Կարծիքներ Ալիս Հովհաննիսյանի մասին

Արդի գրական սերունդը տարբերվում է իր նախորդից. նա ազատ է, իսկ ազատությունը հիմքն է ինքնաարտահայտման, ինքնուրույնության, բարոյական դաշտի: Այդ դաշտի մեջ է գտնվում Ալիս Հովհաննիսյանը, որի  ՙԴարձ նավահանգիստ՚ գիրքը ներկայացնում է մեր ժամանակի հայ քաղաքակրթության մակարդակը: Սա հեղինակի հրավերն է իր ներքին կացարանը: Դա ոգեխառնության պրոցես է, որի ծարավը հատկապես մենք՝ հայերս, միշտ զգացել ենք: Որը և  միաբանության հիմքն է:

Մենք իրար ենք փնտրում, մարդը մարդուն՝ և՛ ուրախության պահերին, և՛ անելանելի հոգեվիճակներում: Այս անիմանալի գոյության մեջ մարդու փրկիչը միայն մարդն է: Եվ գրականությունը մարդու և մարդու միջև մեծ, իսկական, անեղծ կապ է ենթադրում:

Վերոգրյալ բնորոշումները վերաբերում են Ալիս Հովհաննիսյանի նոր լույս տեսած գրքին, որը հավատավոր է, հավատացնող է, որոնող է և, առաջին հերթին, որոնում է Ամենաբարձրյալը:  Վերլուծող միտք, կիրթ խոսք, հորինվածքի զգացողություն. այս բոլորը, ուրիշ բարեմասնությունների հետ մեկտեղ, առկա են բոլոր ստեղծագործությունների մեջ և հատկապես՝ ՙԼենինական-Կումայրի-Գյումրի՚ վեպում: Ալիս Հովհաննիսյանի ստեղծած միջավայրը տրամադրում է այնտեղ լինելու: Բոլոր դռների վրա ՙՄուտք՚ է գրված:

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

***

Րաֆֆին փակ անհատականություն է, միաժամանակ բարդ և փիլիսոփայորեն ներհուն: Դժվար է թափանցել նրա ներաշխարհի թաքույցները, բացել նրա գաղափարները կազմավորող փակագծերը: Այստեղ է Ալիս Հովհաննիսյանի սխրանքն ու նվիրումի անանձնական մաքրությունը: Ժամանակակիցների հուշերից, գրական գործիչների ասույթներից, տակավին չբացված արխիվային գզրոցներից և գրողի ուղեգրությունների հուշող արահետներից նա կապակցել է կյանքի պատմության մի բովանդակալից ժամանակագրություն և ուրվագծել դիմանկարի մի գունագեղ պաստառ: Ահա և Րաֆֆու ստեղծագործության մի հետաքրքիր ու տպավորիչ ընթերցում, որ հաճույք է պատճառում նրբաճաշակ ընտրությամբ և տաղանդավոր գրչի պատմելաձևի գրավչությամբ: Կարծում եմ՝ ընթերցողին շատ հաճելի կլինի ընկալել այս էսսեները:

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ

***

Մի զրույցի ժամանակ Ալիսն ասաց, որ հենց բացում է լուամուտը և դուրս է նայում, տասնյակ սյուժեներ են քլքլթում դրսում: Գրական-դասական առումով դրանք սյուժեներ չեն, մի կարգին ոչ սկիզբ ունեն, ոչ ավարտ, մշակման, իմաստավորման կարիք էլ չեն զգում, այնպիսին են, ինչպիսին կան, և դու լինես թե չլինես, լուսամուտդ բացես թե չբացես՝  նրանք կան, քլթքլթում են դրսում: Հավանես թե ոչ, դառն են թե քաղցր՝ կյանք է, ժամանակագրությամբ քեզ բաժին հասած կյանք, որ արագահոս է դարձել, բազմատեսք ու բազմաձև: Տեսե՛ք, թե կյանքի այս քլթքլթոցի միջից ի՜նչ կերպարներ է որսացել Ալիսը… Այս բոլորին հորինել կլինե՞ր: Եվ ինչո՞ւ հորինել, երբ նրանք կային, կան ապրում են իրենց լավ ու վատ կյանքը՝ չակնկալելով, որ որևէ մեկը պիտի բաց անի լուսամուտը և նկատի իրենց… թերևս նրանց նկարեն, նկատեն նաև այլ լուսամուտ բացողներ, սակայն այն գրառումը, որ կատարել է Ալիսը հիշողության երկիր մտնելիս, միայն ինքը կարող էր, և միայն իրեն էր տրված այդ շնորհը:

