1. Ամենակարևոր քաղաքական իրադարձությունը, թերևս, մեր երկրի համարձակ քայլն էր դեպի Եվրամիություն:
2. Աննախադեպ նահանջի տարի էր մշակութային 2017-ը, հատկապես գրականության նկատմամբ պետական վերաբերմունքի առումով: Ապրող գրողն ասես աչքի գրող էր դարձել երկրիս մարմնավոր տերերի համար, այդպես էլ որևէ մեկի գրքի հրատարակմանը աջակցություն չեղավ տարվա բյուջեով գրահրատարակչությանը հատկացված միջոցներից: Լուծարվեց և անհասկանալի մի օղակի վերածվեց Գրապալատը, ըստ շրջանառվող լուրերի, նույն ճակատագիրն է սպասվում Գրքի կենտրոնին: Վերացավ «Գրական տապան» փառատոնը, որ մեր գրականության հանրահռչակման լավ ձևաչափ էր: Փոխարենը, օրերս կազմակերպվեց Բուքֆեստ որքան օտար, նույնքան բարձրահունչ անունով մի միջոցառում, որ պարզապես ամոթ է փառատոն կոչել: Գրքի մեկանգամյա շուկա էր դա ընդամենը, հար և նման մրգի այն շուկաներին, որ տարիներ շարունակ, ամռանը և աշնանը, կազմակերպվում են քաղաքի տարբեր շրջաններում: Շարքային այդ միջոցառման մեջ միակ քիչ թե շատ մխիթարականը մի քանի արժանավորների բաժին հասած մրցանակներն էին` լուրջ գիրք տպելու համար այնքան ծիծաղելի գումարներով, որ մարդ ամաչում է շնորհավորել նրանց:
3. Տարին հոբելյանական էր ինձ համար: Ընկերներիս աջակցությամբ` հիսուն տարիների ստեղծածս 500 էջանոց երեք մեծադիր հատորներով մի կերպ ի մի բերելու, ընթերցողի հայացքով անցած ճանապարհիս նայելու առիթ, մի հանգրվան, որ նշանավորվեց Երևանում, Թբիլիսիում և հայրենի Կապանում կայացած հաճելի հանդիսություններով: Ու նաև բարեբախտություն ունեցա ամռանը և աշնանը լինելու Չինաստանում, մասնակցելու պոեզիայի միջազգային երկու խոշոր փառատոների, թարգմանվելու-տպագրվելու չինարեն և կազմելու-թարգմանելու-հրատարակելու արդի չինական պոեզիայի նշանավոր դեմքերից մեկի` Ջիդի Մաջիայի գիրքը: