Ֆան­տաս­տիկ պատ­մու­թ­յուն­ներ – 14 / Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Այն մասին, թե ինչպես Հայաստանում սկսեցին ծնվել
գերբնական հատկություններով օժտված հրաշամանուկներ
կամ
գենետիկ պայթյուն

(Էսսե)

N թվականին, երբ Հայաստանը համայն հայության գերագույն ճիգերով հաղթահարել էր իր գոյությանը սպառնացող հերթական ռազմական ինտերվենցիան և մեջքն ուղղելով աննկատ բռնել էր աշխարհի ամենակրթված, ամենազարգացած, ամենա­հզոր, ամենաարդար երկիրը դառնալու ուղին, Մարդկության Զարգացման Ապահովման Կազմակերպության (ՄԶԱԿ) պաշտոնյան, որի խնդիրը մտավոր բարձր կարողություն ունեցող երեխաներին հայտնաբերելն ու համապատասխան ոլորտներ ուղղորդելն էր, դպրոցական օլիմպիադաների մրցանակակիրների ցուցակներն ուսումնասիրելիս զարմանքով նկատելով, որ մրցնակակիրների մեջ տարեցտարի աճել է հայ երեխաների թիվը, իսկ վերջին տարում բոլոր մրցանակներն առանց բացառության բաժին են հասել նրանց, որոշեց այդ անհավանական երևույթի պատասխանն ստանալ Հայաստանի ներկայացուցչից և նրան իր մոտ հրավիրելով՝ հարցրեց.
– Ներեցեք, պարո՛ն,- ես նկատել եմ, որ արդեն բավական ժամանակ է՝ հայերն սկսել են աստիճանաբար գերիշխող դիրք գրավել դպրոցական օլիմպիադաներում և մեդալների արժանանալ՝ հետզհետե մեծացնելով նաև դրանց թիվն ու հարգը, իսկ այս տարի բոլոր մեդալները բաժին են հասել հայերին: Խոստովանեք, որ դա խիստ ան­բնական, ուղղակի ֆանտաստիկայի ժանրին պատկանող երևույթ է: Ենթադրություն կա, որ հայերն օգտագործում են մտքի աշխատանքը գերակտիվացնող ինչ-որ խթանիչ՝ դոպինգ, որը ժամանակակից հակադոպինգային մեթոդներով դեռ հնարավոր չէ բացահայտել: Բայց դուք շատ լավ գիտեք, որ այդպես անվերջ շարունակվել չի կարող: Գիտությունը զարգանում է, մեր հակադոպինգային մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ, չե՞ք վախենում, որ կգա ժամանակը, երբ կբացահայտվի նաև ձեր օգտագործած դոպինգի գաղտնիքը, և ձեր երկիրը ոչ միայն կզրկվի նվաճած բոլոր մեդալներից ու տիտղոսներից, այլև ուղղակի խայտառակ կլինի և անարգանքի սյունին կգամվի համայն մարդկության կողմից:
– Ո՛չ, չենք վախենում,- անվրդով պատասխանեց Հայաստանի ներկայացուցիչը:
– Ուրեմն խոստովանո՞ւմ եք, որ մինչ այս անհայտ խթանիչ եք օգտագործում,- ձայնագրիչը թաքուն միացնելով ու մտքում քմծիծաղելով խայծը կուլ տված հայի միա­մտության վրա՝ շարունակեց պաշտոնյան:
– Դե, եթե գենետիկ պայթյունը և այն առաջացնող ազդակը կարող են արգելված խթանիչ համարվել, դուք էլ համարեք, որ այդպես է,- փոքր-ինչ տխուր, բայց նույնքան անվրդով ասաց հայը:
– Ի՞նչ,- ակամա բացականչեց պաշտոնյան,- ի՞նչ գենետիկ պայթյուն, դա ի՞նչ է:
