ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Ստեփան Ալաջաջյանի «Լուսե խորաններ և ատրուշաններ» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ընդգրկում է հուշագրությունների հինգ գրքերը՝ «Լուսավորյալ խորաններ», «…Եվ ատրուշաններ», «Ճամփեզրի վրա», «Վաթսունականք» և «Հորձանուտը»: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով գրողի կյանքի ու գրական գործունեության մասին, նշեց. «Ստեփան Ալաջաջյանը հրաշալի գրող էր թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում: Մինչև այսօր հետաքրքրությամբ է ընթերցվում նրա «Եղեգները չխոնարհվեցին» վեպը, և արդիական են նրա ուղերձները»:
Շնորհանդեսը վարող, բան. գիտ. թեկնածու Կարո Վարդանյանն իր խոսքում նշեց. «Գիրքը հուշագրություն կոչելը խիստ հարաբերական է. այն վեպ է՝ գրված Ստեփան Ալաջաջյանի պես առաջնակարգ արձակագրի կողմից, որն արդեն կյանքի մայրամուտում է՝ ահռելի փորձով, վիպասանության լայն շնչառությամբ»:
Բան. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Արծրուն Ավագյան. «Ալաջաջյանը մեր գրողների ոսկե փաղանգին պատկանող անձանցից մեկն է: Նրա մեջ խտացած են հայի բոլոր տեսակները. ծնվել էր որպես արևմտահայ, հետո դարձավ սփյուռքահայ, հետո դարձավ հայրենադարձ, այնուհետև՝ ամերիկահայ»:
Արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյան. «Ալաջաջյանը միակ հայ գրողն էր, որ արտագաղթեց, սակայն ավելի շատ մնաց Հայաստանում: Նա հրատարակում էր «Առագաստ» պարբերականը, որ ամեն ամիս լինում էր Հայաստանում և դրանով նաև սատարում հայ գրողներին»:
Ս. Ալաջաջյանի մասին հուշեր պատմեց արձակագիր Սեյրանուհի Գեղամյանը՝ խոսելով նրա մասին որպես հուշագրի. «Հուշագրությունը շատ կարևոր ժանր է: Ստեփան Ալաջաջյանի հուշագրությունները մեր ոսկե ֆոնդում են»:
Ելույթ ունեցան բան. գիտ. թեկնածու, դոցենտ Արմենուհի Մուրադյանը, բանաստեղծ Սերգեյ Վարոսյանը:
Գրողի դուստրը՝ Թերեզա Ալաջաջյանը, շնորհակալություն հայտնեց Գրողների միությանը շնորհանդեսի կազմակերպման համար: Նա խոսեց գրքի ու հրատարակչական աշխատանքների մասին և հետաքրքիր հուշեր պատմեց Ստեփան Ալաջաջյանի ու նրա ժամանակակից գրողների մասին:
Դերասաններ Ռուզաննա Հախնազարյանն ու Արամ Կոստանյանը ընթերցեցին հատվածներ Ստեփան Ալաջաջյանի ստեղծագործություններից:
Սեփ. լրտ.
