«…Գտել էի բոլոր բարդագույն հարցերի պատասխանը. այն բաղկացած էր մեկ բառից՝ Հայաստան։ Հայաստան. ահա հանուն ինչի էին մարտնչում ազնավուրները»։
Վեպի հերոսը անվեհեր ու իմաստուն պետական այր իշխան Սարգիս Զաքարյան Երկայնաբազուկն է, 1185-ից՝ վրաց զորքերի հրամանատար՝ ամիրսպասալար, մարդ, ով հայրենասիրական մեծ գործեր է կատարել թե՛ հայերի ու Հայաստանի, թե՛ Վրաստանի համար, և մարդ, ում հաջողվում է ամեն անգամ խույս տալ արյունահեղությունից, եղբայրասպանությունից. զորականի մտածելակերպ ու գործելաոճ։ Ամեն ինչ հանուն երկրի բարօրության, ինչը կարող է և կյանք արժենալ։ Վեպում հաջորդիվ նրա սերունդներն են. Զաքարյան ազգանունը կրելը յուրաքանչյուրի համար միայն պատիվ է. առաջին տեղում տոհմի պատիվն է, և միայն այդ մտքից տոհմի բոլոր ջատագովների սիրտը «տաք գինու պես» ջերմանում է։ Մեղքերով բեռնված ծերունու հոգու թողություն ստանալու հանգամանքն է ներկայացվում, ինչի համար մեկ հոգևորականի «ուժը» սակավ ու տկար է թվում, և նրան լսում են հարազատ զավակները։ Բազում ծանրածանր խոհերը, գաղտնիքներով լեցուն, ծերունին մեկնում է նրանց առջև՝ այդուհետ վերջիններիս համար ևս բացելով խորհրդավոր ու անմեկնելի, սակայն իրական մի աշխարհ։ Վեպի առաջին մասն ամբողջությամբ հյուսված է գրական այս հնարքի գործածությամբ, առկա է անընդհատ շարժում, իրադարձությունների զարգացման ընթացք, հետաքրքրությունը երբեք չի մարում. տարիների կենսափորձով, ռազմական հմտություններով, պատերազմում թրծված, փիլիսոփայորեն հարստացած այրը ամբողջ մի պատմական ժամանակաշրջան՝ մոտ երեք տասնամյակների վաղեմությամբ, անցկացնում է սեփական՝ ներքին պրիզմայով, «իր պատմության հերթական էջը շրջելով», դառնում է դաս առաջին հերթին սեփական զավակների, ապա և՝ սերունդների համար։
Գրիչ և սուր. «Հայը մի ձեռքին սուր, մյուսին՝ գրիչ պետք է ունենա, և միայն այդ դեպքում անպարտելի կլինի»։ Ընդհանրապես, հետաքրքիր բնորոշումներ կան հային՝ «Եթե տեսնես հայը ծառ է տնկում, մոտեցիր, օգտակար եղիր նրան, տեսնես դաշույն է սրում, ընկեր եղիր նրան, տեսնես գլուխը քարին է խփում, կանգնիր կողքին, դու էլ գլուխդ խփիր, և բարին կլինի քեզ համար, քանզի հայը գիտի ինչ է անում»։ Ուշագրավ է՝ ինչպիսի նրբագծերով են ներկայացվում Հայոց աշխարհը, հայերենը, մարդկային կյանքի առաքինություններն ու մարդու անհատականությամբ ձևավորված բարոյական արժեքները. «Հիրավի հայոց լեզուն ստեղծված է Աստծո հետ խոսելու համար»։ Եվ անկախ իրադարձությունների խառնափնթոր վիճակից՝ անշուշտ առկա է հավատը հաղթանակի նկատմամբ. չէ՞ որ թիկունքին ունեն Աստծուն և Ճշմարտությունը, այն, ինչը ձգտում է բացարձակության՝ բոլոր ժամանակների համար։ Ուստի և