Հոկտեմբերի 17-ին Եղիշե Չարենցի տուն թանգարանում տեղի ունեցավ «Չարենցյան ընթերցում», որին մասնակցում էր լեհ բանաստեղծուհի, թարգմանչուհի Կալինա Իզաբելա Զիոլան: Նրա թարգմանությամբ 2023 թ. «Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Չարենցի բանաստեղծությունների «Լուսամփոփի պես աղջիկ» հայերեն-լեհերեն ժողովածուն: Տուն թանգարանի գլխավոր ավանդապահ Անուշ Թասալյանը ողջունեց ներկաներին՝ ասելով, որ պոեզիան սկիզբ և ավարտ չունի, իսկ թարգմանությունը դրա անվերջ ընթացքի շարունակությունն է՝ այլ լեզվում ծնվող սկիզբ, և ուրախ է Չարենցի հարկի տակ հյուրընկալել նրա լեհ թարգմանչուհուն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Չարենցի տուն թանգարանի հետ բազմաթիվ են Գրողների միության իրականացրած միջոցառումները, և Կալինա Իզաբելա Զիոլայի այցելությունը Հայաստան առիթ է Չարենցին նվիրված ևս մեկ համատեղ նախաձեռնություն իրականացնելու: Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց Կալինա Իզաբելա Զիոլային, խոսեց հայ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործությունների նրա թարգմանությունների, հրատարակված գրքերի ու Լեհաստանում կայացած գրական ձեռնարկների մասին:
Բանաստեղծուհի, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը խոսեց Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» գրքի, ինչպես նաև վերջերս «Ծիծեռնակ» հրատարակչությունում տպագրված Կալինա Իզաբելա Զիոլայի «Խոստովանություն» գրքի մասին: Լեհաստանի հանրապետությունում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը կարևորեց մշակութային հարաբերությունները երկու երկրների միջև՝ բարձր գնահատելով Կալինա Իզաբելա Զիոլայի աշխատանքը՝ Լեհաստանում հայկական մշակույթի ու գրականության հանրահռչակման ասպարեզում և արժևորելով Եղիշե Չարենցի գրքի նրա թարգմանությունը:
Կալինա Իզաբելա Զիոլան խոստովանեց, որ իրեն հոգեհարազատ է հայկական մշակույթն ու գրականությունը և ուրախ է հյուրընկալվել Չարենցի տուն թանգարանում: Ապա ընթերցեց բանաստեղծություններ Եղիշե Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» գրքից: Բանաստեղծությունների հայերեն տարբերակն ընթերցեց բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանը: Նրանք ընթերցեցին նաև Կալինա Իզաբելա Զիոլայի բանաստեղծությունները «Խոստովանություն» գրքից: Ընթերցումը եզրափակվեց Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» գրքի «Նախերգանք»-ով, որը նույնպես թարգմանել է Կալինա Իզաբելա Զիոլան: Երաժշտական կատարումներով հանդես եկավ Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի աշակերտուհի Նատալի Բասմաջին: Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Լեհաստանի հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Քշիշտոֆ Զինը:
Հայերեն ու լեհերեն լեզուներով հնչած բանաստեղծությունները վկայում էին ոչ միայն չարենցյան պոեզիայի հավերժության, այլև ժողովուրդների միջև բարեկամության հիմք լինելու ոգու մասին:
