Անդրադարձ (Հրաչյա Միրզոյանի «Աստվածախույզ Նարեկացու «մոդայիկ» դառնալու լույսն ու ստվերը» հարցազրույցին) / Աշոտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սույն հարցազրույցում («Գրական թերթ», 2017-ի Հոկտեմբերի 27, համար 35) պրոֆեսոր Հրաչյա Միրզոյանն անդրադարձել է 2015 թ. Աշոտ Պետրոսյանի, այսինքն` իմ հրատարակած «Սբ Գրիգոր Նարեկացի. Նարեկ աղօթամատեան» գրաբար բնագրի հանդիպադրությամբ` արդի հայերենի վերածած գրքին:
Նախքան պրոֆեսորի քննադատական դիտումներին պատասխանելը, մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան, որ իր ուշադրությունն ուղղել և իր վերաբերմունքն է ցուցաբերել մեր այդ հրատարակությանը:
Վերադառնանք բուն հարցին: Հարգարժան բանասեր-փիլիսոփան իր վրդովմունքն է արտահայտել, որ Նարեկի սույն հրատարակության գրաբար բնագիրը վերցված է Նարեկի 1774 թ. Կ. Պոլսի հրատարակությունից, որի հիմքը Գրիգոր Նարեկացու գրչագիր օրինակներն են եղել: Հրատարակության վերջաբանում ես պարզաբանել եմ իմ այդ ընտրության դրդապատճառը. երջանկահիշատակ Պարույր Մուրադյանը «Կովկասեան մշակութային աշխարհը եւ Հայաստանը», պրակ Ա, Երևան 2008 թ. գրքի մեջ զետեղած «Նարեկի» հեղինակային ինքնագիրը և անդրանիկ գիտական հրատարակությունը» ուսումնասիրության մեջ, հենվելով պատմական վավերագիր աղբյուրների վրա, բազմակողմանի և խորը վերլուծությամբ ապացուցում է, որ սույն «հրատարակութեան հիմքում դրուած են «անձեռամերձ» (անաղարտ պահպանուած, ձեռ չտուած) ձեռագրեր, որոնցից երկուսը Նարեկացու ինքնագրեր են ճանաչվել» (նշյալ գիրքը, էջ 264): Որևէ մեկն առ այսօր չի վիճարկել սույն տեսակետը, հակառակն ապացուցող փաստարկումներ առաջ չեն քաշվել: Այդ ուսումնասիրությունը, որին ես անդրադարձել եմ 2015 թ. իմ հրատարակած գրքի «Ետահայեաց դիտումներ»ի մեջ, համարել եմ միանգամայն հիմնավոր և իմ գրքի համար որպես բնագիր վերցրել եմ Կ. Պոլսի հենց այդ հրատարակությունը: Նարեկն ուսումնասիրելու և ամենօրյա որպես Սուրբ Գիրք օգտագործելու տասնամյակների իմ փորձառությունը ևս բերել են այդպիսի համոզման: Ովքեր կասկածում են, կարող են իրենք ընթերցել այդ բնագիրը և համեմատել Նարեկի մինչև հիմա հրատարակված մյուս բնագրերին, այդ թվում` 1985 թ. Պողոս Խաչատրյանի և Արշալույս Ղազինյանի իրագործած Նարեկի ակադեմիական հրատարակությանը: Չգիտեմ, պրոֆեսոր Միրզոյանը ծանո՞թ է Պարույր Մուրադյանի նշյալ ուսումնասիրությանը: Եթե ծանոթ լիներ, գուցե այդքան բուռն կրքով և գիտնականին անհարիր մոլեռանդությամբ չփորձեր «ավերակել» իմ տքնաջան աշխատանքը: Սակայն, փառք Աստուծոյ, կարևոր չէ մի մարդու գնահատումը, եթե այն աչառու է և անխորհուրդ:
Այո՛, ի մոտո ծանօթանալով Կ. Պոլսի նշյալ թվականի հրատարակությանը, ես անձամբ համոզվել եմ, որ այն եղած հրատարակությունների մեջ լավագույնն է: Եթե համոզված եմ դրանում, ինչո՞ւ պիտի երկնչեի և չօգտագործեի այդ իրոք անգնահատելի և անտեսված գանձից: Ավելի հանգամանալից հետաքրքրվողներին խորհուրդ կտանք ծանոթանալ Պարույր Մուրադյանի նշյալ ուսումնասիրությանը:
