ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՏՄԱԿԱՆԸ
Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես եւ վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։ ՀՀՇ֊ի՝ նախկինը։ Ռամկավարի՝ դաշնակը։ Դաշնակի՝ հիմարը։ Դեպուտատի՝ օգտագործածը։ Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար։ Իսկ խոսնակի՝ Խոշորը։ Փոխխոսնակի՝ խուրդեն։
Վարչապետի՝ հաստը։ Արտգործնախարարի՝ ծալովին։ Ընդդիմադրի՝ փսլնքոտը։ Սոցիալիստի՝ Աշոտը։ Կոմունիստի՝ պահանջատերը։ Խմբագրի՝ քյարթուն։ Պուտանկի՝ մատղաշը։ Խաշի՝ թափանցիկը։ Իկեբանայի՝ ժինգալով հացը։ Վարկի՝ կորածը։ Ազգին չկպչենք։ Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ։ Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի — ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ։ Մի խոսքով՝ անբախտ։ Ավելի ստույգ՝ «բարոյական հաղթանակների» մեռած։ Մեռած-չթաղած։ Եւ այլն։
Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր (կամ՝ մեկը մյուսից ավելի բարձր), տուն պահողի աշխատավարձը՝ 40 հազար, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ, ու բոլորը՝ պատմական։ Նաեւ՝ ծովերից ծով։
Ընդհանրապես ասած, սովորական, սիքտիրչի ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում, բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, որի մասին ոչ միայն երգեր են երգում, այլեւ դեպքից դեպք պաշտպանում էլ են։ Նաեւ (որքան էլ տարօրինակ թվա) այնտեղ ապրում են։ Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր։ Հաստ է, թե բարակ։ Երկար է, թե կարճ։ Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգեւո՞ւմ է, թե՞ ոչ։ Պատմական թշնամի ունենալու բերկրանք պատճառո՞ւմ է, թե՞ չի պատճառում։ Եւ պատկերացրեք, առանց այդ «ազգային առանձնահատկությունների» անհրաժեշտության գիտակցության ապրում են անդարդ՝ իրենց մեծ ու փոքր տափա՜կ, կանաչ հարթավայրերում եւ դեգրադացվում՝ Ցեղասպանության ու Պահանջատիրության նման հոգին վեհացնող բաների բացակայության պատճառով։
Ճիշտ է, ամենքն էլ հոգու խորքում ուզում են մեկից ավելի Հայրենիք։ Նրանք էլ են հոգու խորքում ուզում մի քիչ ավելի լեն դաշտ, մի քիչ ավելի խոր գետ։ Բայց որովհետեւ բոլոր ժողովուրդներն են ուզում (բնականաբար, մեկը մյուսի հաշվին), եւ բոլորն են ուզում, ամենքը ստիպված յոլա են գնում եղածով, կինը՝ աստծո տված ամուսնու ներուժով, ամուսինը՝ իր կնոջ նաղդով։ Ձախ ու աջ շեղումներն էլ լինում են անհատական թուլությունների շրջանակներում, ոչ թե մերի նման ազգային-համազգային-մղձավանջային։ Համենայն դեպս, հրապարակային քննարկման առարկա չեն դարձնում մեծն ու փոքրը, հաստն ու բարակը, կանաչն ու ճլորածը։ Համենայն դեպս, ուստեն ի նշան բողոքի ընդդեմ պատմական, մարդակազմական անարդարության, պատին զարկելով չի ջարդում իր չաքուջը, ինչ է թե՝ ուրիշինի կոթը բռնելու ավելի հարմար է։
