(28.09-02.10)
…Սխալ համերգը
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը Հ1-ի եթերով Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակմանը անդրադառնալով՝ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել. «Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։ Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»։
28.09.
…Զեկույցը
Հրապարակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի զեկույցը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին»: Զեկույցում օգտագործվել են բացառապես բաց աղբյուրներում առկա և օրինական ճանապարհով հասանելի տեղեկություններ՝ ավելի քան 250 հղումով։ Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որոնցով արտահայտվում է ճգնաժամը։
…Սահմանազանցը
Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը, ապօրինի հատելով ՀՀ սահմանը, ներխուժել է տեղի բնակչի տուն և վիրավորել Անի Ավետիսյանին, որը, պաշտպանելով իր երեխաներին, ստացել է ձեռքի ու ոտքի վնասվածքներ, վնասվածքներ է ստացել նաև նրա անչափահաս որդին։
Սահմանազանց ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել և դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:
…Ակցիան
Հոկտեմբերի 1-ին «Արցախ» միության ներկայացուցիչները՝ կազմակերպության նախագահ Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ, ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի ընթացքում Կառավարությանն է հանձնվել ադրբեջանական ապօրինի գերության մեջ գտնվող հայերին հասցեագրված 1,254 նամակ պարունակող արկղը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված պաշտոնական հանրագիրը։
…Այցը
Հոկտեմբերի 2-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Արգենտինայի Հանրապետության սենատորներից ու պատգամավորներից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի ուղեկցությամբ: Այցի ընթացքում ՀՑԹԻ թանգարանային գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։
Արգենտինայից ժամանած հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
…Քննիչ հանձնաժողովը
Ազգային ժողովը հայտարարել է եկեղեցում առաջացած ճգնաժամի, առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում»,- նշված է ԱԺ հայտարարության մեջ։