անդադար «Հայր մեր»-ը շշնջալը, Աստվածաշնչից մեջբերումներ անելը, խորին հավատն առ Աստված, դեպի ճշմարտության և արդարության անկասելի հաղթանակը գրքում ընդգծվող փաստերից են։ Ընդհանրապես բազմաթիվ են խոհերը հայ ժողովրդի, նրա, որպես առաքելություն, հավիտենական կյանքի մասին, այդպես և ընտանիքը՝ որպես մեծագույն արժեք հայի համար, հայկական տոհմիկ ընտանիքներին բնորոշ մի շարք մտքերը, ընդսմին՝ Զաքարյանների ընտանեկան ավանդական պատվիրանը. «Կարողացիր եղբորդ ընկերը դառնալ և արա այնպես, որ ընկերդ եղբայր դառնա քեզ», զավակի և ամեն հաջորդ սերնդի առինքնող վերաբերմունքը առ ընտանեկան ավանդույթները, հպարտությունը դրանցով։ Ընտանիքի, կնոջ նկատմամբ այրական սիրո դրսևորման արտահայտություն, որ ընդամենը մեկ նախադասությամբ է. «Այսօրվա ծիծաղը շատ թանկ արժի»։ Մյուս կողմից՝ մայրապաշտության, կնոջ նկատմամբ սիրո ինքնատեսակ դրսևորման ականատեսն ենք դառնում գրքի էջերում՝ կինը՝ որպես մայր, որպես զավակների պահապան հրեշտակ, սերունդներ կրթող ու դաստիարակող։ Նաև՝ անհրաժեշտաբար և տեղին՝ անդրադարձ հայկական խոհանոցին, ժամանակի արքայական ուտեստներին, անգամ՝ մակերեսորեն՝ դրանց պատրաստման ընթացքին՝ կրթադաստիարակչական՝ ավանդույթները պահպանելու անթաքույց միտումով։ Զուգահեռ մարտական պատրաստվածության, պատերազմելու արվեստի մանրամասներին հեղինակի՛ տիրապետելու բազմաթիվ վկայություններ կան գրքում։ Իսկ ժամանակ առ ժամանակ վիպական խոսքը ընդմիջարկվում է գրողի աֆորիստիկ արժեք ունեցող մտքերով։ Ինչպես՝ «Ամեն կենդանի արարած, և մարդն այդ թվում, գիտի, որ իր տոհմի շարունակությունը կախված է նրանից, թե ինքը կկարողանա՞ կերակրել իր սերունդը, թե՞ ոչ», «Ցանկացած դիմակայության մեջ հաղթում է նա, ով լեզու է գտնում բարեկամների հետ, հետևաբար կարողանում է ավելի ուժեղ խփել թշնամիներին», «Միտքը մարդու ամենաուժեղ զենքն է», «Սերը արարում է», «Առաջնորդը տարիքով մեծը չի, այլ նա, ով ուժեղ, խելացի ու հաջողակ է մյուսներից» և այլն։ Վեպում բնապատկերները մեծածավալ չեն, ընդամենը մեկ-երկու նախադասություն, լիովին ընկալելի են, պահին համարժեք և հոգեվիճակին համահունչ, ի դեպ՝ առավել հաճախ՝ ի նպաստ դեպքերի զարգացմանը, ինչպես՝ «Լուսինը, ասես նրանց հետ պայմանավորված, թաքնվեց ամպերի տակ». բնության նախապատրաստումը հաղթանակին կամ նպաստավոր պայմանները. «Դրսում ակնակիր խավար էր. երկինքը պատված էր հսկա ամպերով, լուսնալույսի ոչ մի շող չէր թափանցում ամպերի միջով»։ «Բլուրների վրա լռություն կախվեց», «Խելագար քամին հանգիստ չէր տալիս Տաշիրի լեռներին»՝ պատկերավոր, տեսանելի, շոշափելիության հասնող իրական, «Միջօրեի ամառային արևը խարկում էր», «…Ցուրտ արև, պաղ քամի…» և այլն։ Նույն սկզբունքով հերոսների արտաքինի և ասպազենի նկարագրությունն է՝ կրկին միտված ամբողջական տեղեկություն հաղորդելու՝ կարճառոտ, առանց ավելորդությունների։ Այստեղ հարկ է առանձնացնել մեփե Թամարի կերպարի և Զարինեի մասին տողերը. սեղմ, բայց ամբողջական։ Ընդսմին՝ այդպիսին են թե՛ սեփական, թե՛ թշնամու մասին բոլոր նկարագրությունները՝ համապարփակ, խիստ չափավոր։ Մյուս կողմից՝ մարտի, խնջույքների, երկրաշարժի, Եկեղեցական ժողովի նկարագրությունները բավական ծավալուն են, հագեցած։ Ընդ որում՝ զարմանալի ռեալիստական պատկերներով են նկարագրվում ճակատամարտերը, մարտերն ու ընդհանրապես սպանությունների տեսարանները։ Ժամանակի բոլոր՝ լաբիրինթոսներով հագեցած՝ դավաճանությունից մինչև սեր ու ամուսնություն, կամք, Աստծո մտքի անքննելի ուղիներ, բանականություն, հաղթանակներ ու հավատ առ այդ ամենը. չէ՞ որ ի վերջո «և՛ եկեղեցում աղոթող Թամարը, և՛ Զաքարէն՝ մարտի դաշտում, պաշտպանում են իրենց հավատն ու նախնիների հողը», իսկ «Հայաստանի իշխանաց իշխանի ուժը երկու բանի մեջ է՝ եղբայրների հավատարմության և իր պատվի»։ «Ես կպահեմ խոստումս, ինչ էլ որ այն ինձ արժենա, քանզի ինձ համար ազնավուրի պատվից թանկ ոչինչ չկա»։
Մի կողմից՝ գիտելիքի, կրթության կարևորությունը բոլոր ժամանակների համար՝ շնորհիվ կրթյալ մայրերի՝ իրենց բնորոշ ծնողական հոգատարությամբ և նրբանկատությամբ, մյուս կողմից՝ ընդհանրապես գիտելիքի նկատմամբ անհագ ծարավը՝ այս անգամ ի ծնե, կրկին բերում է ոգևորության՝ որպես ազնիվ առաքելության, միայն անպայման հիշելով՝ ո՛ր ժամանակաշրջանի մասին է խոսքը. չէ՞ որ «Տերը բանականություն ու ազատ կամք է տվել, որպեսզի կարողանանք ճանաչել իր ստեղծած աշխարհը»՝ անկախ ժամանակից։
Երկրորդ գիրքը՝ «Վերածնունդ» ենթախորագրով, գալիս է ամբողջացնելու ժամանակաշրջանի տոհմի հայտնի ու անհայտ դեպքերի ու իրադարձությունների շղթան՝ հաղթանակների բերկրանքի, պայքարի, հավատի ու սիրո վառ դրսևորումներով. հայրական պատգամը փոխանցվում է սերնդեսերունդ՝ պահել ազնավուրի պատիվը, թույլ չտալ ամոթ բերել նախնիների տոհմանվանը։ Հրաշալի մեկնությամբ՝ զավակը և հետայսու տոհմի բոլոր սերունդները հաջորդաբար շարունակում են հոր կիսատ թողած գործը՝ «Սրբազան Արարատ լեռան հայացքի ներքո երդվում եմ, որ սուրս հանգիստ չի առնի, մինչև օտար տիրապետությունից ազատագրված չլինեն Մեծ Հայաստանի բոլոր հողերը». ազդեցիկ է գործի Վերջաբանը։ Հայոց պատմության 12-րդ դարը ներկայացված է ինքնատիպ բառամթերքով, յուրօրինակ մշակվածությամբ։ Լեզուն պարզ է, անպաճույճ։ Հենց միայն խորհրդանշական «ազնավուր» անվանումը արդեն իսկ խոսում է և՛ գրողի, և՛ թարգմանչի բառընտրության բացառիկ կարևոր ճիգերի մասին։