Պատկերացրեք 90-ականներին նոր-նոր գրականություն մտնող պոետի հոգեվիճակը, որը փառատոնային նույն հարթակի վրա հանկարծ հանդիպում է իր կուռքերին… Ուղղակի այդ հանդիպումը տեղի է ունենում հանրահայտ այդ կուռքերով «հիվանդանալուց» ու «ապաքինվելուց» հետո, գրեթե երկու տասնամյակ անց, երբ ինքդ արդեն բավական ճանապարհ ես անցել։ 2017-ի աշունն է։ Թբիլիսյան չքնաղ գրական փառատոնի ջերմ ու հյուրընկալ մթնոլորտ է։ Եվ այստեղ հանդիպում ու ինքդ էլ ելույթ ես ունենում Թոմաս Վենցլովայի, Սերգեյ Գանդլևսկու և էլի շատերի հետ…
Վենցլովա անունը կախարդում է միանգամից, քանի որ տեղյակ մարդու համար այն սերտորեն կապված է Վենցլովայի մտերիմ, բայց ավելի հանրահայտ ընկերների՝ Իոսիֆ Բրոդսկու և Չեսլավ Միլոշի հետ։ Ժամանակին նրանց բոլորի մասին պրպտել, գտել ու կարդացել ես գրեթե ամեն ինչ, նրանց խոհերի հետ քոնն ես մտմտացել… Եվ միայն հիմա, տարիներ անց ես հասկանում «փոքր» լեզուներով ստեղծված գրականությունների ողբերգությունը և մեծ, կայսերական լեզուների «կլանող» և հաճախ նաև հանիրավի ուռճացված պերճանքը։ Սա խորհելու առանձին նյութ է, բայց հենց սրա հետ է կապված այն հանգամանքը, թե ինչու «Նոբելյան» չստացան Մաթևոսյանը, Վենցլովան և շատ այլ գրողներ, որոնք, միգուցե, ավելի արժանի էին այդ մրցանակին, քան ստացողները։
Ինչևէ, Վենցլովայի հետ հայերեն թարգմանվելու մասին զրուցեցինք փառատոնի ավարտին, երբ արդեն ճշտել էինք բառի ու բանի վերաբերյալ մեր մոտեցումները (որոնք գրեթե ամբողջությամբ համընկնում էին), և միայն հիմա՝ թբիլիսյան փառատոնից 9 տարի անց, կարողացա հաղթահարել ներքին ինչ-որ պատնեշ և ի վերջո թարգմանել նրան։
Հարց է առաջանում, թե ինչն էր ինձ ետ պահողը։ Պատասխանեմ՝ լեզվապատնեշը։ Ճիշտ է, պիտի թարգմանեի հենց Վենցլովայի ձեռամբ կազմված ռուսերեն տողացիներից՝ ծանոթագրված ու բացատրված, տաղաչափական և վանկաշեշտային կառուցվածքի նկարագրությունները ներառյալ։ Անգամ լիտվերեն հնչող նրա ձայնագրություններն ունեմ, որ կարողանամ լսել լեզվի մեղեդին։ Երբ մի քանի բանաստեղծություն արդեն թարգմանել էի, կրկնեցի 20 տարի առաջ արածս թարգմանափորձս՝ ռուսերեն տողացիներից արված հայերեն թարգմանությունը նորից լիտվերեն թարգմանեցի GOOGLE Translate և այլ ԱԲ թարգմանիչների միջոցով ու տվեցի Chat GPT-ին (առանց վերնագրերի)՝ հարցնելով, թե ում բանաստեղծությունն է։ Պատասխանը հստակ էր՝ «լիտվացի մեծ բանաստեղծ և խոհագիր Թոմաս Վենցլովայի»։ Վերնագրերն էլ բերեց։ Դրանից հետո միայն հանդգնեցի հայերեն թարգմանություններս ձայնագրել և ուղարկել Թոմասին։ Պատասխանը շատ չուշացավ. «Թանկագին Գևորգ, ես երջանիկ եմ, որ ինձ թարգմանում են հրաշալի հայերեն լեզվով, և շատ ուրախ եմ, որ Ձեր աշխատանքն այդքան հաջող է ընթանում։ Շնորհավորում եմ։ Միշտ Ձեր՝ Թոմաս»։
Գևորգ ԳԻԼԱՆՑ
* * *
Իբրև անմահ հիմնաքար հոգու՝
Պայթում է նյութը ապակուց անդին,
Ինչ կարող է պատահել՝ անհայտ է
Ժամանակի գետերի հետ անգո։
Կտեսնե՞նք դրանց տղմագույն, դանդաղ
Ջրերը՝ տներն իրենց մեջ կալնող,
Փոխելով հողի մոխիրն ու աղը
Բաժանումների հետ սառն ու վանող։
Այստեղ է վերջն ամառվա։ Եռանկյուն
Առագաստը գոցում է սողնակի հանգույն
Ծովափը։ Ծովը սառցե փայլ ունի։
Գլխավերևում օդն է քարանում։
ՊՈԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ: ՏԱՐԲԵՐԱԿ
Դարձա՞ր արդյոք նվիրական տեղանքը,
Պլանն է քաղաքի, պատճեն, կմախքը…
«Ադմիրալտեյստվոն»[1] կորցրել է բուքը,
Խունացել է մակերեսի ներկը։
Սառցաշերտից ու միացող հոսանքից
Ստվերները ծնվեցին հանկարծակի,
Իզմայլովսկայա փողոցի մոտերքում
Շոգեքարշներ են՝ ժանգոտած շարքում։
Նույն տրամվայն է, նույն մաշված վերարկուն,
Թղթի պատառ է ասֆալտից պոկվում,
Տասնիներորդ դարի սառնամանիքը
Կայարան լցվեց։ Աղմկող երկինքը
Ներփակվեց։ Տասնամյակներ են չքվում,
Մռայլ օրվա պես քաղաքներ են չքվում,
Ժեստերն են ընծայի նման կրկնվում,
Բայց մարդը, երբեք չի հառնում մարդը։
Հյուսիսի Հռոմն՝ ընդգրկուն հայացքում,
Նահանջում է փետրվարյան ծեգին՝
Այլ մի չափում ընտրելով և այլ մի ռիթմ,
Ձյան մտալուտ տեղալու հետ կրկին
Սառած գայլաբունն է նրան ձգում,
Խենթերը, ցեխը, վանդակը բանտի…-
Սև Պետերգոֆը, որ ծանոթ է այնքան,
Եվ որի մասին ասել է արդեն։
Ո՛չ արտացոլանք, այլ՝ իրականի բաց,
Կղզյակ՝ փրփրադեզում խարսխված,
Դրախտի կրկնակ՝ անդարձ օտարված,
Կենդանի լեզվի մեջ ձևավորված։
Ամպահեղեղում, տապանի վերում,
Հսկա շրջան է աղավնին թևում՝
Չհանդգնելով զատել Արարատը
Հասարակ բլրից, որ ծաղկապատ է։
Թո՛ղ ափը, ժամն է, արդ մենք լողանք պիտի,
Քարերն են ջարդվում, պրծնում է սուտը,
Պիտի մնա միակ վկան՝ արվեստը,
Որ լույս էր՝ ձմռան գիշերում ու ցրտին։
Օրհնյալ բույսերը սառույցին կհաղթեն,
Մթանն էլ ծովին կգտնի գետը,
Հնչում է բառը՝ անիմաստ ու թեթև,
Անիմաստ նույնքան, որքան որ մահը։
ՁՈՆ ՔԱՂԱՔԻն
Ես չեմ կարող կորցնել քեզ,
Բայց քեզ ես կկորցնեմ,
Կմարե՛մ պատրույգի պես
Փողոցները քարե,
Ճերմակ զանգակատունը,
Ավազը խեժապատ,
Գուցե անգամ հոգին իմ,
Թե ողջ է և անպարտ։
Կոշկիս ավազահողն է
Առափնյա փողոցի,
Խավար «տիրի» այն կողմում՝
Ալիքի մութ հոգոցը։
Անծիր հեռուն գրկելով…
Եվ ջրհեղեղն ի վեր
Նոտոսն ու ակվիլոնն են
Խոր ջրերից վերև։
Վիհի վրա այս աղի,
Հանց մահեր բյուրեղյա,
Մենակ լույսեր են լողում
Թատրոնի այն կողմում։
Մեքենաներն են լողում,
Լողում է կամուրջը,
Մեռյալ անտառը սոճու
Քայլ է գցում քնի մեջ։
Չեմ տեսնում Օրիոնը,
Լույս է փրփուրածին։
Ամպերի ձիգ շարանին
Ճախրանքը ընծայված է,
Թաց ծառը նյարդ է ասես
Հանդեպ գրանիտի,
Երկինքն այս Էոլոսը
Ցարդ պտտի պիտի։
Կմնա՞ս, թե՞ չես մնա
Իմ կոպերի ներսում,
Կկոցած նայում եմ ես
Փայլատակումիդ սին։
Հավերժը կկլլի մեզ,
Բայց կա դեռ ձեռքի տակ
Քո աղյուսե պատերի,
Կարոտը անհատակ։
Ոչ դափնիներ, ոչ դղյակ –
Ճամփեզր է տրորված,
Կանաչ խոտ՝ մագնիսական
Դաշտում տեղակայված,
Վերում դատարկությունն է՝
Կաթիլքի բաժանված,
Անանուն բլուրն անդին
Բորեոսն է գժված։
Կրկնում է սյուքը եթերի
Հովիտը քնքշորեն.
