ՎԻՇԱՊԱՔԱՂԸ, ԹՌՉՆԱՁՈՒԿԸ ԵՎ ԹԻԹԵՌՆԱՁՈՒԿԸ/Վալերի ՓԻԼՈՅԱՆ

Զարեհ Խրախունու 100-ամյակին և Սամվել Զուլոյանի 70-ամյակին
1
«Աստվածաշունչ» մատյանն է արձանագրում․ «Աստուած ասաց․ «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»։ Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց, 26-27)։ Սակայն Աստծո պատկերով ստեղծված մարդը ի վերջո կարծեց, որ ինքն էլ, իր հերթին, կարող է մաս ունենալ աստվածային արարչագործությունից և արարել իր հերթին ամենատարբեր արարածներ։ Այդ արարման ընթացքում նա ոչ թե նորն է ստեղծել, այլ արդեն արարվածի յուրահատուկ սինթեզներ է իրականացրել՝ այդպես հաստատելով իր կարողությունը։ Հիշենք հին եգիպտական դիցաբանությունից մարդու մարմնով և որևէ կենդանու գլխով աստվածություններին, մասնավորապես Բաստին, որ պատկերացվել է կատվի գլխով, Անուբիսին՝ շնագայլի կամ շան գլխով, Թոթին՝ իբիսի (քաջահավ) գլխով։ Չմոռանանք Սֆինքսին, որ առյուծի իրանով և մարդու գլխով տարօրինակ, բայց մի քանի հազարամյա ներկայություն է իր շատախոս չխոսկանությամբ, իսկ հունական պատկերացումներում Սֆինքսը Տիփոնի և Եքիդնայի զավակն է՝ կնոջ դեմքով ու կրծքով, առյուծի մարմնով և թռչնի թևերով, որ հունական Թեբեի բնակիչներին հանելուկ է ուղղում։ Հին հունական դիցաբանության մեջ հանդիպում ենք նաև քիմերներին, մինոտավրոսին, հարպիային, մեդուզային, պեգասին, կենտավրոսներին…
Փաստորեն վաղնջական ժամանակներից այս հիբրիդ-խառնածինները բնորոշ են թերևս բոլոր ժողովուրդներին ու նրանց դիցաբանական համակարգերին՝ հունական, միջագետքյան, չինական, սկանդինավյան… Շարքին բնական տրամաբանությամբ հավելենք նաև հայկական դիցաբանությունը, որի հիբրիդ-խառնածինների վերաբերմամբ նշենք հետևյալը (նկատի ունենք, որ բառը հիշողություն ունի կամ ամբարում է որոշակի հիշողություն)՝ մեջբերելով մի քանի բառ Ստ. Մալխասյանի բացատրական բառարանից․
«Վիշապ – 5․ ժողովրդական սնահաւատութեամբ՝ հրէշներ, օձի շապկով մարդիկ, որոնք կարող են երբէմն իբրեւ օձ երևալ՝ շապկով, կամ իբրև մարդ՝ շապիկը հանելով»(1), «Վիշապամարդ, գ. Հրէշ՝ կես վիշապ, կես մարդ» (ն. տ., 544), «Վիշապառյուծ, գ․ Երևակայական հրէշ, կէս վիշապ, կէս առիւծ» (ն. տ.)։
Տեսնում ենք տարբեր կենդանի արարածների համակցություններ։
Նման մի բառ էլ ջրահարսն է (ծովահարս)՝ աղջկա իրանով և ձկան պոչով երևակայական կենդանի արարածը, որ Հ. Ք. Անդերսենի հեքիաթից է մեզ փոխանցվել։ Այսպես ենք կարծում, որովհետև Մալխասյանի բառարանում այն չկա (տպագրվել է 1944-ին) և հայտնվում է Աղայանի բառարանում ջրահարս և ծովահարս տարբերակներով (տպագրվել է 1976-ին)՝ այսպես հուշելով իր ծագումնաբանության ժամանակը։ Բազմաթիվ հիբրիդ-խառնածինների շարքում առանձնացնենք, մեր կարծիքով, յուրահատուկ մեկը՝ վիշապաքաղը։
Անդրադառնալով Վահագնի առասպելին՝ Մ․ Աբեղյանը ընդհանրացնում է․ ««Վիշապաքաղ» մակդիրը ցույց է տալիս, որ մեր հին հավատքի մեջ Վահագնի կռիվը վիշապների դեմ ըմբռնված է իբրև «վիշապ հանել», որին, Եզնիկի ժամանակից մինչև այսօր, հավատում է մեր ժողովուրդը։ Իսկ «վիշապ հանելը», ինչպես տեսանք, ամպրոպային կռիվն է, որ ամպրոպային աստվածը մղում է փոթորկի մեջ վիշապի դեմ, որ, ինչպես ուրիշ ազգերի, այնպես և մեր հին ու նոր հավատալիքով ամպրոպի, պտտահողմի և փոթորկալից ամպի անձնավորումն է։ Եվ ի՞նչ է «լեռներեն վիշապներուն երկինք քաշվելը» կամ «վիշապաքաղությունը», եթե ոչ մի առասպելական արտահայտություն միայն, փոխանակ սովորական ասացվածի թե «ամպ ու չանգը վեր է քաշվում լեռների վերա»»(2)։
Սակայն վիշապաքաղ բառի ստուգաբանության մեկ այլ տարբերակ կա՝ մասնավորապես Ղ. Ալիշանի կողմից ներկայացված։ Այս ստուգաբանության հիմքում ոչ թե վիշապ(ներ)ին քաղել բայական հարադրությունն է, այլ վիշապ և քաղ (այծ) գոյականների համադրությունը՝ վիշապայծ, ինչպես ունենք վիշապամարդ, վիշապառյուծ։ Այս տարբերակի դեպքում կա երկու կենդանիների համադրման արդյունքում ձևավորված երրորդի պատկերացումը, որ և՛ վիշապ է, և՛ այծ։ Թերևս եղել է այն մոտեցումը, թե որքան արտառոց, այնքան սարսափելի և ազդու է տվյալ աստծո մասին պատկերացումը։ Դրանից զատ, ամպրոպի ընթացքում կայծակի հայտնվելը, որոտմունքը, լուսավորվելը, հնարավոր կրակի բռնկվելը դառնում են անձնավորման նյութ, որի վերացարկման արդյունքում ձևավորվում է վիշապաքաղի պատկերացումը։ Կողմնակի հիշենք, որ այծը հայոց տոտեմն է (անմիջապես արթնանում է Փավստոս Բուզանդի պատմությունից ավանդված բառակապակցության հիշողությունը՝ «այծից Հայոց արքայ»(3))։ Այծ բառի հոմանիշի կիրառությունը հուշում է աստվածության հայկականությունը։
Ս. Հարությունյանը, կողմնակից լինելով Մ. Աբեղյանի առաջարկած մեկնությանը, այնուամենայնիվ անտես չի անում երկրորդ տարբերակը. «Հարկավ, չի բացառվում, որ հայկական հնագույն պատկերացումներում ամպրոպակայծակնային աստվածությունը անձնավորված լիներ քաղի (արու այծ) կերպարանքով (հմմտ. թեկուզ կայծակի մասին բերված հանելուկի հետ. «Ինքը էծ,//մեջքը պեծ»), և Վահագնի «Վիշապաքաղ» մակդիրը լեզվական վերապրուկ լինի ամպրոպածին դրական էակի (քաղ) և նրա չար հակառակորդի (վիշապ) միևնույն կերպարի մեջ համադիր մարմնավորման վաղնջական պատկերացման»(4)։ Կարծում ենք՝ այստեղ չարի ու բարու խնդիր չկա, այլ կրակաբեր կայծակի ու նրանից բռնկվող կայծի-կրակի վերացարկումի ու սինթեզի արդյունքն է։ Հավելենք միայն, որ Վահագն անձնանունը մեկնաբանվում է սանսկրիտի լեզվանյութով, ըստ որի՝ բառացի նշանակում է վահ-բերել և ագն (огонь) – կրակ, հուր, ասել է՝ կրակաբեր։

2
Հիբրիդ-խառնածինները պատկերացվել են որպես նախահայր (նախասկիզբ) կամ տոտեմ։ Այլ դեպքում սրանք դրսևորվել են որպես մարդու յուրահատուկ իպոստաս։ Երևակայական կենդանիները տարբերակվել են ըստ նյութի (ջուր, մետաղ, հուր, փայտ) (սա տեղ է գտել չինա-կորեա-ճապոնական դիցաբանության մեջ), ըստ աշխարհագրական կողմերի (արևելք, արևմուտք, հարավ, հյուսիս) (դրսևորվել է Ասորեստանում, Եգիպտոսում), ըստ չորս տարրերի՝ կենսոլորտների մասին ուսմունքի (եթեր (օդ, նաև երկինք), հող, ջուր, հուր) (այս պատկերացումը տեղ է գտնում հատկապես Հին Կտակարանում և Հին Հունաստանում)։ Կարծիք կա, որ տարբեր կենդանիների լավագույն հատկանիշների համակցում է տեղի ունենում կամ իրականացվում(5)։ Եզնիկը նկատում է. «Չորս տարրերը, որոնցից կազմված է այս աշխարհը, առանձնակի միմյանց խաթարող են, բայց զուգակցի հետ համադրված՝ օգտակար ու շահավետ են դառնում»(6)։ Հնարավոր են, փաստորեն, վեց տարբեր համակցություններ՝ հող-ջուր, հող-եթեր, հող-հուր, ջուր-եթեր, ջուր-հուր, եթեր-հուր։ Քիչ անց կքննենք օգտակար ու շահավետ ջուր-եթեր համակցության երկու օրինակներ։
Նկատենք, որ կա նաև անհատական ապրումի կամ զգայնության հանգամանքը։ Այս տեսակետից չափազանց հետաքրքրական է 15-16-րդ դարերի հոլանդացի գեղանկարիչ Հիերոնիմուս Բոսխի ստեղծագործության օրինակը, երբ տասնյակ ու տասնյակ նմանօրինակ ու անսպասելի համակցությունների ու խառնածինների ենք հանդիպում։ Հիշենք նաև, որ հույն բանաստեղծ Վասիլիս Վասիլիկոսը բանաստեղծություն ունի թռչունի ու ձկան սիրավեպի մասին։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին Կրետե կղզում գտնված առասպելական Մինոս արքայի ավերված պալատ-լաբիրինթոսում(7) (ասել է՝ դրանից առաջ է այն կառուցվել) պահպանվել է յուրահատուկ մի հիբրիդի՝ թռչնաձկան խճանկարը։
Օրինակներ կարելի է բերել նաև մեր միջնադարյան մշակույթից։ Մասնավորապես՝ ունենք Ակնա տարածաշրջանից պահպանված հայրենի օրինակ, որ երկնային աստղիկի և ձկնիկ-ձկնակի սիրո պատմություն է․
Աստղիկ մը երկնուցմէն ի վար
Կու սիրէ ձկնակ մի ծովու․
Ո՛ւչ աստղիկը վար գալու,
Ո՛ւչ ձկնակ՝ վեր գնալու։
Աստղիկ, սիրէ, ամպն ելի
Նաւն ու ծովն է ալի․
Ծովը տարէ տար տարաւ,
Չի հասաւ իր մուրատին(8)։
Ամենատարբեր ժողովուրդներին և նրանց միֆական մտածողությանը բնորոշ հիբրիդներից զատ շատ հաճախ ծնվում են անհատական հեղինակային միֆեր, որովհետև շարունակական են արարելու տենչը և ներդաշնության երազանքը։ Մեր օրերում դրանք կարևորվում են ոչ միայն նախընթաց, իսկական միֆերի հետ ունեցած ժառանգորդական կապերով, այլև մերօրյա իրողությունների և զգայնությունների արտահայտության տեսակետից։ Այդպիսին են, մասնավորապես, Սամվել Զուլոյանի «Թռչնաձուկը» և Զարեհ Խրախունու «Անկարելի համբոյր»-ի թիթեռնաձուկը։
3
Սամվել Զուլոյանի «Թռչնաձուկը» տպագրվել է 1996-ին հրատարակված «Ինձնից մինչև ես»(9) ժողովածուի մեջ՝ որպես գիրքը եզրափակող ստեղծագործություն։
Ըստ բովանդակային յուրահատկությունների դիտարկելու դեպքում կառուցիկ ու միասնական այս ստեղծագործությունը կարող ենք քննել որպես առանձին կառուցվածքային միավորների տրամաբանված ամբողջություն։
Նախադրություն-մուտքը։ «Կա՞ր, թե՞ չկար, չկա՞ր, թե՞ կար…//Կա՛ր։ Չկային չեմ հավատում…//Ծովում ոսկե մի ձկնիկ կար,//Իսկ երկնքում՝ ոսկե թռչուն»։
Ձուկը։ «Ձուկը երգն էր, բախտն էր ծովի՝//Ոսկեթեփուկ, ոսկելողակ,//Ձկնիկն էր նա հորինովի՝//Կապույտ ծովում՝ փոքրիկ շողակ։//Չէր ճանաչում ոչ ոք նրան,//Ապրում էր գոհ, ձկնավայել,//Նրա համար ոչ մի ձկնորս//Դեռ ոսկեղեն ցանց չէր կարել»։
Թռչունը։ «Ծովից բարձր, լազուրում պերճ,//Երկնքի լուրթ մաքուր ծոցում//Թևածում էր, երգում անվերջ//Մի հորինված ոսկե թռչուն։//Չէր նկատել ոչ ոք նրան,//Չկար նրան փնտրող աչքեր,//Նրա համար ոչ մի որսորդ//Չէր հորինել ոսկե նետեր…»։
Երկու դեպքում էլ՝ և՛ ձկան, և՛ թռչունի, տեղ է գտնում հորինումի-հորինվածի կանխադրույթը։ Ասել է՝ նրանք իրականում չկան, սակայն պահ անց մոռացվելու է չլինելը, և որպես հեքիաթի պայմանականություն՝ հաստատվելու է լինելու՝ մշտամնա հարատևելու պայմանաձևը, չնայած անընդհատ շեշտվելու է երազում դրսևորվելու իրողությունը։
Երջանիկ անգիտություն։ «Ապրում էին ձուկ ու թռչուն՝//Միայնակ, գոհ ու անընկեր,//Մեկն իր ծովի կապույտ գրկում,//Մյուսն իր ծավի երկնքին տեր»։
Ձկան երազը։ «Հետո ինչպե՞ս, ինչպե՞ս եղավ՝//Ձուկը մի օր իր երազում//Մի լուրթ կապույտ երկինք տեսավ//Ու երկնքում՝ ոսկե թռչուն»։
Հաջորդում է Թռչնի երազը՝ ասես հաստատելով տարալիցք դաշտերի ու սկիզբների ձգողականության ֆիզիկական օրենքը։
«Իսկ թռչունը տեսավ ծավի//Անեզրություն մի ալեծուփ,//Ուր թռչում թե լող էր տալիս//Ոսկեղենիկ հրաշք մի ձուկ»։
Ապա գալիս է կառուցվածքային տեսակետից թերևս ամենամեծ հատվածը՝ Ձկան երազից մինչև իր մեկուսացումը։ «Երբ ցնորքը հալվեց-անցավ,//Ասես երբեք չէր էլ եղել,//Ձուկը միայն նոր հասկացավ,//Որ երբեք չի նայել վերև։//Նայեց, տեսավ ծովի վրա//Ուրի՜շ-ուրի՜շ եթեր մի լուրթ,//Ուր թռչում թե լող էր տալիս//Ոսկեղենիկ հրաշք մի ձուկ…//Ձուկը ուզեց երկինք լողալ՝//Ինքնասպան ճիգով անզոր,//Անվե՜րջ-անվե՜րջ վեր բարձրանալ,//Գրկել անհաս երազն իր նոր…//Լոկ մի վայրկյան պոկվեց ջրից,//Թվաց՝ ամբողջ մի դար տևեց,//Ու շնչահեղձ ընկավ նորից//Ծովի կապույտ ջրերի մեջ»։
Եթե ընդմիջարկելու լինենք և փորձենք ինչ-որ մեկնություն տալ, ապա կարող է հնչել Զահրատ քերթողի հորդորը. «Դուն ձուկ//ծովէն դուրս//պէտք չէ որ ելլես//Հացդ ջուրէն է//Երդիկդ ջուրէն//Երջանկութիւնը//մինչդեռ կը սպասէ//ծովափէն անդին//դուն ձուկ//ծովէն դուրս//պէտք չէ որ ելլես»(10)։
Շարունակենք։ «Նա զգաց, որ երկինք չունի//Եվ չունի վեր տանող թևեր,//Որ արարչի հորինումը//Նրան որպես ձուկ է ձևել…//Եվ ծովը, որ չուներ սահման,//Դարձավ հանկարծ նեղ մի վանդակ,//Ինքը՝ խխունջ որդանման,//Անձև, անշուք ու այլանդակ։//Իջավ-սուզվեց խորքը ծովի,//Բանտվեց մի մութ, խուլ անձավում,//Ուր արևի ոչ մի շողիկ//Ու ոչ մի ձայն չէր թափանցում։//Ուխտեց՝ երբեք չբարձրանալ,//Ապրել իր մութ մղձավանջում,//Չտառապել, չցանկանալ//Ո՛չ թռիչք, ո՛չ անմիտ անկում»։
Անսալով հնչած հորդորին և ենթարկվելով արարչական կամքին՝ գալիս է ձկան համակերպումը։ Համակերպումը պարտություն է դառնում, որին արժանի չէ այս երազի հորինված այս ձկնիկը։ Ուրեմն՝ փրկության տարբերակ է գտնվելու, և այդ տարբերակը դրսևորվելու է մի պահ անտեր թողնված (արևմտահայերեն կհնչի՝ բացը մնացած) թռչնի օգնությամբ, բայց վերջինիս ինքնազոհաբերմամբ։
Իկարոսի անկումը։ «Իսկ թռչունը ծովի վրա//Իր բախտի ձուկն էր որոնում,//Ցած էր կանչում ծովը նրան,//Ալիքների խաղով գերում։//…Մի գիշեր, երբ խավարը սև//Ծով ու երկինք մութով պատեց,//Հանկարծ ցածում՝ ջրերի մեջ,//Հավքը ձկանն իր նկատեց…//Ճիչով անզուսպ, ինքնամոռաց//Հավքը իրեն ծովը նետեց.//…Անդրադարձը լուսնի դողաց//…Լուսնեղջյուրը ամպում խեղդվեց…»։ Վերջին երկու տողերը սառը դատողությամբ ինքնասպանություն են փաստում, միաժամ՝ տագնապ ու չբարձրաձայնվող, բայց լսելի ողբերգություն։ Երկն իր լրումին չի հասել, պիտի կայանա հրաշքը կամ բանաստեղծական գյուտը «անհնարինը իրականացած» տրամաբանությամբ, որ հեքիաթի պայմանականությամբ է ձևավորվում, ու ծնվում է խառնածին-հիբրիդը, որ այս անգամ թռչնաձուկ է կոչվում։
Թռչնաձկան ծնունդը, գոյության հիմնավորումն ու խորհուրդը։ «Որդին՝ երկու Կապույտների,//Որ չգիտե ոչ մի սահման,//Մեկ թռչում, մեկ լող է տալիս//Թռչունի ու ձկան նման,//Որ Կարոտը հավերժ թևի,//Որ Երազը մնա անեղծ,//Տենչը Սիրո հարատևի//Թե՛ երկնքում, թե՛ ծովի մեջ»։
Ֆանտաստիկ իրողության, դեպքուդիպվածի հաստատումը գրականության մեջ շատ հաճախ հիմնավորվում և իրականանում է մեկ այլ ֆանտաստիկի խաղարկմամբ։ Այդպես է Ֆրանսուա Ռաբլեի դեպքում, այդպես է Սերվանտեսի Դոն Կիխոտի պարագայում և ընդհանրապես։ Այս դեպքում, ինչպես Դոստոևսկին է նշում իր «Գրողի օրագրում», «Ռեա-լիզմը, ուրեմն, բավարարված է, ճշմարտությունը փրկված է»(11): Երկու հորինված գոյեր՝ ձկնիկ-ձկնակն ու թռչունը, ֆանտաստիկ մի կերպափոխությամբ միավորվում են՝ դառնալով իրական թռչնաձուկ՝ փրկելով ճշմարտությունը։
Ու ի վերջո տեղ է գտնում այս հեքիաթ-բալլադի(12) ավարտը, որ կոմպոզիցիոն շրջանակում է ձևավորում. «Կա՞ր, թե՞ չկար, չկա՞ր, թե՞ կար…//Կա՛ր, չկային չեմ հավատում…//Ես երազում նրան տեսա,//Դուք էլ փնտրեք ձեր երազում»։
Ո՞վ էր Զուլոն՝ ձո՞ւկը, թե՞ թռչունը։ Զուլոն՝ որպես մարդ, ձուկն էր, որ կյանքի ու կեցության անեզր ծովից չկարողացավ ելնել ու ճախրել, քանզի ձուկ էր ծնվել։ Զուլոն՝ որպես բանաստեղծ, թռչունն էր, որի կենսատարածքը եթերն ու երկինքն էին, սակայն անընդհատ թևելը սահմանված չէ անգամ առասպելական թռչունների համար, պիտի լինի հենման կետ գոնե, հենվելու, տևելու, սիրելու, կարոտելու ներդաշնություն, որ չկար կամ մերժվում էր հանրության կողմից։ Այս երկու սահմանափակ (կամ երկփեղկված) գոյերի համար ամբողջական լինելության տարբերակ կարող էր լինել միայն միավորումը պարտության կամ ինքնազոհաբերման գնով։ Եվ սրանից ծնվեց թռչնաձկան ինքնահնար առասպելը, որ լինելիքի գուշակություն է թվում այսօր քառորդդարյա հեռավորությունից։ Այդ իսկ պատճառով միանշանակ է թվում թռչնաձկան Սամվել Զուլոյան լինելը։ Ձուկը որպես մարմին, թռչունը՝ հոգի պատկերացնելիս ձևավորվում է թռչնաձուկ ներդաշնությունը։ Բայց սա դեռ վերջը չէ։
Ինքնազոհաբերման ու մահվան մոտիվները շատ հաճախ միասնաբար են տեղ գտնում Սամվել Զուլոյանի ստեղծագործության մեջ և ոչ միայն միասնաբար, այլև շարունակական է այս համատեղ արտահայտությունը նրա գործերում՝ հաստատելով Չարենցից եկող ժառանգորդական շղթայի առկայությունը։ Ընդամենը զուգադիր քննության ենթարկենք Չարենցի «Անվերնագիր» (15.12.1936) ու Զուլոյանի «Հիշատակի օր» գործերը, և եզրահանգումն ինքնաբերաբար կծնվի։
