ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ
Բանաստեղծ Ռաֆ Բարաթյանի «ՀԻՍՈՒՆ ԵՎ ԿԵՍ ՆԱՄԱԿ՝ ԳՐՈՂՆԵՐԻՆ» ժողովածուն (Նուռ» հրատարակչություն, խմբագիր՝ բ. գ. դ., պրոֆեսոր Գուրգեն Կ. Խաչատրյան):
Գրականությունը նաև տարբեր մշակույթների ու ժամանակների հետ երկխոսություն է… 21-րդ դարի հայ պոեզիան գտնվում է նոր գեղագիտական որոնումների փուլում, որտեղ ավանդույթն ու նորարարությունը հանդես են գալիս որպես փոխլրացնող երևույթներ:
Ժամանակների համեմատությունը գրականություն կառուցելու ուղիներից մեկն է, որը վերաբերում է տարբեր դարաշրջանների գրական մտածողության փոխազդեցությանը, մշակութային հիշողության պահպանմանն ու վերաիմաստավորմանը։ Ամեն գրող, ստեղծելով իր գրական աշխարհը, միաժամանակ մտնում է երկխոսության մեջ անցյալի, ներկայի և ապագայի հետ։ Այս համատեքստում հանդես եկող «Հիսուն և կես նամակ՝ գրողներին» ժողովածուն ժամանակների համեմատության, գրական ու մշակութային հիշողության և ստեղծագործական ինքնության ձևավորման փորձ է, որը ժամանակակից հայ գրականության մեջ կարելի է դիտարկել որպես միջժանրային և միջտեքստային դրսևորում, որտեղ բանաստեղծական խոսքը համադրվում է նամակագրական (էպիստոլյար) ժանրի հետ՝ ստեղծելով բանաստեղծական մտածելակերպի բազմաշերտ հարթություն։ Այս համադրությունը հնարավորություն է տալիս դիտարկելու ստեղծագործությունը ոչ միայն որպես գեղարվեստական տեքստ, այլև որպես գրական-փիլիսոփայական համակարգ։
Հայ և համաշխարհային գրականության պատմության մեջ նամակագրությունը գրեթե գրականության տարիքին է: Հաճախ ենք ընթերցում գրողների՝ միմյանց հղած նամակները, որոնք հիմնականում դասվում են գրական երկի կառուցման արձակ ձևին: Հազվադեպ, բայց կան նաև չափածո նամակներ: Ուսումնասիրելով հայ ու համաշխարհային նամականին և նկատելով չափածո նամականու ասես «բացը»` հետաքրքրությունս ինձ ուղղորդեց գրողների հետ երկխոսության նամակ-բանաստեղծություն ձևին…
Ժողովածուն կազմված է երեք բաժիններից՝ «Նամակ՝ հայ գրողներին», «Նամակ՝ արտասահմանյան գրողներին» և «Կես նամակ՝ ինձ»։ Այս կառուցվածքն ու բաժանումը համարել եմ ոչ միայն ժանրային լուծում, այլև գաղափարական համակարգ, որի հիմքում ընկած է ժամանակների և տարածության համեմատության և մշակութային շարունակականության գաղափարը։ Ժամանակների համեմատությունը գրականության մեջ կապված է պատմականության և արդիականության հարաբերակցության հետ։ Գրական երկերը հաճախ ստեղծում են միաժամանակյա գոյակցության դաշտ, որում տարբեր ժամանակների հեղինակները ներգրավվում են մեկ ընդհանուր մշակութային հարթության վրա։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս գրականությունը դիտարկել ոչ միայն ժամանակագրական հաջորդականությամբ, այլև գաղափարական և գեղարվեստական համեմատության տեսանկյունից։ Ներկայացվող նամակ-բանաստեղծությունները կառուցված են հենց այս սկզբունքով։ Դիմելով տարբեր ժամանակների գրողներին՝ փորձել եմ ստեղծել ժամանակները խաչաձևող մի յուրահատուկ կտավ, որտեղ անցյալը և ներկան փոխհաղորդակցվում են միմյանց հետ։ Այս կերպ փորձել եմ ձևավորել գրական հիշողության շարունակականություն, որը թույլ կտա ընթերցողին տեսնել գրականության զարգացման ներքին և արտաքին օրինաչափությունները:
Ժողովածուի առաջին բաժնում («Նամակ` հայ գրողներին») երկխոսել եմ հայոց ազգային ինքնության կրողների հետ՝ սկսելով Մեսրոպ Մաշտոցից և Գողթան երգիչներից, անդրադարձել եմ հայ գրական ավանդույթին՝ անցյալի գրական փորձը դիտարկելով ներկայի հայացքով, անցյալը գնահատելով ներկայի չափանիշներով։ Այս երկկողմանի դիտանկյունը ձևավորում է գրքի կարևորագույն առանձնահատկություններից մեկը՝ ժամանակային շերտերի համադրությունը։ Դիմելով հայ գրականության տարբեր ժամանակների ներկայացուցիչներին՝ փորձել եմ վերաիմաստավորել հայ ազգային, հայ մշակութային ու հայ գրական մի պատառիկը։ Անցյալը ներկայացրել եմ ոչ թե որպես ավարտված պատմական փուլ, այլ որպես ամրակուռ հենք, որպես կենդանի մշակութային ներկայություն։ Գրական երկխոսության մեջ մտնելով նախորդներիս հետ՝ աշխատել եմ ստեղծել ժամանակների համաժամանակյա գոյակցության տպավորություն։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս դիտարկելու ազգային գրականությունը որպես շարունակական գործընթաց, որում յուրաքանչյուր նոր ստեղծագործություն կապվում է նախորդների հետ։
«Նամակ՝ արտասահմանյան գրողներին»՝ երկրորդ բաժնում ընդլայնել եմ ժամանակների և տարածության համեմատության շրջանակը՝ այն տեղափոխելով համաշխարհային գրականության դաշտ, ջնջելով աշխարհագրական սահմանները։ Այս բաժնում փորձել եմ ձևավորել համաշխարհային գրականության համաժամանակյա ընկալում, որտեղ տարբեր դարաշրջանների հեղինակները ներկայանում են որպես միասնական մշակութային համակարգի անքակտելի բաղադրիչ մաս։ Ժամանակը և տարածությունն այստեղ դառնում են հարաբերական կատեգորիաներ, իսկ գրականությունը՝ մշակութային հիշողության տարածք։ Ըստ իս՝ այս մոտեցումը ընդգծում է գրականության համամարդկային բնույթը և ցույց տալիս, որ տարբեր ժամանակների գրական մտածողությունը կարող է միավորվել մեկ ստեղծագործական տարածքում։
Ժողովածուի երրորդ բաժինը՝ «Կես նամակ՝ ինձ»-ը, առանձնահատուկ նշանակություն ունի գրքի գաղափարական համակարգում։ Վերնագրի «կես» հասկացությունն այստեղ խորհրդանշում է ինքնության երկփեղկվածությունն ու անավարտությունը։ Ինքս ինձ ուղղած նամակը «կես» է, քանի որ մարդու ինքնաճանաչումը մշտապես ընթացքի մեջ է։ Այս բաժինը ներկայացնում է ներքին ժամանակի գաղափարը, որտեղ միավորվում են անցյալը, ներկան և ապագան։ Այն հյուսվում է նախորդ բաժիններին՝ ձևավորելով ամբողջ ժողովածուի փիլիսոփայական առանցքը, ընդգծելով, որ բոլոր նամակները, ուղղված լինելով տարբեր ժամանակների գրողներին, ի վերջո վերադառնում են հեղինակին՝ որպես ինքնաճանաչման գործընթաց։
Այսպիսով, «Հիսուն և կես նամակ՝ գրողներին» ժողովածուն առաջարկում է գրականության նոր ըմբռնում՝ որպես հաղորդակցական և գոյաբանական պրակտիկա, որտեղ տեքստը դառնում է ոչ միայն գեղարվեստական արտահայտություն, այլև մտածողության ձև։ Այս ժողովածուով աշխատել եմ ստեղծել եռաստիճան ժամանակային ու մշակութային տարածք՝ ազգային ժամանակ-մշակույթ, համաշխարհային ժամանակ-մշակույթ և ներքին ժամանակ-մշակույթ։ Ըստ իս՝ այս կառուցվածքը հնարավորություն է տալիս դիտարկել ժողովածուն որպես գրական երկխոսության և մշակութային հիշողության յուրահատուկ և ինքնատիպ դրսևորում, որը ոչ միայն բանաստեղծություն-նամակների շարք է, այլև ժամանակների համեմատության և գրական-գեղարվեստական մտածողության համակարգ, որտեղ ժամանակի միասնական երեք գոյաձևերը միավորվում են մեկ ստեղծագործական տարածքում՝ համահարթեցնելով տարածությունը և հնարավորություն տալով ընթերցողին մասնակիցը դառնալու այդ երկխոսության…
