ՊՈԵՄ ՄԵՐ ԱԶԳԻ ԵՐԿՈՒ ԽԻԶԱԽ ԱՆՎԱՆԱԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ/ Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Ինչպես հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին ճյուղ է, այնպես էլ հայ ժողովուրդն այն ազգերից է (բացառյալ հույները), որ միայն ինքն է խոսում իր լեզվով և չունի թուրքերի, արաբների, պարսիկների, սլավոնների նման նույն լեզվով խոսող տարբեր ազգեր:

2020 թվականի օգոստոսի 11-ին English club անգլիական ալիքով, որը թողարկվում է Լոնդոնից, հաղորդում տրվեց Հայկի և Բելի ճակատամարտի մասին, որում Հայաստանը համարվեց Հայկի կողմից հիմնադրված հնագույն պետություն: Էկրանին երևացին ճակատամարտի պատկերներ: Այդ հաղորդումն ընթանում էր «Պատմության այս օրը» հաղորդաշարով, որը նախընտրում էի նայել: Մի քանի օր հետո ընդհանրապես հանվեց «Պատմության այս օրը» հաղորդումը: Ավելի ճիշտ՝ հաղորդման անվանումը մնաց, սակայն փոխարենն առայսօր ցուցադրվում է «Ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը:

Այս նախաբանն ասվում է, որ այսօրվա հայն իմանա, թե որքան կարևոր է միջազգային առումով մ.թ.ա. 2492 թվականին ստեղծված Հայոց պետականությունը, որը կա նաև այսօր, և նրա հիմնադրի անունով երկիրը կոչվում է Հայք կամ Հայաստան:

Պատմական այս փաստը մեզ է ավանդել պատմահայր Մովսես Խորենացին՝ իր «Հայոց Պատմության» մեջ: Եվ դրա վավերական լինելը հաստատվում է 2015 թվականի մարտի 10-ի “New York Times”-ի հոդվածում, որի հեղինակն է Nicolas Wade-ը:

Ինչպես վկայում է Մովսես Խորենացին, Հայկ Նահապետի հիմնած պետության սահմանները ընդարձակեց նրա շառավիղը՝ Հայկյան Արամը, որի անունով օտարները, ինչպես պարսիկները, մեր երկիրը կոչեցին Արմենիա, իսկ մեզ՝ արմեններ:

Այս երկու հիշարժան պատմական դեմքերը դարեր ի վեր դարձել են հայ գրողների սիրելի կերպարները: Չմոռանանք՝ օտարազգի հայագետները հաճախ հայերին կոչում են Հայկի զավակներ:

Այսօրվա հայ գրականության մեջ շատերն են Հայկ Նահապետին նվիրում տարբեր ժանրերի գրական գործեր՝ բանաստեղծություն, վիպակ, պիես և այլն: Դրանց թվում է բոլորովին վերջերս լույս տեսած Սամվել Մարգարյանի «Հայկ-Հայաստան, Արամ-Արմենիա» պոեմը («Վան Արյան» հրատ., Երևան, 2026): Պոեմը նույն գրքում թարգմանաբար ներկայացված է նաև անգլերեն: Սամվել Մարգարյանը ՀԳՄ եռանդուն անդամներից է: Նա ամեն տարի հանդես է գալիս բանաստեղծական նոր ժողովածուներով, որոնց թեմատիկայի մեջ գերակշիռ դերում է հայրենասիրությունը: Այս պոեմն էլ նրա նախընտրած թեմատիկայի նոր դրսևորումն է:

Հայկը, ըստ Խորենացու, ընդվզում է Բելի բռնության դեմ: Բաբելոնում տեղի ունեցած այդ դրվագը պոեմում պատկերված է հետևյալ ձևով.

Հին Բաբելոն, հսկաների կռիվ, պայքար ու ցասում,//Այդ պայքարում ահագնալի հաղթեց Բելը արնախում://Նա բռնացավ ու նվաճեց խարդավանքով ու դավով,//Խոնարհվեցին բազում քաջեր ատելությամբ ու ահով://Հսկաներից միայն մեկը ըմբոստացավ, ընդվզեց,//Բռնակալի դաժան կամքը նա չընդունեց ու մերժեց…//Աղեղնավոր Հայկն էր վսեմ ազատատենչ ու արի,//Ըմբոստացավ նա Բելի դեմ՝ բռնության ու խավարի:

Պոեմում բանաստեղծորեն վերապատմվում է «Հայկ և Բել» առասպելի բովանդակությունը: Բելի դեմ ապստամբած Հայկը վերադառնում է հայրենիք՝ Վանա լճի մոտ թողնելով Կադմոսին՝ իր ընտանիքով, իսկ ինքը գալիս ու հաստատվում է Արարատ լեռան մոտ: Բելը չի հանդուրժում Հայկի ազատատենչությունը և փորձում է խորամանկ դիվանագիտությամբ նրան վերադարձնել Բաբելոն: Սակայն Հայկը մերժում է.

-Ես չեմ կարող նրա երկրում ապրել որպես հեգ գերի,//Փոթորկահույզ այս աշխարհում ազատությունն ընտրեցի://Ես ընտրեցի չարից հեռու ապրել անկախ ու արդար,//Որդվոց որդի ու թոռաց թոռ բարին գործել անդադար://Հայտնեք Բելին՝ չեմ ընդունում ոչ մի ընծա ու պայման,//Արնացոլ է նրա թագը, նա դահիճ է, մարդասպան:

Հայկը սկսում է շենացնել իր երկիրը, երբ Բելը իր հսկաների խուռն բազմությամբ գալիս է Հայկին ոչնչացնելու:

Ռազմադաշտում հաղթելու հզոր շնչով բանաստեղծական տողերում տեսնում ենք Հայկի և նրա փոքրաթիվ զորքի հերոսանալը: Հայկը համարձակորեն նետահարում է Բելին.

Հայկը ճեղքեց զորքի շղթան և Բելի մոտ հայտնվեց//Եվ լայնալիճ իր աղեղով զորավոր նետն արձակեց://Նետը ծակեց զրահները, շանթեց մարմինն ու անցավ,//Եվ տապալվեց Տիտանյանը, շունչը փչեց, քարացավ…

Ըստ Խորենացու՝ պոեմում ներկայացվում են Հայաստանի պատմական ու աշխարհագրական տարածքները: Բանաստեղծը Հայկի սխրանքն ու ազատատենչ ոգին տեսնում է Արամի, Արտաշես Աշխարհակալի, Տիգրան Մեծի, Բագրատունի հայ քաջազուն արքաների, Կիլիկյան հերոս թագավորների, Դավիթ Բեկի և Անդրանիկ զորավարի սխրանքներում:

«Հայկ-Հայաստան, Արամ-Արմենիա» պոեմի ավարտը նվիրված է Հայկյան Արամին, որը, ինչպես Խորենացին էր ասում, գերադասում էր մեռնել, քան տեսնել, թե ինչպես են օտարները ձիերի սմբակների տակ տրորում իր երկրի սահմաններն ու իր արյունակիցներին իրենց ենթարկում:

Պոեմն ավարտվում է Արամին ձոնված ներբողով.

Դու ասացիր՝ լավ է մեռնել պատերազմի բոցերում,//Քան թե տեսնել՝ նենգ թշնամին քո հայրենիքն է պղծում://Եվ կերտեցիր հզոր բանակ, ահեղ բանակ աննկուն,//Կռիվներում օրհասական դու հաղթեցիր թշնամուն://Հզորացավ Արմենիան, բլուրները լեռնացան,//Եվ ծաղկեցին քարափները, երազները քաղցրացան…//Արամ արքա, քաջ Արամե, տիրակալը Մեծ Հայքի,//Հայկ դյուցազնի հերոս ժառանգ, գագաթ ուժի ու փառքի:

Սամվել Մարգարյանի պոեմը ծնվել է, անշուշտ, մեր ժամանակակիցներին հուսադրելու, թե Հայկ և Արամ նախնիներ ունեցողները չեն կարող ստրկանալ, և Հայաստանը, որի պետականությունը վաղնջական է, իր մնայուն դիրքն ունենալու է նաև մեր օրերում: