ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ժամանակակից գրողների հանդիպում «Արցախցին կարդում է» գրքարշավին մասնակից՝ Երևանի տարբեր դպրոցներում սովորող արցախցի աշակերտների հետ: «Մենք պիտի ստեղծագործենք, որպեսզի մեր սիրտը ուրախանա, առանց ոգեշնչման ոչինչ չի ստեղծվում»,- ողջույնի խոսքում նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ապա ներկայացրեց հանդիպմանը մասնակից գրողներին՝ Խաչիկ Մանուկյանին, Գուրգեն Խանջյանին, Շանթ Մկրտչյանին, Անաիդա Գաբրիելյանին, Սաթենիկ Ղազարյանին, Գոհար Գալստյանին, Հերմինե Ավագյանին, Ալիսա Բաղդասարյանին և Արմեն Ավոյին: Գուրգեն Խանջյանը պատմեց Արցախում դպրոցականների հետ իր հանդիպումների մասին՝ ասելով, որ «աշխարհը մեծ է, և աշխարհի մեծերը ավելի հաճախ անարդարացի են, քան արդարացի: Պիտի իմանալ, որ անարդարը գալու է, ու դու պիտի արդարությամբ հաղթես անարդարին»: ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը խորհուրդ տվեց արցախցի երեխաներին՝ պահել իրենց տեսակը, արցախյան բարբառը և ստեղծել ընկերական շրջապատ: Խաչիկ Մանուկյանը խոսեց հայրենասիրության, մշակութային ու հոգևոր արժեքների գերակայության մասին. «Ստեղծագործությունը շունչ է ու ոգի. այն պիտի զորեղ լինի, որ ապրեցնի: Համոզված եմ, որ գալու է հաղթության ժամանակը, ու դուք կերտելու եք հզոր հայրենիքը»: Գոհար Գալստյանը խոսեց Արցախ իր այցելությունների մասին: «Ցավը հաղթահարելիս է ուժ տալիս: Դուք հաղթահարած մարդիկ եք: Մենք միասնական Հայաստանի համար ենք պայքարում»,- նշեց նա: ՀԳՄ հրատարակչության տնօրեն Շանթ Մկրտչյանը խոսեց հրատարակչութան, գրքերի տպագրության, տարածման, ընթերցանության ու հայ գրականության իմացության, իսկ բանաստեղծուհի Ալիսա Բաղդասարյանը՝ արցախցի երեխաների ընթերցանության ծրագրի և դրա կարևորության մասին: Աշակերտներն արտասանեցին ներկա բանաստեղծների ստեղծագործություններից: Բանաստեղծներն ընթերցեցին իրենց ստեղծագործություններից ու պատասխանեցին աշակերտների հարցերին: Հանդիպման կազմակերպիչ «Մոնթե-Ավո» կրթամշակութային հ/կ-ի ներկայացուցիչ Անուշ Ղահրամանյանը Մոնթե Մելքոնյանի նկարը նվիրեց ՀԳՄ-ին:
ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Նոյեմբերի 5-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, թարգմանիչ Վահագն Գրիգորյանի հիշատակին նվիրված գրական հանդիսություն: Ներկաները հոտնկայս հարգեցին նրա հիշատակը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց Վահագն Գրիգորյանի կյանքի ու գրական գործունեության մասին՝ նշելով նաև հայ-լիտվական կապերի մեջ նրա ունեցած մեծ ներդրումը: «Վահագն Գրիգորյանը երիտասարդական տարիներից հայտնի էր իր գրքերով, իսկ «Գարուն» ամսագրում տպագրված նրա «Թագավորի փոքր որդին» վիպակը աղմկահարույց էր: Նրա ստեղծագործությունները պատմականության ու ներկայի հետաքրքիր շաղախ են»,- ասաց նա: Հանդիսությունը վարում էր գրականագետ, բ.գ.դ. Պետրոս Դեմիրճյանը: «Վահագն Գրիգորյանը ֆիզիկապես հեռացել է, բայց հոգեպես մեզ հետ է: Նրա ստեղծագործությունները մեր ավանդույթների մեջ մտած արժեքներ են: Նա քննում է ներկա-ապագա-անցյալ հարաբերակցությունը մարդու հոգեբանության մեջ»,- ասաց Պ. Դեմիրճյանը՝ խոսելով նաև Վահագն Գրիգորյանի ստեղծագործությունների շուրջ կայացած բանավեճերի ու գնահատանքի արժանանալու մասին: Արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը պատմեց Վահագն Գրիգորյանի մասին՝ սկսած մանկության ու երիտասարդության տարիներից, և զուգահեռներ անցկացրեց Մարսել Պրուստի և նրա մտածողության ու գրական ոճերի միջև: «Վահագնը հրաշալի աշխատում էր Լիտվայում և Երևան գալով՝ երկու տարվա հաճախականությամբ տպագրում իր գրքերը»,- նշեց նա: Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը խոսեց Վահագն Գրիգորյանի գրքերի մասին՝ կարևորելով հատկապես «Ժամանակի գետը» վեպն իր պատմական ընդգրկումով և ասելիքով՝ նրա գիրը համարելով մարգարեական: Արձակագիր Հովիկ Վարդումյանը խոսեց Վահագն Գրիգորյանի՝ երիտասարդ գրողներին օժանդակելու մասին՝ ասելով, որ նրա գործերը մնայուն են և հայ ժողովրդի համար կարևոր պատգամ ունեն:
Գրականագետ, բ.գ.թ. Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց «Անտարես» հրատարակչությունում Վահագն Գրիգորյանի գրքերի հրատարակման մասին՝ արժևորելով հատկապես նրա «Ադամամութ», «Ժամանակի գետը» և «Պողոս-Պետրոս» վեպերը: «Վահագն Գրիգորյանը մեր գրականության մեջ 2000-ականներին գաղափարական ներքին հեղափոխության հիմնադիրն է, հատկապես ազգային-հայրենասիրական խնդիրների արծարծման տեսանկյունից: Նրա գրքերն այնպիսի արժեքաբանական սանդղակի մեջ են, որ միշտ լինելու են մեր գրականության ընթացքի հետ»,- շեշտեց նա: Գրականագետ, բ.գ.դ. Ժենյա Քալանթարյանը հետաքրքիր ոճական ու թեմատիկ հատկանիշների վերլուծությամբ անդրադարձավ Վահագն Գրիգորյանի ստեղծագործություններին՝ նշելով, որ «նրա հուշարձանը իր գրքերն են»: Գրականագետ, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը նշեց, որ «Վահագն Գրիգորյանը մեծ ժառանգություն է թողել մեզ: Նրա գրքերում ազգային ինքնաճանաչման խորհուրդն է դրված. այն հնարավորություն է տալիս ազգին անցած ճանապարհը գիտակցել և հետագայում քիչ սխալներ ունենալ»:
Հանդիսության ընթացքում Գայանե Սամվելյանը հատվածներ ընթերցեց Վահագն Գրիգորյանի «Ակնթարթ» վիպակից: Վահագն Գրիգորյանի կյանքից հետաքրքիր դրվագներ պատմեց քույրը՝ Նվարդ Գրիգորյանը, որոնք ամբողջացնում էին նրա լուսավոր կերպարը՝ որպես մարդ և գրող:
Սեփ. լրտ.
