Հիշատակի խոսք / ԱՐՏԱՇԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ

Սկսել ենք ավելի ու ավելի հաճախակի հրաժեշտ տալ մեր արվեստագետներին: Հեռանում են մեր ընկերները, հարազատներն ու մտերիմները: Եվ Արտաշես Արամը` ընդամենը 71 տարեկան: Բանաստեղծ, դրամատուրգ, բազմաթիվ գրականագիտական, արվեստաբանական ու հրապարակախոսական հոդվածների հեղինակ մեր գրչակիցը:

Ռուսերեն է թարգմանվել, անգլերեն, լեհերեն, սերբերեն ու պարսկերեն: Իսկ 1992-ին նրա «Սգասյուն տաճար» պոեմն արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակի, 1998-ին «Գիշերվա ժամ» ժողովածուն՝ Պարույր Սևակի անվան մրցանակի: «Նաիրյան Քրոնիկոն» գրքին շնորհվել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամի (ԱՄՆ) մրցանակ՝ 2010 թվականին:

Բեղուն է եղել Արտաշես Արամի գրիչը: Վկայությունը՝ հեղինակած տասնյակ գրքերը`«Դեղձանիկներ»-ից մինչև «Դիմակների բեմ կամ հասարակների թաղամաս» ժողովածուն: Անցած ճանապարհը՝ հեռուստատեսություն, «Ավանգարդ» թերթ, «Նոր դար» ամսագիր:

Ցավակցում ենք հարազատներին՝ համոզված, որ հայ մարդը դեռ երկար շարունակելու է վայելել  մեր Արտաշեսի թողած ազնիվ ու հարուստ գրականությունը:

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՏՈՀՄԻԿ ԱՍԱՑՈՂԸ

Պատանի տարիքից մինչև հիմա Արտաշեսի դեմքին մի բրածո տխրություն կա, որ չի պատմվի, և չեմ առնչում միայն Սասունից ելնելու հետ, ավելի ընդերքային է, նրա դեմքն էլ ձորերի ու ժայռերի ստվերներ ունի, Մարութա սարի առասպելներով է հերկած, նաև տոհմիկ բառ ու բանի շղթան է զնգզնգում, երբ հանկարծ պոռթկում է գրական առիթով։ Նա չի խոսում խուլ ու ուշադրութուն լարելու կամքով, ասում է իր խոսքը գրչակից ընկերների գրքերի մասին, ապա գրում է, ապա էլի խոսում դասական գրողների ու նկարիչների մասին, ևս գրում էսսեներ ու չի հոգնում ուրիշի գիրը իրենը համարելու բարձր, խոհական, ազնվական վարքից։ Ի ծնե է։ Նա Մուշեղ Գալշոյանի կեցվածքի կայծերն ունի, և սիրելի է նրա տուրքը գրողական համակեցության դժվար ու քմահաճ ընթացքում։ Նա չի սպասում, որ գրեն իր ստեղծածի մասին, կարծես չի կարևորում իր բանաստեղծությունը, նա իր դերն է խաղում բացճակատ ու դիպուկ։ Երկար վերարկուն հագած՝ մերթ Սարոյանի արձանին է նման, մերթ Միքայել Նալբանդյանի արձանացումն է շնչավորում, և երբեք չես ասի, որ խաղ է, դերասանություն։ Հավատում ես նրա կերպարի մաքրությանը, նրա գրի բարձրությանը, նրա հայերենի արմատական, ձայնավոր ու բաղաձայն թրծվածքներին։ Չի վախենում պարզ ու բարդ լինելուց, վախենում է աշխարհի մշակութային  դաշտից հեռու, անհասցե կայանելուց։ Նրա գրվածքներից ընթերցանության վայեյքի ծփանք ես զգում։ Կարդում է և ապրում գրի մոգական ամպը, անձրևում է ու բաշխվում։

Սիրելի Արտաշ, դու Ղազարյան լինես թե Արամ, մեկ է, դու ինքդ ես, ինքնատիպ, անկրկնելի և բազմանուն՝ բոլոր տաղանդավոր ընկերների համաձուլմամբ։

Պահպանիր քեզ, դու և քո գրիչը Կաթնաղբյուրի գռի մեջ եք կնքվել, ապրեցնող եք։

Հ.Գ. Վերոհիշյալ էսսեն տպագրվել է 2015 թ. «Գրական թերթում», Արտաշես Արամի 60-ամյակի առթիվ, հիմա նա գնաց միանալու անմահության դռնից անցածներին, բայց նրա գիրը ապրեցնող է, ինչպես նշել եմ, և ապրեցնելու է իր տիրոջը։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՍՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՔԵԶ

Արտաշես Ղազարյան պոետ ընկե՛րս, երբ 90-ականների բոհեմիկ իրականության մեջ կրկին հայտնվեցիր դու, ում «Գարուն»-ի խմբագրությունում էի հանդիպել դեռ 80-ականների սկզբին և հիշել ու մտապահել էի տողիդ բարձր հնչողությունն ու բարձր հասակդ, միանգամից հասկացա, որ ո՛չ քեզնից, ո՛չ էլ գրականությունից պրծում չկա։

Եվ ինձ համար դու մնացիր օրերի մեջ այն հեռու` որպես պոետ մի խենթ, որպես Մուշեղ Գալշոյանի ազնվական զարմից սերված, գեղջկական պարզությունն ու խոհունությունը տաղանդով համեմած բանաստեղծ։

Երևանի պետական համալսարանի և Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտը, միևնույնն է, նախ և առաջ լեռներից իջած պոետ էր, որ բաճկոնն ուսից կախ` լայնաքայլ անցնում էր օգոստոսյան մայրաքաղաքի խաչուղիներով ու մայթերին բուսնած աղջիկների ականջի տակ հանկարծաստեղծ իր ստիխն էր կարդում։

Այդ աղջիկներն ու ես դեռ երկար ենք նայելու քո հեռացող թիկունքին, որի բանաստեղծական հետքն անշփոթելի է 90-ականների հայ պոետական իրականության մեջ.

Քեզ գեղեցկության աստվածն է սիրել

Եվ օծել է քեզ հմայքի ոգին։

 

Քո պատվի համար ճոճվել են սրեր,

Եվ վահաններ են փշրվել, օ՛, կին…

 

Իսկ հիմա նկուն, անօգ ու անսեր`

Ճակատագրի հողմերի առջև…

 

Բարին` զինավառ, իսկ չարը` անզեն,

Եվ կրակները դանդաղ կսառչեն։

Ո՛չ, մոխիրներից, մշուշներից վեր

Քո ձույլ պատկերը կհառնի կրկին։

 

Քո պատվի համար ճոճվել են սրեր,

Եվ վահաններ են փշրվել, օ՛, կին։

Իմ պոետ ընկեր Արտաշես Ղազարյան, քեզ հրաժեշտի խոսք չեմ ասում. դեռ հանդիպելու ենք։

 

Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

ՔԵԶ ԲԱՐՈՎ ԿՀԻՇԵՆՔ

«Գարուն» ամսագիրը մեր սերնդի բանաստեղծների համար մուտքի դրախտային դուռն էր դեպի գրականություն։ Եթե մտնում էիր, ուրեմն, բանաստեղծ լինելը՝ «պաշտոնապեսի» առումով, կիսով չափ կայացած կարելի էր համարել, մինչև «Գրական թերթ»-ի «պատնեշը» հաղթահարելն ու գրողների միության անդամ դառնալը։ Ինձ դեռ բախտ չէր վիճակվել «Գարուն»-ում տպագրվել։ Դեռ «ձեռագիր» բանաստեղծ էի, երբ «Գարուն»-ում կարդացի Արտաշեսի բանաստեղծությունները՝ մի լրիվ բացվածքով՝ երկու էջով, ինչը «Գարուն»-ի խմբագրությունը առաջին անգամ տպագրվող սկսնակի համար չէր անում։ Չարամտություն կլիներ կարծել, թե այս անգամ արել է, որովհետև… Արտաշեսը Մուշեղ Գալշոյանի քրոջ տղան է… Թեկուզ ոմանք այդպես մտածեին, բայց ես… ապշած էի Արտաշեսի այդ շարքի բանաստեղծությունների հասունությունից ու գեղեցկությունից։

