***
Երկիրը մերկ էր,
բայց հարբած չէր։
Նրա մերկության մասին
զավակներից ոչ մեկը
չբարձրաձայնեց։
Եվ Երկիրը
չանիծեց իր զավակին։
Զավակներից և ոչ մեկը
ոչ մեկի ծառան չդարձավ։
Եվ Երկիրը մերկ էր,
և նրա մերկության մասին
բոլորը գիտեին։
***
18-ամյա տղաների կորուստն
այլևս չի թողնում
այս հողում ողբալ
ինչ-որ մեկի մահը։
***
Մարդը մեռնում է՝
արցունքներ չկան։
***
Հուշերը՝ որպես դրոշներ,
ճոճվում են անցյալի տարածքներում։
Ներկան ո՛չ տարածք ունի,
ո՛չ հիշողություն։
***
Նրա մտքի բոլոր ճանապարհները
տուն են տանում,
իսկ կյանքն ընթանում է
տնից հեռու ճանապարհներին։
***
Լռությունս
քեզ չմոռանալու ճիչ է,
քեզ մոռանալը՝
հիշողության կորուստ։
Առանց հիշողության՝
արմատ չունեցող
կիսատված ճյուղ եմ։
Բացի՛ր լռությանս բերանը,
որ ցավը պայթի
նռան հատիկների նման։
***
Մահվան աչքերը
կապույտ են,
երբ քեզ չեն նայում։
Ամեն օր մեռնելը
ավելի ծանր է,
քան վերջնական մահը։
***
Խոսքից հոգնած երկիր,
քեզ ոչինչ չտվեցին
սերն արժեզրկող
բաժակաճառերը։
Ոչինչ չավելացավ,
ավելին՝ հողդ կիսվեց,
աչքերիդ խորքում
մնաց հիշողության կսկիծը։
Հնարավոր չեղավ
զոհելով մեզ՝
փրկել քեզ։
Անթիվ-անհամար են նվիրյալներդ։
Եվ ուր էր թե փրկեինք քեզ՝
ապրելով…
***
Թռչունները երկինք չհասած՝
ուժասպառ ընկնում են։
Պատերազմն
ամեն ինչի մասին է։
Թող խաղաղությունն
այլևս ճերմակ աղավնի չլինի։
***
Երկի՛ր,
քո մասին այնքան խոսեցինք,
որ չհասցրինք սիրել։
ՄԻ ԲՈՒՌ ՀԱՅՐԵՆԻՔ
Մարդիկ կանխատեսելի են,
երբեմն՝ նաև ծիծաղելի։
Բառերն էլ մոլորվել են,
մնացել տունդարձի ճանապարհին,
և ես հաճախ լռության հետ եմ շփվում․
այն ավելի ճշմարիտ է,
քան հազարավոր աղմկոտ ձայները։
Ես ինձ հեռու եմ պահում
անսեր ու չսիրված մարդկանցից․
անտարբերությունն
առավել վտանգավոր է,
քան ամենածանր հիվանդությունը։
Ճոխ սեղանների շուրջ
սովամահ են լինում
անոթի մտքերը,
իսկ դատարկ սեղանների շուրջ
ճոխ մտքերի
տոնախմբություն է։
Կարիքի մեջ հաճախ
ամենահարուստ մտքերն են ծնվում։
Երկի՛ր,
քեզ ինչ ասես արեցին։
Քեզ հետ լացողներ եղան,
քո ցավն իրենցը դարձրին,
բայց լռությունը մահաբեր եղավ։
Քարկոծեցին քեզ,
ու մարմինդ չբուժվեց։
Ուրացան քեզ,
մոռացան քեզ,
փոխանակեցին հարմարավետության հետ։
Բայց կորուստը միայն քոնը չէ․
այն բոլորինս է…
Մեր ներսը դատարկությունից
անհույս է։
Թշնամին հրճվում է,
հաղթել է առանց պայքարի։
Մարդ չդարձած
գազանը խրախճանքի մեջ է։
Ոչխար մի՛ փնտրիր․
հոտը հովիվ չունի։
Ամեն ինչ սկսվեց
հովվի բացակայությունից․
գայլն ու գազանը
խառնվեցին ընտանի կենդանիներին,
և եղավ անխուսափելին։
Ու հիմա
մեղավոր մի՛ փնտրիր դրսում։
Նայի՛ր ներսդ։
Այնտեղ են
քո խիղճը,
քո կամքը,
քո հիշողությունը։
Վերցրո՛ւ ամենաանհրաժեշտը
և մնա՛։
Երկիրը չեն փրկում հեռացողները․
երկիրը փրկում են մնացողները։
Քանի՜ հազար մարդ մնացել է
իր հիշողությունների հետ։
Կարոտում եմ քո փողոցները,
որոնք արդեն
իմ հիշողությունն են դարձել,
բայց նրանց հետ իմ զրույցը
դեռ չի ավարտվել։
Վերադարձն անխուսափելի է։
Երկրիս բոլոր ճանապարհներն
անցնում են իմ միջով․
ես նրանց միացման կետն եմ։
Եվ երբ ձյուն է գալիս,
թվում է՝ երկինքն է
նամակներ ուղարկում ինձ։
Ձյան սպիտակ փաթիլները
իմ սիրո խոստովանություններն են,
որ թափվում են
քո մարմինն ի վար
և չեն հալչում։
Կարոտները
տարիների ծանրությունից
չեն գունաթափվել։
Բառերը մնացին կոկորդիս մեջ,
և լռությունս
ավելի բարձր հնչեց,
քան աղաղակս։
Լույսն ու ջուրը սպառել՝
կում-կում խմում եմ
երկնքի արտասուքը։
Թախիծը,
հիասթափությունը,
անվերջ սպասումը
ծլնգալով լցվում են իմ ներսը։
Մայրական ջերմության
նշույլ իսկ չմնաց
ժամանակի հայացքում։
Առանց քեզ, երկի՛ր,
անտեր է դարձել ժամանակը։
Հեռավոր կայարաններում
մոլոր մարդիկ
քարշ են տալիս
հիշողության ճամպրուկները,
իսկ հայրենիքի համը
մի բուռ հողի մեջ է ծվարել։
Ու հուզմունքի պահին
քրտնում է
ձեռքի ափի մեջ։
Երկի՛ր, աշխարհով մեկ սփռված
հայությունը
քո անունն է կրկնում՝
ինչպես աղոթք,
ինչպես երդում,
ինչպես վերադարձի հասցե։
Բացի՜ր դռներդ, հայրենի’ք։
Նե՛րս թող
քո կարոտից
մի բուռ դարձած
զավակներիդ։
Նրանք մնացել են ճանապարհներին։
Ինչո՞ւ թողեցիր, որ գնամ, Երկի՛ր,
ծանր է առանց քեզ քայլելը։
Թռիչքի սովոր ձեռքերս
լուռ ծալվել են կրծքիս՝
մոռացած երկնքի ճանապարհը։
Օտար քաղաքների խավարի մեջ
քո լուսավոր երեկոներն եմ որոնում,
և պատուհանների ապակիների վրա
քո լեռների գծապատկերն է դրոշմվում։
Հեռավորությունն
ավելի է մտերմացնում մեզ։
Սերն ամրանում է՝
դառնալով այն կամուրջը,
որ երբեք չի փլվում,
և բոլոր ճանապարհները
կրկին դեպի քեզ են տանում,
Երկի՛ր։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Երամից հետ մնացած
թռչուն լինեի,
մնայի կողքիդ։
Արցունքն աչքերիս՝
շրջեի փողոցներովդ,
դատարկությունից
սիրտս ցավեր։
Դատարկ դեղատներում
դեղ չգտնեի,
գրկեի հողդ
և միայն արյան հոտից
ուշքի գայի։
Արագ հասնեի երամիս,
որ հաջորդ տարվա
վերադարձը
հնարավոր լիներ։
ՀՈՂԻ ԳԻՆԸ
***
Պատերազմներում ողջ մնացինք,
հետպատերազմյան ճգնաժամերը սպանում են մեզ։
Խաղաղությունը զոհվեց պատերազմում։
Ապրելո՞ւ, թե՞ մեռնելու ժամանակներ են։
***
Խաղաղությո՛ւն,
մի քիչ բարձր գոռա,
քեզ լսող չկա։
***
Քանի՜ մայր որդի դրեց հողում՝
հանուն հողի։
Հիմա ո՞ւմն է այդ հողը։
***
Սերը ջարդված պատուհանի նման
անլուսամուտ մնաց։
***
Մատներդ սիրո մասին
ամեն ինչ ասացին,
և մարմինս
սիրել սովորեց։
***
Վանդակից ազատված թռչունը
գլխապտույտից ընկավ ցած։
***
Լույս ու արև չտեսած հողը
որդեկորույս մոր կարոտից ճաք տվեց,
և այդ ճեղքից մատղաշ ծառ աճեց։
ԲԱԶՄԱԿԵՏԻՑ ՀԵՏՈ
***
Կյանքն անափ գետ է,
մարդը՝ նավակ,
որ հայտնվելով քամու
և ալիքների արանքում՝
հարվածներից կորցնում է
իր հավասարակշռությունը։
Հարցերը հերթ են կանգնում,
բայց հիմնահարցը մեկն է՝
«Ինչպե՞ս ենք նավարկելու,
որ ափ հասնենք»։
***
Երկիրը մատի փաթաթան դարձրինք
պարապությունից։
Հետո պարզվեց, որ բառը ճաք է տվել,
անդնդաչափ վերք ունի։
Սրտացավության փոխարեն
անտարբեր հեռացանք։
Անհայրենիք մարդը
որբ ու անտեր մեկն է։
***
Կյանքը թողած՝
ապրում եմ երևակայությամբ։
Կատարելության եմ ձգտում՝
անկատար իրականության մեջ։
Ամեն տողից հետո բազմակետ է։
Ինչքա՜ն անիմաստ վատնեցի ժամանակը։
Կյանքը ժայռից գլորվող քար է։
***
Այսօր ճիշտն ու սխալը երկրորդական են,
կարևորը ինքնավստահությունն է։
Խառը ժամանակներ են։
***
Երեխան, ծերունին, ժամանակը։
Մեկը դեռ չգիտի,
մյուսն արդեն գիտի,
իսկ ժամանակը շշնջում է․
«Ամեն ինչ անցողիկ է»։
***
Սերը փակ աչքերով ներս մտավ,
անհասկանալի բառեր շշնջաց
և նստեց կենտրոնում։
Նա, մեկ աչքերը կկոցելով,
մանկան պես հրճվալից ու հմայված,
նայում էր անվստահ,
մեկ համարձակ ու չարաճճի՝
դիտում էր երկար։
***
Փախստականը
ցնցոտիավոր
ու պատառոտված շորերով
խեղճ ու կրակ մեկը չէ։
Փախստականը
երկիր, տուն, ունեցվածք,
մասնագիտություն, հիշողություններ
և հարուստ կենսափորձ ունեցող
արժանապատիվ մարդ է,
որը կյանքի մի քանի տասնամյակ
թողել է իր տան պատերի ներսում
և փակելով դուռը՝
անցել քավարանի միջով։
Նրանից լավ ոչ ոք չի իմանա
ո՛չ դժոխքի ահը,
ո՛չ դրախտի համը։
Հետգրություն
Գողացիր ինձանից ամեն ինչ,
թեկուզ վերջին շնչառությունը՝
իմ սրտատրոփ սպասման։
Տար նրան
և այլևս չվերադարձնես։
Գողացիր ինձանից ամեն ինչ,
հատկապես՝
քեզ կորցնելու ցավը,
և նվիրիր
քեզ վերագտնելու ուրախությունը։
***
Երկիրս Նոյան տապան էր,
բայց Նոյը չկար,
Աստված նրան ուղարկել էր երկրից դուրս,
և ժողովուրդը մնացել էր մենակ։
Բայց Աստված վերևից նայում էր,
իսկ տապանը ճեղքվել էր,
և ջրերի փոխարեն արյուն էր լցվում
տապանի մեջ։
Աստված իջել էր երկիր
և մարդկանց մեկ-մեկ հանում էր նավից։
Աստված հիմա էլ այնտեղ է,
սպասում է՝ ջրհեղեղն ավարտվի։
