Լիլիթ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ / Երիտասարդ գրողների ծաղկաձորյան համաժողով Գրական արձագանքներ. (19.11.2020-19.11.2021)

Լիլիթ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԼիլիթ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

հետպատերազմյա նոթեր
*
գուցե այս բոլոր պատերազմներն
այն պատճառով էին,
որ ինչ-որ մեկն
ինչ-որ մի տեղ
լքեց Սերը…
*
կարո՞ղ ես ինձ այնպես գրկել,
որ պատերազմը վերջանա…

*
ժամանակը կորցնում է մարդու զգացողությունը

*
խաղաղության կոչ անում են երկրներն,
ում բանակներում
զինվորները քանակով չեն զիջում
իմ երկրի բնակչությանը…

*
պատերազմը պարտվում է խաղաղությանը,
որի մեջ հաղթանակ չկա…

*
պատերազմի ժամանակ
սպասումը սարսափում է լռությունից,
լուրը սարսափում է չլինելուց և լինելուց՝
հավասարապես

մատները սեղմում են հողը,
որ ոտքերի տակ չէ

այնտեղ, ուր մարդը տրորում է մարդուն,
սերմնահատիկն այլևս չի մեռնում հողի մեջ

ու մարմինն ինքն է լքում հոգին
Հայաստան

քո մարմինն ականապատ է
ու հոգին
սխալ շարժումներ անելու իրավունք չունի

*
ընկերոջ հիշատակին
հիմա քաղաքն անհամեմատ մեծ է,
ու ինչ-որ սպասում կորցնում է իր
նշանակությունն այնտեղ,
ուր տեղավորվել է ժամանակն անցյալ դեմքով
որ այնքան ներկա է

Ընկերս,
հիմա դու ձեռքն ես,
որ մեր հայացքը հողից դանդաղ բարձրացնում է վեր՝
դեպի երկինքը
խաղա՜ղ

այսուհետ
որքան էլ զենքեր ուղղվեն դեպի քեզ
անօգուտ է,

երկինքը չի խոցվում

իսկ մեզ
մնում է այստեղն ու հիման.

հաշվել բոլոր ընկնող աստղերն
ու
երազանքներ պահել ապրելու մասին

մինչև կհասնենք քեզ

մեր մարմնի մեջ ու բոլորի երկնքում

«խաղաղություն ամենեցուն…»

Գրեք մեկնաբանություն