– Կարող եք համարել, որ դա հայ մարդու համար խաղացել է որակական նոր մակարդակի հասնելու նույն դերը, ինչ մեծ պայթյունը՝ տիեզերքի համար,- նույն հանդարտությամբ շարունակեց հայն ու հարկ համարեց ավելացնել,- անշուշտ գիտեք, որ տեսություններից մեկի համաձայն, տիեզերքի առաջացումն ու կյանքի ծագումը մեծ պայթյունի հետևանք է։ Այսինքն, եթե դատենք հակառակ տրամաբանությամբ, կարող ենք հետևեցնել, որ այդ պայթյունը տեղի է ունեցել կյանքին սկիզբ տալու համար, դա է եղել ազդակը: Նույն տրամաբանության տարբերակով՝ հայոց գենետիկ պայթյունն էլ մեր ժողովրդի գայության ու հարատևման գլխին կախված վտանգը հաղթահարելու և կյանքը շարունակելու ազդակի ծնունդ է: Այն ժամանակ, երբ հայության գլխին հերթական անգամ կախված էր բնաջնջման վտանգը, իսկ աշխարհը, ինչպես ձեր կենսափորձով գիտեք, հերթական անգամ կույր ու անհաղորդ էր այդ ամենին, և հայ ժողովուրդը տեսավ ու գիտակցեց, որ իր մեջ պիտի գտնի այդ արհավիրքին դիմակայելու կարողությունը, համախմբվեց, ի մի բերեց իր կենսունակության ողջ ներուժը, ամբողջությամբ վերածվեց գոյամարտի և մի հավաքական, ֆանտաստիկ ճիգով փոխեց, կատարելագործեց իր գենետիկ կոդն ու սկսեց լույս աշխարհ բերել գերբնական հատկություններով օժտված երեխաներ, որոնց միտքը կարող է կատարել հայտնագործություններ, ինչի մասին մարդկությունը պատկերացում իսկ չունի, իրագործել նպատակներ, որոնք անհնար են հզորագույն ժողովուրդների համար անգամ, ի հայտ բերել ու կյանքի կոչել մտավոր ու հոգևոր այնպիսի որակներ, որոնց շնորհիվ կարող է հասնել անհասանելի թվացող բարձունքների: Եվ այո՛, նրանց այլևայլ գերբնական հատկություններն այնքան զորեղ են, որ, օրինակ, մտքի ալիքներով կարող են տիեզերանավեր վար բերել, փոխել քամիների կամ հրթիռների ուղղությունը կամ բազմապատիկ ավելացնել հողի բերքատվությունը…
– Ես հուսով եմ, որ հայ ժողովուրդը հավատարիմ կգտնվի իրեն բնորոշ հումանիստական արժեքներին և այդպիսի մարդկանց կարողությունները կծառայեցնի հանուն մարդկության բարօրության,- հեգնեց պաշտոնյան:
– Իհարկե,- պատրաստակամորեն արձագանքեց հայը,- բայց նրանց ուժը նախ և առաջ հօգուտ մեզ օգտագործելով: Քանզի պարզ է արդեն, որ ինչ օգտակար է հայի համար, դա է մարդկության համար օգտակարը, և դա է մարդկության ճշմարիտ բարօրությունը: Գերբնական հատկություններով օժտված մեր երեխաները ռազմիկներ են լինելու՝ հայության և համամարդկային արդարության ռազմիկներ:
Մարդկությունը դեռ չի հասել գիտակցությամբ և ազատ կամքով արդարություն հաստատելու մակարդակին, մենք դա կհաստատենք ստիպողաբար: Եվ մեր ժողովուրդն արդեն իսկ ապրում է այդ առաքելությամբ:
– Եվ ի՞նչ, ձեր բոլոր երեխաները գերբնական արարածնե՞ր են,- ծաղրական հարցրեց պաշտոնյան:
