ԲԱՆԱՍՏԵՂԾԸ / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Գուցե անհայտ մի օր տրվել է ի՛նձ նաև

Ձեր բոլորի խի՛նդը, կարո՛տն ու ցա՛վը ձեր,

Ու այդ պահից սիրտս այլ բաբախ է առել.

Չե՛մ կարող ես արդեն թեթև ու հեշտ ապրել:

 

Ցավս՝ ձեր ցավերին, խինդս՝ խինդին խառնած,

Այսպես ուրախ-տխուր երգեր պիտի ասեմ

Ու որտեղ էլ լինեմ, հոգիս արթուն ու բաց՝

Նոր օրերի ծնունդն ու վախճանը հսկեմ.

 

Պիտի գտնեմ օրն այն, որի հայացքի տակ

Թոշնելու են մեր մեջ ծաղիկները ցավի.

Որի շնչից բոլո՜ր, բոլո՜ր հոգիներում

Չարը պարտվի պիտի, սերը՝ թևավորվի:

 

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՁՅՈՒՆ

Ձյունը գալիս է

Գուցե աշխարհի խիղճը մաքրելու,

Անձայն, քնքշաբար

Սրբելու երկրի մեղքերը բոլոր,

Իջնում է, գուցե

Աստվածների պահանջով վերին՝

Նրանց հայացքի արարիչ լույսը մեզ առաքելու:

 

Հիմա նայում եմ

Ես ճամփաներին հեռու ու մոտիկ,

Սարերին խաղաղ ու տանիքներին՝

Ճերմակով օծուն,

Ու այնպե՜ս բարի,

Այնքա՜ն մաքո՜ւր է աշխարհը թվում,

Ասես ընկե՛ր ու

Բարեկա՛մ են լոկ ինձ բոլոր մարդիկ:

 

ԻՆՉՈ՞Ւ

Քանի՞ պատճառ ունի իմ տխրությունն այսօր,

Քանի՞ գույն ու երանգ` դեռ աննշմար:

Ես լցվում եմ ահա տրտմության պաղ մուժով,

Բայց չգիտեմ ինչո՞ւ, ինչի՞ համար:

 

Ինչո՞ւ, ի՞նչ է եղել, ի՞նչ  է ուզում հոգիս`

Ամեն ինչից խռով ու հուսաբեկ.

Ասես պատեպատ է սիրտս իրեն տալիս

Ու կսկծում ինչպես նոր փակվող վերք…

 

Գուցե ինձ դեռ անհայտ մի կորո՞ւստ եմ տվել,

Որ հետո նոր պիտի ես հասկանամ:

Գուցե այլոց վի՞շտն է նաև հոգուս տիրել,

Որ ես ինձ ամենքին եղբայր զգամ:

 

Եվ կամ այս թախծի մեջ, գուցե կամքով վերին,

Փորձարկո՞ւմ է կյանքն ինձ ամեն անգամ.

Վարժվե՞լ եմ արդեն իր այս տաք ու պաղին,

Իմ մեջ իրեն անհայտ խորքեր չկա՞ն…

 

Քանի՞ պատճառ ունի այսօր թախիծը իմ,

Որտեղի՞ց ծանոթ այս մխանքն իմ մեջ…

– Չէ՛, դժվար է վարժվել, կյա՛նք, քո տաք ու պաղին.

Հոգուս սահմանները ինքդ ես փոխում անվերջ:

 

ՄԵՆՈՒԹՅԱՆ ՎԱՅԵԼՔ

Մենության քանի՜ տեսակ ու ձև կա,

Որ օրերի մեջ պիտի ճաշակենք`

Մեր հոգու թաքուն անկյուններն ամեն,

Մեր սրտի անհայտ խորշերը բոլոր

Երգի հայելում տեսնելու համար…

 

Մենակ եմ էլի:

Որերո՜րդ անգամ արդեն կյանքում այս

Մենության շունչն է ինձ վրա իջել,

Ու փակել խորունկ մի լռության մեջ:

