ԱԼԵՔՍԱՆԴՐ  ԿՈՒՇՆԵՐ – 90

Հարգելի՛ Ալեքսանդր Սեմյոնովիչ,

Մենք գիտենք, թե ինչ տեղ է գրավում Հայաստանը Ձեր կյանքում։ Դուք թարգմանել եք մեր դասական և ժամանակակից պոեզիան։ Դուք հայկական թեմաներով գրել եք հրաշալի բանաստեղծություններ, որոնք Ձեր ընթերցողները հիշում են շատ լավ («Անգամ եթե մեկին ավագ եղբայր ասենք, ապա՝ հայ եղբորը»)։

Հայաստանի գրողները սրտանց շնորհավորում են Ձեր հոբելյանը, ցանկանում Ձեզ երկար տարիների կյանք, ստեղծագործական նոր հաջողություններ, ընթերցողների նոր սերունդ, որ կլինի երկրպագուն  Ձեր վառ տաղանդի։

ՀԳՄ նախագահ Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

 

* * *

Իսկ թիթեռը  Դերժավինի գիրն է կարդում,

Լցվում խինդով՝ ես որդ եմ, իսկ ես՝ Աստված,

Խղճուկ որդն այդ հանկարծ թևքն է արագ բացում,

Գունագեղ է հյուսված և աչք՝ ջինջ, զարմացած։

 

Եվ ճիշտ է նա, հրճվելու և լուռ տխրելու

Բոլոր հիմքերն ունի, մեզնից առավել շատ,

Լուսատտիկ, ֆոսֆորափայլ և բացվելու

Ու փակվելու թևեր և աչք անվերջ զգաստ։

 

Երբեմն թվում է, թե մերձենալն Աստծուն

Նրան տրվեց ընծա՝ որդին մոտ լինելուց,

Դա տանջում է նրան (քան մեզ), այդ գեղուհուն,

Հրեշին թավ, մազմզոտ և ճախրողին լույս։

 

* * *

Բախտ է լողալ Օկա գետով, Օկա գետով,

Շոգենավով, մութ գիշերով, գիշերով մութ,

Հավատացեք, երգում էին սոխակներ ծով

Ամբողջ գիշեր, ինչպես երգում սիրված մանկութ։

 

Չգիտեի՝ հնարավոր է մի՞թե դա,

Թվում էր պատրանք մինչ այդ անիրական,

Մտացածին հնարանք, և, ինձ հավատա,

Երգչախումբ էր թռչնոց հրաշք, պոետական։

 

Եվ երևի հենց այդ պահից հեքիաթային

Ցնցվեցի խոր և իրապես հավատացի,

Որ աշխարհներ կան հեռավոր, այլտեղային,

Որ կան ուրիշ անդրգետնյա վայրեր անծիր։

 

Եվ ասե՞լ, թե ահա ճեղքից խիտ թփերի

Երևում է կոշտ, քարացած գետի ավազ,

Եվ հասնում է քո ականջին ծվեն բառի,

Կնոջ ծիծաղ, տղամարդու կիսախեղդ բաս։

 

Այսինքն՝ այդ ձայնն արական խավար էր հանց,

Խինդն էլ կնոջ՝ խորհրդավոր, ցերեկը քան,

Եվ ես ոնց այս  տեղի գիտակ երջանկությանց

Հրեշտակից  ավելի լավ հասկացա այն։

 

Իսկ ո՞ր տարին և ո՞ր թիվն էր, էդ չեմ հիշում,

Եվ ո՞ւմ էի հետո մենակ ուզում ջնջել

Իմ հուշերից, իսկ այն նավը ունե՞ր անուն,

Երևի թե «Սկրյաբին», տաղանդ հնչեղ։

 

Եվ նստարան կար տախտակամածին, փայտից,

Ուղեկիցներ կային, նրանց էլ չեմ հիշում,

Միայն ուղին տարօրինակ՝ մի սոխակից

Մյուս սոխակ և փայլփլուն շողք գիշերում։

 

* * *

Ոնց կան, թող էդպես էլ մնան,

Այս իրերը պետք չէ տեղափոխել,

Ես հին մարդ, պահպանողական,

Մեր մեջ ասած, ի վերջո, վախկոտ եմ։

 

Թող լինի ինչպես կար  ու կա,

Պահպանվի նույն կերպ, պետք չէ հաստատ

Վար բերել քնած առարկա,

Թող մնա իր տեղում լուռ, աննկատ։

 

Լավ է, չեմ զատում, նիստ ու զարդ,

Ոճեր, սովորույթ է պապենական,

Դու ինձ կկոչես հնավանդ,

Մի՞թե անուն է վիրավորական։

 

Ոչ մի խոսք փառքի ու պատվի,

Այս կյանքում մահվան խորխորատի մոտ,

Միայն մնա  անդրդվելի

Ստվերը փայլատ և  փայլն արևոտ։

 

Միայն թե հաղթես, փետրվար,

Եվ հոկտեմբերը կկորչի անտես…

Հեղափոխական, ծայրահեղ հար,

Նաև երազող կին եմ սիրում ես։

 