Բարի տղա էր Արտաշեսը, գեղեցիկ, բարի աչքերով։ Իր հետ շփվելը հաճելի էր։ 1996 թվականին բանաստեղծություններիս երրորդ ժողովածուն՝ «Անժամության վայր», տպագրեցի։ «Գրական թերթ»-ի խմբագիրը Հովհաննես Գրիգորյանն էր։ Մի օրինակ նվիրեցի իրեն, ասաց. «Արտաշն այս կողմերում կլինի (միության շենքում էր աշխատում ՝ «Նոր Դար» ամսագրում), իմ անունից ասա՝ թող մի գրախոսական գրի»։ Գտա Արտաշեսին, մի քիչ դժգոհեց, թե «պատվերով» գրախոսություն չի գրում, սակայն, այնուամենայնիվ, կատարեց Հովհաննեսի խնդրանքն ու գրեց, ու նաև իր աչքերում կարդացի. «Բայց դե՝ թե որ քո գիրքն է, Զավեն ջան…»:

Առաջացող տարիքը սարսռալի բան է… Մեր սերնդից, մեր տարեկից գրողներից  փոքրացող մի ջոկատ է մնում (սովետական, «սոցռեալիզմի» եզր է, բայց, համենայնդեպս)։ Իմ վերջին գրքերից մեկում մի բանաստեղծություն ունեմ, որտեղ ուղղակիորեն զրուցում եմ Վարուժան Այվազյանի, զույգ Հրաչյաների՝ Թամրազյանի ու Բեյլերյանի և Արմեն Շեկոյանի հոգիների հետ։ Աշխարհի կարգ է, գնալու ենք բոլորս… Բայց գոնե ամեն մեկս մեր չափով լավ տողեր ու բարի հիշատակ ենք ձգտում թողնել։

Քեզ բարով կհիշենք, Արտաշես ջան, կկարդանք գրածներդ…

Զավեն  ԲԵԿՅԱՆ

 

ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻ

Արտաշեսի հետ ինձ ծանոթացրեց Վահան Թամարյանը՝  դարձյալ հարազատ հոգի, որ դուռ էր եկող գրականության համար… 2003 թ. էր,  նրա փոխանցմամբ՝ Արտաշեսը կարդացել էր իմ «Մարի Նվարդ» մոնոդրամը և հատուկ ջերմությամբ ինձ ընդունեց։ Համընդհանուր գրական մթնոլորտ էր, բանաստեղծությամբ ապրելու, ամեն ինչ բանաստեղծությամբ իմաստավորելու-արժևորելու իրավիճակ… Արտաշեսի խոսքն այդ օրը՝ իր ամբողջ խառնվածքով ու մոգականությամբ, ինձ՝ մի բանաստեղծություն իրեն նվիրելու մարտահրավերով, օրեր հետո անվանական մի աքրոստիկոս գրելու առիթ դարձան, որն ինքը ցնծությամբ ընդունեց, միաժամանակ էլ խնդրեց չտպել… Չտպեցի։

Այսօր է օրը՝ իր անհավանական հրաժեշտի պահին, որ ափսոսանքի ու ցավի մեջ տասնյակ տարիների հեռվից ահա՛ պիտի ընթերցվի որպես ձոն հիշատակի… մեր բոլոր այն լուսավոր հիշողությունների ուղեկցությամբ, որոնք վառ հիշատակներ կմնան ազնվական Բանաստեղծից…

 

ԱՐՏԱՇԵՍԻՆ

Ամենակործան քաոսի բովում՝

Րոպեին անգամ հուսահերձումի,

Տառապանքի մեջ մնում է տոկուն

Ահեղ տեսակը բանաստեղծների…

Շողալով ոգի՛ անհայտի ուղում,

Երևակելով կածանը լույսի՝

Սիգապանծ քայլով առաջ է մղվում՝

Իր պրկումի մեջ՝ փայտե խաչն ուզած

Նախաստեղծ ցեղի…

 

Գոհար Գալստյան

 

 

ՉԳԻՏԵՄ՝ ՀՐԱԺԵՇՏԻ ՊԱ՞Հ Է, ԹԵ՞ ԲԱՐԵՎԻ

 

Է՛հ, Արտաշե՜ս, Արտաշե՜ս, իմ դարավոր ու բոհեմիկ  ընկեր,  քո երազների անկշիռ բեռով  գնում ես դեպի բառեղեն թագավորության հանգրվան՝ ցածում թողնելով մեր հիշողությունների  գունավոր կղզյակները։ Եվ ո՞վ իմանա՝  ո՛ր աշխարհն է ավելի իրական. թափանցիկ, ոգիացած մարմինների գո՞յը, թե՞ փոթորկուն կյանքի  հոգնության աղը։ Գնում ես…

Եղբա՛յր իմ, շրջանակի մեջ չի տեղավորվում տեսակդ։

Հիշողության դուռը անակնկալ բացեցիր, որ նախնականորեն ասես՝ նե՛րս արի։

Ու ես խառնում եմ արդեն թիվ ու տարածություն։ Սլաքը ժամացույցի պտտվում է ետ,

ետ ու էլի ետ։

Դու բառերի ոսկերիչ էիր…

Քո ասելիքի դաշտում անգամ փուշը կարող էր  ծաղկել։

Դու սիրում էիր հատկապես կանանց մեծարման մեջ լինել՝ անմրցելի և յուրաքանչյուրի կերպարում  դնել միֆական իրականություն, սերը համարել սկուտեղին դրված ոգեղեն հմայիլ և առատորեն նվիրել  դիմացինին, թեկուզ  մի  պոետիկ պահի համար՝ որպես հոգու կարճատև գինովություն, ու հաջորդ օրը միայն նույնն հմայվածին միայն «բարև» ասել։

Քո արտիստիկ տեսակը չէր կարող ասպետ չլինել ու  չգնահատել գեղեցիկը։

Հիշեցի,  եղբայ՛ր իմ, հիշեցի կոլաժներդ. այնտեղ կանայք թագուհիներ էին, ոսկե ձկները՝ իրական ու շոշափելի, հաջողության անիվը՝ խամրած, որդան կարմիրը՝ շատ, նռները՝ ճաքերով։ Սիրում էիր խնամքով շրջանակել դրանք ու նվիրել  երազող հոգիներին։ Կոլաժներում դու շատ էիր իրատես ու բազմատեսակ։ Մի օր ասացիր.

– Ռի՛փ, այն զարդերը, որ չես օգտագործում, կնվիրե՞ս ինձ։

Ես վստահ էի, որ դրանք պիտի քո կիրառական  արվեստից ինձ նայեին հազար ու մի ձևի սիրունությամբ։

Դա էլ մի ուրիշ հաճույք էր ինձ համար։

Ափսո՜ս, որ արվեստային կոլաժներդ այդպես  էլ  չցուցադրվեցին։ Դու շռայլորեն էիր նվիրում դրանք, որպես հոգու  արժեքավոր ընծաներ։

Էէէ, Արտաշե՜ս, Արտաշե՜ս, քո հայացքը հորիզոններ էր ընդգրկում։ Փորձեցիր  ֆիլմ ստեղծել, որտեղ միայնակ կնոջ  հոգեբանական ներաշխարհն  էր։ Այդ ինչպե՞ս կարողացար հասկանալ այդ նրբանուրբ  անցումների անպարագիծ  թախիծը, որ ներկայացումը հոգեհարազատացավ  յուրաքանչյուրիս։  Այնտեղ ամեն կին տեսավ իրեն։ Հիմա ինձ հարց եմ տալիս` ինչո՞ւ, Հռիփսիմէ, գերադրական աստիճանով  չես խոսում Արտաշի պոեզիայի  մասին. չէ՞ որ նրա մենաշնորհը  գիրն է, որը դու այդքան շատ ես սիրում։

Կասե՛մ, այդ  բազմագույն, յուրատիպ, հիացական աշխարհի մասին ինչ էլ որ ասեմ, կիսատ կլինի ու անտարողունակ։

Հեռացումից հետո է երևում ծառաբնի հաստությունը։

Ափսոս, որ  գնահատականը տրվում է ուշացած ծափերով։

Կգա նաև քո աստղային  ժամը, Արտաշե՛ս։

Մինչ նոր հանդիպում, եղբա՛յր իմ։

 

ՀՌԻՓՍԻՄԷ