Սակայն ո՛չ թախծի մշուշն է այսօր

Գգվում իմ հոգուն,

Ո՛չ անկոչ ցավեր են նվում իմ մեջ,

Ո՛չ էլ զարթնել է մի անուշ թմբիր…

 

Ուրի՜շ է կարծես այս մենությունը`

Լեցուն ինչ-որ նուրբ, բարի գաղնիքով,

Ու թվում է, թե լռության խորքում,

Վայրկյանների մեղմ շնչառության տակ,

Ուր որ է, իմ մեջ պիտի բռնկվի

Ամենաշքեղ երազն աշխարհի,

Ու հնչի երգն այն, որն իր խորքերում

Սիրո ծննդյան գաղտնիքը ունի…

 

Մենակ եմ…

Իմ շուրջ լռության գետն է

Անձայն կարկաչում,

Ու նրա գգվող նվագի ներքո

Ինձ համար կյանքի ու մահվան

Ոչ մի առեղծված չկա:

 

ՁԱՆՁՐՈՒՅԹԻ ՊԱՀԵՐ

Այսպես էլի է եղել,

Այսպես էլի կլինի.

Հարկավո՜ր է գուցե մեզ

Հոգու երաշտն այս դժնի:

 

Գուցե նոր սիրուց առաջ,

Կամ մեծ ցավի տրվելիս,

Պետք է մեր մեջ նախ այսպես

Ամեն ձայն ու շունչ մարի՞.

 

Պիտի այսպես նախ լցվենք

Տտիպ մուժով տաղտուկի

Ու ծանծաղուտը օրվա

Անտես իր մեջ մեզ փակի՞:

 

Եվ կամ կյանքը մեզ այսպես

Գուցե կոփո՞ւմ է թաքուն,

Ամրությու՞նը մեր հոգու,

Ուժն ու կա՞մքը նորոգում.

 

Մինչև հասնենք այն օրվան,

Որ մեզ հավետ պիտ զրկի

Սիրո անուշ տանջանքից,

Քաղցր ցավից վայելքի…

 

Այսպես էլի է եղել:

Այսպես էլի կլինի:-

Մինչև անհայտ օրը այն

Երբ… էլ ոչի՛նչ չի լինի:

 

ԳԱՂՏՆԻՔ

Իմ մեջ խոհեր կան, որոնք դեպի դուրս

Ոչ մի ճառագայթ դեռ չեն արձակել

Ու ոչ մի խոսքում, դեռ ո՛չ մի անգամ

Ներշնչանքի սուրբ լույսով չեն ծաղկել:

 

Շուրթերիս վրա կան նիրհող բառեր,

Որոնց թրթիռը ես չեմ զգացել:

Ե՞րբ պիտ արթնանան ու ինձ համար դեռ

Հայտնության ի՞նչ նոր դռներ կբացեն:

 

Եվ կան հոգուս մեջ շերտեր անթափանց,

Սրտումս` թաքուն խորշեր անանուն,

Ուր ամեն խլիրտ, արձագանք ու կանչ

Նոր, երանավետ մի դող է ծնում:

 

Ու եթե սերն իմ դեռ չի հնանում,

Երգս չի՛ լռում, հույսս չի՛ քնում,

Գաղտնիքն այդ է հենց. ա՛յն, որ գաղտնիք եմ,

Առեղծվա՛ծ եմ դեռ ինձ համար մնում:

 

ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄ

Այսպես չէր եղել.

Ցավն այսպես պարտված չէր եղել երբեք,

Թախիծը` այսպես հեզ ու ընտանի,

Եվ այսքան անչար, ազատ, թեթևսիրտ,

Այսքան մաքրված ես չէի եղել:

Ի՞նչ փոխվեց արդյոք, ի՞նչ եղավ մեկեն,

Այս չքնաղ օրը ո՞վ ինձ ընծայեց,

Ո՞վ իմ մեջ նետեց հուրն այս ոգեղեն,

Կտրատեց հոգուս կապանքներն ամեն…

 

Ներո՜ւմ եմ, ներում ես բոլոր նրանց,

Որ իմ ցավերն են երբևէ սնել,

Ովքեր թախիծս փոխել են մաղձի,

Երազն ու երգն իմ` անհոգի հեգնել…

Բոլո՜ր-բոլորին ուզում եմ հիմա

Հոգուս բուրվառից լույս ու բույր սփռել,

Բաժին տալ իմ մեջ վարարող սիրուց,

Հորդուն այս խինդով ափեափ լցնել…

Եվ շա՜տ եմ ուզում, ուզում եմ սրտանց

Այս հրաշք օրը և ձե՛զ նվիրել.

 

Ձե՛զ, մոլորյալնե՛ր, բախտից զարկվածնե՛ր,

Ձե՛զ, ոխ ու քենից մթնած հոգինե՛ր,

Չարության հայտնի-անհայտ զինվորներ…

Մի պահ, գեթ մի պահ սուզվեք երգիս մեջ,

Եվ կզգաք մեկեն, որ արևը ձեզ

Այլ հայացքով է գգվում իր հեռվից:

Եվ չե՛ք էլ զգա, որ ժպտում եք լուռ –

Իրար, աշխարհին ժպտում ճիշտ այնպե՛ս,

Ինչպես ես հիմա, որ գիտեմ հաստատ`

Կյանքը հմայքներ ունի դեռ թաքուն,

Իսկ հոգիներում մեր հերկեր կան դեռ

Սեր ու բարություն սփռելու համար:

 

ԿՈՉ ԳԱՐՆԱՆ

Լսո՞ւմ ես՝ ինչպես երգում է հողը՝

Երանության մեջ իր սուրբ երկունքի,

Զգո՞ւմ ես օդում արարման դողը,

Տեսնո՞ւմ ես շուրջդ ծեսը զարթոնքի…

 

Վանի՛ր, ուրեմն, դու՛ էլ նինջը քո,

Բա՛ց հոգիդ կյանքին, աշխարհին նորից,

Օրն այս հորդում է խինդ ու հրճվանքով,

Ընդունիր նրա ողջույնն ամոքիչ:

 

Երկնքի նման զուլալվի՛ր, զնգա՛,

Ճախրանքի կոչիր զուլալ խոհերի,

Զարթնող բնության ձայները որսա՛,

Լցվի՛ր խոխոջով զարթնող հույզերի:

 

Եվ կյանքի զվարթ կանչերին բոլոր

Սրտիդ դեռ թաքուն կանչերը խառնիր,

Դու երջանկության բարբառով այսօր

Անգամ խռո՛վքը, ցա՛վը թարգմանիր:

 

Եվ ժամն է արդեն, երգով մի խնդուն,

Քո ներսում պարզիր դրոշը սիրո.

Դարձիր գարնան մեջ մի քայլող գարուն

Ու գնա՜ սիրո արահետներով:

 

ՄԻԱՍԻՆ ԼԻՆԵՆՔ

Միասի՛ն լինենք, լինենք անբաժան`

Ընդդեմ այս մռայլ ու մառ օրերի,

Որ պարտվեն մեր դեմ ցրտերը դաժան,

Նահանջի մութը, մշուշը ցրվի:

 

Թող կրակվեն մեր սրտերը, անտես

Ջերմություն ու լույս ճառագեն իրար,

Զրույցի տրվեն հոգիները մեր`

Տաք թրթիռներով, երգերով զուլալ:

 

Հաղորդվեն վերին մի երանությամբ

Ու հայտնաբերեն անվերջ իրարու`

Քնքշանքի թովիչ ալիքների մեջ,

Հույզերի ծովում տաք ու վարարուն:

 

Գուցե մե՞նք դժգույն օրերն այս լցնենք

Հմայքով սիրո ու կախարդանքով,

Փրկենք հավատը, հույսը պահպանենք`

Միությամբ մեր սուրբ, սուրբ մի դաշինքով…

 

Միասի՛ն լինենք, լինենք անբաժա՛ն`

Թե՛ այս աշխարհի, թե՛ իրար համար.

Առանց մեզ օրերն անսեր կմնան,

Կկորչենք անսեր մենք առանց իրար: