Իսպանացի արձակագիր, անթրոպոլոգ: Ծնվել է Կուբայում։ 1971 թ.-ից ապրում է Իսպանիայում։
Տպագրված գրքեր՝ «Կուբայերեն խոսո՞ւմ եք», «Եվ… ինչո՞ւ», «Կարճ պատմվածքների աննկատ հմայքը», «Հրաժեշտների հետքը», «Մեկ տարի Էդինբուրգում», «Զգացմունքների կախարդանքը», «Մտքի գույնը», «Այն երեխան՝ մանկատնից»:
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Պապիկս իմ հերոսն է
Նա միշտ ժամանակ ունի ինձ հետ խոսելու համար։ Սիրում եմ նստել նրա բազկաթոռի արմունկին ու լսել, թե ինչպես է հարցնում՝ «Ինչպե՞ս անցավ օրը»։ Ես պատասխանում եմ՝ «Լավ»։
Հետո հարցնում է ընկերներիս մասին, ու ես պատմում եմ նրանցից, որոնք ընկերներ չեն արդեն։ Սիրում եմ պապիկիս հետ այս բաների մասին խոսել, որովհետև նա ամեն ինչ գիտի։ Մի անգամ մեկը, որ ընկերս էր, մատը մտցրեց աչքս, ու ես կարողացա նրան գետնով տալ, որովհետև պապիկս ինձ սովորեցրել էր բռունցքներով կռվել։ Մայրս ինձ պատժեց, որովհետև երեխաները չպետք է իրար խփեն, բայց պապիկս աչքով արեց ինձ ու ասաց, որ այդ վայրենուն չմոտենամ էլ, հեռու մնամ նրանից, բայց եթե ինքը հանկարծ փորձի մոտ գալ, արդեն գիտեմ՝ ինչ պիտի է անեմ։
Պարտադիր չէ խոսենք․նայում ենք իրար, ու կարծես լռությունն է խոսում մեր փոխարեն։ Երեկ, հենց այնպես, գրկեցի նրան, մատներս սահեցրի դեմքի վրայով ու սկսեցի խաղալ կնճիռների հետ:
– Ինչո՞ւ ծերացար, պապիկ։
Ինձ բացատրեց, որ մի երեկո, ընթրիքից հետո, դուռը թակել էին։ Մտածել էր՝ հարևանուհին է ինչ-որ բան խնդրելու եկել, ու առանց մտածելու ծերությանը ներս էր թողել։ Սա էլ այնպես էր ձևացրել, իբր պարզապես անցորդ է։ Սիրալիր ու հաճելի էր թվում, բայց երբ պապիկս գնացել էր քնելու ու նայել էր հայելու մեջ, տեսել էր, որ մազերը սպիտակել են։ Իրեն չէր կորցրել, որովհետև այս խաղից հաղթող դուրս գալու լավագույն ձևը ուշադրություն չդարձնելն է։ Հաջորդ օրը ներկել էր ճերմակած մազերը, բայց այդ ժամանակ արդեն աչքերի ու շուրթերի շուրջն էին կնճիռներ հայտնվել։ Հետո դրանց ավելացել էին աչքերի տակի մուգ շրջանակները, պարանոցի փոքրիկ ծալքերը։ Մի քանի ամիս անց դեմքին այլևս «անվնաս» տեղ չէր մնացել, ու մարզասրահում ծանրություն բարձրացնելիս հասկացել էր, որ ծերությունն արդեն իջել է ձեռքերին՝ կախ ընկած մաշկ թողնելով այնտեղ, որտեղ ժամանակին իր մկանուտ բազուկներն էին։ Իսկ վերջում էլ արվեստագետի պես մաշկի վրա բծեր էր նկարել ու մեջքի վրա գորտնուկներ շաղ տվել։