– Երևի չնկատեցիք, որ գերբնական հատկություններով օժտված երեխաների մասին խոսելիս ես ակնարկեցի, որ նրանք սաղմնավորվել ու լույս աշխարհ են եկել ցավից ու ցասումից ծնված կենսական անհրաժեշտությունից, ինչը նրանց գենետիկ շղթայում զարգացման նոր՝ ուրույն օղակ է զարգացրել: Բացատրեմ ավելի մանրամասն: Սկզբում եղել է այսպես. ծայրահեղ վիճակից ելք որոնելիս գիտակցելով, որ մեր միակ հարստությունը մեր մտավոր կարողությունն է, մենք ստեղծեցինք այն զարգացնելու, կատարելագործելու և գործնականում օգտագործելու նախադրյալներ, ան­նկարագրելիորեն զարգացրինք կրթությունը, գիտությունը, ամեն ինչ: Ստեղծեցինք կատարյալ կառույցներ: Համախմբեցինք մեր ժողովրդի ողջ ներուժը և նպատակամղեցինք հայրենիքի փրկության գործին: Բազում այլ բաներ արվեցին: Եվ այդ ամենը հետզհետե ազդեց մեր գենետիկ կառուցվածքի վրա: Եվ երեխաներն սկսեցին լույս աշխարհ գալ ասես ի ծնե աստվածային շնորհով օժտված: Բայց նրանց մեջ կան առավել օժտվածները, որոնք իրոք գերբնական հատկություններ ունեն, և այդտեղ իրոք գերբնական նախադրյալ կա, որը նույնպես չեք նկատում:
– Խոսքը ինչի՞ մասին է,- լարվեց պաշտոնյան:
– Չե՞ք նկատել, որ ձեր ձեռքի ցուցակի ազգանուններից շատերում նոր բաղադրիչ է հայտնվել՝ Սեպուհ:
– Իսկ դա ի՞նչ է նշանակում և ի՞նչ կապ կարող է ունենալ ձեր հավակնոտ հայտարարությունների հետ,- չհանձնվեց պաշտոնյան:
– Շատ մեծ: Իմացեք, որ դա ազնվական տիտղոս է, որը հնում շնորհվում էր ազնվազարմ տոհմերի կրտսեր զավակներին, ովքեր կոչված էին զինվորական ծառայության: Գիտեք, բոլոր ժողովուրդների մեջ էլ ազնվականներն են ռազմի հիմնական ուժը: Հայ ազնվականությունը՝ նույնն է, թե հայ զինվորականությունը, հին աշխարհի լավագույն ռազմիկներից էր, որի պարտքն ու պարտականությունը հայրենիքը պաշտպանելն էր: Եվ շատերն են ընկրկել նրա հզոր բազկի հարվածներից, երկյուղել ու հրաժարվել Հայաստանը զավթելու մտքից անգամ: Բայց եղան խորամանկ ու նենգ զավթիչներ, տիրակալներ, որոնք Հայաստանը թուլացնելու համար որոշեցին վերացնել կամ մաշելով սպառել հայ ազնվականությանը: Որոշ զավթիչներ նրանցից գնդեր կազմեցին և ուղարկեցին իրենց կայսրության հեռավոր սահմանները, որպեսզի և՛ իրենց սահմանները պաշտպանեն, և՛ հայ դիմադրողական ուժը նվազեցնեն (թե սպանեն՝ թշնամի կսպանեն, և թե սպանվեն՝ թշնամի կսպանվի, մտածում էին նրանք և իրենց հայտնագործությունը կիսում նույնիսկ թշնամիների հետ): Որոշ զավթիչներ էլ պարզապես սկսեցին սպանդի ու նախճիրի ենթարկել հայ ազնվականներին, վերացնել նրանց տոհմն ու տեսակը: Եվ մաշվեցին նրանք, և իրոք թուլացավ հայոց դիմադրողական զորությունը:
Զորությունը թուլացավ, բայց ոգին չէր թուլացել, և վերջին հերոսամարտի ժամանակ հայը ամբողջովին նվիրվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և իրեն պահեց ճշմարիտ ազնվազարմ ռազմիկի նման: Եվ այդժամ ժողովուրդը որոշեց ազգանուններում ամրագրելով՝ սեպուհի տիտղոս շնորհել այդ պատերազմի բոլոր մասնակիցներին, որպեսզի և՛ գնահատվի նրանց ծառայությունը, և՛ վերականգնվի հայոց ազնվականությունը, ու հայրենիքին նվիրաբերվելու նրա բնույթը վերստին դառնա