Հարգարժան պրոֆեսորը դժգոհ է նաև նրանից, որ Նարեկացիով զբաղվելը, ըստ իրեն, դարձել է մոդայիկ և դա (եթե ճիշտ ենք կարդում նրա մտահոգության ենթատեքստը) կհանգեցնի պատեհապաշտների գայթակղությանը և այդպիսով Նարեկացու ստեղծագործության մակերեսային և սխալ ըմբռնումների, որի մեկ օրինակը, ըստ պրոֆեսորի, մեր հրատարակությունն է: Գոնե հարգարժան պրոֆեսորը պիտի հիշեր, որ Նարեկացու գրական ժառանգությամբ ես զբաղվում եմ արդեն մոտ 3 տասնամյակ: Սրանից մոտ 10 տարի առաջ Նարեկացու աշխարհայացքի և փիլիսոփայության վերաբերյալ դոկտորական ատենախոսության ծրագիր էի ներկայացրել Համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոն, որը պրոֆեսորի կողմից մեծահոգաբար մերժվեց` իբրև ոչ փիլիսոփայական, այլ աստվածաբանական: Օգտագործեցի մեծահոգաբարը, որովհետև իր այդպիսի վերաբերմունքով Հրաչյա Միրզոյանն ինձ ազատեց դոկտորականը պաշտպանելու ունայնությունից և ես դրա համար էլ իրենից շնորհակալ եմ: Փոխարեն շարունակեցի Նարեկացու ստեղծագործությունների թարգմանության գործը և ուսումնասիրությունները, որոնցից մեկը «Նարեկը Բժշկարան» աշխատությունն է (Բերձոր, 2002թ.), որի երկրորդ հրատարակությունը շուտով կիրագործվի:
Եւ ինչո՞ւ չհիշատակենք վերոնշյալ հարցազրույցում պրոֆեսորի արտահայտած մտքերից մեկը. «Սովորաբար գիտնականները (և ոչ միայն) խանդով են նայում մասնագիտական իրենց հետաքրքրությունների նեղ դաշտը մտնողներին և փորձում են կասեցնել նրանց ընթացքը»: Ընթերցողն իսկույն կկռահի, որ հարգելին բնութագրել է ինքն իրեն: Սակայն վատ բաներն իսկ փոխվում են լավի, եթե հիվանդագին չես վերաբերում դրանց: Մեկ անգամ արդեն ունայնության ճանապարհով երկար քայլել եմ, երբ հայոց իմաստասիրության ոչ վաղ անցյալի քրմապետն ինձ պարզորոշ ասաց. «Քանի դեռ ես ողջ եմ, դու չես պաշտպանելու»: Ես հաշվի առա ազդեցիկ մարդու նախազգուշացումը և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանեցի իր մահից հետո, այն էլ Մոսկվայում: Հիմա այս ամենից հետո ես ինչո՞ւ շնորհակալություն չհայտնեմ պրոֆեսոր Հրաչյա Միրզոյանին` իմ ունայն ընթացքը կասեցնելու համար:
Այնուհետև հետաքրքրական է բանասեր և իմաստասեր դոկտորի վրդովմունքն այն բանի համար, որ 2015 թ. Նարեկի հրատարակությունն իրականացվել է Երուսաղէմի Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի օրհնությամբ: Պրոֆեսոր Միրզոյանը համոզված է, որ բարձրաստիճան հոգևորականը ծանօթ չի եղել այն գրքին, որի հրապարակման առիթով իր օրհնությունն է բերել: Տեղեկացնեմ նաև, որ 2015 թվականին «Նարեկի» Երևանյան հրատարակությանը զուգահեռ գիրքը հրատարակվել է նաև Թեհրանում` Թեհրանի Հայոց հոգևոր առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանի օրհնությամբ և նախաձեռնությամբ: Հավաստիացնում եմ` երկու հոգևորականներն էլ քաջածանոթ են եղել իմ թարգմանություններին և նրանց կողմից այդպիսի վերաբերմունքն ինձ համար մեծ պատիվ է և իմ կատարած համեստ գործի բարձր գնահատականը:
Սակայն սրանով պրոֆեսորը չի բավարարվել, այլ վրդովել է նաև նրանից, որ գիրքը տպագրվել է ի հիշատակ մի շարք ընտանիքների ննջեցյալների: Ի՞նչ եք կարծում, գոնէ ննջեցյալներին կարելի՞ էր հանգիստ թողնել:
Պրոֆեսոր Միրզոյանը մի սխալ էլ հայտնաբերել է ստույգ թարգմանված նյութի մեջ, որտեղ նոյն նախադասության մեջ երկու անգամ այս դերանունը կրկնված է (էջ 406 և 407): Ժամանակին դիլետանտ բառը ես թարգմանել եմ` այս ու այնագետ: Հր. Միրզոյանը ճիշտ է նկատել, որ ես այսուայնագետ չեմ. այլ ձգտել եմ որքան հնարավոր է իմ փոխադրությունը մոտեցնել բնագրին: Այդպիսի սխալներ, ըստ պրոֆեսորի, կատարում են միայն միջին գրագիտությունից ցածր մակարդակ ունեցողները: Բայց քանի որ բնագրի մեջ էլ նույնը կրկնվում է, այստեղից պրոֆեսորը հանճարեղ կերպով կռահել է, որ Նարեկացին այդպիսի բան իրեն թույլ չէր տա, ուրեմն նշյալ թվականի Կ. Պոլսի հրատարակությունը բնավ էլ Նարեկացու գրչագրերից չէ արված: Հրաչյա Միրզոյանն էլ գիտի, որ բառերի կրկնությունը, այդ թվում նաև դերանունների, Նարեկացու ոճի տարրերից է և այս հիմքի վրա հեռուն գնացող եզրակացություններ անելը, թվում է, պատշաճ չէ, ինչպես որ Նարեկով զբաղվող մարդուն վայել չէ ինքնագովասանքի հեղեղի տակ ընկնելը, որին անվանի պրոֆեսորը ինքն իրեն ենթարկել է հարցազրույցի առաջին մասում: Եթե իմաստասերն իրոք ըմբռնել է Նարեկի ոգին, պիտի հասկանար, որ ինքնագովասանքը, այսինքն` հպարտությունը մահացու մեղք է և կամավոր չէր մտնի այդ ճահիճը:
Այսուամենայնիվ, խոստովանում եմ, որ եթե պարոն պրոֆեսորը ուշադիր ընթերցեր Նարեկի իմ փոխադրությունը, կարող էր ավելի շատ սխալներ հայտնաբերել (ցանկության պարագային այդ սխալներից մի քանիսն էլ ես կարող եմ իրեն հրամցնել): Թե չէ` 760 էջանոց գրքում ընդամենը մի քանի «սխալ» է հայտնաբերել և դրանից թրաշողուն հարձակումներ է գործում:
Ընդամենը մի «սխալից», գուցե վրիպական, պրոֆեսորը եզրակացություն է անում, որ տվյալ գրչագիրը Նարեկացունը լինել չի կարող: Պետք է ասել, որ «հայտնությունների կարգի հանճարեղ կռահումները» հատուկ են պ-ն Միրզոյանին: Այս առումով ինչպե՞ս չհիշել նրա այն հրապարակումը, որում Գրիգոր Նարեկացին իբր թե իր կյանքի կարևոր պահերը` ծնունդը և այլն, ծածկագրել է: Եվ այդ միտքը նա «ապացուցել» է «Նարեկի ծածկագրությունների վերծանության փորձ» (Բանբեր Երևանի համալսարանի, հասարակական գիտություններ, Երևան, 2002, թիվ 3 (108), էջ 67- 84) հոդվածում: Ժամանակին Պողոս Խաչատրյանն անդրադարձել է այդ «հայտնագործությանը» իր «Նարեկացին ծածկագրությունների և գաղտնասածությունների կապանքներում» (Գրական թերթ, 6 հունիսի 2003 թ, թիվ 19) հոդվածում, և հերքելով մեկը մյուսի հետևից Հր. Միրզոյանի «փաստերը», ապացուցել, որ Նարեկն ըմբռնելի է ոչ թե որպես գաղտնիքներ թաքցնող, այլ բացահայտող, հրապարակող գիրք: Ես այս «հին դարմանը» քամուն չէի տա, եթե պարոն պրոֆեսորը վերոնշյալ հարցազրույցի մեջ լուսահիշատակ Պողոս Խաչատրյանին մտցրած չլիներ իր թիկնազորի մեջ, մի բան, որ երբեք Պողոս Խաչատրյանը չէր համաձայնի` դատելով իրենց միջև առկա մոտեցումների հակադրությունից: Մարդիկ մահանում են, սակայն պահպանվում են տեսակետներն ու տեսությունները. ինչո՞ւ փոխել սկզբունքները և կեղծել վերաբերմունքը մի մարդու նկատմամբ, ով հիմնավոր կերպով հերքել է նաև հիմա լայնորեն շրջանառվող, խորհրդային ժամանակներին ստեղծված և պրոֆ. Գևորգ Խրլոպյանի մշակած մեկ այլ հայեցակետ, թե իբր Գրիգոր Նարեկացին նորպլատոնական փիլիսոփայության ներկայացուցիչ է (տե՛ս Պողոս Խաչատրյանի «Պատ` ավազի վրա», Գրական թերթ, 25 նոյեմբեր 2005 թ. հոդվածը):
Վերջացնելով սույն անդրադարձը, ասեմ, որ այլևս բանավիճային զրույցի մեջ չեմ ներքաշվելու, քանզի այսպիսի բանավեճերն էլ ուայնության սեռից են: Բարեկամներիս հորդորով այս անդրադարձն արեցի. նրանք համոզեցին, որ եթե մարդը ուշադրություն է դարձրել քո գրքին, դու էլ անտես մի՛ արա իրեն: Քննադատական վերաբերմունքի համար կրկնակ շնորհակալություն եմ հայտնում:

Աշոտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նարեկասեր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։