Նա կարծում էր, թե ծերությունն այլևս ոչինչ չի կարող անել իրեն, բայց մի գիշեր այն վերադարձավ՝ այս անգամ ընկերուհիների հետ։ Նրանց անուններն էին Արթրոզ, Հոդատապ, Խոլեստերին, և երկվորյակներ՝ բարձրն ու ցածրը, որոնց անունը Ճնշում էր։
– Այդ ժամանակից, տղաս, եկա քեզ հետ ապրելու, որովհետև դու իմ ուրախությունն ես։ Մայրդ էլ, մեր մեջ ասած, վատ բնավորություն ունի, ճիշտ տատիկիդ նման։ Գիտե՞ս… կանայք միշտ ինձանից հարյուր քայլ առաջ են եղել, իսկ ես՝ միշտ նրանց ետևից։ Մայրս, կինս, աղջիկս, ծերությունը՝ իր բոլոր ընկերուհիներով… տղամարդու կործանումն են։
Ես տեղիցս վեր թռա ու, սուրս թափահարելով, ասացի, որ գնալու եմ անտառ՝ կախարդական փայտիկ գտնելու, որ պապիկս նորից ինձ պես երիտասարդ ռազմիկ դառնա։
Նա դժվարությամբ վեր կացավ բազկաթոռից, ու մենք երկուսով հանդիսավոր երդվեցինք, որ երբեք մեր մարմինների դռները չենք բացելու այդ չար կախարդուհու ու նրա ընկերուհիների առաջ։ Բոլորն էլ նենգ էին՝ արնիկայի հոտով, շան ատամներով, առյուծի ճանկերով, հովազի շնչով…
ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ
Վարպետ դերձակ(ուհի)
Նոր էի տասնհինգ տարեկանս բոլորել, երբ մայրս վճռական ասաց․
– Կինը պիտի կարել իմանա։
Հակաճառեցի, լաց եղա, բղավեցի, փակվեցի լոգարանում, փորձեցի համոզել, որ ասեղն ու ես սերունդների բախում ունենք։
Ապարդյուն։ Ընդունվեցի կարի արհեստանոց։
Երբեք չէի պատկերացնի, թե կարելի է այդքան տանջվել այդպիսի ստեղծագործական վայրում։ Թելերը կապ են ընկնում, մեքենայի ասեղները կոտրվում են մի հայացքից անգամ, թելը ասեղի անցքից անցկացնելու համար պիտի վարպետ լինես, ուղիղ կար անելը իսկական ինժեներություն է։ Ծալքեր, հանգույցներ, ռոկոկո ծաղիկներ, վրադիրներ… իսկ ճարմանդ կարե՞լը։ Դա արդեն, ինչպես ասում էր ընկերուհիս, որին էլ էին ստիպել դերձակ դառնալ, այն ուշունցասեր ընկերուհիս, որ ինքն էր ուշունցներ հնարում՝
– Էս… էս մի ուրիշ կարգի պատուհասա ա։
Բա ձևանմուշները։ Վա՜յ, ձևանմուշները։ Կյանքում ավելի զզվելի բան տեսած կա՞ք։ Միակ բանը, որ ինձ մի քիչ ոգևորում էր, տղամարդու մոդելն էր՝ չափսեր վերցնելու ժամանակ։
Չգիտեմ՝ ով է կարուձևը հորինել։ Գուցե մեղավոր էլ չէ, բայց եթե հիմա կենդանի լիներ, հավի պես վիզը կոլորեի։
Մորս կարծիքով՝ կարել սովորելու համար հազար պատճառ կար։ Մեկը այն հաճույքն էր, որ մարդ ինքն իր համար հագուստ է կարում՝ իր չափսով, իր ճաշակով։ Քաղաքավարությամբ բացատրեցի, որ ես շատ երջանիկ եմ խանութից գնվածով:
Հետո ասաց․
– Փող կխնայես։
Չհամոզեց։ Ես մտադիր եմ ամբողջ կյանքում ուրիշների հաշվին ապրել։
