե կողպեքով փակված հսկայական պղնձե դարպասների առաջ։ Նա կանչեց թափառող կրակներին, և նրանց երկար խնդրելու կարիք չեղավ. նրանք իսկույն իրենց սուր հրեղեն լեզուներով սկսեցին խժռել կողպեքն ու պտուտակները։

Դղրդալի  զնգոցով բացվեցին սրբավայրի դարպասները, և նրանց աչքի առաջ հայտնվեցին արքաների հպարտ արձանները՝ լուսավորված ժամանածների  բերած լույսով։ Բոլորը հարգանքով խոնարհվեցին արժանավոր տիրակալների առջև (հատկապես նրբաճաշակ էին խոնարհվում թափառող կրակները)։

Որոշակի  լռությունից հետո ոսկե արքան հարցրեց.

– Որտեղի՞ց եք եկել:

– Աշխարհից,- պատասխանեց ծեր ճգնավորը։

– Ո՞ւր եք գնում,- հարցրեց արծաթե արքան:

– Աշխարհ,- ասաց ծերը:

– Ինչո՞ւ եք այստեղ,- հարցրեց պղնձե արքան:

– Ձեզ ուղեկցելու համար,- պատասխանեց  ծերը:

Համաձուլվածքե արքան պատրաստվում էր խոսել, բայց  ոսկե արքան ասաց՝  դիմելով իրեն շատ մոտեցած թափառող կրակներին:

– Հեռացե՛ք: Իմ ոսկին ձեզ համար չէ։

Եվ նրանք մոտեցան արծաթե արքային և սկսեցին կառչել նրանից: Նրանց բոցից արքայի հագուստը գեղեցիկ լուսավորվեց դեղնավուն փայլով։

– Ուրախ եմ ձեզ տեսնելու համար,- ասաց նա,- բայց ես չեմ կարող ձեզ կերակրել. ուրի՛շ տեղ հագեցրեք ձեր քաղցը, իսկ ինձ բերե՛ք ձեր լույսը:

Նրանք հեռացան և պղնձե արքայի կողքով աննկատ անցան, որը կարծես թե չէր նկատում նրանց, և մոտեցան համաձուլվածքից պատրաստված արքային:

– Ո՞վ է կառավարելու աշխարհը,- բղավեց նա ընդհատվող ձայնով:

– Նա, ով կանգնած է իր ոտքերի վրա,- պատասխանեց ծերը:

– Դա ես եմ,- ասաց համաձուլվածքե արքան:

– Շուտով դա կբացահայտվի,- պատասխանեց  ծերը,- որովհետև նշանակված ժամը մոտ է:

Գեղեցկուհի Շուշանը գրկեց ծերունուն ու ամբողջ սրտով համբուրեց նրան։

– Իմաստո՛ւն  ծերունի,- ասաց նա,- իմ երախտագիտությունն անսահման է, որովհետև երրորդ  անգամ եմ լսում այս ճակատագրական խոսքերը:

Այս ասելուց հետո նա հանկարծ ավելի ամուր սեղմվեց ծերունուն, գետինը ցնցվեց նրանց ոտքերի տակ, պառավն ու պատանին նույնպես բռնվեցին միմյանցից, միայն անհանգիստ կրակները ոչինչ չնկատեցին։

Տաճարը շարժվում էր.  դա հստակ զգացվում էր.  շարժվում էր՝ թեթևակի օրորվելով, ինչպես նավն է դանդաղորեն դուրս  գալիս նավահանգստից, երբ խարիսխը բարձրացված  է: Թվում էր՝  երկրի ընդերքը ճեղք է տալիս նրա ճանապարհին. նա ոչ մի բանի չի բախվում, ոչ մի ժայռ չի փակում նրա ճանապարհը։

Ինչ-որ մի պահ թվում էր՝ անձրևը բարակ առվակներով հոսում է գմբեթի բացվածքով դեպի տաճար։ Ծերունին ավելի ամուր գրկեց գեղեցկուհի Շուշանին և ասաց.

