1922-ին Չարենցը քսանհինգ տարեկան էր, և Մոսկվայում լույս տեսավ նրա երկհատոր ժողովածուն։ 1922-ին Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքում ծնվեց Վահագն Դավթյանը, որ ծնողների հետ Երևան հասավ 1932-ին։ Դեռ դպրոցական՝ Վահագնը բանաստեղծություններ էր գրում, բայց Չարենցին տեսնելու բախտ չվիճակվեց նրան («… Ու չտեսա ես քեզ (Երևի բախտն էր չար…)»)։ Բայց գտավ ու կարդաց Չարենցի ստեղծագործությունները, որ արդեն արգելված էին, լցվեց նրանցով։ Չարենցը չկար արդեն, նրա անունը հնչեցնելն իսկ արգելված էր, անհայտ էր նրա գերեզմանատեղին, բայց դպրոցը նոր ավարտած ու ռազմաճակատ մեկնած Վահագն Դավթյանը բանաստեղծությունների իր տետրում (Չարենցի «Գանգրահեր տղան» չափածո նովելի հուշումով) գրում է.
Սրբում եմ փոշին բոլոր քարերի,
Բայց ոչ մի քարի անունդ չկա…
Այս տիեզերքում դու շիրիմ չունես,
Դու մի տիեզերք՝ շռայլ ու հսկա։
Այս բանաստեղծությունը չի պահպանվել, բայց քառատողը տասնամյակներ հետո անգիր հիշում էր (նաև տպագրել է) Դավթյանի համակուրսեցի Հրանտ Թամրազյանը։ Ասում էր՝ հենց լսարանում այն կարդացել է Վահագնի տետրում, նույնիսկ թանաքի գույնն էր հիշում՝ կարմիր (1943 թվականն էր, Դավթյանը նոր էր վերադարձել ռազմաճակատից և ուսանող էր համալսարանում)։
Այն, որ Դավթյանը տիեզերական չափանիշներով է գնահատում Չարենցին, իր հիացումի առաջին դրսևորումն է։ Հետագայում, տասնամյակներ անց, նա շատ անգամներ լրջորեն, գիտնական-գրականագետի հայացքով վերլուծել, մեկնաբանել, գնահատել, արժեքավորել է Չարենցի ստեղծագործությունները («Ոգի ու տարերք», «Վերջին մատյանը» և այլ հոդվածներ), բայց իր հոդվածներում ու զանազան ելույթներում Չարենցի գնահատությունների մասին չէ, որ ուզում եմ ասել, այլ բանաստեղծ Դավթյանի՝ Չարենցի հետ բանաստեղծական զրույցի, Չարենցի կերպարի, դիմանկարի կերտման, Չարենցի հետ իր հոգեկան առնչակցության։
Հիշված քառատողում արդեն իսկ երիտասարդ բանաստեղծի փնտրտուքի, չգտնելու տագնապի, գտնելու հույսի հուզական հուշումներ կան, մեղադրանք անհայտ հասցեով և ելքի իր լուծումը՝ «Դու մի տիեզերք՝ շռայլ ու հսկա»։ Այն թվականներին այս բանաստեղծությունն, իհարկե, չէին տպագրի։ Բայց հետագա տասնամյակներում էլ Դավթյանն այն չի տպագրել (կորցրե՞լ է, թե՞ այն իրեն չի բավարարել), սակայն այդ հղացումը ինչ-որ տեղ հիմք է ծառայել, որ 1977-ին ծնվի նրա «Եղիշե Չարենցի հետ» խորունկ բանաստեղծությունը։
Եվ քեզ ոտից գլուխ անգիր ու գոց արած
Թափառել է անքուն պատանությունն իմ որբ
Ու որոնել է քեզ, կոպերի տակ առած
Մահվան մի սև տեսիլ ու արեգակ մի բորբ։
…Մի գանգրահեր տղա շիրիմների մեջ հին
Քո շիրիմն է փնտրում ու չի գտնում սակայն…
Ու կանչում է նրան հարդագողի ուղին,
Ու կանչում է, կանչում
կապույտն անեզրական…
Խորացումները, ինչպես նկատելի են, Չարենցին «ոտից գլուխ անգիր» անելը, նրանով ամբողջովին լցվելն է, Չարենցի մահով՝ «պատանությունն իմ որբ» որակումը, նրա (էությունը, մեծությունը) և ոչ հատկապես շիրիմի որոնումը («Որոնել է քե՛զ»), «հորը» որոնող «որբի» աչքերով, որի մեջ Չարենցի և՛ մահվան տեսիլն է, և՛ բորբ արեգակը, և՛ երազանքը՝ «հարդագողի ուղին», անեզր կապույտը երկնքի։ Կա նաև փոխհատուցումը իր անգտնում որոնումի. կա Չարենցի տեսիլ-դիմանկարը, որը պատկերանում է բանաստեղծի մտքերի պաստառին.
Առասպել ես ահա ու անսկիզբ լեգենդ,
Նաիրեցի մի բիրտ ու բարբարոս մի խալդ,
Հազարամյա թախիծ, հազարամյա մի տենդ
Եվ արշալույս ես հիր, և արշալույս ես ալ։
Եվ ողբերգական ավարտը կյանքի՝ կրկին լեգենդ դառնալուց առաջ.
Վերջին երգդ գրած պատին քո սև խուղի,
Նորից լեգենդ դարձար ու առասպել դարձար
Ու բռնեցիր նորից Հարդագողի ուղին։
Բնութագրումները՝ որպես դիմանկարի գույներ, վավերական են, չարենցյան վկայումներ. հիշենք՝ «մեր լեզուն բիրտ է ու բարբարոս» («Մեր լեզուն»), «Գրկեց ինձ թախիծն հնամյա» («Չարենց-նամե»), «Քո բոլոր գալիք արշալույսներում» («Սոմա»), «Որ կարդային խուղիս որմին» («Ավ. Իսահակյանին»), «Ու կնայենք Հարդագողի ճանապարհին» («Հարդագողի ճամփորդները») և այլն։ Նույն՝ 1977 թ. Դավթյանը չարենցյան մի ուրիշ տեսիլ էլ է պատկերագրել, բանաստեղծի մի ուրիշ՝ խմբային դիմանկար, որ վերնագրել է «Պոետական խրախճանք»։ Բնաբանը Չարենցի «Ars poetica» շարքի 6-րդ («Ես վախենում եմ…») բանաստեղծության մի տողն է՝ «…Ահա կգա Բոդլերը, կերևա Էդգար Պոն…»։ Չարենցի տագնապը, «սարսափով» սպասումը, թե նրանք (ու դեռ Վեռլենը) կեսգիշերային ժամին կրկին կայցելեն իրեն, «աշնան ու թախիծի» երգերով կպարուրեն իրեն, Դավթյանի տեսիլում այլ շարունակություն է ստանում։ Երբ իր (Չարենցի) «անքնության մուժը» դառնում է «դեղին մորմոք», «դեղին թախիծ», ու «Բոդլերը չեկավ, չերևաց Պոն…, Չարենցն ինքը ելավ մթնշաղից»։ Ապա՝
Ֆայտոն նստեց,
Անցավ Երևանով խաղաղ,
Հետո Նորքի այգում՝ դուդուկի տակ,
Ամենամեծ աստղը իբրև բաժակ առավ
Ու գինու պես խմեց թախիծը տաք։
(Այս պատկերները վավերական հիմքեր ունեն՝ ըստ հուշագրողների և Չարենցի բանաստեղծությունների)։
Իր «տաք թախիծը» փարատելո՞ւ, թե՞ լիարժեք դարձնելու ցանկությամբ Չարենցն ինքն է ձայնում, «հեռու-հեռվից» կանչում Վարուժանին, Եսենինին ու Լորկային՝ իրեն հարազատ բանաստեղծների հոգիներին։
Երեք հոգեկից ու ճակատագրով նման բանաստեղծների՝ երեսունմեկամյա Դանիել Վարուժանին, որ սպանվեց 1915-ին աքսորի ճանապարհին, ու անհայտ է նրա գերեզմանը, երեսունամյա Սերգեյ Եսենինին, որ ինքնասպան եղավ՝ չհաշտվելով իրականության հետ, երեսունութամյա Գարսիա Լորկային, որ 1936-ին գնդակահարվեց բռնապետ Ֆրանկոյի հանձնարարությամբ, ու անհայտ է նրա գերեզմանը։
«Եկան նրանք, եկան գունատ ու լուռ»։ Ու երբ հնչում է թառի երգը, Լորկան վերցնում է իր կիթառը (բանաստեղծ ու դրամատուրգ Լորկան նաև երգահան էր ու երաժիշտ),
Եվ մեղեդին ծորաց նման արտասուքի.
