ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Պորտալարդ կտրեցի,
Տվեցի աշխարհին.
Դու հիմա ցնծո՜ւմ ես ինքնաբուխ…
Հոգուս լույսն եմ խառնել Մեծ Սիրո պաշարին,
Որ շուրջս չլինի խութ ու մութ:
Աշխարհը դրեցի դիմացի նժարին.
Չեմ ասի` ով ումից անցավ վեր.
Մի բան կար`
Պլստաց ու ընկավ էն ժայռից,
Քղանցքին` աստղափայլ ուլունքներ:
Բանաստեղծություն,
Քո բոլոր մասերից
Բացվում է սիրո նոր արահետ…
Ժամանակը քո դեմ ընթացք է կասելի,
Դու լկստվում ես նրա հետ…
***
Սերն ավելին էր, քան ընկալեցինք,
Մենք ինքներս մեր համհարզը եղանք
Եվ մանրապճեղ հույզով ապրեցինք,
Փշրեցինք նրա կանաչ շափյուղան:
Օրերը մեր դեմ դանդաղ կլողան,
Հեռացնելով այն, ինչը մերը չէր,
Աստծո պատգամով հորինված սողանք,
Ավերումներից չենք կարող փախչել:
Ինձ թիրախներից փորձեցին շեղել,
Բայց հարվածներս անվրեպ էին,
Սրածայր, ինչպես Դալիի բեղն էր`
Երազն էր խրվում կյանքի բիբերին:
Հուսանք` մի օր էլ մեզ կհամակրեն
Սուրհանդակները աստվածների:
Ինձ շշնջում է հրեշտակն արդեն.
– Քիչ էլ համբերիր, քիչ էլ համբերիր:
***
Գիտեի, որ ձմռան հետ հաշտ պիտի լինեմ,
Ձյունը կգա ու կծածկի ցավ ու կսկիծ,
Հայելիների մեջ նայեցի` ես իմ հերն եմ,
Բա ե՞ս ում եմ թողել պատկերն էն հասակիս:
Իմ տոնական հանդերձներով պիտի ելնեմ,
Որ իմ դառը կորուստներից բան չիմանաք,
Որ չկարծեն օտարները, թե ես նեղն եմ,
Եվ չհեգնեն փափուկ հեռվից` բարո՜վ մնաք:
Այս բյուրավոր պտույտներից ինձ հիշատակ`
Ամեն ինչից վեր ծածանվող Սե՛րը մնաց,
Նրա շունչը վերապրում եմ աչքերս փակ`
Աստվածայի՜ն, լուսափետո՜ւր, երազամա՜ծ…
***
Ես կմոտենամ բակի կողմից,
Դու պատուհանից ցած կցատկես,
Եվ մենակության անգութ հողմից
Սիրո ափերով կփրկեմ քեզ:
Խարկված կարոտով կգրկեմ քեզ,
Դու ծիածանի կոր կդառնաս`
Երկնաձիգ, գունեղ ու ժպտերես,
Ծով հմայքներդ կիջնեն վրաս:
Հետո երազը բաց կթողնենք
Կվայելենք այն, ինչը որ կա-
Մենք արեգակի համով շողն ենք,
Մեր մեջ չմարող բո՛ցը` վկա:
***
Նա ինձ հուշեց, որ կլինի գլխաշորով,
Որ ես իրեն բազմության մեջ հեշտ ճանաչեմ,
Պիտի փախչենք հեռու մի տեղ ու գիշերով
Պատանու պես պիտի այրվող թուշը պաչեմ:
Թե որ կանաչ առվույտներում խաղով անցնենք,
Ծղրիդների երգերի հետ մութը գնա,
Այգու միջով ջրդարի պես մի բան բացենք,
Թող կարծեն, թե այգեպան ենք դարձել հիմա:
Ես էլ քեզ պես` չեմ ուզում, որ մեկն իմանա
Թփուտների իզը բռնած ուր ենք գնում,
Թե ամառվա դեզերի մեջ քնով մնանք,
Կօգնեմ, որ բաց պատուհանից մտնես ձեր տուն:
– Գիտե՞ս` ես քեզ տեսել էի ուրիշ մի տեղ`
Դու Բյորնսի հետ թրջվել էիր ջրված արտում,
Պտույտները հիմա տարբեր տեղ են նետել,-
Ասում եմ, բայց սիրուն Մեգին չի հավատում:
Իսկ ես գիտեմ` հեքիաթները չեն ավարտվում,
Չքանում ու հայտնվում են հեռո՜ւ մի տեղ,
Պոե՛տ ընկեր, վստահ եմ, որ չես նախատում,
Որ քո Մեգին ինձ հետ է իր բախտը կապել:
***
Մի քիչ էն կողմ` սիրով լցված աչք է փայլում,
Էս ինչ որ կա` հենց մեզ համար հորինեցին,
Ինձ գրկիդ մեջ տեղավորիր, կանաչ գարուն,
Ես արևիդ բոցերի մեջ համբուրեցի
Նրան, ով իմ կարոտների մեջ էր պարում`
Շողշողալով պատրանքների մեջ հպանցիկ:
Մարզում եմ իմ երազներն այս քարայրերում,
Որտեղ հոգու գանձերից բան չի մնացել,
Մթապատկան գոյանքները ինձ չեն ներում,
Չարության գորշ հանդեսներ են շուրջս բացել:
Մենք կորչում ենք այստեղ` սիրո սողանքներում,
Մեր մանկության հայացքն է մեզ օտարացել…
Մի քիչ էն կողմ` սիրով լցված աչք է փայլում,
Մի քիչ էն կողմ` մահը չունի դիմագծեր…
ՀԱՐԱՀՈԼՈՎՈՒՄ
Տատիս շապիկը մահը հագավ
Եվ գլխաշորը ամուր կապեց,
Փչեց երկնքին` աստղը հանգավ,
Եվ ծիծաղելի բան պատահեց`
Մի ասուպ տատիս տեսքով ընկավ,
Մինչև մեզ հասավ` օդում մարեց,
Եվ հրեշտակն ինձ ժպտաց երկար,
Ասաց` նա նորից պտղակալեց:
***
Կտցիր, անցիր, սիրուն ծիտ,
Ափս քեզ բույն չի դառնա,
Հովի նման հպանցիկ
Հանդիպեցինք մենք իրար:
Ընթացքի մեջ տարանցիկ
Ծլվլացինք երգաձայն
Հոգիներով թափանցիկ`
Ցնծության մեջ իջնող ձյան:
Կտցիր, անցիր, սիրուն ծիտ,
Սրտիկդ` սեր-մանանա,
Դու երկնքինն ես անծիր,
Ինձ կարոտը կմնա:
***
Քանի չեմ հատել, քանի դեռ կամ`
Եկ անցնենք ճամփան հրաշքների,
Մեռնե՛մ աչքերիդ, ամեն անգամ
Դու կատարյալ ես, կյանքը` թերի:
Քամին բացել է կուրծքդ շուշան,
Բուրում ես, ու ես չեմ համբերի.
Ողջակե՛զ անող սեր-ատրուշան,
Իմ տաք մոխիրն է քո ափերին:
***
Մորս ժպիտի միջով լողացի,
Մոտեցա երգին երազներով թաց,
Սիրո արևոտ ափին նայեցի`
Ինչքա՜ն գույնզգույն քարեր կան թափված:
Երևի երգեմ ավելի հեռվից,
Թմբկաթաղանթներ հանկարծ չպայթեն,
Ինձ թռչունների վերջին համերգից
Ճիչեր մնացին ու թրջված այտեր:
Սպասում ենք, բայց ոչ ոք չի գալիս,
Պտտվում է, ու հրաշքներ չկան…
– Սե՛ր, ամեն անգամ վերադառնալիս
Պատկերով արի այն խենթ աղջկա:
***
Ո՞ւմ պատկերի անդրադարձն ենք,
Ցփնել են, չենք դիմադարձել,
Մեր ընթացքին տեր են դարձել
Դիպվածային ծանծաղ անձեր-
Մոտեցան ու խոնարհվեցին`
Խաղացկուն ու պարույրաձև…
Առյուծները արևածին
Գնացին, չեն վերադարձել:
Մի ընչազուրկ լքյալ որպես`
Ոչինչ չունենք` լաթից բացի-
Վեր ենք պարզել դրոշի պես
Դյուրածածան ու կանացի:
***
Տեղահան եղա, էլ նույնը չեմ,
Ես հիմա իմ եսն եմ հեռակա,
Ծանոթներն ինձ հազիվ ճանաչեն
Կամ գուցե մտածեն` էլ չկամ:
Ապրածիս համար չեմ ամաչել,
Ամառվա երկինք եմ հրաչյա,
Փայտին չէ, կրծքերին եմ խաչվել
Իմ բոլոր սերերի առաջվա:
Չարերի ոհմակին եմ բախվել,
Որ լույսի գրկի մեջ թողնեմ ձեզ,
Հրապար բառերով եմ կախվել
Ձեր հոգու պատերից` ջահի պես:
***
Պատկերազարդ գրքի նման օրը բացվել,
Ինձ կանչում է` շունչ հաղորդեմ հեքիաթներին,
Բարությունը դեռ աշխարհից չի համբարձվել,
Կախարդանք է ու բերկրանք է բերում փերին
Եվ թողնում է լույսով արված դիմագծեր`
Փողփողալով սիրածարավ մեր ափերին,
Սե՛ր, քո առաջ մի քողարկված դուռ եմ բացել,
Գիտեմ, որ քո պատկերի դեմ չեմ համբերի
Ու կթեքվեմ գինով լցված տակառներին,
Որ մի շնչով քո կենացին թասեր պարպեմ,
Քեզանից դուրս` հոգիները դատարկ էին,
Մահն էր ցցվում քեզ շրջանցող օրերի դեմ:
Երազներիս ավերակված ապարանքում
Քո թևերից վար ծորացող շողեր դեռ կան,
Մոմի նման հալվում էիր սրտիս վանքում
Եվ լույսերով փառավորում անշուք ներկան:
***
Պուճուր սրտերին` պուճուր տողեր,
Պուճուր երազներ, սերեր պուճուր,
Անճարակության անմարս դողեր,
Մոռացված թռիչք, գետնամած չու:
Մթան ծոցն իջնող լուսնի շողեր,
Որ սահում են ու կորչում անդարձ,
Այս հրաշքի մեջ ո՞վ է թողել
Ճեմեք ինքնաբավ ու անաստված:
***
Հնաբնակ ինչքա՜ն անճաք սրբեր կային,
Մինչև հիմա մեր մեղքերն են անխոնջ ներում,
Ես գործ չունեմ անձերի հետ վերերկրային,
Բայց կուզեի մեկին տեսնել էս կողմերում-
Տեսնեմ` ի՞նչն է նրանց մեզնից առանձնացնում,
Մեր դառնացող ընթացքից դուրս` ի՞նչ կա ուրիշ,
Մի այլ կերպ է գուցե սրբի օրը անցնում,
Չունի` ո՛չ սեր. ո՛չ երազներ, ո՛չ ցավ ու վիշտ:
Իմ մոխրացած կարոտների մոռացված չուն
Հարկ չկա, որ սրբադասված մեկդ ների,
Վաղուց է, որ ամպերից վեր էլ չեմ թռչում,
Մնացել եմ բազմության մեջ բյուր մեղքերի:
Արդեն ուշ է` նոր տարածքներ թե նվաճեմ,
Իմ ունեցած-չունեցածով հպարտ էի:
Չէ՛, սրբեր ջան, ձեր թևերը ինձ համար չեն-
Իմ ապրածով, խինդ ու լացով` ես մա՛րդ էի:
***
Թող այս բերկրանքը քոնը լինի,
Սրտիդ զարկի հետ գնա ու գա,
Շուտով կծաղկի մեր բալենին`
Նշե աչերիդ բույրով նեկտար:
Էլ չեմ սպասում թռչուններին,
Ծլվլոցները հոգուդ մեջ կան,
Քեզ հավատալով կանչում էի`
Անցնելու ճամփան կյանքից երկար:
Ինձ ցնորքները տանջում էին,
Ես անդունդն էի իջնում խավար,
Լույսը շրջանցած անուրջներին
Չկար արևի հայացքը վառ:
Անճակատագիր անցումներին,
Որտեղ ընթացքը իմ կամքով էր,
Ներկեղևային ցնցումներից
Էլ չէի կարող քեզ սքողել,
Պիտի ակամա տիրեին ինձ
Քեզ գոյավորող սիրո տողեր:
Լուսնյակի ճերմակ ստինքներին
Երազիս կաթն եմ կիսատ թողել.
Ես մոտենում եմ եթերաքայլ
Եվ ժամանակից սահում եմ դուրս,
Քո սահմաններում ամեն ինչ կա,
Իմ անպարագիծ ոգեղեն լույս:
Անաղմուկ, ինչպես երազը ջինջ,
Ջնարակում ես օրը կավե,
Իմ պատմուճանը էլ ցավը չի,
Քո գրկի մեջ է վաղուց հալվել:
Ես համբարձվել եմ, ինձ չեն թաղել,
Չար սադրանքներում արդեն չկամ,
Իմ սիրտն այրվում էր, ձերը պաղ էր,
Չկար պատկերն այն խենթ աղջկա,
Ում թարթիչներին պիտի պարեր
Անզուսպ կարոտն իմ մինչ լուսաբաց,
Եվ մոլորակը թափահարվեր
Աստվածային սիրո դիմաց:
Քեզ օղակել են անշունչ բառեր,
Գամել են անթով հնչյուններին,
Հավի նման են շուրջդ թառել,
Նրանք, որ քեզնից մաս չունեին,
Գրպանահատի վարժ մատներով
Փախցնում էին օտար հույզեր,
Բայց սլացիկ չեն, ոչ էլ գերող,
Իրենց հոգու պես երգն էլ կուզ էր,
Քո եթերապար սավաններով
Հասնում ես ուրիշ սահմանների`
Ես դառնում էի ողջը ներող,
Ես աստվածների նման էի:
***
Կար՞ող ես իմ շուրջը պտտվես ու գնաս,
Չասելով, թե ինչ է պատահել,
Այդպես լավ կլինի
Եվ նաև` անվնաս.
Տաք սիրտս քո համեղ պատառն էր:
Ջրալի մի համբույր,
Մի պատկեր մթամած`
Պատրանքներ թողնելով թռան վե՜ր,
Ես տեսա հրացայտ
հայացքները կանանց`
Կրքերի ցնծության հրավեր…
Օ՜, ցնդած մեղեդի,
Մաշկազերծ տաք բառեր,
Գոլորշին` շուրթերի վրա,
Կրծքերի ճերմակին
ինչքա՜ն են թափառել
Կրակոտ հայացքներ հուրհրան:
Ինքնաբավ պտույտով
Վերջապես սահիր վե՜ր
Եվ լցրու եթերը թափուր,
Սե՛ր,
Այնտեղ` երկնքում
Ավելի հարմար ես`
Արևի պես հրե,
Փաթիլի պես մաքուր…