– Մեր գլխավերևում գետն է, շուտով  կհասնենք նպատակակետին։

Որոշ ժամանակ անց նրանց թվաց, թե այլևս շարժում չկար, բայց նրանք սխալվեցին. տաճարը էլ ավելի վեր բարձրացավ։ Հանկարծ նրանց գլխավերևում լսվեց անհավատալի թնդյուն։ Նրանցից վերև, անկարգ խռնվելով, տախտակներն ու գերանները ճեղքեցին գմբեթի բացվածքը։ Շուշանն ու պառավը ետ ցատկեցին մի կողմ, ճրագով ծերունին ճանկեց պատանուն, և նրանք մնացին տեղում։ Փոխադրողի խրճիթը  վեր բարձրանալով՝ պոկեց գետնից և իր մեջ առավ տաճարը, հետո դանդաղ իջնելով՝ ծածկեց երիտասարդին ու ծերունուն։

Կանայք սկսեցին բղավել, իսկ տաճարը ցնցվեց, ինչպես նավը, որն անսպասելիորեն ցամաք է ընկնում: Նրանք վախեցած շրջում էին խրճիթի շուրջ: Դուռը կողպված էր, նրանց թակոցին ոչ ոք չարձագանքեց: Նրանք սկսեցին ավելի համառորեն թակել, և որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ վերջում փայտը զրնգաց։  Խրճիթը ներսից ու դրսից արծաթով էր պատվել  նրա ներսում գտնվող ճրագի ուժով։

Շուտով նրա ամբողջ տեսքն էլ փոխվեց, ազնիվ մետաղը հրաժարվեց իրար վատ ամրացրած տախտակներից, գերաններից, հենակներից և ընդլայնվելով՝ վերածվեց նրբակերտ շինության: Այժմ մեծ տաճարի ներսում  կանգնած էր նրան արժանի նույնքան հոյակապ փոքրիկ խորանը։

Ազնիվ պատանին բարձրացավ ներքին աստիճաններով։ Ծերունին ճրագով լուսավորում էր նրա ճանապարհը, նրանց ուղեկցում էր  սպիտակ կարճ հագուստով ծերունի՝ արծաթե թիակը ձեռքին: Բոլորը ի դեմս նրա անմիջապես ճանաչեցին փոխադրողին, որը վերափոխված խրճիթի նախկին բնակիչն էր։

Գեղեցկուհի Շուշանը բարձրացավ արտաքին աստիճաններով, որոնք տաճարից տանում էին դեպի խորան, բայց նա հիմա էլ էր ստիպված հեռու մնալ իր սիրելիից։ Պառավը, որի ձեռքը  ճրագի ծածկված ժամանակ էլ ավելի էր փոքրացել, բացականչեց.

– Մի՞թե իսկապես ինձ վիճակված է ողջ կյանքում մնալ դժբախտ։ Արդյոք այսքան հրաշքների մեջ չկա՞ մեկը, որ կփրկի իմ ձեռքը:

Ամուսինը նրան ցույց տվեց  տաճարի բացված դարպասները.

– Տե՛ս, արդեն լուսանում է, շտապի՛ր  լողանալ գետում, – ասաց նա։

– Ա՜յ քեզ խորհուրդ,- բղավեց կինը,- այդպես ես ամբողջովին կսևանամ և կվերանամ. ախր ես դեռ չեմ տվել պարտքը:

– Գնա՛,- ասաց ծերունին,- և լսի՛ր ինձ, բոլոր պարտքերն արդեն վճարված են:

Պառավն արագ վազեց, և նույն ակնթարթին ծագող արևը լուսավորեց տաճարը պսակող գմբեթը։  Ծերը կանգնեց պատանու և աղջկա միջև և բացականչեց.