Հետո էլ ասաց․
– Պիտի պրակտիկ լինես։ Ամեն պատռված մասի, բացված կարի, տաբատի փեշ կարճացնելու կամ կոճակ կարելու համար դերձակի մոտ չես գնալու։
Պատասխանեցի, որ պարտադիր չէ, որ բոլորիս ձեռքից ամեն ինչ գա։ Բացի այդ, պետք է կիսվել, փողը պիտի շրջանառվի, պետք է օգնել աշխատող կանանց, որոնք իրենց հացը վաստակում են ասեղով ու մատնոցով։
Ու վերջում բերեց իր ամենաուժեղ փաստարկը․
– Որովհետև ես եմ ասում, ես՝ քո մայրը։
Աստվա՜ծ իմ։ Հենց նոր նույն բանն ասացի դեռահաս աղջկաս, որը հրաժարվում է կարել սովորել։ Ամեն օր ավելի ու ավելի եմ նմանվում մորս։
ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Մայրիկի նվերը
Որպեսզի ութ տարեկանումս աման լվանալը ձանձրալի պարտականություն չդառնա, մայրս ինձ համար գոգնոց կարեց՝ երկու մեծ գրպաններով, ծաղկավոր կտորից, որ գտել էր պահարանի խորքից։ Ասում էր՝ դպրոցական համազգեստս ու կիրակնօրյա զգեստս պաշտպանելու համար է։ Ես հիացած էի։ Դա առաջին հագուստն էր, որ իսկապես իմն էր․ մինչ այդ միշտ ինձնից մի քիչ մեծ զարմուհուս շորերն էի ժառանգում։
Մինչև հիմա պահել եմ այն։ Մի քանի կարկատան ունի, բայց եթե շատ ուշադիր չնայես, ասես նոր լինի։ Դրա մեջ ամբողջ կյանքս եմ տեսնում։ Դրանով սովորեցի ճաշ եփել, սովորեցի չայրել ձեռքերս, երբ պետք էր թավան կրակից վերցնել, իսկ աջ գրպանում պահեցի իմ առաջին աշխատավարձը, որ վաստակել էի քաղաքապետի տանը՝ որպես սպասուհի։
Հպարտ-հպարտ մետաղադրամները տվեցի մորս։ Նա ձեռքի մի շարժումով սրբեց արցունքները, որ առանց իր թույլտվության դուրս էին պրծել հոգնած աչքերից։ Մետաղադրամները դրեց սեղանին։ Կեսը վերցրեց տան ծախսերի համար, մյուս կեսն էլ նորից բաժանեց․ մի մասը լցրեց «Marcilla» սուրճի դատարկ տուփի մեջ՝ նեղ օրվա համար:
– Աղջիկս, շատ արագ ես մեծանում, շուտով քեզ մի զույգ կոշիկ է պետք գալու։
Մնացածը պահեց «Royal Dansk» թխվածքաբլիթների տուփի մեջ, որը հաշտարար դատավորի կինը աղբն էր նետել։ Խստիվ արգելված էր ձեռք տալ այն գումարին, ինչ այնտեղ կուտակվում էր։ Դրանով պիտի կարողանայի սովորել։
Պատերազմի տարիներին այդ գոգնոցը ծառայեց թաքցնելու այն, ինչ հաջողվում էր ճարել։ Մի անգամ կարտոֆիլ էի գողացել, ու դրանք հայտնվեցին գրպաններում։ Մեկ ուրիշ անգամ՝ երկու ձու։ Հացի չոր կտորները որպես ավար հաշիվ չէին։
Շատ տարիներ են անցել։ Կարողացա սովորել մորս՝ ականջներս ձգելու շնորհիվ, երբ գրքի առաջ նստելու փոխարեն գնում էի ընկերուհիներիս հետ խաղալու։