Կզոհվե՞ս, թե՞ կտիրես
Խավարին հուշերի…
Իմա՝ սովոր ես մեռնելու
Եվ մեղքերով՝ լեցուն,
Քո օդի վերջին պատառն է
Բերանս որսում։
Մոտ են ժայռերը, խենթացած
Ժամանակն է հոսում։
Քեզ պահապան… Թե ոչ Աստված,
Ապա Էոլոսը։
ԵՐԳ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ
«Ո՜վ Էլպենոր, ինչպե՞ս է, որ եկար, հասար այս խավարին»։
Ոդիսական, XI, 57
Կարծեմ՝ չի եղել։ Ճյուղերի միջով
Տեսանք լքված մի նավահանգիստ։
Նավամատույցն էր ճերմակին տալիս՝
Տղմոտ ջրերին փռելով շվաքը,
Ցցելով ճաքած հենասյուները։
Հարթավայրից ցատկելով՝ քամին
Խառնում էր ճամփան ավազամրրկի,
Որ մուգ էր, քան առագաստանավի
Քայքայված հենափայտերն իրանի։
Վայրի օդը, երազներից խոցոտված
Եվ վիրկապված պինդ ճոպաններով,
Ծանր փռվել էր ջրերի վրա,
Ողտափուշ ու ավազաթմբերի։
Հորիզոնին թրթռում էր տապը
Բզկտված դրոշի հանգույն։ Տղան
Փտած փայտերից շինել իր լաստը
Եվ փոքրիկ գետն էր ացնում։ Թվում է՝
Ուրախ կլիներ ուղեկից ունենալ։
Նրանից զատ ափին մենք մարդ չտեսանք։
Ինչ-որ մեկն ասաց, որ այս տեղանքն էլ
Շատերի պես նման է Իթաքեին։
Միջօրեի սրտում էինք։ Վաղուց
Անցած պատերազմն ու ճամփորդութունը
Լցվում էին ուղեղը մեր, հանց ջուրը՝
Ցնցուղիները անփորձ լողորդի։
Ոտնակոխ՝ խշրտում էին ոսկորներ,
Խխունջներ, ծակ քարեր։ Հետո պառկեցինք
Խոտերին՝ մոռացած բնության մասին,
Իսկ նա մոռացել էր մեզ շատ ավելի վաղ։
Հոսում էր երկինքը։ Աղաշերտը,
Որին կենդանացնում էր լուսինը,
Կրկնում էր ցիկլը։ Թրջված լողաններ։
Երկաթագամ գերանների վրա
Արևի տակ կակղամորթն էր փայլում։
Ի՜նչ խավար, ի՜նչ տոկուն խորություն է
Ալիքի հետ մեզ համակում։ Ո՜նց է
Հնչում փրփուրը։ Միգուցե հուշի
Տարածությա՞ն մեջ, գուցե և այստե՞ղ՝
Հունափոխ նավի և պատնեշի միջև։
Մեր կողքին թեթև խշրտոց լսվեց.
Ճամփորդը ուսին թիակ էր տանում,
Գնում էր խորքը ցամաքի, ուր ոչ ոք
Երբեք չէր տեսել թի։ Բլրի ստորոտում
Դաշտամուկն էր ապշահար նայում
Եռաժանուն՝ ավազում ժանգոտվող։
Ալիք չկա։ Ավելի ճիշտ՝ կա ուժ,
Ոչ թե կաթիլների գումար։ Ջուրը
Հեռանում է ինքն իրենից։ Նեղ կղզի,
Մահվան հասարակած, ափի մեջ՝ խոտ,
Վերադարձ, վերածնունդ։ Նույնիսկ դա
Չեն խոստանում պատմությունն ու միֆը։
Շրջադարձն անդին տարածությունը
Փոխվեց. հեռանկարը փոփոխվեց։
Փայլող ամեն մի ավազահատիկ
Տեսնում էինք հանց խոշորացույցում,
Քարերը՝ շրջված հեռադիտակում։
Շաղվեցին իրերի ուվագծերը,
Ինչպես ձայները՝ անձև դահլիճում։
Ընդունեցինք, որ տապն է մեղավոր,
Եվ չզարմացանք, երբ պահեստի մոտ,
Տեսանք մեր ընկերոջը՝ առաջինին
Նրանցից, ում կարելի էր տեսնել
Լոկ մահից հետո։
Նա առաջինն էր։
[1] «Ծովակալության շենք», Սանկտ-Պետերբուրգի պատմամշակութային հուշարձաններից մեկը։
