ԳՐՔԵՐ՝ ԱՌԱՆՑ ԿԵՂԾԻՔԻ/ Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Իր Աստվածատուր լեզվի յուրաքանչյուր տառն ու բառը պաշտող և ըստ Արարատ Ղարիբյանի դա­սագրքերի՝ Գյումրիի (Լենինական-Լեննականի) ամենալավ դպրոցներից մեկի շրջանավարտի առաջին իսկ պատմ­վածքները գրավեցին լրջմիտ գրականագետ-քննադատ-ընթերցողների ուշադրությունը. եկել էր նոր խոսք, որը նրան կարճ ժամանակ անց՝ քսանամյակի օրը՝ 1966 թվականին պիտի բերեր «Սովետական դպրոց» թերթի հանրապետա­կան մրցույթի առաջին մրցանակը…

Բայց այդ պատմվածքները՝ իբրև առաջին գիրք, լույս չտեսան, որ պետք է շա՜տ հետո դառնային… 5-րդ, իսկ որ­պես առաջին, որպես՝ «Միջին և բարձր տարիքի դպրոցականների համար» հորջորջված (մեր խելոք մանուկները դեռ պիտի «մեծանայի՜ն») գիրք, որը պիտի «…բերեր իր յու­րահատուկ երանգն ու ոճը, ինքնատիպ մտահղացումների և մոտեցումների դրսևորումները». «Դաշտային ծաղիկներ» մանկական վիպակ, որ ոչ միայն հաճելի խառնաշփոթ առաջացրեց գրական շրջանակներում, այլև թարգմանվեց (ամբողջական թարգմանությունը՝ Սամվել Շահմուրադյանի) և 1984 թվականին ամսագրային տարբերակով լույս տեսավ «Лиmepaтypная Apмeния» ամսագրի 3-րդ համարում, որի ինքնատիպ արձագանքը եղավ համամիութենական «Bonpocы литературы» ամսագրի 1985 թ.՝ հայկական գրական կյանքին նվիրված ամփոփիչ հոդվածում տեղ գտած և այդ վիպակին նվիրված ավելի քան բարյացակամ ու ինք­նատիպ վերլուծությունը:

Շատ ջերմ ընդունելության արժանացավ նաև երկրորդ՝ առաջինի օրգանական շարունակություն հանդիսացող «Քառասունվեց ահեղ հնդկացիներ» վիպակը, և մոսկովյան «Детгиз» հրատարակչության կողմից Սաթենիկ Մկրտչյանին առաջարկվեց երկու վիպակների համատեղ ռուսերեն թարգմանության տպագրությունը: Գրքերը թարգմանվեցին (երկրորդ գրքի թարգմանությունը՝ Անահիտ Հովհաննիսյա­նի), բայց ժամանակները կտրուկ փոխվեցին, և այդ՝ երկու­սը մեկ գրքում համատեղ լույս չտեսած գրքերից երկրորդը «Лиmepaтypная Apмeния» ամսագիրն իր ընթերցողներին ներկայացրեց 2021 թ. առաջին և երկրորդ համարներում՝ ամբողջությամբ:

Իսկ մինչ այդ, «Юность» ամսագրի 1986 թվականի առա­ջին համարում տպագրվեց Սաթենիկ Մկրտչյանի «Самый старый сапожник» («Հին քաղաքի ամենածեր հնակարկատը») պատմվածքը, որի հիման վրա 1987 թվականին «Kиевнаучфильм»-ը՝ նույնպես սեփական նախաձեռնու­թյամբ և հեղինակի թույլտվությամբ, նկարահանեց համա­նուն մուլտիպլիկացիոն ֆիլմը, որոնց մասին են վկայում հեղինակի մոտ պահպանվող ռուսալեզու ընթերցողների ու ֆիլմը մինչև օրս դիտողների բացառիկ ջերմ նամակները:

Նշենք նաև, որ Խնկո-Ապոր անվան մանկական գրա­դարանի կողմից անգլերեն թարգմանված և Ճապոնիա՝ մանկապատանեկան գրականության մրցանակաբաշխու­թյանն ուղարկված այդ նույն պատմվածքը 2002 թվականին «Ծագող արևի երկրում» ստացավ առաջին մրցանակը:

Բարձր գնահատականի են արժանի նաև Սաթենիկ Մկրտչյանի պատմվածքների «Fatum» ժողովածուի թարգ­մանությունները, որ կատարել էր բազմափորձ, բայց այժմ, ավաղ, երջանկահիշատակ թարգմանիչ Նելսոն Ալեքսա­նյանը, և դատելով ընթերցողների արձագանքներից’ նույն­պես դարձան ռուսալեզու նույնիսկ ամենախստապահանջ և լրջմիտ ընթերցողների համար հաճելի անակնկալ, քան­զի իր՝ երբեմն ամենակարճ պատմվածքներում անգամ Սա­թենիկ Մկրտչյանը կարողանում է այնպես և այնքան բան ասել տեքստում, ենթատեքստում և համատեքստում, որ այդքանը լի ու լի կարող է բավարարել նույնիսկ վիպակի, երբեմն էլ՝ վեպի ստեղծման համար: Դա անվիճելիորեն դրական կողմն է հեղինակի, որն իր գրի մեջ թույլ չի տալիս ոչ մի կեղծ նոտա:

Ավելացնենք միայն այն, որ այժմ հեղինակն իր սիրելի ընթերցողին է հանձնում պատմվածքների «Մենք և մենք»-ի երկրորդ ժողովածուն, որը պակաս հույզեր չի պարգևի և մտասևեռումների չի մղի իր լրջմիտ ընթերցողին, իսկ նրան՝ մեր սիրելի ընկերուհուն ու գրողին, մաղթենք նորա­նոր գրքեր:

Ալբերտ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