ժառանգական: Եվ նախնիների ոգին փոխանցվեց նրանց, և վերածնվեցին հայոց նորօրյա ազնվական տոհմերը, որոնք առավել էին, քան երբևէ եղածները: Եվ ծնվեցին մանուկներ, որոնց մեջ ազնվազարմ ռազմիկի կոչվածությունը ան­երևակայելի զորություններ արթնացրեց, և նրանք առաջինն են ամենուր: Այդ պատճառով էլ ահա ձեր ձեռքի ցուցակում գրեթե բոլորը սեպուհներ են, և, տեսնում եք, օրինակ, Սասուն Էդուարդի Սեպուհ-Մարգարյան կամ Խաչիկ Կոմիտասի Սեպուհ-Սաֆարյան և նմանատիպ բազում այլ ազգանուններ:
Բայց սա դեռ ամենը չէ: Մեր մեջ ի հայտ եկան իսկապես գերբնական ծնունդներ, և գենետիկ պայթյունը տեղի ունեցավ հենց նրանց շնորհիվ: Եվ այսպես եղավ դա. այդ պատերազմի ժամանակ բազում էին նրանք, ովքեր զոհասեղան ելան դեռ ամուսնական առագաստ չտեսած, անպտուղ և անժառանգ: Բայց նրանք ավելի մեծ փառքի ու անմահության են արժանացել և նրանց էլ հետմահու է շնորհվել սեպուհի տիտղոս: Եվ ավանդույթ ձևավորվեց, որ հայոց կույս օրիորդներն սկսեցին ամուսնանալիս ուխտի գնալ զոհվածների շիրիմներին և նրանց միջից իրենց համար փեսացու ընտրել, երկնային ու հոգևոր ամուսնությամբ միավորվել նրանց հետ, ապա նոր միայն գնալ երկրային պսակի տակ: Եվ իրոք հրաշք տեղի ունեցավ. հոգևոր հայրերի ոգին վերաբնակվեց այդպիսի ամուսնություններից սաղմնավորված պտուղների մեջ, և գենետիկ պայթյունը հենց նրանց մեջ զորեղացավ: Եվ իմացեք նաև, որ նրանց առաջնեկները երկվորյակ արու զավակ էին ծնվում, ոչ թե օրով մեծանում, այլ ժամով, և ի հայտ բերում հիրավի ֆանտաստիկ կարողություններ, որոնց շնորհիվ էլ ահա տեսնում եք, թե ինչ արդյունքեր են ցույց տալիս: Նկատեցի՞ք, որ այդ ցուցակում այսպիսի անուն-ազգանուններ կան՝ ահա օրինակ՝ Տիգրան Հայկի Դավթյան Սեպուհ-Արտաշես կամ Հարություն Վրեժի Առաքելյան Սեպուհ-Ավետիս և այլն: Եվ այստեղ Սեպուհ-Արտաշեսը կամ Սեպուհ-Ավետիսը նրանց հոգևոր հայրանունն է: Ահա և իմացաք, որ այդ հոգևոր հայրերի անծին զավակների աղաղակն է նրանց մեջ գենետիկ պայթյուն առաջացրել: Այդպես շարունակվում է առ օրս. գնում են հայոց կույսերը այդ երիտասարդ ու կույս նահատակների գերեզմաններին, օրինակ, հայ ռազմիկների Եռաբլուր պանթեոն, հոգևոր ամուսին ընտրում, ապա նոր դիմում մարմնական ամուսնության: Ասեմ նաև, որ այդ ծնունդները վերը նշված արժանիքներից զատ օժտված են միմյանց հեռազգալու, հասկանալու և արձագանքելու, միավորվելու, համախմբվելու, կազմակերպվելու, նպատակասլաց ու կուռ նվիրաբերվելու զարմանահրաշ կարողությամբ, ինչի շնորհիվ էլ ահա անգերազանցելի նվաճումների են հասնում բոլոր բնագավառներում:
Եվ ահա հենց սա է այն խթանիչը՝ դոպինգը, որը դուք ուզում եք հայտնաբերել: Այնպես որ, խնդրում եմ, այլ ջանքեր մի՛ գործադրեք և պատրաստ եղեք ձեզ համար անհավատալի նորանոր՝ ֆանտաստիկ թվացող իրողությունների:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։