* * *

Ձեզ ո՞վ է ասել, թե սիրում եմ քերթված։ Չեմ սիրում։

Կարդալով վատերը, ճիշտն ասած, ատում եմ խիստ,

Լավ է ափից նավին ձեռքով հղել հաջողություն

Եվ թաքնվել խորանում արձանի հետ՝ անձրևից խիտ։

 

Ինչպես էր աղմկում փայլուն վարագույրի նման,

Ծածկում էր հեռուն, ավազի մեջ փոսեր փորփրում,

Պայծառ, փառատենչից զուրկ և դուրս բանաստեղծության

Տողերից երկար, անշահ, կենդանի ուրախություն։

 

Հե՜յ, խառնշտորիր թափած տերևները չոր ու փուչ,

Թռչկոտիր կուտակված գիրուկ գերանների վրա,

Խոստովանում եմ, միշտ թեք եմ նայել նրանց, որ լուրջ

Գրում են, կասեմ՝ լավն են ավելի մարդիկ առօրյա։

 

Կարելի է ճիշտ իննսունինը տոկոսով պնդել,

Լավ կլիներ, ըստ իս, որ ոչինչ էլ  չգրեին,

Սիրեին զբոսնել կամ  թիակով ջուրը ճողփել,

Ինչ լավ է նավակում միշտ անձրևին ու արևին։

 

* * *

Ես՝ Կուշներս Ալեքսանդր, տեսա Հռոմն անտիկ,

Տեսա լազուր Սամարղանդ և ապա Բուխարան,

Նրանք տապի մեջ երազում էին ծովի ալիք։

Տեսա Պիտիգորսկն ու դուելի վայր լանջին լեռան,

Տեսա Մադրիդ և Տոլեդո, Ժնև ու Փարիզ,

Մոտ տասն անգամ եղա անդին օվկիանից, ապրեցի,

Հիմա դրանով չես զարմացնի մարդուն դարիս,

Թեմզային, երկրներին հարգանքի տուրք պատվեցի,

Ստույգ՝ Չինաստանին, Կրետեում եղա երջանիկ,

Վենետիկում՝ առավել… Շատ երկար ես, ցուցակ,

Բոլորը չես թվի, և Մարբուրգն է սրտիս մոտիկ,

Ամստերդամ, լավ գիտես, ինձ սիրելի ես միշտ ու թանկ։

Թվարկում եմ ամենն այս այն պատճառով,

Այ պարզուկ մարդ, տանը նստած, սովորական երազող,

Որ Կեսարը խնայի վայրերը հեռու, հոգեթով,

Եվ այն Մեծն Ալեքսանդր, ձեռքը թափ տա նվաճող։

 

* * *

Դրախտ՝ մի վայր, ուր Պուշկինը Տոլստոյ է կարդում։

Հետաքրքիր է անդ, քան գարնանը հավետ։

Անշուշտ, կարող ենք ենթադրել, թե նորից եռանդուն

Դաշտն է կանաչում, և ծաղկունքն է բուրավետ։

 

Բայց բացի հաղարջից, եղրևանուց փափուկ,

Օրինակ, ինձ ձգում են տապը կեսօրվա,

Ամռան իրիկվա ստվերները երկար, մուգ։

Հիշիր մասրենուն և հավատա ինձ հիմա։

 

Ամառանոց, հյուրեր են… Պատահական անցորդ,

Նա տեսավ ափամերձ ճամփին կառք, ավտոներ։

Երջանիկ ընտանիքներ, նմա՞ն եք դուք արդյոք,

Գուցե ոչ բոլորը, կամ պետք է խորհել դեռ։

 

* * *

Հուշարձանի գլխին հավք է մի,

Թառել է անձայն, իսկ ո՞ւմ գլուխն է,

Իր  համար մեկ է, ով էլ լինի,

Յուրովի ճիշտ է, իր իրավունքն է։

 

Նրան դուր է գալիս այս դիրքը,

Գագաթին՝ բրոնզե մազեր խուճուճ,

Ահա քեզ՝ փառք, ո՞ւր է հարգանքը։

Այս թռչնակից դու դժգոհ ես շատ լուրջ։

 

Ուրիշ բան, եթե արծիվ լիներ,

Ինչպես փետուրե սաղավարտ վրան,

Զինվորի գլխին հպարտ կիջներ։

Բայց սա Պիտերն է և ոչ Տրոյան։

 

Հայացքդ տարված սին մանրուքով՝

Դու կպատժեիր աղավնիքին էդ,

Իսկ նա, ում վրա թառել են շուքով,

Չի ուզում թափ տալ, լավ է նրանց հետ։

 

* * *

Տես, յասամանը ոնց ծաղկել է թվին Սովետի,

Այդպես ծաղկում է և այսօր, ոչնչով չի զիջում,

Եվ ես էլ իմ կյանքը չեմ կիսում տարբեր մասերի,

Անցնում եմ թփերի մոտով, արտացոլվում  լճում։

 

Եվ երբ ինձ հարցնում են, թե գրո՞ւմ եմ էլի,

Եվ արդյո՞ք ուրիշ կերպ և լավ, քան նախկինում,

Չեմ փնտրում պատվանդան, որ ձգվեմ ավելի։

Եվ նույն կերպ բուրավետ յասամանն է ծաղկում։

Թարգմ.՝ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