Հունիսի 12-13-ը Գորիսում տեղի ունեցավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական առաջին գիտաժողովը՝ նվիրված մեծանուն գրողի ծննդյան 127-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել էին «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը և Ակսել Բակունցի տուն-թանգարանը:
2024 թվականին Բակունցի՝ հրաշակերտ այս ծնունդի 125-ամյակի առթիվ, ի՜նչ լավ է, որ համակվեցի մեր հանճարի երկերին իմ անդրադարձն ունենալու մղումով, որն էլ ինձ տվեց նրա բացած ուղիներով նորից ու նորից, մտքով ավելի ու ավելի հասունացած անցնելու բերկրանքը: Եվ ահա, օրերս կայանալիք գիտաժողովի մասին իմացա պատահաբար, բառացիորեն գիտաժողովի նախորդ օրը՝ երեկոյան: Թե ի՜նչ մեծ էր գիտաժողովին ներկա լինելու ցանկությունս, որ առավոտը վաղ ճամփա ընկա դեպի Գորիս և մի քիչ ուշացումով հասա ՙՄիրհավ՚ հյուրանոց: Բաց էի թողել մի քանի զեկուցում:
ՀՊՄՀ Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության, նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի համահեղինակությամբ «Ակսել Բակունցը Սփյուռքի գրապատմական գնահատություններում» զեկուցումը ներկայացրել էր նույն ամբիոնի դոցենտ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Քնարիկ Աբրահամյանը: ՀՊՄՀ Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանի զեկուցումն էր ՙԱկսել Բակունցի լեզվի բառապաշարի բառարանագրության հարցերի շուրջ՚: Զեկուցել էր նաև ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը ՙԱկսել Բակունցին նվիրված հուշագրությունների մարդակենտրոն ուղղությունը՚ թեմայով:
Հետագա զեկուցումները լսելով՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ կես դար առաջ, երբ համալսարանի ուսանող էի, Բակունցի մեծ արժեքն արդեն իսկ իմացող գրականագիտությունը միայն առաջին քայլերն էր անում մեր մեծ գրողին վերլուծել-գնահատելիս: Խոստովանանք լինի, դպրոցում, նույնիսկ համալսարանում սերտած մի քանի պատմվածքները, որ դեռ երկար ժամանակ դիտվելու էին որպես Բակունցի ամենաարժեքավոր գործեր, և դեռ ուժի մեջ էր ՙգյուղացու ծանր վիճակը հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ և երջանիկ կյանքը դրանից հետո՚ տրամաբանությունը, կարդացել, զարմացել եմ, բայց հետագա ամեն ընթերցումս դեռ բացահայտումների նոր հորձանքների մեջ է առնում ինձ: Սա բացատրում եմ նախ նրանով, որ թեկուզև համալսարանն ավարտելուց հետո, դեռ երկար չէի կարողանալու ընկալել Բակունցի արձակի ծալքերն ու ծավալային ընդգրկումները, քանի որ սա նորարարություն էր ոչ միայն մեր արձակում և ճանաչման դեռ երկար ուղի պետք է անցներ: Հետո՝ մեզ պակասում էր մոդեռնիզմի, սյուրռեալիզմի, պոստմոդեռնիզմի ընկալունակության փորձը: Բայց կա ևս մի կարևոր հանգամանք. Բակունցին նույնպես հիմնականում անծանոթ էին այս ՙիզմերը՚: Ուրեմն, նա ամեն առումով առաջամարտիկ էր, և սրանով կարելի է անվերջ զարմանալ: Միշտ էլ անչափ կարևոր է դասականներին վերարժևորելը (հենց սրանով են նրանք դասական), տեսնելը, թե որքա՜ն առաջ էին անցել ժամանակից այս մեծ մարդասերները:
