Չարենցի մահվան օրն է նոյեմբերի 27-ը և իբրև հիշատակի հարգանք՝ նրա հուշարձանին են այցելում գրողները, բանաստեղծի տուն-թանգարանի աշխատակիցները և նրա անվան դպրոցի ուսուցիչներն ու սաները:
«Ինչպես Չարենցն է գրել, «Իմ մահվան օրը կիջնի լռություն,//Ծանր կնստի քաղաքի վրա», սակայն այսօր և միշտ այդ լռությունը կխախտվի ու կլցվի մեծ բանաստեղծի ստեղծագործությունների ղողանջով: Անցյալ 2022 թվականը չարենցյան էր, մենք կազմակերպեցինք մեծ գրողին նվիրված Պոեզիայի միջազգային օր, ընթերցվեցին նրա բանաստեղծությունները, հիմնականում` «Ես իմ անուշ Հայաստանի»-ն տարբեր լեզուներով: Հրատարակեցինք Չարենցին նվիրված «Ես եմ հիմա» ժողովածուն, ես տպագրեցի Չարենցին նվիրված իմ բանաստեղծությունների գիրքը: Այս տարի Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ հայտարարվեց գրողին նվիրված դպրոցական շարադրությունների մրցույթ, որն ամփոփվեց հոկտեմբերին, ՀԳՄ կլոր սրահում»,- նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Չարենցի արձանի մոտ էին տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը և բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը: Գոհար Չարենցն ասաց. «Չարենցը չի մահացել, թեև նրա մահվան 86-րդ տարելիցն է: Հայ ժողովրդի այդ հանճարեղ զավակը, ինչպես ինքն էր ասում՝ ոսկի երակը հնամյա ցեղի, մահացավ իր արարչական գործի ճանապարհին, չհասցրեց իրականացնել իր բոլոր մտածումները, երազանքները, բայց ինչ որ թողեց, կկրթի սերունդներին»:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ Չարենցը մահվան օր չունի, նա անընդհատ ծննդյան օր ունի, որովհետև ամենավերջին պահին էլ գրում ու ստեղծում էր. «Չարենցը 20-րդ դարի համաշխարհային գրականության ամենամեծ դեմքերից մեկն է, նրա տեղը ամենամեծերի կողքին է և՛ որպես բանաստեղծ, և՛ որպես արձակագիր, և՛ որպես բացառիկ հանճարեղ անհատականություն»: Նա խոսեց Չարենցի նոր տպագրված ու տպագրվելիք գրքերի մասին:
Գրականագետ Սամվել Մուրադյանը պատմեց իր խմբագրությամբ լույս տեսած «Եղիշե Չարենցը և իր ժամանակը» գրքի մասին, որը պարունակում է բանաստեղծի մասին բոլոր տեղեկությունները գրեթե օրագրային ճշգրտությամբ, նրա կյանքի դեպքերն ու իրադարձությունները: Եղիշե Չարենցի անվան դպրոցի սաներն արտասանեցին Չարենցի բանաստեղծություններից, որոնք հաստատում էին դարերից եկած ու դեպի դարեր գնացող նրա անմահությունը:
