ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԿԻՆՈ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՄԱՍԻՆ/ Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

ԻԲՐԵՎ ՉՆՉԻՆ ՄԻ ՓԵՐԹԸ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԻ

Ինձ համար հիմա մեկ-մեկ երեկ է.

սև-սպիտակ կինոյի ժապավենի պես հառնում են

կպչուն պատկերներն իմ խաղաղ օրերի,

որ մղկտացնելու չափ սիրելի են դարձնում

կորուստներիս հետագիծը:

Երկիրս, մանրադրամի հանգույն,

նետված է խաղասեղանին՝ իբրև խաղադրույք,

որի տերն անհայտ է,

իսկ jack-pot-ին սպասողները՝ բազում:

Ես ի՞նչ պիտի անեմ

էս խեղկատակների պատկերաշարում,

ինձ ի՞նչ դեր ու ճակատագիր է վերապահված՝

իբրև չնչին մի փերթը

խաղասեղանին դրված խաղադրույքի:

Ես որևէ բան որոշելու-անելու անճարակությունս

պիտի կարողանա՞մ խաղարկել,

թե՞ մեր օրերում ոչինչ չանելու

և ամեն ինչ կլլելու արհեստից զատ,

հարգի չէ որևէ այլ անճարակություն:

Իմ միակ կռվանը

սեփական երկիրս ու երկրացիներիս

առանց պայմանականությունների,

խելքից-մտքից դուրս սիրելն է

և հանուն նրանց՝ սեփական անճարակությանս

բոլոր հնարավորություններն ի տրիտուր

քամուն տալու վախերը բացասելը:

Արդյոք իմ ճարահատյալ բացասումը

որևէ արժեք չունի՞

արժեզրկումների այս համատարածում.

չէ՞ որ

ոչինչ հենց այնպես չի կորչում տիեզերքում,

անգամ՝

պատահականորեն շուրթերիցդ դուրս թռած բառը:

 

ՂԱԶԱՆՉԵՑՈՑ

Ես կարծում էի, որ քո ցավի հետ

Ապրելով երկար՝ կհաղթեմ նրան,

Կսանձահարեմ, ու ամեն անգամ

Մորմոքը նույնքան դաժան չի ձաղկի

Սիրտս՝ կարոտից, երազ-խաբկանքից,

Հույսերից լլկված: Այնինչ ցավը, ո՛չ,

Չի դառնում բնավ մեղմ ու տանելի,

Այդ սիրտս է կամկար քարեպատնեշվում

Մահաերթի դեմ չարքածինների,

Փորձում կարծրանալ, կոփվել, ամրանալ,

Զրահավորվել և չընտելանալ

Զորավոր լույսդ աճուրդի հանած

Քոչվորահոտի պղծախաղերին:

 

ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍԻ ԱՂՈԹՔԸ

Բիբլիական պատվիրանն ասո՞ւմ,

թե՞ չի ասում.

«Նախ քո՛ ծառը ջրիր»:

Ու թե ասում է,

ես մի հարց ունեմ.

-Ո՞ւր է իմ ծառը,

և պատիժն ո՞ւմն է,

երբ որ խախտված է

նախապայմանը

սուրբ պատվիրանի:

 

«ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵ՜ՐԿ Է…»

Քանիցս կյանքում հարկ է լինում, որ

«Իմաստուններս» մանկանանք կրկին

Ու մեր աչքերին տարթի պես ծեփված

Մեղկ վարդագույնը վանենք ուշացած,

Մեր ճարահատյալ կամքով գլխներիս

Ժամիշխան կարգված խամաճիկների

Չնչինությանը բախվենք տատամսած

Ու չներենք մեզ, որ դարձյա՜լ, էլի՜,

Ձախողված, խեղված նախորդ փորձերից՝

Դասեր չենք քաղել ու որ չենք զորել

Չսայթաքելու ոլորաններում

Լպրծուն, պռատ խոստացումների,

Որոնք մեզ նորից՝ բացկուրծք ու բացսիրտ,

Թիրախ են սարքել դիվախաղերի:

 

ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԿԻՆՈ՝ ԱՆԴԻՆԻ ՄԱՍԻՆ

 

ԿԵՐՊԱՓՈԽՈՒՄԻՑ ԱՆԴԻՆ

Հորս

Ապրեցինք օտարի պես,

մեկս մյուսից իբր չսիրված, չհասկացված,

լռեցինք,

երբ պետք էր խոսել,

բառակույտեր շաղ տվեցինք,

երբ պետք էր կարդալ աչքերի լեզուն։

Լռությունս ծրարեցի մի թղթի մեջ

ու քեզ հետ ճամփեցի՝

հող դառնալու

քո շիրմաքարի կարծրության տակ։

Քեզ կարոտելում ես վարժ չեմ,

ուստի, չգիտեմ՝ ինչ է այն,

որ բույն է դրել ներսումս

քո կերպափոխումից հետո

ու նվվում է՝ նման ցավի,

որը ո՛չ բթանում է, ո՛չ սպանում:

Արդեն քանի՜ տարի

ինքս ինձ հետ կռվում,

ինքս ինձ հետ հաշտվում եմ՝

քեզ համար վառած մոմը

խոսափող դարձրած։

Կռիվս ու հաշտությունս

նույն խմորից են՝

նույնահամ, հոգնեցնելու չափ հունցված,

բայց ուրիշ ի՞նչ պիտի հորինեմ

չըմբռնումների ծանրացած բեռը

իմ ու քո ուսերից վայր գցելու համար,

եթե ոչ՝ հերթական անգամ

մենախոսեմ

երկրային մեր ընթացքի

անսեր, անհաղորդ,

անկարեկից օրերի մասին

ու գաղտնագրեմ

մեր երկուստեք չստացվածությունը

երկնայինի լուսաճեմում տարրալուծելու

բարակ հույսը:

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՐՍ

Ես ունեցա քեզ լիուլի, անմնացորդ,

հաճախ՝ ինձ չունենալու գնով:

Ուրիշներ էլ կային՝ քեզ ունենալուն կոչված,

բայց նրանք պատրաստ չէին դրան:

Ես աննենգ խորամանկությամբ

խլեցի քեզ նրանցից ու ազատեցի

հրեշտակասպանի բիբլիական մեղքից:

Երկինքը շռայլորեն վարձատրեց ինձ

մերձավորներիս այդչափ սիրելու համար,

որոնք չգիտեին, թե ինչ են անում,

և ջանք չէին խնայում՝ չփրկվելու համար

Աստծո դատաստանից:

Այդպես ապրեցինք

ես,

դու,

փրկվածները՝

երկրի ու երկնքի

անշոշափելի սահմանագծից ասդին ու անդին՝

յուրաքանչյուրս

ճշմարտության մեր բանաձևը սահմանած։

Եվ քանի որ

Աստված սեր է,

և քանի որ

ես սերը միշտ չափել եմ քեզնով,

ուզում եմ հավատալ,

որ այդ սիրո փշրանքներից

բաժին կունենանք նաև ես

ու մերձավորներս՝

իբրև ապաշխարանք՝

քեզ ունենալու և չունենալու

չարչարանքների դիմաց։