Ամուսնացա, աղջիկ ունեցա, ում արցունքները սրբում էի, կեղտոտ դեմքն էի լվանում ու քիթը մաքրում այդ նույն գոգնոցով, որ մայրս էր կարել ճրագի լույսի տակ։
Այսօր աղջիկս խնդրեց, որ այն իրեն ժառանգություն թողնեմ։ Դանդաղ հանեցի գոգնոցը, կարծես սեփական մաշկս էի հանում վրայիցս։ Ու դողացող ձայնով ասացի․
– Հենց հիմա սկսիր կրել, ուզում եմ տեսնել՝ հագիդ։
ԾԵՐՈՒԹՅՈՒՆ
Հիշողություններիս հետքերով
Իննսուներեք տարեկան եմ, ու ամբողջ կյանքս ապրել եմ եմ նույն վայրում, որտեղ ծնվել եմ։ Հիմա նորից հիվանդանոցում եմ պառկած, և այսօր, երբ բժիշկը շրջայցի էր եկել, ասաց, որ ուզում է ինձ հետ շատ անկեղծ խոսել։ Ու անկեղծ էլ խոսեց։
Երբ մենակ մնացի՝ նստած կոշտ բազկաթոռին, նայեցի առաստաղին, ու թվաց՝ կյանքս ետ է գնում։ Գլուխս նորից ալիքվող սև մազերով ծածկվեց, մաշկս ազատվեց կնճիռներից, ձեռքերս ու ոտքերս նորից մկանուտ դարձան։ Զբոսաշրջիկներով լի լողափը դարձավ այն ձկնորսական գյուղակը, որտեղ մանկուց խաղացել եմ, իսկ եկեղեցու զանգը ղողանջում է, ղողանջո՜ւմ է…
Կադրը կանգ առավ։ Քսանհինգ տարեկան եմ։
Օդում խաղողի, աղի ու ծովի բույրն է։ Տների դռների առաջ նավակներ կան։ Ամառ է, ու ես պատրաստվում եմ ամուսնանալ իմ երազած աղջկա հետ, նրա, ում մի օր դպրոցում, յոթ տարեկանում, մորեխ նվիրեցի ու հարցրի՝ կուզի՞ իմ ընկերուհին լինել։
– Լա՜վ- պատասխանեց նա։
Ապրում եմ Լա Մատայում՝ Տոռեվիեխայի մի փոքր բնակավայրում։ Աստծու ծրագիրն էր, որ հենց այստեղ պիտի ծնվեի։ Ինձ մկրտել են այստեղի միակ եկեղեցում՝ հրապարակի եկեղեցում։ Այստեղ էլ առաջին հաղորդությունս եմ ստացել, իսկ հիմա մորս կողքին կանգնած՝ նայում եմ, թե ինչպես է հարսնացուս մոտենում հոր թևը բռնած՝ ընտանիքի, ընկերների ու հարևանների ուղեկցությամբ։ Հնչում է հարսանեկան քայլերգը։
Ետևում մնաց Քաղաքացիական պատերազմն ու դրա բերած ցավը։ Մենք նոր կյանք սկսեցինք ու մեծով-փոքրով զբոսնում էինք աղի լճակի ափով, որը ծովի մակարդակից երեք մետր ցածր է և քսանհինգ կիլոմետր շրջագիծ ունի։ Դա իմ աշխատավայրն էր, որովհետև ինձ նշանակել էին աղհանքերի վերակացու։ Այո, աշխատավարձը չնչին էր․ ուրիշ ժամանակներ էին, շատ տարբեր հիմիկվանից։ Բացի այդ, օգնում էի հորս՝ պապիցս մնացած խաղողի այգիներում, որոնք ոսկեգույն ու թունդ գինի էին տալիս, մինչ կինս կար էր անում, որպեսզի օգնի ընտանիքի ծախսերը հոգալ։
Հեշտ չէր։ Երբեմն շատ դժվար էր առաջ գնալը։ Բայց եթե լավ մտածեմ, այնքան էլ վատ կյանք չի եղել, որովհետև հիմա ընտանիքս այստեղ է։ Ամեն օր գալիս են ինձ տեսնելու, իսկ իմ ամենափոքր ծոռնիկը ժպտալով պարզում է թաթիկները դեպի ինձ ու… ու գիշերազգեստս թքոտում:
ԿԱՐՈՏՆԵՐ
Հիշողության ապտակներ
Առավոտը կարծես արտասվեր։ Նրա մայրը մահացավ այդպիսի մի օր՝ ամպամած, տխուր․ այդպես էր գրված նամակում։ Տարիներ էին անցել, ինչ չէր տեսել նրան։ Զգաց, որ թերացել է մոր առաջ։ Նույնիսկ վերջին պահերին չէր կարողացել գրկել նրան։ Իսկ մայրը երբեք չթերացավ:
– Մա՜մ,- գոռում էր, երբ դպրոցից տուն էր գալիս։
– Մաման այստեղ է,- ու մայրը գալիս էր խոհանոցից՝ ձեռքերը ծաղկավոր գոգնոցին սրբելով։
Ինքն էլ պաշտպանված էր մոր գրկում։ Երբեք չէր սիրել համբույրները։ Իրեն կենդանի էին պահում գրկախառնությունները՝ մոր, կնոջ, որդու։ Կյանքը բաժանեց նրանց։ Հիմա այլևս ոչ ոք չուներ աշխարհում։ Սկզբում կորցրեց կնոջն ու որդուն այն չարաբաստիկ վթարի ժամանակ, իսկ հետո՝ հենց մոր խորհրդով, իրերը հավաքեց ու հեռացավ՝ ինքն իրեն վերագտնելու, իր վիրավոր հոգու մեջ խաղաղություն փնտրելու։
– Չվերադառնա՛ս, մինչև ապրելու ուրախությունը նորից չհայտնվի,- ասաց մայրն ու գրկից բաց թողեց նրան՝ որպեսզի գնա։
Նա շատ երկրներով անցավ, մինչև վերջապես հասավ Սարդինիայի ամենաբարձր գագաթը։ Ու դարձավ հովիվ։ Երբեք չէր սիրել աղմուկը՝ ոչ մեծ քաղաքների, ոչ փոքրերի։ Սիրում էր մենությունը և իր երկար թափառումների ընթացքում գտավ այդ լեռը, որն իր սեփական կյանքն ուներ՝ իր քարանձավներով, ջրի վարար շիթերով, իր հարստությամբ։ Նրա գագաթներին արծիվ էր բնակվում։ Իսկ երբ ձյունը ծածկում էր լանջերը, գագաթները արծաթով էին փայլում։
Նա վայելում էր լռությունը, որ անասունների վզների զանգուլակներն էին խախտում միայն, իսկ նրա միակ ընկերակիցները կաղնիներն էին։ Այդ հմայիչ ու վայրի բնաշխարհում նա գտել էր իր փնտրած խաղաղությունը՝ չնայած արահետների անանցանելիությանն ու քարերին, որոնք ծակծկում էին ոտքերի ներբանները։
Ամենագեղեցիկը գարնան գալուստն էր՝ գույների պայթյունով․ կակաչների կարմիրը, ցախենիների դեղինը, լեռների գրանիտը՝ սպիտակ կամ վարդագույն՝ կախված այն լուսավորող արևից, ու քամու մաշեցնող ուժը, որը նրան այնքան զգայուն էր դարձնում։
Նա նայեց շուրջը, այդ մենության միջից հայտնվեց գառներից մեկը, որ դանդաղ մոտեցավ, գլուխը դրեց նրա ուսին ու երբ ինքը մի պահ ուշադիր չէր, կերավ նամակը։ Նրան այդպես կարծես հասկացներ, որ կյանքը շարունակվում է։
«Կարճ պատմվածքների աննկատ հմայքը»
ISBN: 979-13-87638-15-3
Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
