Արդարության պակասի ցավն ու նորմալ գոյատևության անհնարինությունն այդ ցավով մեզանից լավ ո՞վ գիտե: Հարյուր տարի անց էլ թուրքի, ոչ պակաս՝ նաև քրդի և նրանց թիկունքում կանգնածների վայրագության վերքերը դեռ տանջում են իրենց թարմությամբ: Ու սպեղանին մեկն է միայն՝ եղածի համար թշնամու, թշնամիների հայցած ներումը և նրանց շորթածի գոնե հնարավոր մասի վերադարձը: Չկա հայ, որ չապրի այդ երազանքով ու փափագով: Իսկ եթե կա էլ, վստահաբար կարելի է կասկածել նրա արյան մաքրությանը…
Չնայած, աշխարհը բնավ էլ իր դարավոր ընթացքին չի փայլել արդարության մեծ մղումներով, ու այդ խեղճն այդպես էլ՝ անհիշելի ժամանակներից, հիվանդ է «մարդկային մեղք» կոչված հիվանդությամբ: Բայց այն փրկել ջանացող հատուկենտներն էլ երբեմն կարողանում են ինչ-ինչ հարցերում կշեռքի նժարը ճիշտ կողմի վրա ծանրացնել: Եվ գալիս է հատուցման պահը, որպեսզի ապրողները կարողանան թոթափվել անցյալից ու առաջ քայլեն, ու առաջ տանեն ընթացքը կյանքի դեպի նոր ափեր… և ցավոք… նոր մեղքեր նաև: Աշխարհն այս է. մի մարտադաշտ միայն սև ու սպիտակի, լույսի ու խավարի, և լույսը հաճախ է նահանջողը լինում:
Եվ նման են ու նաև շատ տարբեր ազգերի և անհատ մարդկանց ընթացքի վերն ու վարը, մեղքն ու ներումը, փորձությունն ու հատուցումը նաև:
Անհատների կյանքում այդ ամենը մի փոքր այլ խորհուրդ ունի. անկումներն են, որ մաքրում են հոգին, արթնացնում ննջած Մարդուն, դաս տալիս: Եվ այդ թոհուբոհում հազար ու մի հանցանք ու սխալ հեշտ մոռացվում է՝ նրանից ինչ-որ բան վերցրած-չվերցրած, հետք թողած, կամ՝ ոչ…
Մեծ հարցերում էլ ինչ-որ չափով դա կա, միայն թե այստեղ չդատապարտված անարդարությունը, չհատուցվածն ու չներվածը չափից դուրս մեծ են մոռացվելու համար. դրանք մեխվում են ոչ թե մեկ-երկու անհատի ուղեղում և այն էլ՝ հիմնականում մինչև նրա կարճ երթի վերջը, հաճախ էլ՝ ավելի պակաս, այլ ազգային, մարդկային համախումբ հիշողության պահոցներում, նաև խցանվում կոկորդում հանցավորի: Մարդկության այսօրվա արդեն ծանր հիվանդագին վիճակի պատճառը հենց այդ է՝ չապաշխարած, չներված մեղքերի թույնը, որ նկատելի թե աննկատ իր մեծ ավերն է գործում:
Չդատապարտված ոճիրն անպայման ավելի մեծ չափով կրկնվելու է, որովհետև միշտ էլ մարդկությունն իր կայեններն է աշխարհ բերելու: Եվ այդպես էլ կա… Ապրելը միշտ այդ վտանգի սրված զգացողությամբ խիստ կարևոր է: Հեշտ կյանքի, անցյալի ծանր բեռից ազատվելու մղումը միայն կարճ ժամանակ է խաղաղություն տալու: Դա պարարտ հող է անցյալի որոմի՝ ներկայում բնավորված սերմերի համար: Դրանք ծիլ են տալու ու զորանալու՝ մեկի տեղ տասը, հարյուրը և ավելի…
Բայց, ինչպես և անհատի կյանքում, ազգերի մոտ էլ ցավալի մի իրողություն է հաճախ գործում. սեփական աչքի «գերանը» չտեսնելու և ուրիշի աչքինը միայն մատնացույց անելու: Չձգտելով կարգ ու կանոնի բերել ներքին կյանքի խառնաշփոթը, այնտեղ ջոկջկել թացն ու չորը՝ բռունցք ճոճել դրսի հարցերում: Իհարկե, սեփական թերացումները բնավ էլ չեն նշանակում, թե այդ բռունցքն էլ պետք է իջեցնել: Քավ լիցի: Այն պետք է միշտ լինի, և դա, իհարկե, ավելի կարևոր է ներքին հարցերից:
Բայց… այնքան մեծ է այս բայցը, երևի նկատեցիք…
Այդ բռունցքի ամրությունը ներքին ուժի ակունքներից է սնունդ առնում… եթե ամուր բռունցք է պետք, ներսն էլ պետք է զորացնել:
Եվ, ահա մենք՝ անարդարության դեմ այսպես միակամ բարձրացողներս ազգային մեր մեծ ցավի համար. մեր ներսում ո՞ր մի անարդարությունը փորձեցինք շտկել:
Դավաճան հայի կերպարն ատելով հանդերձ, նրան միշտ տաքուկ տեղ ապահովեցինք՝ մեր կողքին, մեր գլխին… և այդպես տարանք դարերով: Քիչ դեպքերում է, որ որոշ անուններ անցյալի խորքերից հառնել են ամոթի խարանը իրենց ճակատներին ու ազգ ենք փորձել դաստիարակել այդ ցուցադրանքով: Բայց այդ քիչն էլ դեռ այսօրյա նոր «լույսի» տակ են փորձում շուռումուռ տալ, թարսը շիտակ անել և մեզ մութ ու սխալ գործարքների ամենաթողության ճամփա բացել:
Այդ լույսի տակ երևի թե անցյալ դարի ստալինյան ժամանակների հանցագործներն էլ իրենց արդարացումը գտնեն և դեռ լուսապսակ առնեն իրենց ճակատներին, քանի որ հիմնականում՝ լռության քողի տակ, նրանց հարմար թաքստոց ենք ապահովել:
Այո՛, մենք ազգովի հիվանդ ենք, քանի որ ամեն մի հանցանք ու հանցագործ՝ ներկայի թե անցյալի, չի պատժվել կամ գոնե պախարակվել ի ցույց բոլորի:
Մեր սերն ու խոնարհումն, իրոք, սրտաբուխ են, երբ մեր այս կամ այն բռնության զոհ դարձած ազգի խորհրդանիշ մտավորականի հոբելյանի առիթով հավաքվում ենք թանկ հուշը թարմացնելու: Խմբվում ենք մեր անշիրիմ պոետի՝ Չարենցի արձանի պաղ սառնության շուրջ ու փորձում ջերմացնել այն ծաղիկների ու հնչած խոսքերի նվիրումով: Սակայն, քանի որ նրան… նրանց թուրքը չի հոշոտել, առանձնապես կանգ չենք առնում՝ բնավ էլ ոչ բնական ու սեփական մահով մեզ հրաժեշտ տվածների մահվան մութ հանգամանքների վրա:
Դրանց մասին, իհարկե, երբեմն խոսվում է, ավելի շատ՝ ընկերային փոքր հավաքների ժամանակ, եղած նյութերը, բնականաբար, պահվում են արխիվներում, գրվում են երբեմն ինչ-ինչ՝ այստեղ ընթերցվող՝ այնտեղ մոռացվող, չնչին տպաքանակով գիտական և ոչ գիտական հոդվածներ: Բայց չի բարձրաձայնվում այնպես, որ ազգը տեսնի իր հոգու որոմը, որ ժամանակին արմատախիլ անի իր մեջ կամ իր շուրջ դրա դեռ նկրտումներով միայն շողշողացող ծիլերը: Որ մեղավորի սերունդներն ամաչեն ու հրաժարվեն իրենց ապուպապից, նաև՝ դաստիարակվելով այդպես ու ջնջելով նախնիներից ժառանգված հանցավոր գենի ստվերը իրենց հոգիներում: Եվ եկողներն արդեն ստիպված լինեն զգույշ ապրել՝ իրենց անունն ու ընտանիքը պղծելու վախից:
Քանի՞ մարդ գիտի այդ ժամանակների մեր գրողներին, մտավորականներին աքսորներ ու մահ առաջնորդողների, մատնություններ ու ստահոդ վարկաբեկումներ մրոտողների անունները: Նրանք մինչև վերջ էլ ապրեցին պատիվների մեջ՝ իրենց աչքերի սատանափայլով շարունակելով վախի մեջ պահել շրջապատի մարդկանց: Եթե կա այդ ցավալի, ուշացած հետմահու արդարացումը, շատ ավելի անհրաժեշտ է՝ թեկուզ հետմահու, հանցագործի դատապարտումը, հնչեցնելը այն ի լուր բոլորի:
Հերոստրատներին չպետք է մոռանալ՝ նորերի լույս աշխարհ չբերելու համար: Իսկ մենք մոռացանք, դրա համար էլ հատուցեցինք նոր ազգադավների նոր ոհմակներով ու նրանց սահման չճանաչող ազգակործան խրախճանքներով:
Եվ հատուցում ենք ամեն օր՝ հուսահատության մեջ խեղդվող ժողովրդի անելք վիճակով, օտարների հետ կնքվող նորանոր, մեղմ ասած՝ երկրի համար աննպաստ պայմանագրերով, վաղվա օրվա համար օր օրի ահագնացող վախով և այդ ամենի համար մեղավորների կյանքի ավելի ու ավելի ուռճացող ճոխությամբ և գրեթե անշրջելի դարձող անձեռնմխելիությամբ:
Վերջին տարիների՝ 1988-ից այս կողմ, մեր ապրածը կյանքի երանգների մի չտեսնված խտացում էր ու է իր ամեն ինչով՝ պատերազմ, գաղթ, ցեղասպանություն, սով, ստրկություն, հաղթանակ, արթնություն, նորից սով, ստրկություն, հաղթանակ. նաև՝ բոլորը միաժամանակ… Դրսից ու ներսից մեզ վրա թափված ու պատուհասած:
Դրսինի մասին շատ է խոսվում. այդտեղ բացահայտումների խնդիր համեմատաբար քիչ ունենք, ներսում է, որ դրա պակասը անչափ շատ կա, որովհետև մենք ու մենք ենք, բայց լուծումների տեղ դեռ հարցականներ ու անելք վիճակներն են ավելանում: Այս տարիների համար էլ, բնականաբար, նույն մոտեցումներն են գործում՝ չդատապարտված ոճիրը նորերն է բերում ու բերելու է:
Արդեն գրեթե երեք տասնամյա մի ժամանակահատված ինչ մեղք ու հանցանք ասես, որ չեն արմատացել, վիթխարիացել ու իրենց սաղարթի ստվերը ճոճել ողջ ազգի վրա:
Բայց ո՞ր մի մեղավորը պատիժ ստացավ իր արածի ու իր թալանի գոնե մի փոքր մասի համար: Լավագույն դեպքում, նրանք մի պաշտոնից մեկ այլ՝ ավելի բարձրին են անցնում կամ ուղարկվում վաստակած հանգստի՝ իրենց բարբարոս վարքի հսկայական վաստակով:
Կարևոր չէ, որ այլ երկրներում էլ այս ու այն չափով ընթացքը նույնն է: Չէ՞ որ սցենար գրողն էլ ամեն տեղ նույն ձեռքն է՝ համաշխարհայնական հորջորջվողը: Բայց, այնուամենայնիվ, ամեն երկրի գործը նախ իրենն է: Մենք դարերով ապրել ենք և շատ հզոր կայսրությունների կործանման ականատեսը եղել, որովհետև հաստատ չենք մտածել, որ դե եթե այդպիսի մեծ երկիրը կործանվում է, մենք ինչով ենք պակաս… Ապրել ենք ապրելու վճռով: Իսկ այսօր հենց այդ միտքն եմ ես կարդում բոլորի հուսահատ հայացքներում՝ «Դե եթե…»:
Ապրելու վճիռը միայն սահմաններ հսկող զինվորի աչքերում կա և այնքան շատ, որ ասես ողջ ազգին էլ հերիք կանի: Բայց… Ապրելու վճիռ: Դա ենթադրում է անվհատ ու անխոնջ լուծումներ փնտրել ու փնտրել: Իսկ լուծումները միշտ հաջողվում են անհասկանալին ու ծածուկը՝ այսօրվա թե երեկվա, քննել-բացելով… երկրի սահմանների հետ նաև արդարության սահմանները հնարավորինս պաշտպանելով, և ոչ միայն դրսի թշնամուց:
ՈՃԻ՞Ր, Թե՞ ՊԱՏԻԺ / ՆԱՆԵ