– Աշխարհը երեք սկզբունք են կառավարում՝  իմաստնությունը, լույսը և ուժը։

Առաջին խոսքից  ոտքի կանգնեցին ոսկե, երկրորդից՝ արծաթե, երրորդից՝ պղնձե արքաները, այդ նույն պահին համաձուլվածքե  արքան անշնորհք ընկավ նստատեղի վրա։

Չնայած պահի հանդիսավորությանը՝ նրան տեսնողը հազիվ էր զսպում իրեն, որ չծիծաղի. արքան ո՛չ նստած էր, ո՛չ պառկած, ո՛չ հենված որևէ բանի. նա ամբողջովին տռզել էր  ինչ-որ անձև զանգվածով:

…Ճրագով ծերունին ցած՝ դեպի պղնձե արքան, առաջնորդեց գեղեցիկ պատանուն, որը դեռ անհաղորդ հայացքով նայում էր հեռուն։ Հզոր տիրակալի ոտքերի մոտ պղնձե պատյանով սուր էր դրված։ Պատանին սուրը կապեց գոտուն։

– Սուրը ձախ ձեռքում է, աջը ազատ է,- բարձրաձայն հայտարարեց հզոր արքան:

Հետո նրանք մոտեցան արծաթե արքային, որն իր գայիսոնը հանձնեց պատանուն։ Տղան ձախ ձեռքով վերցրեց այն, և արքան քնքշորեն ասաց.

– Արածեցրո՛ւ քո հոտը:

Հետո նրանք մոտեցան ոսկե արքային: Նա, ասես հայրաբար օրհնելով, կաղնու տերևներից ծաղկեպսակ դրեց պատանու գլխին և ասաց.

– Ճանաչի՛ր բարձրագույնը:

Մինչ նրանք շրջում էին արքաների շուրջը, ծերունին ուշադիր հետևում էր պատանուն։ Երբ նա սուրը կապեց, կուրծքը լայնացավ, ձեռքերը սկսեցին ավելի վստահ շարժվել, ոտքերը՝ ավելի վստահ քայլել: Երբ նա ձեռքը վերցրեց արքայական գավազանը, նրա ուժը կարծես մեղմացավ, բայց միևնույն ժամանակ ավելացավ, դեմքը դարձավ աննկարագրելի գեղեցիկ, իսկ երբ գանգուրները զարդարվեցին կաղնու տերևներից հյուսած պսակով, նրա դեմքը կենդանացավ, աչքերը լուսավորվեցին հոգևոր լույսով, և նրա շուրթերը արտաբերեցին սիրելիի անունը:

– Շուշա՜ն, սիրելի՜ս,- բացականչեց նա՝ շտապելով հանդիպել նրան արծաթե աստիճանների վրա: Աղջիկը  նրան էր  նայում խորանից, մինչ նա իր  շրջանցումն էր կատարում:

– Շուշա՜ն, իմ սե՜ր: Ի՞նչը կարող է լինել ամենաթանկ նվերը  մարդու համար, որին տրվել է ամեն ինչ, եթե ոչ այն մաքուր ու քնքուշ սերը, որը քո սիրտն է խոստանում ինձ:

– Օ՜, իմ ընկե՜ր,- ասաց նա՝ շրջվելով դեպի ծերունին և նայելով երեք արքաների սրբազան արձաններին,- մեր հայրերի թագավորությունը հրաշալի է և հաստատուն, բայց դու մոռացել ես չորրորդ ուժը՝ հավիտենականը, համընդհանուրը, ամբողջ աշխարհին տիրողը՝ սիրո ուժը:

Այս խոսքերով նա գրկեց գեղեցկուհուն, աղջիկը ետ շպրտեց իր քողը, և նրա այտերը փայլեցին թովիչ, չտեսնված շառագույնով։

Սրան ի պատասխան՝ ծերունին ժպտաց և ասաց.

– Սերը չի տիրում, նա կյանքի է կոչում արարելով, իսկ դա ավելի կարևոր է։

Տարված պահի հանդիսավորությամբ, երջանկությամբ, բերկրանքով՝ նրանք չնկատեցին, թե ինչպես օրը բացվեց, և այժմ բաց դարպասներից նրանց աչքին երևաց  միանգամայն անսպասելի պատկեր։

 

Թարգմանությունը՝ Սուրեն ԴԱՎԹՅԱՆԻ