Ասես մի սև հրեշտակ թե՞ ճերմակ սատանա ուղղորդում է նրան, ասելիքը դառնում է մտասևեռում «The end», «Մարդը պատի վրա», «Մահվան օղակ», «Հերձվածողը», այլ գործերում, և ինքնազոհաբերմամբ իրագործվող հաստատումը փաստորեն տեղ է գտնում նաև «Թռչնաձուկը» քերթվածում։ Սա՞ է Զուլոյի գլխավոր ասելիքը։

4
Եթե այս անգամ կայացավ զուլոյանական թռչնաձուկը, ապա մեկ այլ դեպքում հայոց բանաստեղծությունը ընձեռում է թիթեռի ու ձկան անհնարին, բայց հնարավոր սիրաբանությունը Զ. Խրախունու քերթվածում։ Այս գործին (հեղինակը ժանրը բնորոշել է բեմապար, գրվել է 17.11.1996-ին հիվանդանոցում) հանդիպում ենք 2010-ին Երևանում հրատարակված «Տօնականչ»(13) հավաքածուի մեջ, սակայն մինչ այդ հրատարակվել է 1998-ին Ստամբուլում «Շեղբի վրա ճարտարախաղ» քերթվածների ժողովածուի մեջ։
Ի՞նչ է պատահել և ինչո՞ւ։
«Ձուկ մը փոքրիկ
Ապակիէ ամանին մէջ կը լողայ» /178/։
Անօրինակ գեղեցկության տեր, հեռավոր տաք ծովերից բերված այս ձկնիկը «գոհ է կեանքէն», սակայն առանձին ու մենակ է, իր օրնիբուն պտույտների ընթացքում «ոչ ոք, ոչինչ կը գտնէ», և կա շարունակական միօրինակություն մինչ այն պահը, երբ բաց մնացած պատուհանից ներս է մտնում անօրինակ գեղեցկության տեր աներկրային մի արարած՝ թիթեռը։
«Ապակիէ աւազանին կը թառի
Ու նոյնհետայն կ’իյնայ գետին ուշաթափ․
Ոչ հիւանդ է, ոչ յոգնած
Այլ պարզապէս զարնուած – եւ ո՛չ մեկէն –
Փոքրիկ ձուկին գեղ ու շնորհէն աննման…» (178-179)։
«Զարնուած» բայաձևը արևմտահայերենում նշանակում է ոչ միայն վիրավորված («Երեք անգամ սրսփաց զարնված աղվոր աղավնին»՝ Դանիել Վարուժան)(14), այլև, ուրեմն, ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական հարված ստացած, հետևաբար՝ նաև սիրահարված (զորօրինակ՝ «չորս անկյունն ալ իմ անունիս գլխագիրը՝ «Մ» տառը կար. չորս կողմը մէյմեկ մէն… Հասկցայ… Ըսել էր, թէ Սիլվան ինծի չորս անգամ աւելի զարնուած էր»՝ Մկրտիչ Մարկոսյան)(15)։
Ձկնիկն իր հերթին
«Մէկ հոս մէկ հոն կը լողայ
Մէկ աջ մէկ ձախ կը դառնայ
Ու վերջապէս խելքի պտոյտ կ’ունենայ
Աւելի ճիշդ – եթէ ունի – խելքը գլխէն կը թռի…» (179)։
Եվ այս մունջ գոյերի միջև սկզբնավորվում է ավելի շուտ անլսելի, աչքերով իրականացվող զրույցը «Զոյգ զմրուխտէ ու սուտակէ աչքերուն․
– Եկուր ինծի, կ’ըսէ թիթեռն ահաբեկ․
– Ջուրին վրայ թեւատարած կը խեղդուիմ
Մինչեւ քեզի չհասած, կ’ըսէ թիթեռն ահաբեկ․
դո՛ւն վեր ելիր, գլուխդ հանէ ջուրէն վեր
Որ քեզ գրկեմ թեւերովս այս սիրավառ
Ու համբուրեմ հազար անգամ, եւ կամ գոնէ մէկ անգամ…
Կը խեղդուի՜մ,- կու լայ ձուկը, ես չեմ կրնար օդ շնչել…
Ու զմրուխտէ արտասուքներ կը թափէ․
• Ի՜նչ դժբախտ եմ,- կ’ըսէ թիթեռն,- ու շուրջպարով մը տխուր
Աւազանին կը ցողէ
Հազար արցունք սուտակէ…» (179)։
Զանց առնելով փիսիկի հետ կապված մանրադեպը՝ շարունակենք հետևել ձկան ու թիթեռի զրույցին․
«- Մեր այս սէրը վերջ չունի…
• Գիտեմ,- կ’ըսէ թիթեռնիկը սրտաբեկ,-
Բայց մեր սէրը բաժանումով չ’աւարտիր
Այլ կը տեւէ այնքան ատեն՝ դուն կը լողաս սիրոյ մէջ
Այնքան ատեն՝ ես կը թռչիմ բաց օդին
Ու մեր սէրը կը պարեմ․
<…>
վերջին անգամ
ապակիին ես մէկ կողմէն, դուն ալ միւս
համբոյր մը տանք իրարու
Ու մեկնիմ։
– Եկո՛ւր հոգեակս,- կ’ըսէ ձուկը,- սրտիս ամբո՜ղջ կարօտով…
– Հոգւոյս անհո՜ւն կրակով,- կ’ըսէ թիթեռն հրավառ․
Կը միանան ձուկին շրթունքն ու իր պատիճն երկու կողմէն դէմ առ դէմ…» (180)։
Այս անգամ էլ քերթվածն ընդմիջարկենք նորից Զահրատի տողերով, որ ասես այս պահի և այս պայմանականության համար են գրվել․ «Եկուր – սիրական – վերջին համբույրին//Եկուր սա վերջին գիրկընդխառնումին//Սիրո վայելքի սա վերջին փորձին//Ու մոռացության//<…>//Վաղը շատ ուշ է – Ով իմ սիրական -//Վաղը դագաղն է ամեն այսօրվան –//Այսօրվան համար այս օրն է իրավ –//Ով իմ սիրական – սիրելն է իրավ –//Մոռնալն է իրավ –//Այսօր սկիզբն է սկսող մահվան//Ով իմ սիրական»(16)։
Ինչպես Ս. Զուլոյանի «Թռչնաձուկն» է ավարտվում՝ ձևավորելով հեքիաթի պայմանականություն, այնպես էլ Խրախունու բեմապարն է ավարտվում որպես հեքիաթ․
«Եւ այդ պահուն կը պատահի ինչ որ միայն
Հէքեաթի մէջ կը պատահի –
Այդ սիրավառ երկարատեւ համբոյրին
Անհնարին ջերմութենէն կը ծակի
Կը խորտակուի աւազանը ապակեայ,
Կը մահանան ձուկն ու թիթեռն ինկած գետին
Բիւրեղափայլ փշուրներու տակ թաղուած
Ու վերջապէս զիրար գրկած
Սեղմ փաթթուած իրարու» (180)։
«Եթե որևէ բան ապացուցման կարիք ունի, ապա դա ոչ թե անմահության, այլ մահվան ֆենոմենն է»(17),- ասում է 20-րդ դարի մտածողը։ Ասել է՝ անմահությունն աքսիոմ է, և դեռ պիտի ապացուցվի մահվան իրողությունը, այնինչ կյանքն ամենօրյա իր գոյությամբ ինքնահաստատվում է։ Այսպես հաստատվում է թռչնաձկան ու Սամվել Զուլոյանի, թիթեռնաձկան ու Զարեհ Խրախունու գոյությունը(18)։
Այսպիսով՝ հար խառնածին-հիբրիդ գոյը կենդանի պայմանաձև է, որ տեղ է գտնում ոչ միայն անհիշելի ժամանակներից եկող վիշապաքաղի պատկերացմամբ, այլև ոչ վաղ ներկայի երկու գրչեղբայրների ստեղծագործություններում՝ մեկ որպես թռչնաձուկ, մեկ որպես մահից հետո ծնված թիթեռնաձուկ։ Եթերի և ջրի հարաբերումը ծնում է այդ տարերքներին բնորոշ արարումների խաչասերումներից ծնված ներդաշնության կարոտ, որ հեղինակների ապրած ժամանակի և կեցության անկատարությունն է փաստում։ Այս հորինումներն ավելի իրական են, քան իրականությունը, և մահով հաստատվում է կյանքը։

(1) Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան, հտ. չորրորդ (Չ-Ֆ), Երեւան, ԵՊՀ հրատ., 2010, էջ 542։
(2) Աբեղյան Մ., Երկեր, հտ. Ը, Երևան, Հայկ ՍՍՀ ԳԱ հրատ., 1985, էջ 120-121։
(3) Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ., 1987, էջ 196-197։ Այս կապակցությամբ Ստ. Մալխասյանցի ծանոթագրությունը, թե՝ «Ախոռապետը ոչ թե անարգելու նպատակով, այլ հանաք անելով, այս մակդիրն է տալիս Արշակին՝ հրավիրելով խոտի խուրձի վրա նստել։ Նա ընկերական հանաք է արել՝ մոռանալով, որ խոսում է թագավորի հետ» (ն. տ., էջ 433-434), չի բավարարում։
(4) Հարությունյան Ս., Հայ առասպելաբանություն, Բեյրութ, 2000, էջ 90-91
(5) Այս մասին մանրամասն տե՛ս Мифы народов мира͵ т. 1͵ М. ͵ Советская Энциклопедия͵ 1991͵ с. 440-449.