Գիտաժողովին հասա այն պահին, երբ ավարտվում էր ՀՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Արա Զարգարյանի զեկուցումը Բակունցի ՙԽաղլացավ՚ պատմվածքի մասին: Արդեն իսկ պարզ էր, որ Բակունց երևույթի մասին այստեղ նոր խոսք է ասվում: Մյուս զեկուցումներում նույնպես խոսվում էր հիմնականում գրողի այն գործերի մասին, որոնց քիչ են անդրադարձել: ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի փոխդեկան Նաիրա Խաչատրյանի զեկուցումը Բակունցի ՙԱնձրև՚ պատմվածքին էր վերաբերում, որ ընդամենը երկու-երեք էջ է: Զեկուցողի համառոտ ելույթն իսկ նոր ու նուրբ դիտարկումներ ուներ, իսկ բուն զեկուցումը, 30-ից ավելի էջերով, շատ ավելի ծավալուն էր, քան պատմվածքն ինքը:
Թեև մեր գրականագիտության մեջ խոսվել է Բակունցի և Կնուտ Համսունի առնչությունների մասին (հատկապես՝ ՙՊան՚-ի հետ), սակայն բան.գիտ. թեկնածու Լուսինե Գալստյանի զեկուցման մեջ մի շարք այլ թարմ մտքերի հետ հետաքրքիր էին Բակունցի հերոսների այն անձնանունների հետ կապված դիտարկումները, որոնք գրեթե միշտ որոշակի իմաստներ ունեն: (Իմ ՙՐևա՜ն, Րև՜ան՚ էսսեում, որ գիտաժողովում կարդացի հյուրի կարգավիճակով, անդրադարձել եմ փոքրիկ հերոսի՝ Տիտոսի՝ մեզնում երբևէ չգործածվող անվանը. նշել եմ, որ Բակունցը, ըստ երևույթին, նկատի է ունեցել տղայի անօրինակ նպատակասլացությունը, որը, պարզ է, նրան պետք է մեծամեծ բարձունքների հասցներ, ինչպես Շեքսպիրի Տիտոս Անդրոնիկոս աշխարհակալը: Նույնիսկ տղայի վերաբերյալ Բակունցը հենց ՙաշխարհակալ՚ բառն է գործածել):
Հետաքրքիր ու նորարարական էր Թեհմինա Մարությանի (նա ՙԱկսել Բակունց՚ գիտամշակութային հիմնադրամի տնօրենն է և գիտաժողովի կազմկոմիտեի նախագահն էր) զեկուցումը ՙՊրովինցիայի մայրամուտի՚ մասին, որ դուրս է Բակունցի ժամանակի գրական ըմբռնումներին բնորոշ ժանրային և սյուժետային ըմբռնումներից: Զեկուցողը խոսեց ՙանանուն հերոսի՚ և նրա միջավայրի աբսուրդային պատկերավորման մասին: (Իոնեսկոն այն ժամանակ դեռ չէր գրել իր նշանավոր աբսուրդիստական գործերը):
Բոլոր զեկուցումներում առկա էին նոր բացահայտումներ: Սա նշան է, որ այսօրվա գրագետ ընթերցողը, իր ձեռքն առնելով Բակունցի գործերը, անպայման կգտնի մի նոր Բակունց, և բարեբախտ հանդիպումը կկայանա:
Ավարտվեց գիտաժողովը: Վայելեցինք Բակունցի տուն-թանգարանի երկարամյա վարիչ Վարդան Սարգսյանի՝ թեյի ջերմ հյուրասիրությունը և նրա հանգամանալից բացատրությունների ուղեկցությամբ շրջեցինք նվիրական տան սենյակներով: Այստեղ, ինչպես և Գորիս քաղաքի յուրաքանչյուր անկյունում, կարելի է շնչել Բակունցով հագեցած օդը:
Այդ օրը իմ գորիսեցի բարեկամուհու՝ Նունե Ավետիսյանի հետ դեռ պիտի բարձրանայի սբ. Հռիփսիմե եկեղեցի (1776 թ), այստեղ պիտի հանդիպեի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, նրանից անձամբ ստանայի իմ մի քանի հարցերի պատասխանը: Իմանայի, որ նա որոշել է վարդի թփերով պատել Գորիսի որոշ տարածքներ: Հենց այս պահին էլ քաղաքում ամենուրեք գույն-գույն վարդենիների ծաղկունք է: Անցած տարի համայնքապետի մտահղացմամբ տնկված արմավենիները դիմացել են ձմեռվա ցրտին: Գյուղատնտես Բակունցի հոգին փառավորվել է հաստատ:
Նունեի հետ քայլեցինք Դիտակետով, ընկանք հորդառատ անձրևի տակ: Իսկ գորիսյան անօրինակ սրածայր ժայռերը մատնանշում էին, որ երկնային ուժերը մեզ հետ են, չեն լքում մեզ…