Ինձ թվում էր՝ ճանաչում եմ Ալիս Հովհաննիսյանին: Մարդկային մեր ծուլությունը կողքիդ ապրողի նկատմամբ, հետքրքրության օրեցօր նվազման արատը, անշուշտ արել են իրենց սև գործը, ստեղծել ճանաչողության, իմացության, տեղեկատվության կիսատ-պռատ մի վիճակ, ինչին սկսել ենք վարժվել, ինչը դարձրել ենք նորմ և բավարարվում ենք մոտավորով, «թվացյալովե: Խնդիրը, սակայն, միայն սա չէ: Որքան էլ ես չծուլանայի, որքան էլ հետաքրքրվեի Ալիսով, միևնույնն է, իրեն ճանաչել տալու համար նա պարտավոր էր գրի առնել «Տարեդարձըե վիպակը:

ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

***

ՙԼենինական-Կումայրի-Գյումրի» վեպում Ալիս Հովհաննիսյանը շատ մեծ համարձակությամբ ձեռք է զարկել մի թեմայի, որին չգիտեմ  թե քանի տասնամյակներ անց պետք է կարողանայինք խաղաղ, սթափ հայացքով նայել, քանի որ թեման այնքան ցավոտ է, այնքան վերքոտ, որ կարելի է անգամ ցավից կորցնել գիտակցությունը: Եվ ճիշտ ժամանակին այս ամբողջ ողբերգականությունը պետք է դրվեր այս ձևի մեջ ու ոչ թե ցեղասպանության նման դարձնել հերոսականության նման մի բան, հայրենասիրության նշան, երբ հնարավորին չափ իրական գույներով պատկերվում էր եղեռնը՝ որպես կյանքի պարտադիր մի էջ: Ալիսին հաջողվել է այս ամենին նայել կողքից, շատ արժեքավոր հայացք: Ստեղծել է այն մթնոլորտը, որին ծանոթ են բոլոր այն մարդիկ, որոնց մեջ տեղի ունեցավ այդ երկրաշարժը, իրենց հոգում…

Առայժմ Լենինականի մասին  իմ կարդացած գեղարվեստական գործերի մեջ ամենահաջողվածներից է, այն հազվագյուտներից, որոնք ես նորից եմ կարդալու, էջեր կան, որոնց նորից եմ անդրադառնալու, որոնք մեխվել են հիշողությանս մեջ, մի բան, որ արձակի համար շատ կարևոր է, կերպարներ կան, որոնց այլևս չեմ մոռանալու:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

***

Ալիս Հովհաննիսյանի «Ճյուղեր-տերևներ» վեպը ես համարում եմ գրական իրադարձություն մեր այսօրվա արձակի դաշտում, որտեղ ունենք հրաշալի արձակագիրներ՝ յուրաքանչյուրն իր բույրով, գույներով, բայց պիտի նշեմ, որ Ալիսի համար սա առանձնահատուկ նվաճում է՝ հերթական նվաճումը: Թե՛ ժանրային, թե՛ թեմատիկ առումով, գեղարվեստական շատ ուրույն պատկերային համակարգով և ընդգրկումով Ալիսը ստեղծել է մի շատ կարևոր գրական արժեք, որտեղ մեր պատմությունն է, ներկան և ապագան՝ մի ամբողջական եռամիասնության մեջ: Վեպի հերոսները «հիշղության էլիքսիրիե միջոցով տեղափոխվում են 11-րդ դար, 11-րդ դարից 21-րդ դար և տասը դարերի մեջ պատմության կծիկը թել-թել քանդելով՝ փորձում են գտնել մեր ժողովրդի  հոգեբանության, նվաճումների, ձախողումների առվելությունների ու թերությունների, մեր գոյատևման առեղծվածը:

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

 

***

Ալիս Հովհաննիսյանը յուրահատուկ ոճ ունի, ՙխաղաղ՚ բառաշխարհ: Նրա բառերը հոսում են հանդարտ, դրանք մտառություններ, ընկալումներ, անցումներ են՝ ներսից դուրս, դրսից ներս: Խաղաղ, առանց ջղաձգումների, որ իր ոճի առանձնահատկությունն է՝ փոխակերպումների մի արվեստ, որին նա ճշգրիտ բնորոշում է տվել՝ տարանցումներ:

Նա օժտված է ռիթմի ներքին զգացողությամբ, ունի մաքուր, անբասիր ձեռագիր, զերծ կեղծ խթանիչներից, զեղումներից, մաներայնությունից, կալամբուրներից, բառակուտակումներից: Փորձարարությունը նրա խոսքի ավելի խորը շերտերում է. դա նրա հերոսի բախումն է կյանքի ողբերգական հոսքերի, պարադոքսալ անցումների, առեղծվածի հետ: Հաճախ հեղինակի գործերը ճեպանկարներ են հիշեցնում:

Իսկ ընդհանուր առմամբ՝ նրա հանդարտ, անշտապ. քննախույզ ոճը նոր ծավալումների, վիպական մանրամասների կարիք է զգում, նրա կերպավորումները խոսքի արարման նոր ասպարեզներ ու բեմահարթակներ են ենթադրում, որ իր մարմնավորումն է գտել ՙԼենինական-Կումայրի-Գյումրի՚վիպակում…

ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

 

***

Ալիս Հովհաննիսյան… Ի՞նչ կարող է այս լռիկ-մնջիկ անուն-ազգանունը պարտադրել: Ալիսը ուժեղ նկարագիր է և պարկեշտորեն հպարտ հոգի: Ալիսը բերում է նոր որակ, բարձր որակ, ստեղծում է ուրիշ արձակ: Նրա պատմվածքում առնված հերոսների մեջ չկան գլխավորներ և երկրորդականներ, բոլորը գլխավոր են, բոլորը երկրորդական են, ինչպես Աստծու ստեղծած աշխարհում: Չկան առաջիններ, որ դառնան հետիններ, և չկան հետիններ, որ դառնան առաջիններ: Այսինքն՝ Ալիսը ոչ ոքի չի պատժում:

…Ալիսի հեղինակային սերը երկնքի տակ ամեն ինչի նկատմամբ անըմբռնելի է ու աներևույթ: Այն պետք է զգալ, պետք է շնչել: Այդ սերը պատճառներ չունի, անպարագիծ է, խաղաղ և լուռ է այն լռության նման, որ խլացնում է աշխարհի բոլոր աղմուկները:

ՍԱՍՈՒՆ ԹՈՐՈՍՅԱՆ

 

***

Ով ճանաչում է գրող Ալիս Հովհաննիսյանին, հասկանալի է` գրվածքները, ինձ նման պիտի զարմանար՝ «Գրական թերթում» շարունակաբար ընթերցելով նրա գիտախոհերը առ Րաֆֆին: Իսկ երբ կարդացի «Րաֆֆու ոտնահետքերով» գիրքը, զարմանքս փոխվեց հիացմունքի: Թեև գեղարվեստական գրականությունն էլ է գիտություն, սակայն գրողներից շատ քչերն են մուտք գործում զտարյուն գրականագիտության ասպարեզ: Իհարկե, պարտադիր չէ: Հետաքրքրասիրության հարց է, ներքին պահանջ: Այստեղ Ալիսին ոգևորել է ու առաջ մղել Րաֆֆու ստեղծագործության հանդեպ մեծ սերն ու պատկառանքը, այդ գործի անանց կարևորությունն ազգային գոյապահպանության դժվար ճանապարհներին, և նա ցանկացել է ու փորձել իր խոսքն ասել րաֆֆիագիտության ասպարեզում, արտահայտել ժամանակակից գրական մտավորականի վերաբերմունքն ու գնահատականը:

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

 

***

«Աղաների դարը և հետո» վեպն ունի յուրահատուկ կառուցվածք և բովանդակություն, որով տարբերվում է ինչպես իր նախորդ, այնպես էլ ժամանակակից այլ վեպերից և հետաքրքրություն է առաջացնում նաև այն առումով, որ հեղինակը իր պատմած ժամանակի  շատ իրողությունների ականատեսն է եղել։ Վեպը վավերական է և գեղարվեստական միաժամանակ, պատմության մասին է, բայց ոչ պատմավեպ, հիշողություն է և կարոտ, փաստ է և մեկնաբանություն, խճանկար է, որի առանձին հատվածներն ունեն ինքնուրույն, անկախ բովանդակություն կամ սյուժե, որոնք ամբողջության մեջ միավորվում են։ Հեղինակը վերականգնում է հայ ժողովրդի պատմության մի, եթե ոչ մոռացված, ապա թերևս անտեսված մի դրվագ, որը նպատակ ունի ամբողջացնելու այդ պատմությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1940-ական թվականների երկրորդ կեսին, հայրենազրկված շատ ընտանիքներ լավ ապագայի հեռանկարով  տեղափոխվեցին Հայաստան և  սկսեցին բնակվել Երևանի Նոր Արեշ թաղում։

…Մահարու նման Հովհաննիսյանը ևս ուզում է փրկել հարազատ բնօրրանից զրկված հայրենակիցների   հիշողությունները:

Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

 

***

Ալիս Հովհաննիսյանի անուրանալի ձիրքի դրսևորումը եղավ անշուշտ նրա ՙՃյուղեր, տերևներ՚ վեպը, որը 2009-ին, դեռևս անտիպ, արժանացավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ կողմից սահմանված ՙՀայը 21-րդ դարի սկզբին՚ գրական ամենամյա մրցանակին: Հիրավի այս վեպը գեղարվեստական հետաքրքիր պատկերն է այն կյանքի, որ ապրեց հայը (հայությունը) անցյալ դարավերջին ու նոր դարի սկզբին՝ երկրաշարժ, անկախական ու ազատագրական շարժումներ, արցախյան հերոսամարտ, Հայաստանի ու Արցախի անկախացում, բախտորոշ իրադարձություններ, ինչպես նաև անկախության տարիների դժվարին կյանքի ընթացքը, սոցիալական բևեռացումը, արտագաղթը: Վիպական մի ուսանելի պատմություն՝ շուրջ մեկ տասնյակ հերոսների ճակատագրերով ու ճակատագրակա իրադարձություններով, մեր օրերի պատմությունը՝ օրագրային գրառումների համոզիչ կառույցով, 1987-ից մինչև 2007 թվականը և դրան զուգահեռ՝ հեռավոր միջնադարի՝ Բագրատունիների շրջանի հերոսական պատմությունները:

…Այս ուսանելի և հետաքրքրությամբ ընթերցվող վեպի գլխավոր արժանիքը  հենց այն է, որ հողի ու կյանքի նկատմամբ հերոսների սերը, խոհն ու խենթությունը ակամա փոխանցվում են ընթերցողին:

Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

***

Հայրենի արձակագիր Ալիս Յովհաննիսեանի յայտնութիւնը ստիպում է մեզ գնալ գնահատութեան նոր սահմանի։ Կարծում եմ, այս պարագան ոչ այնքան նիւթի ընդգրկումն է, որքան գեղարուեստական ոճաւորման հմտութիւնը, լեզուական նորատիպ մտածողութիւնը։ Նման մօտեցումը գալիս է հայ գրական զարգացումների տրամաբանութիւնից։

Նախ, ելնելով ՙՕղակը փակւում է՚ գրքից ստացած բարձր տպաւորութիւնից՝ ցանկանում եմ ընդգծել նրա արձակի կինօվիպակի ժանրին բնորոշ կառուցողական ոճաւորումը։ Եթէ մենք ունենանք մերօրեայ գրականութիւն կարդացող բեմադրիչ, նա կարող է հրաշալիօրէն կինոյի լեզուով բացել մեր նորագոյն ժամանակի մարդկային կորսուող աւազանի գեղարուեստական ճանաչողութեան սահմանները։

Սուրեն ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

***

Ալիս Հովհաննիսյան արձակագրուհու մեկ տասնյակից ավելի վեպերի, վիպակների, պատմվածքների ու հեքիաթների ժողովածուները և, մասնավորապես, «Ճյուղեր-տերևներ», «Ամենակարգին մարդիկ և ագռավները», «Լենինական-Գյումրի-Կումայրի» գրքերում ամփոփված գործերն աչքի են ընկնում յուրատիպ մտածողությամբ, կոլորիտային են, երբեմն իրականության և ֆանտաստիկայի միահյուսումներով, ազգային կյանքի ու ճակատագրի ինքնօրինակ զննումներով: Իր գրվածքներում հրապարակագրական ջիղը հասկանալի է դարձնում նաև նրա սևեռվածությունը  Աղասի Այվազյանի, Զորայր Խալափյանի, մանավանդ՝ Րաֆֆու կյանքի ու կյանքի վերլուծությունը:

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

***

Շնորհավորում եմ ծնունդդ, Ալիսս, թող քո սիրելի ներկայությունը մեզ միշտ հիշեցնի կյանքի գեղեցկության և հույսի անշիջելի լինելու մասին…

Մաղթում եմ երկար ու արգասավոր կյանք, նորանոր հիանալի գործեր, որոնք վկայում են բացառիկ բազմակողմանի զարգացածության, համարձակության, ու մտքի խորության մասին: Այսօր կրկին թերթում էի «Գրական թերթիե այն համարները, որոնցում տպագրվել ես (դրանք խնամքով պահում եմ), և կրկին զարմանալի թվաց ընդգրկումների այն լայնությունը, մասնագիտական արհեստավարժությունը, քաղաքացիական համարձակությունը, բազմակողմանի վերլուծությունները, որոնցով առանձնանում են քո գործերը:

Քեզ ամուր առողջություն, խաղաղ երկինք ազատ Հայրենիքում…

Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

***

Երաժշտություն լսել շատերը կարող են, բայց տեսնել նրա արտահայտած շարժումը, մեղեդու թռիչքները, վերելքներն ու վայրէջքները, զգալ հնարավոր է, այն էլ ոչ հաճախ, իսկ ահա գրչով այդ ամենը տեսանելի դարձնելը թվում է գրեթե անհնարին, ինչը, սակայն, հաջողվում է արձակագրին: Ըստ էության՝ նշված պատկերները ամեն անգամ հոգեբանական տարբեր երևույթների հետ են կապվում. երաժշտությունը մերթ ամոքում է մարդկային՝ հուսահատության հասած հոգին, մերթ մեծ կյանքի մխիթարիչներն են գործունեության անցնում, մերթ երգը մեծ ներման շունչն է բերում իր հետ, մեկ այլ դեպքում էլ՝ կառուցվում է ապրումի մեծ ալիքը, և, ի վերջո, այս ամենը կրկին դեպի լույսն է տանում:

Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