Յուրաքանչյուրն իր ժամանակն ունի / Սամվել ԿՈՍՅԱՆ

Հարյուրավոր  ածականների

և  հարյուրավոր հոմանիշների բառերի մեջ,

եթե կարող ես` գտիր ինձ,

միայն թե

գտածդ իրական լինի…

 

 

…

Երբ հեռացար, Լիլի,   երբ   հեռացար,

Առանց քեզ աշխարհը տխրեց, Լիլի,

Ոնց եմ ուզում ամպերի հետ   ոռնալ,

Ու որ անձրևը թափվի   էլի՛, էլի՛, էլի՛…

Չպիտի անեիր, Լիլի, չհեռանայիր`

Այդքան անսիրտ չլինեիր, անհոգ այդպես,

Կանգնիր մի պահ ու ետ նայիր,

Գուցե տեսնես ինձ, գուցե ես՝ քեզ:

Չպիտի անեիր, Լիլի՛, Լիլի՛, Լիլի՛,

Որ աշխարհը չդառնար այսքան խեղճ,

Հիմա ո՞վ եմ՝ ու միմո՞ս ծիծաղելի,

Որ քեզ չի գտնում անգամ իր մեջ:

…………………………………………..

…………………………………………..

Անձրևը շարունակվում է՝ կրկնելով

Լիլի՛…  Լիլի՛… Լիլի՛… այսինքն՝ վերջ:

 

 

…

Ուզում են՝ ծնկի իջնեմ ճակատագրի   առջև`

ուրիշի ճակատագրի, իմը գնդակահարվել

կամ մնացել է ատելության  փլատակների տակ…

հիմարներ՝ ասում եմ անձայն, որ չլսեն,

ինչ ուրիշի սեր, ինչ ուրիշի երկիր, ուրիշի բանակ,

ուրիշի երազ, ուրիշի ապագա, ուրիշի կյանք,

ուրիշի նահանջ, ուրիշի աղոթք, ուրիշի անուն,

ուրիշի մորմոք, ուրիշի ցավ ու խելագարություն,

ուրիշի, ուրիշի, ուրիշի,

հիմարներ՝ բղավում եմ  այնպես,  որ լսեն,

ոնց էլ  զոռեք, ուրիշը  արյանս հոմանիշը չի`

իմը չի…

 

…

Չարությունը   չի   երևում, տեսանելի չէ,

բայց ցավոտ է հպումը,

«Ռեքվիեմ» օրաթերթը հաստատում է, որ ցավոտ է`

Ճահիճ է, որ ընդերքում

խորտակում է գազան ու մարդ

և մոլորակի ճգնաժամերին

ավելի է գարշահոտում՝

վերածվելով համաճարակի.

«Ռեքվիեմ» թերթը զգուշացնում է`

վարակի բուժումն առայժմ  չի գտնվել

ու հավանաբար շուտ էլ չլինի…

 

…

Ի՜նչ անեռատեսություն,

որ սիրտդ ձախից աջ է տեղափոխվել,

որ հույզերի երաշտից

երևակայությունդ ճաքել,

փորձում է կասկածների ստվերները

ճաքերի մեջ տեղավորել…

ի՜նչ անհեռատեսություն,

տառապել ու հաշվել՝

ժամանակի քանի՛ կոշիկ ես մաշել՝

չիմանալով,

որ կյանքը դռանդ չոքել,

եկող օրերի վարձն է ուզում,

հիմա ինչի՞ սպասել,

երբ ժամանակի գետում

բախտիդ ուռկանը

միայն տիղմով է  լեցուն…

 

 

…

Յուրաքանչյուրն իր ժամանակն ունի,

և յուրաքանչյուր ժամանակ իր դեմքն ունի`

ինչը հայելու մեջ  է.

ժամանակի շարժումը տեսանելի,

որի սկիզբը տիեզերքում է,

վերջը հանգրվանում է հողում,

իսկ կյանքը շարունակվում է

և յուրաքանչյուրի  ժամանակը հայելու մեջ

դեմքի պես կճռոտվում, գունատվում է,

անհետանում է դեմքի հետ էլ

և անկարելի է՝ ժամանակը ուրիշները լինել,

հայելու մեջ դեմքն է  ուրիշի,

և ուրիշն էլ է արդեն հայելին…

 

…

Պարոնայք ջենթլմեններ, եթե իհարկե

շարունակում եք ջենթլմեններ մնալ

և չեք կորցրել ձեր նշանակությունը,

ով գիտի՝  որտեղ և ինչ է անում արդարությունը,

վերջին անգամ  ով է նրան տեսել…

– Կասեմ, միայն  չբարձրաձայնեք  անունս,

չէի ուզի կյանքս վտանգել,

տեսել եմ երազում՝ փլատակների վրա,

գոռում էր, ասում  էր՝ ուզում է   ապրել,

միայն թե  առավոտյան

չհիշեցի՝ էլի ինչեր  էր ասում,

ինչ ավերակներ էին, ու ինքն ինչ տեսք ուներ…

 

…

Գնացքի անիվները երգում են,

անընդհատ երգում են`

դեպի ուր, դեպի ուր, դեպի ուր.

արշալույսի կարմիրի մեջ հայտնվում են

եկող օրվա ոտնահետքերը`

մինչև ուր, մինչև ուր, մինչև  ուր.

անտանելի է, երբ կյանքը արյունակից չէ,

այլ հեռու աշխարհից  եկած հյուր`

այսպես ուր, այսպես ուր, այսպես ուր…

 

…

Անհավատալի է, դու՝ և ծեր,

մի՞թե հրեշտակն էլ կարող է  ծերանալ,

դեմքիդ

սիրո նշանները դարձել  են  խրամատներ,

որոնցում հուշերդ թաքնվել,

ուզում են մարմնիդ նահանջից պաշտպանել…

 

 

ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄ

Փոթորիկը խոնարհել էր ծառին,

թվում էր՝ փոթորիկը չէ,

ծառն ինքն է ճկվել՝

հավաքելու թափված պտուղները,

ճյուղերը չեն հասնում գետնին,

ծառը ճկվում է էլ ավելի,

ավելի ու էլ ավելի,

ինչին չի դիմանում բունը,

և ծառը տապալվեց…

Սա նշանակում է երևի,

որ ինչ-որ  տեղ

նորից մի նավ խորտակվեց:

 

…

Երկնքի  անսահմանությունը

թռչնի  գոյությունն է,

եթե չգիտի՝ ինչն է սկիզբը

ու մանավանդ՝ ինչն է վերջը,

որ կապույտից բացի

չգիտի՝ ինչ է գույնը

 

…

Ծափահարություններ,

իմ ինչին են ծափահարությունները`

ում է հետաքրքիր,

ով էր ծափահարությունների տերը`

և հիմա, և վաղը,

հուսահատ հոգիներում

ծափահարություններից չի ավելանա սերը,

և հիմա և վաղը,

դադարեցրեք,

դադարեցրեք ծափահարությունները,

տանջանք է չկայացած  երազների բեռը`

և հիմա և վաղը…

 

…

Ամառ,

շոգը՝ հսկա ճամպրուկ,

ամեն ինչ փակել է իր մեջ,

ինձ ջուր մի տվեք,

այլ   գինի,

գուցե գինին

ներսիցդ մռայլը մաքրի…

մահն էլ   սովորույթին հավատարիմ

կարող է հայտնվել`

անժամանակ ու անհարկի:

Իրոք մռայլ է,

շոգն էլ հալեցրել է հնչյունները  բոլոր

թե չգիտես՝ ում  ու դեռ չծնված  երգի…

 

…

Ինձ սպանողի դեմքը

համարյա չի փոխվում,

անհնար է հաշվել՝

քանի  անգամ է  արդեն  սպանել,

հարություն եմ առնում,

ինքը սպանում է,

ես հարություն եմ առնում,

բայց  չեմ հասցնում ապրել,

սպանում է,

ես հարություն եմ   առնում,

մի՞թե  անհրաժեշտություն է

ամեն հարությունից հետո

սպանելը…

 

…

Անծանոթ հրեշտակ էր,

ասաց՝ կարող եմ

թևերս ժամանակավոր տրամադրել,

բարձրացիր,

քեզ հետաքրքիր կլինի

աշխարհին վերևից նայելը,

չի լինի, ասում եմ, վտանգավոր է,

անհամար անօդաչուներ, հրթիռներ,

կործանիչներ գրավել են վերևը,

զարմանալի է,  դու  ոնց ես  անվնաս

իջել գետնին,

երբ հնարավոր չի  թվում

քո նորից երկինք վերադառնալը:

 

…

Ետ ու առաջ, աջ ու ձախ

մոլորակի չորս կողմում էլ

կարմիր, դեղին, սև ու սպիտակ

ռասայի նկարիչները

նկարում են

վերջին սպանողի դիմանկարը,

հազարամյակներով նկարում են

ետ ու առաջ, աջ  ու ձախ

և ոչ մի կողմերում էլ

չի հաջողվել ավարտել

վերջին սպանողի դիմանկարը…

 

…

Աշուն, օտարացել ես,

երկրիդ վառ գույները փոխվել են խակի,

և անորոշության ոտնահետքերն

ամենուր են,

նուրբ անուրջներիդ պաստառին,

որ ավելանում են, հետքերն ավելանում են`

առավոտյան, կեսօրին և երեկոյան…

հիմա անձրևներդ չեն  մաքրում,

այլ ջնջում են ապագայի պատկերները…

քամիները մոռացել են

պարելու տերևների հրաժեշտի  պարը,

փոխարենը տագնապներն ես

դռների առաջ ինքնամոռաց կուտակում,

որ ավելանում են, տագնապներն ավելանում են`

առավոտյան, կեսօրին և երեկոյան…

 

…

Հարևանս` ծեր, տկար,

տնքտնքալով մոտեցավ՝ ասելով.

ով ասի՝ երջանիկ  ծերություն,

ես այդ  ասողի,  դրա մայրիկը…

Վայելքի բոլոր դռները փակ են,

ինչքան բղավես ու բախես,

բացողն ով է լինելու,

հետո իմացա՝ բաց  դուռ է տեսել,

մտել է ներս ու անհետացել է…

Հիշեցի` փոքր էի, ոնց էի  ուզում,

երազում էի շուտ մեծանալ…