– Երբ մահանամ, թաղեք կիթառիս հետ…
Վարուժանը շոյեց սպիներն իր քունքի,
Ու խենթացավ նորից Չարենցը խենթ…
…Եսենինը թեքել շեկ գլուխը ուսին
Ու թախծում էր, ինչպես հասկը արտում…
Եվ «խենթացած» Չարենցը Բուդդայի պես չոքել, հայացքը երկնքին հառած բարբառում է. «Ուրիշ ոտքեր կախաղանին երբեք թող մոտ չգան…»։ Վերջին զոհ լինելու նրա խնդրանքը երկնքից, ներքևինները պիտի կատարեին շուտով, իսկ մինչ այդ՝ երկինքը «պատասխանում է» խորհրդանշաններով, որ բանաստեղծության վերջին երկու տողի պատկերն է.
Բարձրանում էր դանդաղ մի վիրավոր լուսին,
Որ տրտմորեն թառի Նորքի բարդուն…
Լորկայից մեկ տարի հետո Չարենցը մի ուրիշ բռնապետի զոհն էր դառնալու բանտի հիվանդանոցում։ Եվ Վարուժանի ու Լորկայի նման՝ անհայտ էր մնալու նրա գերեզմանատեղին։
Չորս մեծանուն նահատակների այս յուրօրինակ «պոետական խրախճանքը» բովանդակային վերլուծության բազմաշերտ խորքեր ունի, բայց այն ևս դիտարկում եմ որպես Չարենցի տպավորիչ մի դիմանկար՝ գործողության մեջ՝ տեսանելի ու զգայական, «հպարտ ու լուռ» նահատակների խմբային մի գեղանկար, նկարիչի ու ռեժիսորի համար անթերի, պատրաստի մի տեքստ՝ բոլոր հուշումներով։ Ահա՝ Լորկան կիթառի լարերն է շոյում, մեղեդին ծորում է արտասուքի նման, իսկ Վարուժանը՝ քունքի սպիները (հրացանի՞, թե՞ սրի հետքը), Եսենինը՝ շեկ գլուխը ուսին թեքած, իսկ Չարենցը՝ Բուդդայի պես չոքած՝ առ երկինք խոսքեր է հղում։ Եվ Նորքի այգի, Նորքի բարդի, երկնքում դանդաղ բարձրացող վիրավոր լուսին։ Եվ Թախիծը՝ մեծատառով, նրանց դեմքին ու շուրջը։ Եվ լուռ բողոքը հանճարասպան բռնապետությունների դեմ։
Ի դեպ՝ Դավթյանը նաև առանձին բանաստեղծական զրույցներ ունի Լորկայի ու Եսենինի հետ։ Նաև Նարեկացու, Մեծարենցի, Մահարու։ Եվ Մահարու հետ նրա անբաժան ընկերն է Չարենցը։ Դիմելով Մահարուն՝ Դավթյանն ասում է. «Արդեն հասե՞լ ես դու դրախտին,//Թե թափառում ես դեռ լազուրում»։ Նաև՝
Եթե հասել ես, ապա գիտեմ,
Որ երբ դրել ես ոտքդ շեմքին,
Հանկարծ Չարենցն է ելել քո դեմ
Եղերերգության լույսը դեմքին։
Ահա Չարենցի դիմանկարի ևս մի նրբագիծ՝ Աստվածային դրախտին արժանացած, արդար ու անմահ հոգի է նա։
Վահագն Դավթյանն, անշուշտ, հիմա նրանց հետ է, ու զրույցը նրանց այս երկրի ու նրա նկատմամբ իրենց սիրո մասին է։