Խոսք Ազնիվ Սահակյանի «Մի Գավաթ Առավոտ» գրքի առթիվ/ Սուրեն ԴԱՎԹՅԱՆ

Բանաստեղծուհի Ազնիվ Սահակյանի «Մի գավաթ առավոտը» և՛ արևաբույր է, և՛ աշնանանախշ, և՛ զարմանալիորեն սրճաբույր: Ամեն մի տող անկեղծ ապրումների և զգացմունքների հոսք է, որը ծովի ալիքի պես խորքից բարձրանում ու տարածվում է հոգու անսահման խաղաղ և միաժամանակ խռովահույզ ջրերի վրա` իբրև երգ ու բանաստեղծություն և նաև խոստովանություն: Գիրը, որ ներսից  է ծնվում, անցնում է սրտի կրակներով և մաքրված արցունքի կաթիլի պես իր հայելու մեջ է արտացոլում կյանքը, այն կյանքը, որը կին բանաստեղծը փորձում է ամփոփել «անվերնագիր օրերի» պատրանքում:

Սիրտս լցված է քեզնով//Լացելու չափ…//Այս շատախոս աշխարհում//Իմ չխոսկան Աստված…

Բանաստեղծուհին արտաքին աշխարհի աղմուկը խլացնելու համար իր «չխոսկան աստծուն» է դիմում՝ իր հոգևորին, և ինտուիտիվ կանացի էությունը լցվում է հենց նրանով՝ միավորելով հոգին լոգոսին` որպես նրա անբաժանելի մի մասնիկ:

Եվ ներաշխարհային այս պոեզիան, որ սեռ չունի, իր պատկերային մտածողությամբ նրան մոտեցնում է իր սրբազան ակունքին՝ ենթագիտակցության սահմաններ, որը բնության շարունակությունն է մարդու հոգեմտավոր էության մեջ.

Այս քարի ու ջրի և արևի արանքում//Ճյուղ կա դեղձենու, ուր հայտնվել եմ//Եվ լուսաթիթեռ ծաղիկներ եմ աճեցնում://Կյանքը հոսում է//Բույրը լցվում է ամենուր/Ցանցամանը աչք՝//Մի զատիկ է բռնել ու տանո՜ւմ է…

Տեսեք սիմվոլները. քար, ջուր և արև-կրակ` որպես աշխարհի գոյության չորս հիմնական տարրերից երեքը, դեղձենին` իբրև անմահության, սիրո ու մաքրության խորհրդանիշ, դրանով նաև չորրորդ տարր՝ եթեր: Զատիկ՝ հարության զգացում կամ միստերիա, որից կանացի էությունը վերածնունդ է ապրելու զգացմունքների հոսքով:

Դրաման, որ այստեղ ապրվում է, ներանձնական է, միայն նրանն է՝ բանաստեղծինը, և եթե կան շատ բանաստեղծներ, որոնց դրամատիզմը՝ ներքին բախումը այնքան ակնհայտ է երևում, որ թվում է` խզումը ետդարձ չունի, բայց այստեղ հանկարծ մի քնքնուշ ակնարկով ամեն ինչ խաղաղվում է: Եվ սա նաև հուշում է, որ Ազնիվ Սահակյան բանաստեղծուհու էգոն բաժանված չէ իր անգիտակցական և գիտակցական մասերից, այլ` նրանց հետ միասին  մասնակցում է կին-բանաստեղծի հոգևոր տրանսֆորմացիայի պրոցեսին:

Ես այնքան նայեցի երկինք,//Մինչև արևը սուզվեց իմ մեջ…//Եվ ես լույս եղա ոտքից գյուխ/Եվ հուր եղա,//Մոխիր եղա առհավետ…

Այս հոգեվիճակում մարմնական ոչինչ չկա, չկա նյութական աշխարհը, մեդիտացիայի պահին այնպես սահուն և գեղեցիկ է կերպարանափոխությունը, որ ասես ամեն ինչ ընթերցողի աչքի առաջ է կատարվում: Այստեղ, թվում է, բանաստեղծուհին իր քրոնոտոպի  պատկերն է կերտում, բայց և չի հրաժարվում այն մտքից, որ հոգին դուրս է սահմանափակումներից, այն հավերժի մասնիկն է:

Շոգ էր գիշերը//Ու ծարավ երազներ կային…//Ես բռերով ջուր էի տանում,//Եվ ափերս ծակվեցին…

Հոգեբաններն ասում են, որ տղամարդ բանաստեղծին նրա հոգևորի կանացի սկիզբը՝ անիման է մղում ստեղծագործելու սխրանքի, իսկ կին բանաստեղծին` նրա հոգևորի տղամարդկային սկիզբը՝ անիմուսը: Եվ որքան էլ մարդկային էության գաղտնիքները անհասանելի ու անհասկանալի թվան նրան, սա է մարդու և Տիեզերքի աստվածային սկզբի նախահիմքը:

Նավը որպես մթնշաղի նավազ//Ծովի վրայով ընթացող//Ուրվագիծ է քաշում գոյի և անգոյի միջև,//Երազանք է քաշում…//Հոգիս ավազ է լվանում լույսի//Եվ լցնում է տարիներիս վրա,//Պարիսպները ժամանակ՝ փլվում են://Թռչունը ճյուղ է բերում,//Քո նվիրած ծաղիկները՝ անանուն//Ու ճամփաները հեռավորության՝ սուզվում են://Արևը հալվում, սուզվում է իմ մեջ//Ես վախի ոլորաններով ջրերի անցնում եմ…//Ոտնահետքը մութի լցվում է ինձնով,/Ձայնս արմատ է տալիս,//Մի խխունջ ցողուն է գտել տողի//Ու բարձրանում է:

Ահա այսպես է անգիտակցականը բանաստեղծում և հյուսում առասպելը հոգևոր ապրումի, որը բանաստեղծուհու Սիրո պոռթկումն է  և ինքնայրումի խորհրդավոր ծեսը:

Ձուկն ափին//Տարիներով խոսեց ծովի մասին,//Ձուկն ափին//Տարիներով լռեց ծովի մասին…//Ու քարացավ…//

Այս բանաստեղծությունը ամբողջական սիմվոլ է, այն Զոդիակի 12-րդ նշանի` քրիստոնեության խաչի խորհուրդն է կրում: Իսկ բացատրությունն այս ամենի այն է, որ սա բանաստեղծուհու հոգևոր անցման և անգիտակցականի կապի ներդաշնակության անձեռակերտ կտավն է, որը կարճ կարելի է ձևակերպել որպես «ծնունդ ջրից» և ներհայեցում «մեռյալների» աշխարհ: Սիմվոլները հնարավոր չէ ամբողջական հասկանալ, որովհետև նրանք հավիտենականի կրողներ են, և գիտակցությունը ուղղակի չի կարող հասկանալով, տրամաբանելով ընկալել այն: Լավագույն դեպքում կարելի է լոկ երևակայությանը տրվել և փորձել երազային ճամփեքով մոտենալ այս երևույթին:

Ազնիվ Սահակյան բանաստեղծուհու գիրը մագնիսական թաքուն ուժ ունի, և դա գալիս է Սիրո այն ներկայությունից, որը առկա է շնչող և արարող կին-բնության ամեն մի բանաստեղծության ներքին ասույթում:

Ծառի թևքի մեջ մնացած գարունը//Ճիշտ ինձ պես//Ուզում է դուրս գալ այս ձմեռ օրով//Ոտաբոբիկ, գլխաբաց,//Ինչ է թե մոտերքում մի թռչուն մրսում է:

Կարդում եմ տողերի ու պատկերների վերափոխված բանաստեղծուհուն, նրա հետ ապրում եմ անարտահայտելի զգացմունքները, որ ծնվել են այնքան դժվարին ծնունդով, չէ՞ որ արարման ընթացքում նա կարողացել է պահպանել իր կանացի էությունը, լինել և՛ զգացմունքային, և՛ կանացի, և՛ քնքուշ, ինչպես արևը, լույսը և «ճնճղուկը հուշերի ճյուղին երգող»:

Ազնիվ Սահակյան բանաստեղծուհու համար այս գիրքը նաև վերադարձի խորհուրդ ունի դեպի իր ներաշխարհի թաքնաթաքուր սրբարան:

Ձորերի մեջ խնձոր լցնող,//Գինի լցնող աշուն,//Գլորում ես սիրտս էլի//Ջրերիդ մեջ սարսուռ,//Գույներիդ մեջ…//Մեջքը գրկած, ձեռքը բռնած ոսկեմատիկ քամու//Բլուրներով բարձրանում ես//Եվ այնպես ես երգում,//Որ երկնքի,//Տարիներիս ապակիներն են դղրդում:

Նրա համար կարևորը հոգուց ծնված պատկեր-ապրումներին չդավաճանելն է, կարևորը իմագինատիվ տեսունակությունն է, որը կանացի ինտուիտիվ զգացողության հետ նրան հնարավորություն են տալիս լիբիդոյի էներգիան սուբլիմացիայի ենթարկել՝ բանաստեղծելով, և սա իսկական արարչություն է, հոգևոր վերափոխման, ինքնաճանաչման խորհրդավոր ծես ու մեկնություն:

//Որպես գտնված ստորգետնյա քաղաք՝//Ինձ կբացես մի օր,//Կտեսնես որմնանկարները հոգուս,//Կմաքրես հացամանը լույսի,//Եվ թռչունները կգան…//

Ազնիվ Սահակյանի «Մի գավաթ առավոտ» ժողովածուն ինձ հիշեցրեց աշնան արշալույսի շքեղ մի դրվագ, որտեղ ամեն ակնթարթ լի է սիրո հայտնությամբ: