Գյումրիի արվեստների ինստիտուտի (ակադեմիայի) դահլիճում կայացավ հանդիսություն` նվիրված շիրակցի բանաստեղծ, «Շիրակ» թերթի գլխավոր խմբագիր, «Բագրատունյաց ասպետներ» հ/կ նախագահ Սամվել Մարգարյանի ծննդյան 65, գրական, լրագրողական և հասարակական բեղմնավոր գործունեության 45 ամյակներին:
Բացման խոսքում ՀԳՄ Շիրակի գրական մասնաճյուղի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը նշեց, որ վերջին 35 տարում Սամվել Մարգարյան բանաստեղծը հրատարակել է 27 գիրք, դրանցից 22-ը բանաստեղծությունների, պոեմների ժողովածուներ են: Բանաստեղծի «Սրբազան լեռնաշխարհ», «Աշխարհի սիրահարներին» գրքերը թարգմանվել են ռուսերեն, «Աստղի նման ու խաչքարի» գիրքը` վրացերեն, «Օրհներգեր 12 մայրաքաղաքներին» ժողովածուն` ռուսերեն և անգլերեն:
«Հայրենասիրությունն է Սամվել Մարգարյանի հոգու և քնարի զորեղ լարը, այցելելով բանաստեղծի այգին, որ կրում է «Բագրատունյաց փառքի հուշապուրակ» անունը, հիացա հազարավոր ծառերով, թփերով ու հուշարձաններով, որ բարեկամների աջակցությամբ տնկել, հիմնադրել է Մարգարյանը»,- իր ելույթում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ հավատարիմ դասական քնարերգության ավանդույթներին՝ բանաստեղծը ձգտում է հարստացնել այդ ավանդույթները, նորովի երգել հայրենի բնաշխարհի գեղեցկությունները, մեր խռովահույզ ժամանակների տագնապներն ու թրթիռները, մեր ժամանակների մարդու ներաշխարհը: ՀԳՄ նախագահը հոբելյարին հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալ:
Բանաստեղծին քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը հաղորդեց և Գյումրու քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով պարգևատրեց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:
Երազգավորսի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը ընթերցեց համայնքի ավագանու որոշումը` երազգավորսցի բանաստեղծ Սամվել Մարգարյանին շնորհվում է համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:
Բանաստեղծին ջերմորեն շնորհավորեցին Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, բան. գիտ. դոկտոր Գագիկ Խաչիկյանը, Հ. Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը, բանաստեղծ-թարգմանիչ Արա Գևորգյանը և ուրիշներ:
Ցերեկույթի ընթացքում Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի շնորհալի ուսանողներն ասմունքեցին Ս. Մարգարյանի բանաստեղծություններից: Երաժշտական կատարումներով հանդես եկան նաև քաղաքի «Իմպրոռիթմ. արվեստի ակադեմիա» կրթօջախի սաները:
Գոհար ՄԿՐՏՉՅԱՆ