(6) Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, Երևան, ԵՊՀ հրատ., 1994, Էջ 11։
(7) Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին Էգեյան ծովի հարավային մասում՝ Կրետե կղզուց հյուսիս գտնվող Սանտորինի (հին անվանումը՝ Թիրա) կղզում տեղի է ունեցել հրաբուխ, որի ազդեցության տակ առաջացած ցունամին ոչնչացրել է Կրետմիկենյան կամ մինոսյան քաղաքակրթությունը։ Այնուհետ կղզին վերաբնակեցվել է, սակայն նորեկ բնակիչներն այլևս չեն կարողացել հարաբերվել նախորդած բնակիչների ստեղծած քաղաքակրթության նմուշների հետ։ Մեր գրականության մեջ Սանտորինի կղզին հիշվում է Զահրատի «Սանթորինիի իշուկը» երկով։ Տե՛ս Զահրատ, Դդումի համ, Սթանպուլ, «Արաս» հրատ., 2009, էջ 110-117։
(8) Հայրեններ, աշխ.՝ Ա. Մնացականյանի, Երևան, «Նաիրի» հրատ., 1995, էջ 728։
(9) Զուլոյան Ս., Ինձնից մինչև ես, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1996։ Մեջբերումներն այս հրատարակությունից են։
(10) Զահրատ, Բառ բառի քով, Երևան, «Նաիրի» հրատ., 2007, էջ 224։
(11) Достоевский Ф.М., Дневник писателя. 1877. Сентябрь.//Достоевский Ф. М., Собр. Соч.: В 15 тт. СПБ.; «Наука». Т. 14, 1995, с. 290.
(12) Ստեղծագործությանը բալլադ ժանրային բնութագրումն է տվել գրականագետ Մ. Սանթոյանը Ս. Զուլոյանի առաջին գրքի «Ինձնից մինչև եսի դրաման» գրախոսության մեջ, ուր «թռչնաձուկը որպես «եսի» ծնունդի ամբողջացում» է դիտարկում։ Տե՛ս Ս. Զուլոյան, Մարդը պատի վրա, Երևան, «Վան Արյան» հրատ., 2002, Մ. Սանթոյանի վերջաբանը՝ «Ինձնից մինչև եսի դրաման», էջ 127։
(13) Զարեհ Խրախունի, Տօնականչ, Երևան, «Զանգակ-97» հրատ., 2010։ Մեջբերումների էջերը նշվում են շարադրանքի մեջ։
(14) Սարգսյան Արտեմ, Արևմտահայերենի բառարան, Երևան, «Արևիկ» հրատ., 1991, էջ 96։
(15) Մարկոսյան Մկրտիչ, Մեր այդ կողմերը, Է տպագրություն, Ստանպուլ, «Արաս» հրատարակչություն, 2023, էջ 157։
(16) Զահրատ, Մեծ քաղաքը, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1977, էջ 152-153։
(17) Կասսիրեր Է., Էսսե մարդու մասին, Երևան, «Սարգիս Խաչենց. Փրինթինֆո», 2008, էջ 130։
(18) Ժամանակին հրատարակվել է մի ուսումնասիրություն՝ Քնարիկ Աբրահամեան, Զարեհ Խրախունին եւ արեւելահայ բանաստեղծութիւնը, Երևան, «Գասպրինտ» հրատ., 2013, 192 էջ, ուր հեղինակն անդրադառնում է Զ. Խրախունու և արևելահայ դասական շրջանի բանաստեղծների, ապա Խրախունու գործի և Ե. Չարենցի, Պ. Սևակի ու 20-րդ դարի 60-ականների հեղինակների ստեղծագործական առնչությունների խնդրին։ Այս աշխատանքն ասես այդ ուսումնասիրության հեռավոր արձագանքը լինի՝ ընդարձակելով ժառանգորդական շղթան մինչև 20-րդ դարավերջ, հաստատելով հայոց գրականության միասնականությունը։