Վախճանվեց գրող ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆԸ

Մի մարդ էլ գնաց… գրող մարդ, արարող, իր խոնարհ տեսակի մեջ ըմբոստ, ընդվզող… ընկեր, բարեկամ, հարազատ, մտերիմ մարդ…

1947-ին է ծնվել, Երևանում: Երևանում դպրոց է հաճախել, Երևանում էլ ավարտել բարձրագույնը:

1979-1981 թթ. աշխատել է ՀԳՄ գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյում` որպես տնօրենի տեղակալ:

1982-1995 թթ.՝ «Գրական թերթ»-ի պոեզիայի բաժնի վարիչ:

1995-2003 թթ. ծառայել է Հայաստանի Զինված ուժերում:

2005-2012 թթ. եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր: Այնուհետև՝ գրական աշխատող:

Սամվել Կոսյանի պիեսները բեմադրվել են Հայաստանում, Իրանում, ԱՄՆ-ում:

2000 թ. Իրանում՝ միջազգային թատերական փառատոնում, նրա «Գուցե փրկվենք» պիեսն արժանացել է «Գրան պրի»-ի:

«Արտավազդ» թատերական մրցանակի դափնեկիր է:

Արժանացել է ՀԳՄ Ս. Զորյանի, Շանթի, Ավ. Իսահակյանի անվան մրցանակների:

Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Ս. Կոսյանի գործերը թարգմանվել են գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, պարսկերեն և այլ լեզուներով:

Առաջին՝ «Գույներ» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1976 թվականին, վերջինը՝  «Ջութակի նվագակցությամբ» պիեսների գիրքը (պարսկերեն)՝ 2018-ին: Առաջինից մինչև վերջինը՝ 21 գիրք և թարգմանությունների չորս ժողովածու:

Ցավակցում ենք հարազատներին, մտերիմներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչել են Սամվել Կոսյանին, ովքեր վայելել են նրա ստեղծագործությունների ջերմությունը, ովքեր նրա հետ ճանապարհ են անցել:

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈԳԵՇՈՒՆՉ ՕԴՈՎ

Սամվել Կոսյան բանաստեղծին ճանաչել եմ համալսարանի միջանցքներից, գրական ստուդիայից: Նրա հետ մտերմանալը շատ անսպասելի և անկաշկանդ էր: Երբեք չեմ զգացել իմ ու նրա տարիքային տարբերությունը, երբ նա ավարտական կուրսում էր, ես` առաջին: Բանաստեղծություններին ծանոթ էի «Գարուն» ամսագրում տպագրված շարքերից: Պարզ, պատմողական, սրամիտ անցումներով բանաստեղծություններ` սրտամոտ և անկեղծ, իհարկե, անկեղծությունն էլ այնքանով, որ անձնական տվայտանքներն ու հույզերը չէր փաթաթում ընթերցողի պարանոցին: Ինձ միշտ թվացել է, թե Կոսյանը առաջին հերթին իր համար է գրում և վերջին հերթին՝ էլի իր համար, իսկ միջակայքում ով ուզում է կարդա` Աստված իր հետ, երբեք չի սպասել գովաբանական խոսքերի կամ վերլուծական հոդվածների, այդ ամենը կարծես սահել է նրա վրայով: Տարիների ապրումները, նպատակները, բանաստեղծական ըմբռնումներն ամփոփված են նրա՝ իր 70-ամյակին նվիրված 70 տողերում և համապատասխանաբար` 75-ամյակին նվիրված 75 տողերում, որոնք  ավելի խորը, ավելի մարդկային, բանաստեղծական ինքնաներկայացում և ինքնավերլուծություն են, քան որևէ գովասանական խոսք կամ դրական գրախոսություն: Իր սերնդի և՛ ներսում էր, և՛ դրսում: Բանաստեղծ կոչվելու որևէ կեցվածք չի ընդունել, թեև նրա բանաստեղծությունները` «Գույներ» առաջին ժողովածուից մինչև «Բառը հենարան չէ այլևս» ժողովածուն, մաքուր, պարզ և մտածողության շերտերը մղող էներգետիկա ունեն: Եվ այդ շրջանակում են տեղավորվում հայոց կյանքի, պատմության, ապագայի ոգորումներն ու սպասումները: Բնականորեն արժանացել է գրական բարձր մրցանակների, թարգմանվել աշխարհի տարբեր լեզուներով: Նրա հետ ապրելը, ընկեր և գրչեղբայր լինելը մշտապես ուղեկցվում էր հումորի ու թափանցիկության ոգեշունչ օդով:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

 

Ե՞րբ էր՝ երկու շաբա՞թ, թե՞ մեկ ամիս առաջ. արդեն կարևոր չէ: Քեզ համար կարևոր չէ, որովհետև դու այլևս մեկ այլ ժամանակային տարածքում ես, ինձ համար, որովհետև դա նախավերջին անգամն էր, որ հեռախոսի մյուս կողմում հնչում էր ձայնդ… Երբ հարցրի խնդրարկու-պահանջկոտ՝ «Շատ չերկարե՞ց պաուզան», միայն քեզ հատուկ իրոնիայով հերթական անգամ հարցրիր. «Ո՞ւմ է պետք»,- վստահ, որ կլսես հերթական անգամ. «Ինձ ու թերթի ընթերցողներին» ավելի քան լուրջ պատասխանս: Քանի՞ անգամ ենք այս երկխոսությունը «խաղացել» (ինչքան չլինի՝ պիեսներ ենք գրել ու իրար կարդացել), այդ անգամն էլ երկխոսությունը եզրափակեցինք թեթև ծիծաղով ու քո՝ «Որ ասում ես…»: Հեռախոսն անջատեցի՝ վստահ, որ կուղարկես քո նոր շարքը:

Խոսքիդ տերը եղար, բարեկամս, հրաշալի դրամատուրգ, իսկական պոետ, կարգին ընկեր Սամվել Կոսյան ջան: Խոսքիդ տերը եղար՝ կիսով չափ: Հասցրել էիր բանաստեղծություններդ շարել ու պայմանավորվել Հերմինեի հետ, որ երկուշաբթի շարվածքը վերցներ… Բայց կիրակին շուտ եկավ՝ քո վերջին կիրակին…

Ու դժվար է համակերպվել, որ սա քո վերջին շարքն էր՝ հատուկ գրված «Գրական թերթի» համար, դժվար է համակերպվել, որ նոր պիեսդ չեմ կարդալու, իսկ քո հանդիպումը ապագա դրամատուրգների հետ չի կայանա, և ինչպես նախորդ տարիներին, իմ ուսանողները, կարդալով քո «Ուշացողները», «Կյանքը վանդակի կողքով» պիեսները, անհամբեր չեն սպասի քեզ հետ հանդիպմանը…

Այդպես էլ պիտի լիներ, քո պոետական վերջին հանգրվանը «Գրական թերթը» պիտի լիներ, որտեղ աշխատել ու ստեղծագործել ես, խմբագիրն ես եղել՝ սիրված ու հարգված:

Վերջին, բայց շարունակվող հանգրվանը, որովհետև քո գրական պաշարը՝ անկրկնելի պոեզիադ և ինքնատիպ դրամատուրգիադ, կապրեն իրենց կյանքով, որոնց մասնագիտական անդրադարձներն ու արժևորումները սպասում են իրենց Ժամանակին՝  նաև քո՛ «Գրական թերթում»:

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

 

Նոսրանում է մեր սերնդի գրողների փաղանգը։ Սամվելն էլ հեռացավ մեզնից։ Ինքը վաթսունականներից էր, ես՝ մի քիչ ավելի հետոյից։ Նույն թաղամասում ՝ Ավան-Առինջում էինք ապրում, հանդիպում էինք հաճախակի։ «Ո՞նց ես» հարցին մի տեսակ դժկամությամբ էր պատասխանում, ասում էր՝ որ դեռ ոտքի վրա ենք, դա էլ քիչ բան չէ, էլ ի՞նչ ոնց։ Մի հանդիպան ժամանակ ուրախ-ուրախ ասաց. «Զավեն, գիտե՞ս՝ արդեն «Բինգո» եմ»։ Ես մոտավորապես գիտեի, որ դա վիճակախաղային-կազինոյական ինչ-որ բան է նշանակում, բայց չգիտեի, որ դա «77» թվի հետ կապված բան է: Բանից պարզվեց՝ յոթանասունյոթն է լրացել…

Է՛հ, երբ անտառը նոսրանում է, մնացյալ մոտ գտնվող ծառերը սկսում են դողալ՝ հայտնիի՞ , թե՞… Անհայտի տագնապից…

Բարի ճանապարհ հոգուդ, իսկ հիշատակդ ու վաստակդ՝ միշտ մեզ հետ, Սամվել ջան…

Զավեն ԲԵԿՅԱՆ

 

Պարոն Կոսյան ջան…

Սամվել Կոսյանն ավելի սիրուն բառեր թողեց մեզ, քան իր մասին գրվող խոսքերն են, որ փնտրում ենք կարկամած։ Ու հենց մեր գրվող բառերն են լռում, որովհետև էն բարությունն ու կյանքի նկատմամբ մեծահոգաբար անհոգությունը, որ ուներ իմ սիրելի Կոսյանը, հիմա՝ իր մահվանից հետո էլ սովորեցնում է հանգիստ ապրել այս կյանքը։

Սամվել Կոսյանն իմ առաջին խմբագիրն էր «Գրական թերթում»։ Բայց մեր աշխատանքային հարաբերությունները շատ արագ դարձան ընկերական, բարեկամական, հարազատական՝ իր անսահման բարության, հայրական ջերմության ու եղբայրական հոգատարության շնորհիվ։

Բանաստեղծ Սամվել Կոսյանի ամենագեղեցիկ բանաստեղծություններից մեկը, երևի, իր մարդկային տեսակն էր, բարությունը, որով վերաբերվում էր մարդկանց, այն ջերմությունը, որով կարողանում էր մոտ լինել։ Նա մարդկանց կողքին էր առանց աղմուկի ու մեծ խոսքերի՝ իր ներկայությամբ, իր հոգատարությամբ, իր՝ միշտ տեղ հասնող մի խոսքով։

Մեզ համար խաղաղ հենարան էր, որ զգում էինք մեր թիկունքում։

Շատ բարդ ու կոկորդ խեղդող տեքստ է ստացվում, բայց գիտեմ, որ եթե հրաշքով հնարավոր լիներ կարդար՝  մի լավ կծիծաղեր, կասեր՝ «Թարգի՛, ապեր ջան»։ Ու երևի հենց այդպես էլ կուզեր՝ առանց ավելորդ ծանրության, իրեն հատուկ ջերմությամբ ու ժպիտով։

Պարոն Կոսյան ջան, բարի ճանապարհ, շնորհակալ եմ… Կներես, որ այս շնորհակալության խոսքերը ավելի շուտ ու ավելի շատ չեմ ասել։