Սամվել ԿՈՍՅԱՆ

1. Վերապահումով նշանակալի էր Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը: Ինչո՞ւ վերապահումով, որովհետև այլ բան է ջուրը մտնելը և այլ, թե կբավարարե՞ն ուժերդ մյուս ափ հասնելու համար, որքան էլ մեծ լինի ցանկությունդ: Թղթի վրա ամեն ինչ հրաշալի է, վարդագույն, բայց թուղթը ապրելու տարածք չէ: Առանց այդ համաձայնագրի էլ սոցիալական բևեռները մոտեցնող տասնյակ օրենքներ են հրապարակվում, սակայն իրականության քարտեզում ամեն ինչ անփոփոխ է: Ինչևիցե, պայմանագիրը հեռանկար է, որ գուցե հավատի ու վստահության տեղաշարժ արձանագրվի…

2. Տարվա ընթացքում, գոնե ինձ համար, մշակութային աննախադեպ ոչինչ չի տպավորվել, թեև հնարավոր է` եղել են համեմատաբար հաջողված միջոցառումներ: Հավանաբար խնդիրն իմ ներսում է, պայմանավորված իմ կրավորական ապրելակերպով, իսկ իմ ներսը միայն իմն է, և մշակույթը պարտավոր չէ ինձ հաշվետու լինել, առավել ևս, սպասել իմ գնահատականներին: Միջոցառումները` միջոցառումներ, սակայն այդ ամենը խորհրդային պիոներական ճամբարի առօրյա է հիշեցնում: Երբ բացակայում է մշակութային թիրախավորված քաղաքականությունը, կոնկրետ հայեցակարգը, այդ ամենն ընդամենը հրավառություն է` գեղեցիկ ու անցողիկ…

3. ՀԳՄ «21-րդ դար» մատենաշարով լույս տեսավ «Բառը հենարան չէ այլևս» բանաստեղծությունների ժողովածուն: Բանաստեղծությունների մի մասը գրել եմ 2017-ին: Մի քանի գործեր անավարտ մնացին, սակայն վհատվելու չէ, երբ յուրաքանչյուր ստեղծագործողի համար իր լավագույն գործը դեռ չգրվածն ու չարվածն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։