Ի դեպ, եթե բանը անարդարության հասավ, կարելի է նեղանալ սեփական հորից վերջին հաշվով։ Բայց չէ։ Խռովելը խռովել է, պետք է խռովել մասշտաբայնորեն։ Աշխարհացունց ընդվզումով։ Մինչեւ ինքնամզում։ Մինչեւ ինքնամսխում։ Մինչեւ քոքը։ Մահ կամ ազատություն։ Հառա՜ջ ի մահ։ Ով հետ՝ քամակը փետ։ Եւ այլն։
Լոռեցիք անհիմն շատն ու մեծը ուզողի, ուզվորի համար ազդեցիկ մի խոսք ունեն, թե՝ շատը գոմշի թրիքն է, իսկ մեծը՝ էշի։ Հասկացանք։ Խոսքը մեր մեջ, եթե հայրենիքում չես ապրում, ի՞նչ տարբերություն՝ դա մե՞ծ է, թե՞ փոքր։ Հա՞ստ է, թե՞ բարակ։ Պատմակա՞ն է, թե՞ ներկա։ Փոսո՞ւմ է, թե՞… Բայց սա մահկանացու հայաստանցու միտք է, այլ ոչ կենցաղային ու քաղաքական գողուբոզի, որի համար մեծը նշանակում է կուշտ ու անպատասխանատու։ Մի տեղ ապրում ես, մյուս տեղը գողանում ես, երրորդ տեղը թռցրածը թաքցնում ես, չորրորդ տեղը շնանում ես— էլ չեմ ասում բնածին ապուշության մասին։
Բայց պարզվում է, որ մենք՝ Հայաստանի պարզամիտ, անաղուհաց ժողովուրդս, հանդես ենք բերում պատմական կուրություն։ Չենք հասկանում, որ նրանք այդ մեզ համար են անում։ Մեզ համար են պահանջում մեծ Հայաստան։ Իրենց հազար տարի պետք չի՛։ Այդ՝ մեզ ու ազգի համար են իրենց ճղում։ Իրենց ո՛չ նախնիներն են ապրել այս հողում, ո՛չ իրենք են ապրում, ո՛չ էլ իրենց սերունդներն են ապրելու։ Այդ մեծ հայրենիքը, պարզվում է, նրանք ուզում են մեզ ու մեր երեխաների համար։ Իսկ մենք երկու ոտքներս դրել մի ոտնամանում ու գոռում ենք. «Չէ՜, մենք պուճուր Հայրենիք ենք ուզում»։
Ճիշտն ասած, մենք էլ ենք մեր հոգու խորքում մեծ Հայրենիք ուզում, ինչպես ամենայն կով, փորի թե մայրական բնազդով, ուզում է ավելի ընդարձակ մարգագետին։ Բայց ի տարբերություն մայրական-անասնական բնազդով ընդարձակ մարգագետին տենչացող կովի, ի տարբերություն հյութալի առվույտներում անտերությունից ու անվերահսկելիությունից կերկոխով պայթած (դաս չհանդիսացած) կովի, մենք չենք ուզում ազգովի դառնալ այն թերմաշը, որը, հենց կողքից մեկը գոչում է՝ «հրե՛ս խիարը», աղը առած վազում է՝ վրան ցանելու։ Իհարկե, գոնե մեկ անգամ կծելու հույսով։ Բայց ինչո՞ւ սկսեցինք ու վերջացրինք կանաչ խիարի պատմությամբ։ Չէ՞ որ խոսքը Հայրենիքի մասին էր լինելու։
ԿԻՐԱԿԻ
Մարիա՜մ…- կանչին պատասխան չկա:- Մարիա՞մ…- Ձայնը արձագանք չունի:- Մա՛-րի՛-ա՛մ:- Ինքն իրեն ամփոփում է ձայնը: Ոչ աղերսական է, որ գութ հարուցի, ոչ պահանջկոտ է, որ ջղայնացնի, ոչ էլ տիրական, որին տեր կանգնեն: Սակավաջուր ցայտաղբյուրի շիթի է նման, որը երբեմն վեր է նետվում շունչը պահածի արտաշնչումով ու կրկին փլվում… «Ե՛ս… ես կա՞մ… ոնց որ թե՝ կամ»:
Խորտկարանի դեմու դիմաց գրանիտե ցայտաղբյուրներ կան՝ բարձր ու ցածր, ծխախոտի տուփ և լուցկու տուփ իրար կողքի, ջուրը ցայտում է առանց ձայնի, և թվում է, թե անհամ է ջուրը: Համր են անգամ շատրվանները: Քսան-երեսուն քայլի վրա կարծես նայում ես հեռադիտակով: Տարածության և լսողության կապը խզվել է: Դրանց միջև պատ է բարձրանում ձայներից ծնված և նույն ձայները, ամեն առանձին, ինքնուրույն ձայն իր մեջ մեռցնող աղմուկի պատը, որ վեր է ելնում գիշերվա սառը, լռին ընդերքից, մարմին է առնում անընմբռնելի, ուժգնանում է արեգակի բարձրանալու հետ և ցերեկը մատնում խլության: Արևամուտից հետո փլվում է կամաց-կամաց, կեսգիշերին մոտ նորելուկ-մանուկ ձայներ են ծնվում դժոխային խլության կողից, ականջ շոյող զրնգոցով մի տեղ մուրճ են զարկում մետաղին, մի տեղ ճռինչով դարպաս են փակում՝ ասես ջութակը մենանվագով խույս է տալիս նվագախմբի հախուռն աղմուկից, հարևան բակում, Արևելքի ծուլության խորքից, նարդու քարերը շրխկում են 500 վտ. լամպի լույսի տակ, և տաղավարից տղամարդկանց ձայներ են լսվում, քնկոտ ձայներ, քնափախ ձայներ, անկողիններին կարոտած ձայներ, անկողինների թշնամի ձայներ… և, վերջիվերջո, անքուն, անպատկառ ոմն լակոտի ավտոմեքենայի վնգոցի ֆոնին վատ քուբ մտնողի ցնցումներով լռությունը տիրող է դառնում,- հարաբերական այդ լռության մեջ պուրակներում, մայթերի վրա ցայտաղբյուրները ծկլթում են լեռան աղբյուրի շատ հեռավոր նմանությամբ. պատից անդին երբեմն շենքը վերից վար կտրում, երկրի ընդերքն է վիժում շղթայազերծ կոյուղու ջուրը. երկաթուղային կայարանից բարձրախոսը քաղաքի վրա տարածում է քունը առած դիսպետչերի առույգ ձայնը՝ մտի չորրորդ գիծ, մտի չորրորդ գիծ… Դիմացի շենքի ութերորդ հարկում շենքի վերջին լույսը հանգավ, անջատիչի չխկոցը լսվեց, և քունը փախավ լսողության անմեղ պատրանքից:
Եվ ամբողջ գիշեր մի կերպարանք՝ դեռահասի ստինքներով, աչքերիդ միջով սրտիդ խորքը նայող աչքերով, վտիտ, սիրելի անառակի կերպարանքը մերթ հստակվում է մտապատկերում, մերթ դիմագծերը աղավաղվում են, ինչպես սիրո գերագույն պահին, մերթ էլ դեմքը չքանում է մղձավանջային տեսիլքներում… բրդե ներքնակը լցվում է սագի փետուրով, փետուրները կենդանանում են, թևբախում են շպշպոցով, ներքնակը հանկարծ կտրվում է մահճակալից, խուճապահար եղած սագերի ժղժոց է լսվում մի տեղից՝ ներքնակի մե՞ջ են, թե՞ գազօջախի տապակոցում… օ՜, տեր Աստված, մարդ կարողանար աչքերը բացել…
– Մարիա՞մ…
– Ի՞նչ Մարիամ…»:
Կինը այդ պահին մտածում էր. տեսնես այս մե՞կն էլ մուրացող կդառնա, թե՞ ինչ-որ մի բան (թեկուզ մահը) կփրկի նրան: Մի հիշողություն, որի մեջ ուժ կա, այդ տղամարդուց զգացած ուժի հիշողությունը մղկտում է այս մտքի վրա:
Բայց մուրացողության դուռը հասնելու օրինակներ Մարիամը գիտեր: Խորտկարանում իր աշխատելու երեսուն տարում մի տասնյակ մարդ մուրացող դառավ: Մուրացողների մի առանձին տեսակ են նրանք. նրանք չեն ուզում, բայց երբ տալիս են, դեմ չեն վերցնելուն: Մանավանդ՝ քչով բավարարվում են: Սկզբում նրանք խմում են բոլորի նման, հետո՝ ապառիկ, ապառիկ այնքա՜ն, որ գնալով ձրի է դառնում և փակում է ինքն իր ճամփան: Հետո նրանց հյուրասիրում են: Կամ թե նստում են մի բաժակ գինով, նստում են ցամաքած բաժակի առաջ և միայն տեսքով ակնկալում են հյուրասիրություն… Նրանց ճամփում են գաստրոնոմից օղի բերելու: Բերած օղու առաջին բաժակը բերողինն էր: Բացի դրանից, հինգանոցից 80 կոպեկը մնում էր իրենց: Հետո՝ 50-ը, երբ չորսուքսանանոց օղին վերացավ… Մանրադրամով գինի էին խմում՝ քաղցր գինի, որ խփի ձեռաց… Անկումից առաջ մանր-մունր ծառայություններ էին սրահում անում, ինչպես մոլեռանդ հավատացյալը իր եկեղեցում: Դրա դիմաց Մարիամը նրանց հյուրասիրում էր:
Եվ վերջանում էր մուրացկանությամբ:
Նա տեսել էր, ինչպես են մարդիկ մուրացող դառնում օրը օրի, բաժակ առ բաժակ, կոպե՜կ աո կոպեկ… Տեսնելը, սակայն, հասկանալ չէ, նրանց հանդեպ զզվանք էր զգում, լավագույն դեպքում՝ արհամարհում էր: Արհամարհանքից կարեկցանքին հանգելու համար և շատ բան էր պետք, և շատ բան պետք չէր՝ մի սթափ հայացք, որ ապրած կյանքի ընթացքը չափեր:
…Ընդամենը երեսունմեկ տարի առաջ ադջկան պարտքով փող էր հարկավոր: Հարկավոր էր մի տաք վերարկու, մի զույգ կոշիկ, որ անձրևաջուրը մեջը չլցվի, երկու ամսվա (ուշացրած) սենյակի վարձը, նաև հացի փող, որ հյուծվելուց անկողին չընկնի: Շաբաթական մանր պարտքերը ջլատել էին նրա հոգին: Այդ առօրյա նվաստացումից պրծնելու համար հարկավոր էր… վերարկուն հանած՝ ընդամենը մի զույգ կոշիկի, երկու ամսվա սենյակի վարձի, նաև հացի փող, որ ուզելու էր միանգամից և օտար մեկից: Անպայման օտար մեկից, որովհետև ազգականները շռայլ են լինում ամենավերջում, նրանց շռայլությունը պետք է գալիս թաղման ծախսերին:
Ամեն երեկո հավանական պարտատերերի ցուցակ էր կազմում: Գրում էր տասը-տասնհինգ անուն, հետո վերջից սկսում էր ջնջել… ջնջում էր ցուցակը ամբողջովին: Այնուամենայնիվ, մի քանի անուն վերականգնում էր: Եվ սպասում էր առավոտին, սպասում էր, որ պատահաբար նրանց հանդիպի: Եվ չէր հանդիպում: Երեկոյան նորացնում էր հին ցուցակը, սկսում էր վերջից ջնջել… պատճառաբանություններն այնքան շատ էին՝ ջնջում էր ցուցակը վարից վեր: Եվ ինչպես երեկ, մի քանի անուն վերականգնում էր: Լավատեսությա՞ն, թե՞ հուսալքման պահերին էր դա:
Գիշերը հեշտ էր: Անկարեկից ցերեկվա դեմքը սքողված էր, կես քուն-կես արթուն թմբիրի մեջ աշխարհը թվում էր բարության հովիտ, այնպիսին, ինչպիսին 16 տարեկանում մեզ թվում է, թե կդարձնենք, եթե ամենքս մի՜ քիչ ջանք թափենք, եթե ինքներս լինենք կարեկից:
Հուսահատության շաբաթ եղավ, երբ հի՜նգ հոգուց անհրաժեշտի կեսը խնդրեց՝ հինգն էլ մերժեցին: Հետաձգելով, հուսադրելով, բացատրելով… Նրանք իրենք էլ, հասկանում ես, կարիքի մեջ են, նեղն են էս պահին: Եվ Մարիամը հասկացավ նրանց, նրանց նեղությունը 50, 500, 5000 ռուբլի չունենալն էր, իրենը՝ 5: Յուրաքանչյուրը իր չափով նեղության մեջ է:
Աղջիկը դեպի կամուրջը գնաց:
Թանձր, կուրացնող ձյուն էր գալիս: Օդը սառն էր, գետինը սառն էր, ինքը սառն էր ոտից գլուխ… «տղամարդիկ»- մտքով անցավ: Նրանք չէին մերժի: Նրանք կտային անվերադարձ… անվերադարձ-որոշակի ակնկալիքով… Բայց այդ տարիքում, երբ սերը ամեն բացվող օրվա հետ սպասվում է, ամենաթանկը գրավ չեն դնում: Գրավ չդրեց: Դա ուրիշ կյանք էր: Օտար կյանք էր: Օտար, անհեթեթ, անբնական էր անցորդների աճապարանքը, լուսամուտներից շողացող լույսը, ազդագիրը, որ չորս օր հետո ապրողներին հրավիրում էր ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ այլերկրացի կիթառահարի մենահամերգին… Մթնում էր կամաց: Տեսադաշտը նվազում էր, ավտոմեքենաները ձեռք էին բերել կենդանու բնազդ, բնությունը թելադրում էր հնազանդություն, ձուլում էր իրեն գույն, ծավալ, շարժում, կամրջի ծայրը չէր երևում, բազրիքը բարձր էր, երևի՝ սառը, բազրիքին նստած ձյունը ձգվում էր՝ սպիտակ ու անկենդան գիծ, եթե ձեռք տար, բիծ էր մնալու, եթե մի կտրուկ շարժում աներ, մի տգեղ բան էր կատարվելու բնության մամլող անդորրության դեմ… Քայլում էր անկամ, ինչպես շնչում էր, կամքը մարմնից բաժանված էր. և կյանքը չարժեր մի կտրուկ շարժման: Ոչ կյանքը արժեր, ոչ մահը արժեր: Թվում էր, թե անխուսափելին պիտի կատարվի ինքն իրեն, երկինքը պիտի փաթիլ առ փաթիլ երկրին իջնի, մարմինը պիտի ընդարմանա, թերթերունքները սառցակալեն, շունչը պաղի, և երանելի խավարը պատի իր բաժին կյանքին:
…Երբ հինգ հոգի նրան մերժհցին, աղջիկը ճաշակեց նվաստացման ողջ դառնությունը: Տարիներ հետո այդ հիշելով, հարյո՛ւրերորդ անգամ հիշելով՝ նա հասկացավ՝ ինչպես են մարդիկ մուրացող դառնում: Նրանք խնդրում են մեկից, երկուսից, նույնիսկ երրորդից, հետո դարձյալ այդ նույն երեքից, հետո խնդրում են նաև նրանցից, ովքեր պարզ չէ՝ կտա՞ն, թե՞ չեն տա: Ի վերջո, նրանք՝ ողորմողները-չողորմողները, դառնում են մի դեմք: Առ-առավելն՝ երկու տարբեր դեմք, մեկը տալիս է, մյուսը չի տալիս:
Տղա ու աղջիկ մոտեցան ցայտաղբյուրին, խոնարհվեցին շիթերի վրա. խմելը խաղ էր՝ այդ դիրքով երկար մնացին, գլուխները բարձրացրին միանգամից, պինդ համբուրվելուց կտրվելու պես, և ծիծաղեցին… Եվ ահա ուժի հիշողությունը, որ խփեց մարմնին որպես թույլ հոսանք, անցավ հողին, և հետքը չկա: Եվ չկա դեմքը: Այս երկրորդ դեմքը՝ տարիների խարանը վրան, խանգարում է: Ստացվում է մի դեմք, մի դիմակ: Մի դիմակ և դեմք… «Բայց եթե նա իմ կողքին ապրեր…»- մտածեց կինը: Եթե տղամարդն իր կողքին ապրեր, մտածում էր, ջահելությունը քիչ-քիչ կձուլվեր կնճիռների մեջ, և ծերությունը անակնկալ չէր խփի սրտին: Եվ չէր լինի երկու տարբեր դեմք: Կամ դեմք ու դիմակ: Մեր ծնողները մեզ համար միշտ այնպես են եղել, ինչպես հիմա կան: Լուսանկարները գժվացնում են մեզ, խառնում են իրար ներկա ու անցյալ, խաղ են խաղում մեր պարզունակ հոգիների հետ, և մեզ թվում է՝ կյանքը անմիտ է, մահն՝ անբնական… Ախ, մեզ ստեղծող, թող այնպես լիներ, որ մարդ աշխարհ գար տկար ու զառամ, հետո շտկվեր աստիճանաբար, աստիճանաբար ողերը լցվեին կենարար հյութով, անոթները մաքրվեին տարի առ տարի, մաշկը գույն առներ ու գվարթանար, խելքը ծաղկեր մարմնին զուգահեռ, և այդպես գնար դեպի մանկություն… Ամենավերջում կաթի բույր գար թափանցիկ մաշկից, ուղեղը սրբվեր իմացածից, ծառը մնար ծառ, որ անուն չունի, քարը մնար քար, քամին փչեր ինքը իր համար, ջուրը հոսեր ինքնանպատակ, բանականության վերջին ծվենը լուծվեր եթերում, և մեր թիկունքին թևեր բուսնեին առանց ցավի:
Լռություն կա, որ ոչ մի բանից չի սասանվի, ո՛չ շոգեքարշի անդուր շչակից, ո՛չ ընկած ջահի փշրվելուց, ո՛չ ավտոմեքենաների բախումը կանխող արգելակների մահասարսուռ ճռնչոցից, բայց կենտ մի բառը կհարամի ափսեդ ընկած զեռունի նման: Մի բառը մարդուն կանի դիվահար… Երբ տղամարդը կրկնակի հազաց (այդպես հազում են հասարակաց մութ զուգարանի բաժանմունքներին մոտենալիս կամ երբ վեհերոտ պատրաստվում են խոսք բանալու), Մարիամը հապճեպ շիշը բացեց, տարավ դրեց սեղանի վրա և այդ ընթացքում, որը տևեց հազիվ մի րոպե, տագնապի մեջ էր՝ հիմա կխոսի…
– Մարիամ, էն երեխին երազում տեսա:
«Մանուկ, ի՞ի՜նչ ես ինձանից ուզում»… Իսկապես, ի՞նչ ես նրանից ուզում, ոչ տղեն ես դու, ոչ աղջիկն է նա, վաղուց կարդացած՝ քիչ հիշվող գիրք է. մի տղա ու մի աղջիկ են եղել, աղջիկը՝ սիրուն, տղեն՝ բոյով, տղեն ասել է՝ ուզո՞ւմ ես, Մարիամ, ինձ նման բոյով, քեզ նման սիրուն աղջիկ ունենանք… Աղջիկը սիրել ու ծիծաղել է: Տղեն ասել է՝ եթե տղամարդը մի կնոջից ուզում է աղջիկ-երեխա ունենալ, դրանից վեր սե՜ր չկա, Մարիամ… Աղջիկը ծիծաղել ու սիրել է… վաղուց կարդացած՝ քիչ հիշվող գիրք է… Հիմա եկել ու երեսուն տարվա բորբոսը կերած պատմությունը հետ ես թերթում… ու թերթերը մնում են ձեռիդ: Դու գերեզմանից աճյունը հանում, մեկ էլ ես թաղում… Պատրանք չես թողնում անմահության…
Այդ տարի ձմեռը ո՜նց երկարեց… Ձյունը դառել էր աղքատին պատանք: Կամրջի ծայրը չէր երևում, բազրիքը բարձր էր, երևի՝ սառը, կյանքի ու մահվան սահմանը չէր պատկերացրել, թե կլինի այդ աստիճան կոպիտ ու վանող, եթե իր մեջ կյանք չէր մնացել, եղածը մահ էր, եթե մահ էր, պիտի աճեր, ուռչեր ինքն իր մեջ և թարախակալ վերքի նման անցավ բացվեր… Ձյունը գալիս էր մարմանդ ու թանձր, կարծես ձմեռը գարնան վրայով, ամռան վրայով, աշնա՜ն վրայով ձուլվելու էր եկող ձմռանը, և հորիզոնին հույսի մի ափ պատուհան չկար: Ինչ-որ մեկը բռնեց թևը, ու կյանքը չարժեր մի կտրուկ շարժման: Կարծես դա այն էր՝ անխուսափելին, որ կատարվելու էր ինքը իրեն: Զգուշորեն թևը քաշեցին, և տեղի տվեց: Ինքը մնաց, թևը տարան, վերարկուն հագից ելավ գնաց, ինքը մնաց կամրջի վրա՝ մատաղի գառ ձմռան Աստծուն:
Ավտոմեքենան քաղաքից մի կերպ դուրս էր եկել և սլանում էր ինչ-որ ուղղությամբ: Լույսը կորչում էր փաթիլների մեջ, ընթանում էին մութ բեմի վրա լուսարձակի կլոր շողքի մեջ պարավազք անող պարուհու նման, որը երբեմն թվում էր, թե դուրս կընկնի շողքից, գլուխը կտա մի պատի: Ավտոմեքենան մոտենում ու չէր հասնում ձյան գորշ պատին, պատը փախչում էր հալածական, բայց մի ակնթարթ հնարավոր էր, որ անշարժանար: Մի ակնթարթում կծեփվեին հողմապակուն ծեփվող-շպրտվոդ կաթիլի նման:
Տղամարդը կպել էր ղեկին, հայացքը մեխել էր ճանապարհին, ասես ոչ թե մեքենան էր ենթարկում իրեն, այլ ճանապարհի հազիվ նշմարվող ժապավենը, որ գալար-գալար փռվում էր անիվների տակ՝ ավտոմեքենան որ կողմ էլ ծռեր: Բայց թե՛ վարորդը, թե՛ ճանապարհը կհոգնեին: Ճանապարհը միայն մի պահ չէր հասցնի ավտոմեքենայի ընթացքը բռնել… և առանց ջանքի, ինքը իրեն անխուսափելին կկատարվեր: Բայց նա մենակ չէր: Հուսահատությունը անբասիր է մենակության մեջ: Հուսահատության մռայլ, սառցեղեն վսեմությունը հալչում էր կամաց ուրիշ մեկի շնչառությունից… Ծամերին նստած ձյունը ջուր ղառավ, աոաջին կաթիլը ընկավ ծոծրակին՝ ծոծրակը պաղ էր, ողնաշարի երկայնքով վազեց, և մի ջղային հեկեկոց բռնեց նրա մարմինը, որը հանդարտվեց այն ժամանակ, երբ վերջին կաթիլ արցունքը քամեց: Ավտոմեքենան քաղաք էր դառնում զգույշ ընթացքով: Վարորդը ջարդված, բայց գոհ տեսք ուներ: Նա հնարամիտ ու խիզախ մարդ էր: Եվ հոգատար էր: Համբերատար էր անհավատալի, բայց թե հետո ինչ էր քաշելու՝ այդ չգիտեր: Կամրջի վրա գտած մարմինը շնչի բերելը միայն սկիզբն էր: Նա, ընտանիքի տեր լինելով, մի քանի ամիս հիվանդանոցից դեղատներ, դեղատներից հիվանդանոց ճանապարհները չափեց-չափչփեց, աղջկա համար նոր սենյակ վարձեց, որ խոնավ չէր և առանձին ելումուտ ուներ, լավ վարձատրվող գործ գլուխ բերեց, նրա ընկճված մարմնին ու հոգուն կանացիություն վերադարձնելու տանջանքը կրեց… և վարձատրվեց տարիներ տևած հավատարմությամբ:
Ձմեռն անցկացրեց հիվանդանոցում. գարունը «եզան լեզվի» նման նստեց վերքին, լուսամուտների վարագույրները արդեն քաշում էին արևի դեմ, մինչև նոր ձմեռ ահագին կյանք կար, և Մարիամը վերստին կին էր: Եվ երբ նա վերստին կին էր, անխուսափելին այլ կերպարանք ուներ: Ինքնարդարացումը կամ հույսն այն էր, թե տղամարդուն վերադարձնելով իր գտած գանձը՝ հետ կստանա ինքը իրեն: Անխուսափելին անկողինն էր, եթե շուտ մտներ, շուտ էլ կելներ… Բայց խրվեց մնաց: Ուշ առավոտի անկողին եղավ, երբ ոչ կարգին կարողանում ես քնից արթնանալ, ոչ կարողանում ես նորից քուն մտնել: Դա գերությո՞ւն էր՝ գերություն չէր: Սիրո նման չէր: Մարմինների ընտելություն էր, ամենավերջում՝ մարմնի պատիժ:
Հետո դու եկար, ու նա իմացավ ո՜նց են սրտով մարմինը սիրում: Նա հասկացավ, թե ինչն է կանանց առնականության քարին ուխտ տանում: Բայց ինքն իրեն չէր պատկանում: Իր փրկված կյանքը սեփական աչքին քիչ արժեք ուներ, որ երախտագիտությունը ոտները կապեր, բայց թույլ էր կամքը: Թե՞ մենակության պտուղն էր դառը: Եվ նա ուրիշից ինը գիշեր իրեն գողացավ, քո ոտքը բերեց, և ինը օրը թագն ու պսակը եղավ իր կյանքի… Իսկ դու եկել ու երեսուն տարվա բորբոսը կերած պատմությունը թերթել ես տալիս… ու թերթերը մնում են ձեռքիդ… «Դու ինձանից խլում ես ուժի հիշողությունը, ոտնահարում ես թագ ու պսակի ինը օրը աղետի նման գլխիս իջած քո ծերությունով, ու իմ կյանքից ինձ բան չի մնում անառակությունից, կեղտից բացի»…
Պատահեց, որ մի օր կեսօրին նա արթնացավ մինչև լույս տևած գինարբուքի սեղանի եզրին գլուխը դրած, մի քանի մարմին մեկնված էին որտեղ պատահի, որձկացել էին լվացարանում, թթված գինու, օղու, կոնյակի, մոխրամանների խառը հոտից նրա սիրտը բերանն էր հասնում,- և դա իր կյանքի խտացումն էր: Այդ կյանքն սկսվեց արբունքի հաջորդ օրվա հեշտանքով, երբ թանձր է միտքդ, թանձրությունը քաղցր է, ինչպես սարքովի մեղր, և անբանական զմայլանք կա ամեն ինչում… (հավատարմությունը ինչքան տևական ու մոլեգին էր, ազատագրությունը բազմապատիկ սանձարձակ եղավ): Այն ժամանակ կնոջը թվաց, որ եթե երկրորդ տղամարդը՝ իր կամեցածը, այդքան քաղցր է, երրորդը պիտի սիրո տոն լինի, չորրորդը պիտի… կամ հինգերորդը… Բայց հիմա գիտեր, ծնվում, մեռնում և մինուճարին հանդիպում են միայն մեկ անգամ: Այլևս գիտեր, որ տղամարդը հագնելիք չէ՝ վրադ փորձես, այլաշխարհիկ պտուղ չէ, որի քաղցրն ու դառը համտեսով ջոկես: Քաղցրը քիչ է: Քաղցրը բախտն է: Իսկ եթե երկուսն էլ մի հաշիվ են՝ կամ կորցրել ես բերանիդ համը, կամ անհամությունը մեջդ է եղել:
Հետմիջօրեն՝ ողնաշարը կոտրած սողուն, քարշ էր գալիս շոգի, փոշու մեջ ու չէր հասնում հանգրվանին: Կինոթատրոնի շենքի ճակատի ջերմաչափը ցույց էր տալիս՝ 37: Ոչ ավելանում, ոչ պակասում էր… Անսպասելի մի բարալիկ քաչքաքամի ցայտաղբյուրներից դենը ծառացավ, ուսով հրեց մի տղամարդու, եղրևանու փոշին կուլ տվեց, պորտապարով արագ հասավ ցայտաղբյուրներին՝ ջրի շիթերը ցայլցլտալով մի երկվայրկյան իրար առան, ապա սրընթաց ուղիղ դեպի դուռը եկավ, զարնվեց քիվին՝ երկու կես եղավ, վերին մասը համբարձվեց երկինք, ստորինը փուլ եկավ շեմին, և մի թույլ հոսանք վարագույրները տարուբերեց, մի բուռ փոշի շաղվեց հատակին, և լրագրի մի պատառ կպավ դռան մոտի սեղանի ոտին:
Հանքային ջրի բաժակը ձեռին՝ կինը սառել էր: Հետո շունչը ետ բերեց բեկ-բեկ, ձեռքը արմունկից պոկվեց ընկավ վաճառասեղանին:
«Էդ նրանից է, որ հաճախորդ չունեմ,- մտածեց կինը:- Նրանից է, որ հաճախորդ չունեմ»: Ոչ թե կրկնում էր միևնույն միտքը, այլ մի անգամ ձևակերպվածը երկարում, հոսում-շարունակվում էր. ինչպես լույսի շող՝ «նրանից է, որ հաճախորդ չունեմ…»:
Մինչդեռ կիրակին կեսօրից հետո բնակարաններից դուրս շպրտեց ձանձրույթից մեռնող տղամարդկանց, նրանք քայլեցին փողոցներով, պուրակներում հապաղեցին, կինոթատրոնների կողքով անցան, թանգարանները շրջանցեցին, մտան Մարիամի խորտկարանը, և կինը գտավ իր անելիքը, և շեղված օրը գլորվեց գնաց դեպի մայրամուտ:
Երեկոյան յոթից հետո թե՛ ձայներն էին խուլ ու խառնակ, թե՛ ծավալներն ու մակերեսներն էին նշմարվում աղոտ, ներդաշնակության գրեթե նման թմբիր էր բերել երեք շիշ գինին… և դեռահասի ստինքներով, աչքերիդ միջով սրտիդ խորքը նայող աչքերով վտիտ, սիրելի անառակի կերպարանքը հառել էր պատին, և սիրո շնչում տարրալուծված անձևշուրթերը ժամանակի խլության դեմ շշնջում էին նրա անունը վաղորդայնի առաջին ձայնի հստակությամբ:
