ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԿԱԹԵ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ/ Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մեղրի քաղաքի գլխավոր մայրուղու` մի գողտրիկ ու խաղաղ հատվածում է գտնվում հին երկաթուղային կայարանը։

Տարածքին ինքնագոհ տեր դարձած փշախեղդ բույսերից ոտքերդ ազատելով՝ առաջ ես վազում՝ մտածելով բաց չթողնել առավոտյան մայրաքաղաք հասնելու հերթական գնացքը։ Բայց… ձեռքիդ ուղետոմս չկա, իսկ վագոնները կորցրել են երկաթգծի երկայնքով դասավորված իրենց համաչափ ընթացքը։

Բակում տեղակայված գնացք հիշեցնող դեղնակարմրավուն երկաթե ջարդոնները հիշեցնում են ամայության, անորոշ հիշողություն պարփակող հեռու հեռվում թողած պատմության դասդասած էջեր։

Երկաթգծի լքված ու ամայի շենքի պատերին դեռևս մնում է տեղ-տեղ խունացած, հատվածաբար պլոկված ու ջարդոտված սպիտակաթույր ծեփը։ Շենքի դռները գոցված չեն, թվում է՝ վերջին ուղևորի հետ աշխատակիցը ևս հեռացել է՝ կրկին հետ դառնալու անզիջում պայմանով։

Կայարանամերձ շենքի տանիքը պահող սյուների գլխամասը քանդակազարդ է՝ պարփակված ամրություն ներշնչող վեհությամբ։ Միջսենյակային դռները մաշված են, փայտոջիլների «քուջուջից» համատարած բզկտված։ Հատակն իր վրա հպարտորեն կրում է տարիներ շալակած ոտնահետքերի անջնջելի փոշին, ինչը հուշում է, որ ժամանակը հիշողությունները միմյանց ագուցելու համարձակություն ունի։

Գետնին տարածված հողի ու կեղտի մեջ ծիլ տված բարալիկ բույսերի վրա խաղ են բռնել երբևէ հանդիպած սևավուն թիթեռները՝ կյանքի վերջին օրվա անտրտունջ բերկրանքը վայելելով։

Առաջ եմ շարժվում՝ անհագուրդ կուլ տալով խոնավությանը խառնված այրող արևի գաղջ մգլահոտը։ Փորձում եմ թերթել տարիների բեռի տակ կքած էջերը, սակայն այստեղ պատմությունը կանգ է առել՝ երակների բարալիկ խողովակների պատերից վեր ու վար անելով հեռուներից մնացած մի ողջ հուշադարան։

Մեղրիի հին երկաթուղային կայարանը պարզապես տրանսպորտային հանգույց չի եղել, այն հպարտորեն ուսերին կրել է քաղաքի հիշողության ու կենսագրության մի կարևորագույն ու անջինջ հատված։

Երկրորդ աշխարհամարտի սկզբում որոշում է կայացվում կառուցել Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքս գետի մերձակա հատվածը։ Ոչ ուշ՝ 43-ի աշնանը այն արդեն հանձնվում է շահագործման։ Փաստորեն, երկաթգծի մոտ քառասուն կիլոմետրն անցել է Մեղրիի շրջանով։ Երկաթուղու միջոցով Երևանը կապել են ԽՍՀՄ երկրներին՝ Հայաստանի համար այն դարձնելով արտաքին բեռնափոխադրումներ իրականացնող կարևորագույն ճանապարհներից մեկը։

Վաթսունականներին կառուցել են կայարանի հիմնական շենքը, իսկ մինչ այդ ուղևորներին սպասարկել են ժամանակավոր մի փոքրիկ կառույցից։

Տեղացիները պատմում են, որ ժամանակին կայարանը ունեցել է մեղվի փեթակ հիշեցնող աշխուժություն։ Ամենուրեք տարածվել է ուղևորներին ճանապարհողների ու դիմավորողների շարժը։

Շոգեքարշի երկար սուլոցը տարածվել է Արաքսի հովտով՝ կառամատույցը կենդանացնելով մարդկանց աշխուժությամբ։ Երկաթուղայիններն իրենց ճշտապահ աշխատանքով պահպանել են երթևեկության անխափան ընթացքը։ Այդ ամենը միահյուսվել է մեկ ամբողջության մեջ՝ ստեղծելով սահմանային քաղաքի յուրահատուկ ռիթմը։

Իսկ երեկոն իջնելուն պես կայարանը կարծես փոխել է իր ցերեկային դիմագիծը։ Լուսարձակների աղոտ լույսի ներքո այս անգամ հերթափոխի են կանգնել սահմանապահները, իսկ լռության մեջ ամենից հստակ լսվել է ռելսերի մետաղական շաչյունը։ Այդ լռությունն էլ իր պատմությունն է ունեցել. այն հիշեցրել է, որ այստեղից սկիզբ է առնում Խորհրդային Միության պետական սահմանը։

Մեղրիի կայարանը համարվել է սահմանի պահապանը, երկաթե դարպասը, որտեղ ամեն գնացք ոչ միայն ժամանել ու մեկնել է, այլև անցել պետական խիստ հսկողություն։ Պատմում են, որ Խորհրդային Հայաստանում դժվար էր գտնել մեկ այլ կայարան, որտեղ կարգապահությունն այսքան անզիջում լիներ։ Այստեղ սահմանապահի զգոն հայացքն այնքան բնական է եղել, որքան, ասենք, ռելսերի վրա փայլող արևը։

1970-ականներին որոշում է կայացվում Մեղրիի կայարանում տեղադրել ադրբեջանցի բոլշևիկ Մաշադի Ազիզբեկովի կիսանդրին։ Սակայն մի գիշերում այստեղ հայտնվում է Ստեփան Շահումյանի կիսանդրին, որը գաղտնի տեղափոխում են Ագարակի լեռնահարստացուցիչ կոմբինատի տարածքից։

Տարեց մեղրեցիները մինչև այսօր հետաքրքրությամբ են պատմում կայարանի մասին այս հիշողությունը։

Շահումյանի կիսանդրին երկար տարիներ մնացել է իր տեղում՝ նույնիսկ երկաթգծի աշխատանքի դադարից հետո։ Սակայն կայարանի լքված վիճակի, տարածքի անխնամության և ժամանակի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով կիսանդրին հետագայում ապամոնտաժվում է։

Այսօր կիսանդրու հետքերը չկան, իսկ հարթակը պահպանվել է մասամբ՝ դառնալով անցյալի հիշողություն։

Հետաքրքիր խորհուրդ ու պատմություն ունի կայարանի շենքի բակում կանգնեցված աղջկա արձանը։ Ենթադրաբար քանդակի հեղինակը որևէ պատմական կերպար չի մարմնավորել։ Աղջիկը կարծես հայացքն ուղղել է երկաթուղու հեռուն՝ ասես սպասելով հերթական գնացքին։ Այն ուղղակի հավաքական կերպար է՝ խորհրդանշելով երիտասարդություն, ճանապարհ, սպասում, վերադարձ․․․ Շատերն այն պարզապես կոչել են «Կայարանի աղջիկ»։

Այսօր էլ իր նույն տեղում կանգուն մնացած՝ արդեն կռնատ Կայարանի աղջիկը, թվում է, նայում է դատարկվող երկաթգծին՝ հուսալով, որ Մեղրիի ձորից կրկին իրեն կհասնի գնացքի ականջ ծակող սուլոցը։ Քանդակը դարձել ու մնացել է քաղաքի սպասման և հիշողության լուռ խորհրդանիշը։

Կայարանի պատմությունն ամբողջական է դառնում իրենց գործունեությամբ կարևորագույն հետք թողած աշխատակիցների անջինջ կերպարներով։ Նրանցից է առաջին ու երկարամյա կայարանապետ Գևորգ Հայրապետյանը, որը ղեկավարել է շուրջ քառասուն տարի, տոմսավաճառ Օֆելյա Խաչատրյանը, որին պատվել են Կայարանի տիրուհի անունով։ Ասում են՝ նա ճանաչում էր գրեթե բոլոր ուղևորներին և հաճախ նույնիսկ առանց հարցնելու գիտեր՝ ով ուր է գնում։

Մեղրու հին կայարանի մասին պաշտոնական փաստերը շատ չեն, բայց պահպանվել են հետաքրքիր հիշողություններ, որոնք մինչ օրս կարոտով են հիշում տեղաբնակները։

Պատմում են, որ առավոտյան և երեկոյան ժամացույցին հետևելու կարիք չի եղել․ գնացքի սուլոցը դարձել էր տվյալ ժամանակի ճշգրիտ որոշողը։

Կայարանը եղել է նաև տեղացիների համար հանդիպման մի ուրույն ու խորհրդանշական տեղանք։ Ամենուրեք ժամադրության վայրը նույնն էր. «Կհանդիպենք կայարանում»։

1990-ականների սկզբին հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով երկաթուղու երթևեկությունը դադարեցվում է։ Շենքը վերածվում է բարձիթողի, լքված տարածքի։

Շատերն են կարոտով հիշում «գնացքի վերջին երթը»․ դա 1992 թվականի ապրիլի 23-ի գարնանակես գիշերն էր։

Այսօր, երբ մտնում ես լքված կայարան, թվում է՝ ժամանակը կանգ է առել։ Գնացքների սուլոցն այլևս չի լսվում։ Լռել են ռելսերը, դատարկվել է կառամատույցը, սակայն տարիներ կքած շենքը շարունակում է հսկել Արաքսի հովիտը՝ իր պատերի մեջ պահելով հազարավոր հանդիպումների ու հրաժեշտների, սահմանապահների զգոն հերթապահությունների և երկաթուղայինների նվիրումի հիշողությունը։ Թվում է՝ բավական է մի ակնթարթ լռել, և հին կայարանը կրկին կլցվի շոգեքարշի անցյալի հարազատ ձայների վավերագիր հիշողություններով։

Ինչ խոսք, կառույցը շարունակում է մնալ հարավային քաղաքի խորհրդանշական վայրերից մեկը՝ որպես պատմական ու արդյունաբերական ժառանգության արժեքավոր հուշարձան։